ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ 08-621 |
Քաղաքացիական գործ թիվ 3-509(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան | |
Դատավորներ՝ Ս. Միքայելյան Ն. Տավարացյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Դ. Ավետիսյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի հոկտեմբերի 31-ին,
դռնբաց դատական նիստում, քննելով Ռոզա Գրիգորյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ Սամվել, Դոլորես և Դեզի Հովհաննիսյանների հայցի ընդդեմ Ռոզա Գրիգորյանի, Նիկոլայ և Հասմիկ Սողոմոնյանների՝ իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելության և ժառանգությունն ընդունելու փաստերը հաստատելու պահանջների մասին, և ըստ Ռոզա Գրիգորյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Սամվել, Դոլորես և Դեզի Հովհաննիսյանների` սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և բնակելի տան ու հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականատեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Սամվել, Դոլորես և Դեզի Հովհաննիսյանները պահանջել են ճանաչել Երևանի Քանաքեռ 13 փողոցի թիվ 49 բնակելի տան նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ և հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստերը, որ Երևանի Քանաքեռ 13 փողոցի թիվ 49 բնակելի տան 25.04.1996 թվականի սեփականության իրավունքի վկայականում, Նիկոլայ Հովհաննիսյանի մահվան վկայականում, Սամվել, Դոլորես և Դեզի Հովհաննիսյանների, Առնոլդ Սողոմոնյանի ծննդյան վկայականների «Отец» կամ «Հայրը» տողում կատարված նշումները վերաբերում են միևնույն անձին՝ Նիկոլայ Հովհաննիսյանին, իսկ Աղունիկ Դանիելյանի մահվան վկայականում, Առնոլդ Սողոմոնյանի, Սամվել, Դոլորես և Դեզի Հովհաննիսյանների ծննդյան վկայականների «Мать» կամ «Մայրը» տողում կատարված նշումները վերաբերում են միևնույն անձին՝ Աղունիկ Դանիելյանին:
Դիմելով դատարան՝ Ռոզա Գրիգորյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի Քանաքեռ 13 փողոցի թիվ 49 բնակելի տան սեփականության իրավունքի գրանցումը և նշված հասցեի բնակելի տան և հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր և Վալերի Սողոմոնյանի սեփականության իրավունքը:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 12.12.2007 թվականի վճռով Սամվել, Դոլորես և Դեզի Հովհաննիսյանների հայցը և Ռոզա Գրիգորյանի հակընդդեմ հայցը բավարարվել են մասնակիորեն:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 27.02.2008 թվականի որոշմամբ բեկանվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 12.12.2007 թվականի վճռի՝ Ռոզա Գրիգորյանի հակընդդեմ հայցի մասը, և այն փոփոխվել է՝ հակընդդեմ հայցը մերժվել է, դատական ակտը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոզա Գրիգորյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Սամվել, Դոլորես և Դեզի Հովհաննիսյանները:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածը, 1226-րդ հոդվածի 3-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դեզի և Սամվել Հովհաննիսյանները մինչև իրենց հոր՝ ժառանգատու Նիկոլայ Հովհաննիսյանի մահը, այնպես էլ նրա մահից հետո բնակվել են իրենց մոր՝ Աղունիկ Դանիելյանի հետ և ժառանգական գույք կազմող՝ Երևանի Քանաքեռ 13 փողոցի թիվ 49 բնակելի տունը փաստացի տիրապետման հիմքով չեն ընդունել:
Վերաքննիչ դատարանը հաստատված համարելով Երևանի Քանաքեռ 13 փողոցի թիվ 49 բնակելի տան նկատմամբ փաստացի տիրապետման հիմքով Սամվել և Դեզի Հովհաննիսյանների ժառանգություն ընդունելու հանգամանքը՝ որոշման մեջ չի նշել գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, որոնցով ղեկավարվել է որոշում կայացնելիս:
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 280-րդ, 187-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա պատգամավորների Երևան քաղաքի խորհրդային շրջխորհրդի գործադիր կոմիտեի նախագահի 29.02.1991 թվականի գրությունը, համաձայն որի՝ Երևանի Քանաքեռ 13 փողոցի թիվ 49 հասցեում 299,27 քմ մակերեսով կառույցը կառուցվել է 1989 թվականին, պատկանում է Վալերի Սողոմոնյանին, որտեղ բնակվում են 4 անձ, Քանաքեռ-Զեյթուն համայնքների թաղապետարանի կողմից հաստատված Վալերի Սողոմոնյանի հարևանների 15.10.2007 թվականի հայտարարությունը, համաձայն որի՝ Երևանի Քանաքեռ 19 փողոցի թիվ 49 բնակելի տան բնակիչ հանգուցյալ Վալերի Սողոմոնյանը վերը նշված հասցեում գտնվող մեկհարկանի խարխլված վթարային վիճակում գտնվող տունը 1988-1989 թվականներին քանդել է և փոխարենն իր միջոցներով վերակառուցել է երկհարկանի բնակելի տուն:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն քաղաքացիական գործում առկա է միայն վիճելի տան նկատմամբ Կոլյա Հովհաննիսյանի անվամբ տրված 25.04.1996 թվականի սեփականության վկայականը, իսկ 1955 թվականի գույքաթերթը և հատակագիծը գործում առկա չեն, հետևաբար, Վերաքննիչ դատարանը չէր կարող հաստատված համարել, որ վերը նշված փաստաթղթերում առկա մակերեսները համընկնում են:
Ռոզա Գրիգորյանը իր ամուսնու հետ միասին բնակվելով վիճելի հասցեում 1988-1989 թվականներին քանդել են տարիների ընթացքում խարխլված և վթարային վիճակում գտնվող Նիկոլայ Հովհաննիսյանի մեկհարկանի տունը և բոլոր հարևանների, հարազատների, այդ թվում՝ հայցվորների գիտությամբ կառուցել նոր երկհարկանի բնակելի տուն, որը վկայում է, որ վիճելի անշարժ գույքը Ռոզա Գրիգորյանը ավելի քան տասը տարի բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ փաստացի տիրապետում է որպես սեփական գույք:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.02.2008 թվականի որոշումը մասնակիորեն և դատական ակտը փոփոխել՝ Սամվել և Դեզի Հովհաննիսյանների հայցը՝ ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու մասով մերժել, Ռոզա Գրիգորյանի հակընդդեմ հայցը՝ սեփականության իրավունքի գրանցումը անվավեր ճանաչելու և բնակելի տան ու հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականատեր ճանաչելու պահանջների մասով՝ բավարարել:
2.1. Սամվել, Դոլորես և Դեզի Հովհաննիսյանների վճռաբեկ բողոքի պատասխաններում բերված փաստարկները
Վճռաբեկ բողոքում նշված այն փաստարկը, որ Սամվել, Դոլորես և Դեզի Հովհաննիսյանները փաստացի տիրապետման հիմքով չեն ընդունել իրենց հոր՝ Նիկոլայ Հովհաննիսյանի ժառանգությունը, հիմնավոր չէ, քանի որ իրենց հոր մահվան ժամանակ՝ 1968 թվականին, հայցվորները անչափահաս էին և մինչև հոր մահը, այնպես էլ մահվանից հետո բնակվել և շարունակել են բնակվել իրենց հայրական տանը, որը գտնվում է Երևանի Քանաքեռ 19 փողոցի թիվ 49 վիճելի հասցեում: Նշված հանգամանքը վկայում է, որ փաստացի տիրապետման հիմքով հայցվորները ընդունել են իրենց հասանելիք ժառանգությունը:
Ինչ վերաբերում է վիճելի անշարժ գույքը ամբողջովին քանդելուն և նոր բնակելի տուն կառուցելուն, ապա այն չի համապատասխանում իրականությանը, քանի որ դատաքննության ընթացքում կադաստրային գործի ուսումնասիրությունից և հատակագծերի համադրումից պարզվեց, որ Նիկոլայ Հովհաննիսյանի օրոք առկա և նրա անվամբ 1996 թվականին տրված սեփականության վկայականում նշված տարածքների մակերեսները համընկնում են: Հայրական տունը հիմնովին երբևէ չի քանդվել, այլ Երևանի Քանաքեռ 19 փողոցի թիվ 49ա հասցեում գտնվող մյուս տան շինարարական աշխատանքներից հետո ավելացված շինանյութի հաշվին 1990-ական թվականների սկզբներին կառուցվել է ընդամենը 2-րդ հարկ, որն այս պահին ինքնակամ շինություն է: Այդ հանգամանքը հիմնավորվում է շինարարական աշխատանքները կատարած վարպետի՝ Աշոտ Մխիթարյանի հայտարարությամբ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 25.06.1996 թվականին տրված սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ Երևանի Քանաքեռ 13 փող. 49 հասցեում գտնվող 127, 9 քմ տան և 500 քմ մակերեսով հողամասի սեփականատերն է Կոլյա Հովհաննիսյանը: Սեփականության վկայականում առկա մնացած շինություններն անօրինական կառույցներ են:
