ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/1492/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ/1492/05/08 |
Նախագահող դատավոր՝ Ա. Աբովյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Դ. Ավետիսյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
Ս. Օհանյանի |
2008 թվականի դեկտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 21.05.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) ընդդեմ «Անկրկնելի Ցուլ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) տնօրեն Սերյոժա Հակոբյանի՝ 7.500.000 ՀՀ դրամ վարչական տուգանք բռնագանձելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի՝ Ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետի 29.11.2007 թվականի թիվ 044496 որոշումը մասնակի վերացնելու և մնացած մասը փոփոխելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ծառայությունը պահանջել է բռնագանձել Սերյոժա Հակոբյանից 7.500.000 ՀՀ դրամ:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Սերյոժա Հակոբյանը պահանջել է մասնակի վերացնել Ծառայության 29.11.2007 թվականի թիվ 044496 որոշմումը և մնացած մասը փոփոխել:
Վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 21.05.2008 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի իմաստով Դատարանը վարչական ակտը վերացնելիս իրավասու չէր փոփոխել այն և վճռով սահմանել տուգանքի չափ:
Դատարանը, կիրառելով վարչական ակտի փոփոխման կամ բեկանման հիմքերը սահմանող «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, անտեսել է այն հանգամանքը, որ նշված հոդվածը նման իրավունք վերապահում է վարչական մարմնին և ոչ թե դատարանին:
Դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս իրավասու է վարչական մարմնի համար սահմանել միայն պարտականություն՝ ընդունել վարչական ակտ կամ կատարել գործողություն, այն է` իրականացնել վարչարարություն` հիմք ընդունելով դատարանի իրավական դիրքորոշումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 21.05.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ծառայության 14.11.2007 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն` Ընկերության տնօրեն Սերյոժա Հակոբյանը 2007 թվականի նոյեմբեր ամսին Ընկերությանը պատկանող տարածքի առևտրի իրականացման վայրում 25 ֆիզիկական անձանց տրամադրել է վաճառատեղեր, որով խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 12-րդ մասը:
2) Սերյոժա Հակոբյանը Ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետի 29.11.2007 թվականի որոշմամբ տուգանվել է 7.500.000 ՀՀ դրամի չափով:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից առանց պայմանագրի կնքման վաճառատեղեր վճարովի կամ անհատույց օգտագործման նպատակով վաճառողներին տրամադրելը, ինչպես նաև առևտրի իրականացման վայրում (բացառությամբ գյուղատնտեսական ապրանքների շուկաների, կենդանիների շուկաների և տոնավաճառների) ֆիզիկական անձանց վաճառատեղերի տրամադրումն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով` յուրաքանչյուր տրամադրված տեղի համար:
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Նշված սահմանադրական նորմը, ամրագրելով իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը, միաժամանակ օրենսդրին հասցեագրել է հիմնարար առաքելություն` օրենքների հիման վրա որոշելու պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց իրավասությունը (լիազորությունը) իշխանությունն իրականացնելիս:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն դեպքում, երբ վարչական մարմինն իրավասու է եղել գործել իր հայեցողությամբ, դատարանը ստուգում է նաև, թե արդյոք վարչական ակտն ընդունելը կամ այն ընդունելը մերժելը, գործողություն կատարելը կամ անգործություն դրսևորելը իրականացվել է օրենսդրությանը համապատասխան: Երբ վարչական մարմինն իրավասու է եղել գործել իր հայեցողությամբ, և վարչական դատարանը հանգում է այն հետևության, որ վարչական մարմինը հայեցողական լիազորություններն իրականացրել է օրենսդրությանը ոչ համապատասխան, ապա վճռի եզրափակիչ մասը սահմանում է իրավասու վարչական մարմնի պարտականությունը` վարչական ակտ ընդունել կամ կատարել գործողություն` հիմք ընդունելով դատարանի իրավական դիրքորոշումը:
Սույն գործով Սերյոժա Հակոբյանը պատասխանատվության է ենթարկվել 25 ֆիզիկական անձանց վաճառատեղերի տրամադրման համար: Տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն սահմանող նորմը նախատեսում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տեղի համար սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով: Սերյոժա Հակոբյանը պատասխանատվության է ենթարկվել տուգանքի առավելագույն չափով` յուրաքանչյուր տեղի համար 300.000 ՀՀ դրամով:
Դատարանը, սույն գործի քննության ժամանակ ստուգելով վարչական մարմնի կողմից հայեցողական լիազորության իրականացումը, անվավեր է ճանաչել Ծառայության 29.11.2007 թվականի թիվ 044496 որոշման խմբագրությունը և պարտավորեցրել է Ծառայությանը 30-օրյա ժամկետում փոփոխել որոշումը` հաշվի առնելով, որ իրավախախտման ծավալի մեջ է մտնում 19 ֆիզիկական անձանց վաճառատեղեր տրամադրելու փաստը, ինչպես նաև այն, որ տրամադրված յուրաքանչյուր տեղի համար տուգանքի չափը պետք է որոշվի վարչարարության հիմնական սկզբունքների հաշվառմամբ, որի նպատակահարմար չափը չի կարող գերազանցել 150.000 ՀՀ դրամը:
Մինչդեռ վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ այն դեպքում, երբ Դատարանը հաստատված է համարում վարչական մարմնի հայեցողական լիազորության իրականացումը ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ, իրավասու չէ սահմանել պատասխանատվության առավելագույն, նվազագույն կամ կոնկրետ չափ: Այսինքն՝ Դատարանը միջամտել է վարչական մարմնի հայեցողական լիազորությանը, ինչը թույլատրելի է միայն հայեցողական լիազորության իրավաչափության ստուգման տեսանկյունից (Տե՜ս Արթուր Խաչատրյանն ընդդեմ Երևանի քաղաքապետի՝ պաշտոնատար անձի օրենքին հակասող ակտը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-295 (ՎԴ) գործով Վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը):
Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով, Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 21.05.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան |
Վ. Աբելյան | |
Ե. Խունդկարյան | |
Դ. Ավետիսյան | |
Հ. Ղուկասյան | |
Ս. Օհանյան |