«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հուլիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60403233
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
9 հուլիսի 2003 թ. |
N 62-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԻՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ (ԱՐՀԵՍՏԱԿԱՆ) ԳՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է.
Հաստատել «Իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված (արհեստական) գնի որոշման կարգը» (կցվում է):
Նախագահ` |
Ֆ. Փիրումյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԻՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ (ԱՐՀԵՍՏԱԿԱՆ) ԳՆԻ ՈՐՈՇՄԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով որոշվում է ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի կամ հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտների (այսուհետև՝ Տնտեսավարող սուբյեկտի) կողմից իրացման կամ ձեռքբերման գների սահմանման չհիմնավորված (արհեստական) լինելը:
2. Սույն կարգում օգտագործված հասկացություններն ունեն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը:
3. Սույն կարգի համաձայն իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված (արհեստական) գները կարող են դրսևորվել ապրանքային շուկայում Տնտեսավարող սուբյեկտի կողմից գների արհեստական բարձրացման, իջեցման, գինը պահպանելու և տարբեր տնտեսավարող սուբյեկտներին (սուբյեկտներից) ապրանքները խտրական (տարբերակված) գներով վաճառելու (գնելու) ձևերով:
4. Ապրանքների իրացման գնի բարձրացումը չհիմնավորված (արհեստական) է, եթե Տնտեսավարող սուբյեկտի կողմից, այլ հավասար պայմաններում, տվյալ ապրանքի իրացումից ստացվում է զգալիորեն (ավելի քան հինգ տոկոս) ավելի մեծ շահույթ՝ քան մինչև գնի բարձրացումը:
(4-րդ կետը լրաց. 01.09.04 N 125-Ն)
5. Ապրանքների ձեռքբերման գնի բարձրացումը չհիմնավորված (արհեստական) է, եթե տվյալ ապրանքի ձեռքբերումը և հետագա իրացումը (նաև վերամշակումից հետո) տվյալ Տնտեսավարող սուբյեկտի համար, այլ հավասար պայմաններում, շահույթ չի ապահովում:
6. Ապրանքների իրացման գնի իջեցումը չհիմնավորված (արհեստական) է համարվում, եթե ապրանքային շուկայում Տնտեսավարող սուբյեկտի կողմից ապրանքն իրացվում է վնասով կամ առանց շահույթի:
7. Չհիմնավորված (արհեստական) գին է ապրանքային շուկայում Տնտեսավարող սուբյեկտի կողմից գնի մակարդակի պահպանումը կամ ոչ համամասնական փոփոխությունը (այսուհետ` պահպանում), երբ արտաքին և ներքին գործոններն այլ հավասար պայմաններում, օբյեկտիվորեն հանգեցնելու էին այդ ապրանքների գնի փոփոխության (բարձրացման կամ իջեցման):
(7-րդ կետը լրաց. 01.09.04 N 125-Ն)
8. Չհիմնավորված (արհեստական) չի համարվում գների այնպիսի փոփոխությունը կամ պահպանումը, եթե հիմնավորվում է, որ դրանք պայմանավորված են օբյեկտիվ տնտեսական գործոններով (սպառողական հատկանիշների կորուստը, բարոյական մաշվածքը, միջազգային շուկայում գների անկումը կամ բարձրացումը, արտադրության նորացման անհրաժեշտությունը, վարկային պարտավորությունը, սնանկացման վարույթում գտնվելը և այլն):
9. Չհիմնավորված գին է նաև միևնույն ապրանքային շուկայում տարբեր սպառողների (վաճառողների) նկատմամբ տարբերակված (խտրական) գների կիրառումը: Խտրական գին է համարվում, երբ այլ հավասար պայմաններում միևնույն ապրանքային շուկայում տարբեր սպառողներին (վաճառողներից) ապրանքը վաճառվում է (գնվում է) տարբեր գներով` անհավասար մրցակցային պայմաններ ստեղծելով գնորդների (վաճառողների) համար:
(9-րդ կետը խմբ. 01.09.04 N 125-Ն)
10. Չհիմնավորված չի համարվում այնպիսի տարբերակված գինը, որը կիրառվում է տարբեր ապրանքային շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ:
(10-րդ կետը խմբ. 01.09.04 N 125-Ն)
II. Չհիմնավորված (արհեստական) գնի բացահայտումը