2. Նիկոլայ Հովհաննիսյանը մահացել է 30.12.1968 թվականին:
3. Վալերի Սողոմոնյանը, Սամվել և Դեզի Հովհաննիսյանները Նիկոլայ Հովհաննիսյանի ըստ օրենքի առաջին հերթի ժառանգներն են:
4. Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի բնակ. կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի թիվ 8 լիազոր ներկայացուցչի 26.09.2007 թվականի տեղեկանքի համաձայն՝ Դեզի Հովհաննիսյանն ամուսնացել է 1975 թվականին և մինչ տեղեկանքի տրման օրը Քանաքեռ 13 փող. 49 տան հասցեում չի բնակվում, Սամվել Հովհաննիսյանը 1989 թվականից դուրս է եկել վերը նշված հասցեից և մինչ տեղեկանքի տրման օրը այնտեղ չի բնակվում:
5. Վալերի Սողոմոնյանը մահացել է 19.10.2005 թվականին:
6. ՀՀ պատգամավորների Երևան քաղաքի խորհրդային շրջխորհրդի գործադիր կոմիտեի 29.02.1996 թվականի գրության համաձայն՝ Քանաքեռ 13 փող. 49 հասցեում գտնվող 299,27 քմ մակերեսով կառույցը և 493,7 քմ հողատարածությունը սեփականության իրավունքով կամ որպես ինքնակամ շինություն գրանցելու մասին գործադիր կոմիտեի նախագահը հայտնել է, որ այն կառուցվել է 1989 թվականին ու պատկանում է Վալերի Սողոմոնյանին, որտեղ բնակվում են 4 անձ:
7. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման ղեկավար Յու. Հայրապետյանի 26.11.2007 թվականի գրության համաձայն՝ Քանաքեռ 13 փող. 49 տան կադաստրային գործի նյութերի համաձայն՝ հատկացված հողամասի մակերեսը կազմում է 500,0 քմ, բնակելի տան ներքին մակերեսը՝ 127,9 քմ, որից բնակելին` 59,9 քմ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար վճռաբեկ բողոքի հիմքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձվեն հետևյալ հարցադրումները.
1. Արդյո՞ք Վալերի Սողոմոնյանը, Սամվել և Դեզի Հովհաննիսյանները փաստացի տիրապետման հիմքով ընդունել են իրենց հոր՝ Նիկոլայ Հովհաննիսյանի ժառանգությունը:
2. Երևանի Քանաքեռ 13 փող. 49 հասցեում գտնվող շինություններից որո՞նք են մտնում Նիկոլայ Հովհաննիսյանի ժառանգության զանգվածի մեջ:
Նիկոլայ Հովհաննիսյանի ժառանգության բացման ժամանակ գործող՝ ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է ընդունի այն, իսկ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա փաստորեն սկսում է տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, կամ երբ նա ժառանգության բացման վայրի նոտարական մարմնին հայտարարել է ժառանգությունն ընդունելու մասին: Այս հոդվածում նշված գործողությունները պետք է կատարվեն ժառանգության բացման oրվանից վեց ամսվա ընթացքում:
Սույն քաղաքացիական գործի փաստերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նիկոլայ Հովհաննիսյանի ժառանգության զանգվածը կազմել է Երևանի Քանաքեռ 13 փող. 49 հասցեում գտնվող 127, 9 քմ մակերեսով տունը, որտեղ բնակվել են Դեզի Հովհաննիսյանը իր հոր՝ Նիկոլայ Հովհաննիսյանի մահից հետո մինչև 1975 թվականը, Սամվել Հովհաննիսյանը՝ մինչև 1989 թվականը, իսկ Վալերի Սողոմոնյանը՝ մինչև 2005 թվականը: Հետևաբար, ժառանգության բացման ժամանակ գործող՝ ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածի ուժով Դեզի և Սամվել Հովհաննիսյանները, ինչպես նաև Վալերի Սողոմոնյանը տիրապետման ուժով ընդունել են իրենց հասանելիք ժառանգությունը:
