Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին
Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, որոնք «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրի հիման վրա հանդիսանում են Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի մասնակիցներ (այսուհետ՝ Հիմնադրամի մասնակից պետություններ), մի կողմից, և
Եվրասիական զարգացման բանկը, որը հանդիսանում է միջազգային կազմակերպություն՝ ստեղծված «Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին» 2006 թվականի հունվարի 12-ի համաձայնագրին համապատասխան (այսուհետ` Բանկ), մյուս կողմից,
այսուհետ միասին՝ Կողմեր,
«Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 9-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝
համաձայնեցին ներքոնշյալի մասին.
Հոդված 1
Համաձայնագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Համաձայնագրի անվանման, նախաբանի և տեքստի մեջ «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամ» և «ԵվրԱսՏՀ հակաճգնաժամային հիմնադրամ» բառերը փոխարինել «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամ» բառերով՝ համապատասխան հոլովով:
2. Համաձայնագրի 1-ին հոդվածը լրացնել նոր՝ 6-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«6. Բանկն իրականացնում է Հիմնադրամի խորհրդի քարտուղարության գործառույթները՝ համաձայն Հիմնադրամի մասին կանոնադրության և Հիմնադրամի այլ կիրառելի փաստաթղթերի: Նշված գործառույթների իրականացման ընթացքում Բանկը նշում է, որ ինքը գործում է որպես Հիմնադրամի խորհրդի քարտուղարություն»:
3. Համաձայնագրի 2-րդ հոդվածի 3-րդ կետի «ժբ» ենթակետից հանել «և Հիմնադրամի խորհրդի քարտուղարության» բառերը:
4. Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերությունում «Հիմնադրամի միջոցների կառավարչի գործառույթները կատարելու» բառերից հետո ավելացնել «և Հիմնադրամի խորհրդի քարտուղարության» բառերը:
5. Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին կետում «ԵվրԱսՏՀ-ի ինտեգրացիոն կոմիտեն» բառերը փոխարինել «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը» բառերով:
6. Համաձայնագրի 9-րդ հոդվածի 2-րդ կետում «արձանագրություններով» բառից հետո ավելացնել «, որոնք ուժի մեջ են մտնում Ավանդապահի կողմից Հիմնադրամի մասնակիցներից և Բանկից դրանց ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից: Փոփոխություններ կատարելու մասին արձանագրություններն ուժի մեջ մտնելուց հետո համարվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը» բառերը:
Հոդված 2
1. Սույն Արձանագրությունը ստորագրման պահից ժամանակավորապես կիրառվում է Կողմերի կողմից` բացառությամբ այն Կողմի, որը վերապահում է կատարել սույն դրույթի՝ իր նկատմամբ չկիրառվելու կապակցությամբ: Սույն Արձանագրության վերաբերյալ այլ վերապահումներ չեն թույլատրվում:
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Հիմնադրամի մասնակիցներից և Բանկից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումն Ավանդապահի ստանալու օրվանից:
2. Սույն Արձանագրության մեկնաբանմանը և (կամ) կիրառմանն առնչվող վեճերը լուծվում են Համաձայնագրի 9-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան:
Կատարված է 2015 թվականի հունիսի 15-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն:
Սույն Արձանագրության բնօրինակը պահվում է Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին կետում նշված Ավանդապահի մոտ, որը Հիմնադրամի մասնակից պետություններին, Բանկին, ինչպես նաև Համաձայնագրին միացած պետություններին և միջազգային կազմակերպություններին կուղարկի դրա հաստատված պատճենը:
Բելառուսի Հանրապետության անունից` /ստորագրություն/ |
Եվրասիական զարգացման բանկ /ստորագրություն/ |
Ղազախստանի Հանրապետության անունից` |
/ստորագրություն/ |
Ղրղզստանի Հանրապետության անունից` |
/ստորագրություն/ |
Ռուսաստանի Դաշնության անունից |
/ստորագրություն/ |
Տաջիկստանի Հանրապետության անունից |
/ստորագրություն/ |
Հայաստանի Հանրապետության անունից |
/ստորագրություն/ |
Հայաստանի Հանրապետության վերապահումը
«Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունը ժամանակավորապես չի կիրառի «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը մինչև սույն Արձանագրության 2-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համար դրա ուժի մեջ մտնելը:
ֆինանսների նախարար`
Հայաստանի Հանրապետության
/ստորագրություն/ Խաչատրյան Գ. Գ.
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2016թ. դեկտեմբերի 31-ին