11. Ապրանքների իրացման գնի բարձրացման դեպքում չհիմնավորված (արհեստական) գնի բացահայտման նպատակով`
ա) գների դինամիկան համադրվում է համապատասխան ճյուղային գների դինամիկայի հետ: Եթե Հանձնաժողովի ուսումնասիրած ապրանքի գների ինդեքսը գերազանցում է միջին ճյուղային գների ինդեքսին, ապա անհրաժեշտ է ուսումնասիրել ապրանքի ինքնարժեքի կառուցվածքը և շահույթի ու շահութաբերության դինամիկաները,
բ) եթե շահույթի կամ շահութաբերության ինդեքսը զգալիորեն (ավելի քան հինգ տոկոսի չափով) գերազանցում է ապրանքի գների ինդեքսին, ապա ապրանքի իրացման գնի բարձրացումը չհիմնավորված (արհեստական) է,
գ) եթե սույն կետի «բ» ենթակետում նշված ինդեքսների գերազանցումը ապրանքի գնի ինդեքսի նկատմամբ զգալի չէ (պակաս է հինգ տոկոսից), ապա լրացուցիչ հիմնավորման համար համադրվում են նաև գների, շահույթի և շահութաբերության աճի տեմպերը նույն սուբյեկտի այլ ապրանքների (որոնց իրացման կամ ձեռքբերման ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի դիրքը գերիշխող չէ) համապատասխան ցուցանիշների հետ (եթե տնտեսվարող սուբյեկտն ունի այդպիսի ապրանքներ): Եթե առաջին խումբ ցուցանիշները (որոնց հիման վրա տնտեսվարող սուբյեկտը գերիշխող դիրք է զբաղեցնում) զգալիորեն (ավելի քան հինգ տոկոս) գերազանցում են երկրորդ խումբ ցուցանիշներին (որոնց հիման վրա տնտեսվարող սուբյեկտը գերիշխող դիրք չի զբաղեցնում), ապա ապրանքի իրացման գնի բարձրացումը չհիմնավորված (արհեստական) է,
դ) եթե սույն կետի «գ» ենթակետում նշված ցուցանիշների հարաբերակցությունը համոզիչ չէ (ցուցանիշների մի մասի առաջանցիկ տեմպը զգալի չէ` ցածր է հինգ տոկոսից), ապա տնտեսվարող սուբյեկտի կողմից չհիմնավորված գնի լրացուցիչ հիմնավորում է համարվում.
- տվյալ տնտեսվարող սուբյեկտի մոտ աշխատավարձի մակարդակի գերազանցումը միջին ճյուղային մակարդակին.
- աշխատողների թվաքանակի ավելացումն արտադրության (իրացման) ծավալի (բնեղեն) անփոփոխ լինելու դեպքում կամ աշխատողների թվաքանակի ավելացման առաջանցիկությունը արտադրության ծավալի ավելացման նկատմամբ.
- արտադրության (իրացման) ծավալի (բնեղեն) կրճատումը կամ իրացվող ապրանքի որակական հատկանիշների վատթարացումը:
(11-րդ կետը խմբ. 01.09.04 N 125-Ն)
12. Ապրանքների ձեռքբերման գների բարձրացման դեպքում չհիմնավորված (արհեստական) գնի բացահայտման նպատակով ուսումնասիրվում է այդ ապրանքի իրացման կամ դրանով արտադրված ապրանքի գնի կառուցվածքը: Եթե վերջինս վաճառվում է ինքնարժեքով կամ դրանից ցածր գնով, ապա լրացուցիչ ուսումնասիրվում է Տնտեսավարող սուբյեկտի (սուբյեկտների) ֆինանսական վիճակը: Համաձայնեցված գործողություններով ապրանքների ձեռքբերման գնի արհեստական բարձրացման մասին կվկայի այդ տնտեսավարող սուբյեկտների գների միաժամանակ կամ կարճատև ժամանակահատվածի (ոչ ավել մեկ ամսից) ընթացքում գների միևնույն չափով բարձրացումը:
13. Տնտեսավարող սուբյեկտի կողմից ապրանքների իրացման գների իջեցման դեպքում չհիմնավորված (արհեստական) գնի բացահայտման նպատակով ուսումնասիրվում է այդ գների կառուցվածքը:
ա) Եթե պարզվում է, որ այդ ապրանքներն իրացվել են ինքնարժեքով կամ դրանից ցածր գնով, ապա այդ Տնտեսավարող սուբյեկտից բացատրություն (հիմնավորում) է պահանջվում ապրանքներն ինքնարժեքով կամ դրանից ցածր գնով իրացնելու վերաբերյալ:
բ) Եթե ուսումնասիրության շնորհիվ պարզվում է, որ տնտեսավարող սուբյեկտների փաստարկները հիմնավոր չեն և նրանց կողմից իրացման գների իջեցումը մրցակիցներին հարկադրելու է վնասով կամ առանց շահույթի աշխատել (սահմանափակել մրցակցությունը), ապա ապրանքների իրացման գների իջեցումը չհիմնավորված (արհեստական) է:
գ) Եթե գինը սահմանվել է լիցենզիայով, մրցույթի արդյունքում կամ օրենսդրությամբ սահմանված այլ եղանակներով, ապա տնտեսվարող սուբյեկտի կողմից իրացման (ձեռքբերման) գնի բարձրացման (իջեցման) դեպքում Հանձնաժողովը պարզում է դրա իրավական հիմքերը: Եթե պարզվում է, որ այն չի կատարվել օրենսդրությամբ սահմանված կարգով, ապա գնի այդպիսի փոփոխությունը չհիմնավորված է:
(13-րդ կետը լրաց. 01.09.04 N 125-Ն)
14. Ապրանքների ձեռքբերման գների իջեցման դեպքում ուսումնասիրվում են գնման ծավալների (բնեղեն) դինամիկան, ձեռքբերվող ապրանքների նկատմամբ ներկայացվող պահանջների փոփոխությունը և ձեռքբերվող ապրանքի իրացումից կամ դրա վերամշակումից ստացվող ապրանքների իրացումից ստացվող շահույթի դինամիկան:
Եթե ձեռքբերվող ապրանքների ծավալի ինդեքսը զգալիորեն զիջում է այդ ապրանքի, կամ դրանով արտադրված ապրանքի իրացումից ստացված շահույթի ինդեքսին կամ ձեռքբերվող ապրանքի նկատմամբ պահանջի խստացումը (լրացուցիչ պայմանների պարտադրումը) ուղեկցվել է, այլ հավասար պայմաններում, շահույթի ծավալների զգալի ավելացմանը, ապա ուսումնասիրվում են այդ ապրանքների գների կառուցվածքները և ձեռքբերված ապրանքի ինքնարժեքի կառուցվածքը այն իրացնող տնտեսավարող սուբյեկտներից մի քանիսի մոտ: Եթե վերջիններս ձեռքբերման իջեցված գներով Տնտեսավարող սուբյեկտին վաճառելիս շահույթ չստանան կամ ստացված շահույթն աննշան լինի, իսկ ձեռք բերողի մոտ զգալիորեն շահույթն ավելանա (այլ հավասար պայմաններում), ապա ձեռքբերման գնի տվյալ իջեցումը չհիմնավորված (արհեստական) է:
15. Միևնույն ապրանքային շուկայում գործող տարբեր մրցակիցներին (մրցակիցներից) Տնտեսավարող սուբյեկտն ապրանքները տարբեր գներով վաճառելիս (գնելիս) ուսումնասիրվում է այդ ապրանքից, այլ հավասար պայմաններում, մրցակիցների ստացած շահույթները (եկամուտները և ծախսերը): Եթե պարզվում է, որ մրցակիցներն այդ ապրանքները տարբեր գներով գնելիս (վաճառելիս) շահութաբերության զգալի տարբերություն են ունենում, ապա առկա է Տնտեսավարող սուբյեկտի կողմից միևնույն ապրանքային շուկայում գործող մրցակիցներին (մրցակիցներից) խտրական գնով վաճառելու (գնելու) փաստը:
16. Ապրանքների իրացման գնի պահպանման դեպքում չհիմնավորված (արհեստական) գնի բացահայտման նպատակով.
- ներմուծվող ապրանքի դեպքում պարզվում են այդ ապրանքի ձեռքբերման միջազգային գները և եթե ուսումնասիրմանը նախորդող վեց և ավելի ամիսների ընթացքում այդ գները զգալիորեն (ավելի քան հինգ տոկոսով) նվազել են կամ դրանց համար սահմանվել են արտոնություններ, որոնք այլ հավասար պայմաններում հանգեցնելու էին գնի զգալի (ավելի քան հինգ տոկոս) նվազման, բայց ուսումնասիրվող ապրանքային շուկայում գնի զգալի (ավելի քան հինգ տոկոս) նվազում տեղի չի ունեցել և չի հիմնավորվում գինը պահպանելու անհրաժեշտությունը, ապա գնի պահպանումը չհիմնավորված (արհեստական) է,
- այլ ապրանքի դեպքում, եթե պարզվում է, որ ուսումնասիրմանը նախորդող վեց և ավելի ամիսների ընթացքում տնտեսվարող սուբյեկտին այդ ապրանքի համար տրվել են արտոնություններ, որոնք, այլ հավասար պայմաններում, հանգեցնելու էին այդ ապրանքի գնի զգալի (ավելի քան հինգ տոկոս) նվազեցման կամ նշված ամիսների ընթացքում զուտ շահութաբերությունը (ընդհանուր շահույթի և հարկերի ու օրենքով սահմանված այլ վճարումների տարբերության և ընդհանուր ծախսերի հարաբերության տոկոսային մեծությունը) 30 տոկոսից ավելի է, ապա ապրանքի գնի պահպանումը չհիմնավորված (արհեստական) է:
(16-րդ կետը լրաց. 01.09.04 N 125-Ն)
17. Ապրանքի ձեռքբերման գնի պահպանման դեպքում չհիմնավորված (արհեստական) գնի բացահայտման նպատակով ուսումնասիրվում են այն հնարավոր գործոնները, որոնք այլ հավասար պայմաններում կհանգեցնեին ձեռքբերման գնի բարձրացման (արժեզրկում, գնվող ապրանքի արտադրության համար նախատեսված հարկերի և օրենսդրությամբ սահմանված այլ վճարների դրույքաչափի բարձրացում, ապրանքի արտադրությունը թանկացնող այլ գործոններ): Եթե պարզվում է, որ օբյեկտիվորեն վաճառողները պետք է ապրանքը վաճառեին ավելի բարձր գնով, բայց այդ ապրանքների ձեռքբերման գինը մնացել է նույնը, ապա ապրանքի գնի պահպանումը չհիմնավորված (արհեստական) է:
(17-րդ կետը լրաց. 01.09.04 N 125-Ն)
(հավելվածը լրաց., խմբ., 01.09.04 N 125-Ն)