ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 նոյեմբերի 2007 թվականի N 1285-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական պատվերով հրատարակված գրականության անվճար բաշխման և իրացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է պետական պատվերով հրատարակված գրականության անվճար բաշխման և իրացման կարգը:
2. Պետական պատվերն իրականացնող պետական լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն է (այսուհետ` նախարարություն):
3. Պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով պետական լիազոր մարմնի ղեկավարին կից ստեղծվում է պետական պատվերով տպագրված գրականության բաշխման և գնագոյացման միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և հաստատվում դրա աշխատակարգը:
4. Պետական լիազոր մարմինը պետական պատվերով հրատարակված գրականությունն անվճար բաշխում և իրացնում է «Գիրք» հիմնադրամի միջոցով` կնքելով կոմիսիայի պայմանագիր:
II. ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ԲԱՇԽՈՒՄ
5. Նախարարությունը գրականության հրատարակման գծով պետական պատվեր իրականացնող հրատարակչությունների հետ կնքում է հրատարակչական աշխատանքների կատարման պայմանագրեր: Սույն պայմանագրերի հավելվածով ամրագրված տեխնիկական բնութագրերին համապատասխան՝ հանձնման-ընդունման արձանագրությամբ, «Գիրք» հիմնադրամի ներկայացուցչի ներկայությամբ նախարարությունն ընդունում և ամբողջ տպաքանակը փոխանցում է «Գիրք» հիմնադրամին:
6. «Գիրք» հիմնադրամը պետական պատվերով հրատարակված գրականությունն անվճար բաշխում է`
1) «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մարմիններին.
2) նախարարությանը` հայ մշակույթի քարոզչության և գրքի, տպագիր արտադրանքի ու այլ հրատարակությունների միջազգային ցուցահանդեսներին ներկայացնելու նպատակով մինչև 15 օրինակ.
3) հրատարակչության արխիվային ֆոնդին` 3 օրինակ.
4) հեղինակներին` համաձայն հեղինակային պայմանագրերի տպաքանակի` 5 տոկոս.
5) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին` 1 օրինակ.
6) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին` 1 օրինակ.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` 1 օրինակ.
8) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմին` 1 օրինակ.
9) պետական կառավարման մարմինների աշխատակազմերին՝ իրենց ոլորտին վերաբերող գրականությունը` 1 օրինակ:
7. Հանձնաժողովի առաջարկով` լիազոր պետական մարմնի ղեկավարի հրամանով պետական պատվերով տպագրված գրականության յուրաքանչյուր անվան վերաբերյալ տպաքանակի որոշակի մասի այլ նպատակով տրամադրման քանակը (սեփական նախաձեռնությամբ կամ ներկայացված դիմումներով), այդ թվում`
1) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության նախարարների հյուրերին՝ որպես նվեր, պաշտոնական հանդիպումների ընթացքում.
2) հոբելյանական տարեթվերի կապակցությամբ` պետական հոբելյանական հանձնաժողովներին.
3) մասնագիտական գրականությունը` համապատասխան մասնագիտական գիտական, կրթական, արտադպրոցական ուսումնական հաստատություններին (երաժշտական և արվեստի դպրոցներ, կույրեր, խուլուհամրեր) Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը (սփյուռքի դպրոցներին, հայագիտական կենտրոններին, մշակութային կազմակերպություններին ու կառույցներին)` ելնելով անհրաժեշտ քանակից և պահանջարկից:
(7-րդ կետը լրաց. 05.03.09 N 217-Ն)
III. ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՑՈՒՄԸ
8. Պետական լիազոր մարմինը հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա սահմանում է պետական պատվերով հրատարակված գրականության իրացման գինը:
9. Վաճառքից առաջացած հասույթը (հանած անվճար բաշխման և իրացման հետ կապված ծախսերը) ուղղվում է նոր գրքերի հրատարակմանը, որոնց ցանկը համաձայնեցվում է լիազորված պետական մարմնի հետ:
10. 3 տարվա ընթացքում պետական պատվերով հրատարակված, սակայն չիրացված գրականությունը բաշխվում է գրադարաններին` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
11. «Գիրք» հիմնադրամը, սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերի պահանջները կատարելուց հետո, մեկամսյա ժամկետում լիազորված պետական մարմին է ներկայացնում ամփոփ տեղեկանք հրատարակված գրականության անվճար բաշխման մասին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |