ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԿԴ03/0026/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ03/0026/02/08
|
Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան | |
Դատավորներ՝ Ն. Տավարացյան Ս. Միքայելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ե. Խունդկարյանի | ||
Դ. Ավետիսյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի դեկտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում քննելով Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանի հայցի ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման՝ Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու պահանջների մասին, և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի՝ բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանը պահանջել է Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչել և Ալվարդ Խաչատրյանին ճանաչել համասեփականատեր:
Հակընդդեմ հայցով Արմեն Խաչատրյանը պահանջել է առանց փոխհատուցման դադարեցնել Թեհմինե, Ալվարդ և Էմմա Խաչատրյանների բնակության իրավունքը և բնակելի տարածությունից վտարել:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 04.03.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.06.2008 թվականի որոշմամբ Դատարանի 04.03.2008 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Թեհմինե Խաչատրյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «ՀՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Ալվարդ Խաչատրյանն Արմեն Խաչատրյանի դուստրն է, ընտանիքի անդամը, որի ուժով համարվել է սեփականաշնորհման սուբյեկտ և պետք է օգտվեր բնակարանի սեփականաշնորհումից բխող բոլոր իրավունքներից:
Վերաքննիչ դատարանի կողմից յուրաքանչյուր ապացույց չի գնահատվել գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, մասնավորապես, Քանաքեռավանի գյուղապետարանի կողմից տրված տեղեկանքը, Ալվարդ Խաչատրյանի համար 1994 թվականին բացված բժշկական ամբուլատոր քարտը, որոնց համաձայն՝ Թեհմինե Խաչատրյանի երեխաներ Ալվարդ և Էմմա Խաչատրյանները ծննդյան օրվանից մշտապես բնակվել են վեճի առարկա տանը, որից հետևում է, որ Ալվարդ Խաչատրյանը սեփականաշնորհման սուբյեկտ է:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, վտարելով Ալվարդ և Էմմա Խաչատրյաններին Քանաքեռավան գյուղի 11 փողոցի 21/4 բնակելի տանից, խախտել է «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը, որը երաշխավորում է ծնողներից յուրաքանչյուրի բնակելի տարածությունում երեխայի ապրելու իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.06.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 04.03.2008 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Թեհմինե և Արմեն Խաչատրյանները գտնվել են փաստական, իսկ 06.12.1995 թվականից՝ գրանցված ամուսնության մեջ: Համատեղ կյանքում ունեցել են 2 երեխա, Ալվարդ Խաչատրյանը՝ ծնված 08.06.1994 թվականին և Էմմա Խաչատրյանը՝ ծնված 04.05.1998 թվականին:
2. Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 15.11.2007 թվականի վճռով լուծվել է Թեհմինե և Արմեն Խաչատրյանների ամուսնությունը:
3. Վեճի առարկա հասցեով Ալվարդ Խաչատրյանի համար 1994 թվականից բացվել է բժշկական ամբուլատոր քարտ:
4. Քանաքեռավանի գյուղապետարանի կողմից տրված 12.11.2007 թվականի տեղեկանքի համաձայն՝ Ալվարդ և Էմմա Խաչատրյանները ծննդյան օրվանից մշտապես բնակվել են Քանաքեռավան գյուղի 11 փողոցի 21/4 հասցեում (նախկին 1 փողոց թիվ 19/2):
5. Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշմամբ վեճի առարկա տունը սեփականաշնորհվել է:
6. Թեհմինե Խաչատրյանը 09.08.2001թվականին հաշվառվել է Քանաքեռավան գյուղի 11 փողոցի 21/4 տանը:
7. 13.02.1996 թվականի սեփականության վկայագրի համաձայն՝ վեճի առարկա բնակելի տան նկատմամբ գրանցված է Պարույր, Արմեն և Ալիսա Խաչատրյանների սեփականության իրավունքը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
29.06.1993 թվականին ընդունված և 01.09.1993 թվականին ուժի մեջ մտած «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ սեփականաշնորհման սուբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, տվյալ բնակտարածությունում գրանցում ունեցող, ինչպես նաև oրենքով սահմանված դեպքերում բնակտարածության նկատմամբ իրավունքը պահպանած քաղաքացիները:
Նույն օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհումն ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է տվյալ բնակարանի վարձակալի անունով, կամ նրա ընտանիքի որևէ չափահաս անդամի անունով՝ որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ, կամ ընդհանուր բաժնային սեփականություն: Վարձակալի ընտանիքի այն անդամները, որոնք բնակվում են նրա հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսգրքի համաձայն՝ վարձակալի հետ համահավասար օգտվում են բնակտարածության վարձակալության պայմանագրից բխող բոլոր իրավունքներից և կրում բոլոր պարտականությունները, ինչպես նաև օգտվում են բնակարանների սեփականաշնորհումից բխող իրավունքներից:
Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ բնակարանի վարձակալ չհանդիսացող անձը սեփականաշնորհման արդյունքում կարող է ձեռք բերել սեփականության իրավունք 3 պարտադիր վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում: Այդպիսիք են՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելը, տվյալ բնակտարածությունում գրանցում ունենալը, ինչպես նաև բնակարանի վարձակալի ընտանիքի անդամ լինելը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Արմեն Խաչատրյանի դուստր Ալվարդ Խաչատրյանը ծննդյան օրվանից մշտապես բնակվել է Քանաքեռավան գյուղի 11 փողոցի 21/4 հասցեում: «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 11.09.1992 թվականի թիվ 473 որոշման 22-րդ կետի համաձայն՝ ծնողների (խնամակալների, հոգաբարձուների) հետ բնակվող 16 տարին չլրացած քաղաքացիների հաշվառումը կատարվում է ծնողներից մեկի (խնամակալի, հոգաբարձուի) հաշվառման փաստաթղթերում նրանց մասին տվյալները գրառելու միջոցով:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 16 տարին չլրացած քաղաքացիների գրանցումը հաստատված համարելու համար առանձին հաշվառման փաստաթղթի առկայությունը պարտադիր չէ, քանի որ այն պարտադիր կերպով կատարվում է իրենց ծնողի հաշվառման փաստաթղթերում գրառում կատարելու միջոցով:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բնակելի տան սեփականաշնորհման արդյունքում Ալվարդ Խաչատրյանը նույնպես ձեռք է բերել սեփականության իրավունք:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանն եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածից հետևում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես, Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)):
Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը գալով այն եզրահանգման, որ Ալվարդ Խաչատրյանը սեփականաշնորհման սուբյեկտ չէ, պատշաճ գնահատման առարկա չի դարձրել Ալվարդ Խաչատրյանի համար 1994 թվականից բացված բժշկական ամբուլատոր քարտը և Քանաքեռավանի գյուղապետարանի կողմից տրված 12.11.2007 թվականի տեղեկանքը, որոնցով հիմնավորվում է, որ Ալվարդ Խաչատրյանը ծննդյան օրվանից մշտապես բնակվել է Քանաքեռավան գյուղի 11 փողոցի 21/4 բնակելի տանը՝ Արմեն Խաչատրյանի հետ համատեղ, հետևաբար, վարձակալի հետ համահավասար օգտվում է բնակելի տարածության սեփականաշնորհումից բխող իրավունքներից:
«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ յուրաքանչյուր երեխա ունի ծնողների հետ համատեղ ապրելու իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն` ելնելով երեխայի շահերից:
Նույն օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ընտանիքի անդամներ են նաև երեխաները: Նույն օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն՝ ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ):
Վերոգրյալ հոդվածներից հետևում է, որ երեխան ունի ծնողներից յուրաքանչյուրի հետ ապրելու իրավունք:
Ծնողների զբաղեցրած բնակարանում երեխայի ապրելու իրավունքի ապահովումը միաժամանակ ծնողների պարտականությունն է, նրանք հավասարապես պարտավոր են երեխային ապահովել բնակելի տարածությունում ապրելու իրավունքով:
Ծնողի հետ ապրելու երեխայի իրավունքն անմիջականորեն կապված է ծնողի անձի հետ, այլ ոչ թե ծնողի սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող գույքի հետ: Ծնողի զբաղեցրած բնակարանում երեխայի ապրելու իրավունքը ծագում է օրենքի ուժով և պահպանվում է մինչև երեխայի 18 տարին լրանալը: Այսինքն՝ ծնողի հետ ապրելու իրավունքը երեխայի մոտ ծագում է ծնող-երեխա ազգակցական կապի ուժով:
Ավելին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ծնողներից յուրաքանչյուրի հետ ապրելու երեխայի իրավունքը պահպանվում է նույնիսկ այն դեպքում, երբ նրա խնամքը հանձնված է ծնողներից մեկին, այսինքն՝ անգամ ամուսնալուծված ծնողը պարտավոր է թույլատրել երեխային բնակվել իր կողմից զբաղեցրած բնակարանում (տես, Նիկողոս Դաբաղյանն ընդդեմ Մարի, Նշան և Տաթևիկ Դաբաղյանների` բնակելի տնից վտարելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-222(ՎԴ)):
Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն՝ Արմեն Խաչատրյանը վեճի առարկա տան համասեփականատեր է, իսկ անչափահաս Էմմա Խաչատրյանը՝ նրա դուստրը:
Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անչափահաս Էմմա Խաչատրյանն օրենքի ուժով ապրելու իրավունք ունի Արմեն Խաչատրյանի համասեփականության ներքո գտնվող բնակելի տանը:
Ինչ վերաբերում է բնակելի տնից Թեհմինե Խաչատրյանին վտարելու պահանջին, ապա այն հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Թեհմինե Խաչատրյանին վտարելու պահանջն ենթակա է մերժման, քանի որ այն ներկայացվել է միայն մեկ սեփականատիրոջ կողմից:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործի վարույթը Արմեն, Պարույր, Ալիսա Խաչատրյանների անվամբ տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում Վճռաբեկ դատարանը կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է այն հարցին, որ սեփականության իրավունքի գրանցման վկայականը հանդիսանում է սեփականության իրավունքի գրանցման մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ, և այդ փաստաթղթի անվավեր ճանաչելը չի հանգեցնում իրավական հետևանքների, քանի որ ուժի մեջ է մնում վարչական ակտը՝ անշարժ գույքի գրանցման մատյանի գրանցումը (իրավական հիմնավորումը տես` Սիսիանի քաղաքապետարան ընդդեմ Շահեն Սարգսյան, երրորդ անձինք ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Սիսիանի ստորաբաժանում, Կորյուն Օհանյան, 26.10.2006 թվական, քաղաքացիական գործ թիվ 3-1920/ՎԴ (2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված պայմանագիրը լուծելու, Շահեն Սարգսյանի և Կորյուն Օհանյանի միջև 11.09.2002 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև Կորյուն Օհանյանին տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջներով)):
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. Թեհմինե Խաչատրյանի հայցը բավարարել մասնակիորեն. Ալվարդ Խաչատրյանին ճանաչել Քանաքեռավան գյուղի 11 փողոցի 21/4 բնակելի տան 1/4 մասի սեփականատեր և այդ մասով անվավեր ճանաչել Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը և Արմեն, Պարույր, Ալիսա Խաչատրյանների սեփականության իրավունքի պետական գրանցումը: Արմեն, Պարույր, Ալիսա Խաչատրյանների անվամբ տրված սեփականության իրավունքի վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել:
Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցը մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան | |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան | |
|
Վ. Աբելյան | |
Ե. Խունդկարյան | ||
Դ. Ավետիսյան | ||
Հ. Ղուկասյան | ||
|
Ս. Օհանյան |