ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
7 նոյեմբերի 2008 թ. |
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի հունվարի 12-ին Աստանայում ստորագրված` Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2006 թվականի հունվարի 12-ին` Աստանայում: Համաձայնագրի նպատակն է օժանդակել համաձայնագրի մասնակից պետությունների տնտեսական աճին և նրանց միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը:
2. Համաձայնագրին միացող պետությունները և միջազգային կազմակերպությունները Բանկի մասնակիցն են դառնում Բանկի խորհրդի որոշումների հիման վրա, որոնք ընդունվում են Կանոնադրությանը համապատասխան՝ Բանկի խորհրդի սահմանած կարգով համաձայնագրին միանալուց և ձեռք բերվող բաժնետոմսերի համար վճարելուց հետո:
3. Համաձայնագրի համաձայն՝ Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով ու նորմերով:
4. Համաձայնագրի բաղկացուցիչ մաս է կազմում հավելվածը, որն ամրագրում է Բանկի կանոնադրությունը:
5. Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
-
մասնակցել Եվրասիական զարգացման բանկի կազմավորմանը,
-
երաշխավորել, որ Բանկը ՀՀ տարածքում կօգտվի իրավաբանական անձի համար սահմանված իրավունքներից,
-
Բանկի վրա չտարածել ՀՀ օրենսդրության այն դրույթները, որոնք սահմանում են կազմակերպությունների ստեղծման, արտոնագրման, դրանց գործունեության կանոնակարգման և դադարեցման կարգը,
-
որպես Բանկի մասնակից՝ երաշխավորել Բանկի անձեռնմխելիությունը ցանկացած դատական հետապնդման նկատմամբ՝ բացառությամբ այն դեպքերի, որոնք նրա լիազորությունների իրականացման հետևանք չեն կամ կապված չեն այդ լիազորությունների իրականացման հետ,
-
ապահովել Բանկի գույքի և ակտիվների անձեռնմխելիությունը խուզարկության, ռեկվիզիցիայի, կալանքի, բռնագրավման, սեփականազրկման կամ առգրավման ցանկացած այլ տեսակի կամ օտարման նկատմամբ՝ մինչև Բանկի նկատմամբ վերջնական դատական վճռի կայացումը,
-
Բանկի ամբողջ գույքն ու ակտիվները զերծ պահել ամեն տեսակի սահմանափակումներից, կարգադրագրերից և մորատորիումներից այն չափով, որքանով անհրաժեշտ է Բանկի նպատակներին հասնելու և գործառույթներն իրականացնելու համար,
-
ապահովել Բանկին պատկանող արխիվների, գույքի, ինչպես նաև ցանկացած տեղեկատվության անձեռնմխելիությունը,
-
Բանկի պաշտոնական կապի համար տրամադրել ոչ պակաս բարենպաստ պայմաններ, քան այն պայմաններն են, որոնք տրամադրվում են ցանկացած այլ ներկայացուցչության,
-
ապահովել Բանկի բոլոր լիազոր ներկայացուցիչների անձեռնմխելիությունը դատական և վարչական հետապնդման նկատմամբ՝ այն գործողությունների համար, որոնք իրականացվել են ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում,
-
Բանկը, նրա եկամուտները, գույքը և մյուս ակտիվներն ազատել ցանկացած հարկից, տուրքից և այլ վճարումներից, ինչպես նաև ազատել հարկումից Բանկի աշխատակիցների աշխատավարձն ու պարգևատրությունը,
-
Բանկի խորհրդի որոշումը միջնորդ դատարանում վիճարկելու պարագայում դրա կողմից ընդունված որոշումը ճանաչել վերջնական և ՀՀ-ի համար պարտադիր:
6. Համաձայնագրով սահմանված են նաև կանոնադրական դրամագլխի չափը, Բանկի յուրաքանչյուր մասնակցի կողմից ներկայացուցիչ նշանակելու, ինչպես նաև քվեարկության իրականացման կարգը:
7. Համաձայնագիրը կարգավորում է նաև այն ուժի մեջ մտնելու, համաձայնագրից դուրս գալու, գործողությունը դադարեցնելու, փոփոխություններ և լրացումներ կատարելու, համաձայնագրի դրույթների կիրառման կամ մեկնաբանման հետ կապված տարաձայնությունների լուծման կարգը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2006 թվականի հունվարի 12-ին Աստանայում ստորագրված` Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
7 նոյեմբերի 2008 թ. ՍԴՈ-776 |