Ինչ վերաբերում է 1989 թվականին Վալերի Սողոմոնյանի կողմից Երևանի Քանաքեռ 13 փողոցի թիվ 49 հասցեում գտնվող տանը կատարված շինարարական աշխատանքներին, որի արդյունքում Երևանի Քանաքեռ 13 փողոցի թիվ 49 հասցեում գտնվող գույքի մակերեսը զգալիորեն ավելացել է, ապա այդ շինությունների կարգավիճակը պարզված չէ, հետևաբար, դրանք ժառանգության զանգվածի մաս չեն կարող կազմել:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով Երևանի Քանաքեռ 13 փող. 49 հասցեում գտնվող ամբողջ տան նկատմամբ Սամվել և Դեզի Հովհաննիսյանների փաստացի տիրապետման հիմքով ժառանգություն ընդունելու փաստը և հաշվի չառնելով սույն գործում առկա ապացույցները, ճանաչել է նրանց ժառանգման իրավունքը նաև իրավական կարգավիճակը չպարզված շինությունների նկատմամբ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Նիկոլայ Հովհաննիսյանի ժառանգության բացման ժամանակ ժառանգության զանգվածը Երևանի Քանաքեռ 13 փողոցի թիվ 49 հասցեում գտնվող 127, 9 քմ մակերեսով տունն է, որը փաստացի տիրապետման հիմքով ընդունել են Դեզի Հովհաննիսյանը, Սամվել Հովհաննիսյանը և Վալերի Սողոմոնյանը՝ յուրաքանչյուրը 1/3 մասով: Իսկ Ռոզա Գրիգորյանը, որպես Վալերի Սողոմոնյանի ըստ օրենքի առաջին հերթի ժառանգ, փաստացի տիրապետման հիմքով ընդունելով իր ամուսնու բաժնի, այն է՝ Երևանի Քանաքեռ 13 փող. թիվ 49 հասցեում գտնվող 127, 9 քմ մակերեսի բնակելի տան 1/3-րդ մասը, ձեռք է բերել այդ բաժնի նկատմամբ սեփականության իրավունք:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն oրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաեւ այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է oրենքով նախատեսված այլ հիմքերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, oգտագործումից եւ տնoրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:
Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`
1. Տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:
2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:
3. Տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տես օրինակ` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյաններ և Քնարիկ Աղազարյան, Մանվել Սարիբեկյան և Քնարիկ Աղազարյան ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա չէ Ռոզա Գրիգորյանի կողմից վիճելի գույքի նկատմամբ տիրապետման բարեխղճությունը հիմնավորող որևէ ապացույց, հետևաբար, հիմնավոր է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ Ռոզա Գրիգորյանը չուներ բավարար հիմքեր ենթադրելու, որ ինքն այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի Քանաքեռ 13 փող. թիվ 49 հասցեում առկա են նաև կարգավիճակը չորոշված (ինքնակամ կառույցներ) շինություններ, հարկ է համարում արձանագրել, որ անհայտ կարգավիճակ ունեցող կառույցների (ինքնակամ կառույցի) նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք չի կարող ճանաչվել, իսկ նման շինությունների նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման վերաբերյալ վեճը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի ուժով ենթակա չէ դատարանում քննության:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2008 թվականի որոշումը բեկանել մասնակիորեն և այն փոփոխել՝ հայցը և հակընդդեմ հայցը բավարարել մասնակի՝ ճանաչել Դեզի և Սամվել Հովհաննիսյանների, ինչպես նաև Ռոզա Գրիգորյանի սեփականության իրավունքը Երևանի Քանաքեռ 13 փողոցի թիվ 49 հասցեում գտնվող 127,9քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ՝ յուրաքանչյուրին 1/3-րդ մասով:
Ինքնակամ կառուցված շինությունների նկատմամբ Դեզի և Սամվել Հովհաննիսյաններին ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու հայցի և այդ կառույցների նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով Ռոզա Գրիգորյանին սեփականատեր ճանաչելու հակընդդեմ հայցի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել:
2. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2008 թվականի որոշումը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան | |
Դատավորներ` |
|
Ս. Սարգսյան |
|
|
Վ. Աբելյան |
|
|
Դ. Ավետիսյան |
|
|
Հ. Ղուկասյան |
|
|
Ս. Օհանյան |