Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.11.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.14/2(668)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.11.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/1782/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/1782/05/08 
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

 

 

Վ. Աբելյանի

Ե. Խունդկարյանի

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 08.05.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի «Ստալկեր» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության Արաբկիրի հարկային տեսչության (այսուհետ` Ծառայություն)` 24.12.2007 թվականի թիվ 1107591 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 24.12.2007 թվականի թիվ 1107591 ակտը:

Վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 08.05.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 315 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) կարգի» 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 26-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը նշել է, որ Ընկերությունն ապրանքների վաճառք է իրականացրել միայն Երևանի Գրիբոյեդովի 60 հասցեի թիվ 4 սենյակից, իսկ Ծառայության աշխատակիցները չգրանցված ապրանքները հայտնաբերել են թիվ 15 սենյակում, որը տվյալ դեպքում վաճառքի վայր (խանութ) չի հանդիսանում, քանի որ այն պահեստ է և այնտեղ ապրանքների անմիջական ցուցադրում և վաճառք չի իրականացվում:

Մինչդեռ Դատարանը հաշվի չի առել, որ գործում առկա է Ընկերության 19.06.2007 թվականի հայտը` գրանցման գիրքը կնքելու և համարակալելու մասին, որով Ընկերությունը խնդրել է Ծառայությանը կնքել և համարակալել գրանցման գիրքը Երևանի Գրիբոյեդովի 60 հասցեի համար: Հայտի հիման վրա Ծառայությունը հաստատել է գիրքը վերը նշված հասցեի համար: Նշված հասցեի առանձին սենյակների համար Ընկերությունը գրանցման գրքի դիմում չի ներկայացրել և ուրիշ գրանցման գիրք չի ունեցել, հետևաբար այդ գիրքը հաստատելուց հետո Երևանի Գրիբոյեդովի 60 հասցեում գտնվող Ընկերությանը պատկանող բոլոր տարածքները համարվել են առևտրի (անմիջական վաճառքի իրականացման) վայր:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 08.05.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 24.12.1997 թվականի թիվ 1107591 ստուգման ակտի համաձայն` Ընկերությունը Երևանի Գրիբոյեդովի 60 հասցեում իրականացնում է մանրածախ և մեծածախ առևտրային գործունեություն:

Նշված հասցեում գործող առևտրի կետում՝ թիվ 15 սենյակում, 13.12.2007 թվականին կատարված գույքագրման արդյունքում ձեռնարկատիրական գործունեության առարկաների մնացորդը, ըստ վաճառքի գների, կազմել է 19.576.400 ՀՀ դրամ, որը, սակայն, չի գրանցվել Երևանի Գրիբոյեդովի 60 հասցեի համար Ծառայությունից ստացված վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների գրանցման գրքում:

2) Ընկերության կողմից Ծառայությանը ներկայացված հասույթի գրանցման գիրք կնքելու և համարակալելու 19.06.2007 թվականի հայտում թիվ 10 գրքի գրանցման հասցե նշված է Երևանի Գրիբոյեդովի 60:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն` ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու, այսինքն` առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքը, ապրանքները, ինչպես նաև կատարվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելու դեպքում գանձվում է տուգանք` ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 25 տոկոսի չափով, այդ թվում՝ վաճառված (իրացված) մասի համար:

ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 315 որոշմամբ հաստատված կարգի առաջին մասի համաձայն՝ նույն կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և ձեռնարկատիրական գործունեության առարկաներ (արտադրանք, ապրանք) վաճառող (այդ թվում` կոմիսիոն հիմունքներով) կազմակերպությունների, այդ թվում` օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստեղծված` առանձնացված ստորաբաժանումների, անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) վրա, որոնք ունեն ապրանքների անմիջական ցուցադրության և վաճառքի վայր:

Վերոնշյալ կարգի 2-րդ մասի համաձայն՝ նույն կարգի 1-ին մասում նշված կազմակերպությունները հաշվապահական հաշվառման գործող կարգին զուգընթաց առևտրի իրականացման վայրում վարում են արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) գիրք: Նույն կարգի 6-րդ մասի համաձայն՝ գրանցման գրքերում գրանցման (հաշվառման) ենթակա են ձեռք բերված (սեփական արտադրության դեպքում` վաճառքի իրականացման վայրում (կետերում) ընդունված) բոլոր ապրանքները` ստանալուց (ընդունելուց) անմիջապես հետո, մինչև վաճառքի հանելը (բայց ոչ ուշ, քան մինչև ապրանքներն ստանալու օրվա ավարտը)` անկախ առևտրի իրականացման ձևից (մեծածախ կամ մանրածախ):

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տե'ս օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով)):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե' փաստական, և թե' իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման՝ վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս:

Սույն գործով Դատարանը հանգել է եզրահանգման այն մասին, որ հասույթի գրանցման գիրք կնքելու և համարակալելու 19.06.2007 թվականի հայտը չի վերաբերում Երևանի Գրիբոյեդովի 60 հասցեի թիվ 15 սենյակին, որը վաճառքի վայր (խանութ) չի հանդիսանում, քանի որ այն պահեստ է և այնտեղ ապրանքների անմիջական ցուցադրում և վաճառք չի իրականացվում:

Մինչդեռ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չի ենթարկել Ընկերության կողմից Ծառայությանը ներկայացված հասույթի գրանցման գիրք կնքելու և համարակալելու 19.06.2007 թվականի հայտը, որտեղ գրքի գրանցման հասցե նշված է Երևանի Գրիբոյեդովի 60 հասցեն՝ առանց որևէ կոնկրետ սենյակի համար նշելու:

Ինչ վերաբերում է Դատարանի այն պնդմանը, որ բացակայում է ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 315 որոշմամբ հաստատված կարգի խախտումը, քանի որ տվյալ դեպքում թիվ 15 սենյակը, հանդիսանալով պահեստ, չի համարվում առևտրի իրականացման վայր, ապա այդ հանգամանքը կարող էր հիմք հանդիսանալ հայցի բավարարման համար, եթե այդ սենյակի համար հարկատուն ունենար ՀՀ կառավարության 31.07.1997 թվականին հաստատված թիվ 314 որոշմամբ սահմանված կարգով նախատեսված առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գիրք: Մինչդեռ սույն գործով վերոնշյալ հանգամանքը հիմնավորող ապացույց Դատարան չի ներկայացվել:

Վճռաբեկ դատարանը Դատարանի պատճառաբանություններն անհիմն է համարում, քանի որ տվյալ դեպքում, ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 315 որոշմամբ սահմանված կարգի իմաստով, Երևանի Գրիբոյեդովի 60 հասցեում վաճառքի վայր է համարվում ոչ միայն խանութի ապրանքների ցուցադրության հատվածը, այլ նաև դրա այլ հատվածները: Հետևաբար ապրանքների գրանցման (հաշվառման) գրքում սույն դեպքում գրանցման ենթակա են ստացված (ընդունված) բոլոր ապրանքները՝ դրանք ստանալուց անմիջապես հետո, մինչև վաճառքի հանելը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածի համաձայն, Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 08.05.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան