ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
28 հոկտեմբերի 2008 թ. |
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով.
Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների միջև ռազմատնտեսական համագործակցության բնագավառում գովազդային-ցուցահանդեսային գործունեության ոլորտում փոխգործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը՝ մուտքագրված 2008 թվականի սեպտեմբերի 22-ին:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2007 թվականի հոկտեմբերի 6-ին Դուշանբեում` նպատակ ունենալով ապահովել Կողմերի պաշտպանունակության և ազգային անվտանգության անհրաժեշտ մակարդակ, ինչպես նաև ամրապնդել արդյունաբերության պաշտպանական ճյուղերի ձեռնարկությունների ձևավորված և ձևավորվող արտադրական և գիտատեխնիկական կոոպերացիայի պայմաններում փոխշահավետ ռազմատնտեսական համագործակցությունը:
2. Համաձայնագիրը բաղկացած է նախաբանից, 9 հոդվածներից և վերջաբանից: Համաձայնագրում տրված են դրա իրագործման գծով Կողմերի լիազորված մարմինները և համաձայնագրի գործողության ոլորտը:
3. Համաձայնագրով սահմանվում է Կողմերի փոխգործակցությունը հետևյալ ուղղություններով.
- ռազմատնտեսական համագործակցության մասնակիցների, Կողմերի ձեռնարկությունների ու կազմակերպությունների միջև ռազմատնտեսական համագործակցության բնագավառում գովազդային-ցուցահանդեսային գործունեության ոլորտում փոխգործակցության ընդլայնում,
- ՀԱՊԿ անդամ պետությունների ցուցահանդեսներում իրենց ձեռնարկությունների ու կազմակերպությունների միասնական ազգային էքսպոզիցիաների ձևավորում, ազգային սրահների ստեղծում,
- ՀԱՊԿ անդամ պետությունների ձեռնարկությունների ու կազմակերպությունների համար առավել բարենպաստ ռեժիմի ստեղծում, ներառյալ` ցուցահանդեսային տարածքների և այլ ծառայությունների տրամադրումը,
- ՀԱՊԿ շրջանակներում ռազմատնտեսական համագործակցության բնագավառում միասնական գովազդային-ցուցահանդեսային դաշտի ձևավորում, այդ ոլորտում տեղեկատվության և աշխատանքային փորձի փոխանակում, գովազդային-ցուցահանդեսային գործունեություն իրականացնող կազմակերպությունների փոխգործակցության իրականացում,
- պետական գաղտնիք կազմող և ռազմական նշանակության արտադրանքի վերաբերյալ սահմանափակ տարածման տեղեկատվության պահպանման միջոցառումների ապահովում` այն միջազգային պայմանագրերի շրջանակներում, որոնց մասնակից են հանդիսանում Կողմերը:
4. Համաձայնագրով նաև կարգավորվում են Կողմերի միջև գովազդային-ցուցահանդեսային գործունեության գծով կազմկոմիտեների և աշխատանքային խմբերի հիմնադրման հետ կապված հարցերը:
5. Համաձայնագիրը սահմանում է Կողմերի միջև ծագած վեճերի լուծման կարգը: Համաձայնագրում նաև նախատեսված են դրույթներ՝ դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև համաձայնագրի ուժի մեջ մտնելու և դադարելու վերաբերյալ։
6. Համաձայնագիրը կատարված է մեկ բնօրինակով՝ ռուսերեն։
7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները ՀՀ Սահմանադրության 9 հոդվածին համահունչ ապահովում են Պայմանավորվող կողմերի միջև արտաքին հարաբերությունների իրականացումը։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2007 թվականի հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների միջև ռազմատնտեսական համագործակցության բնագավառում գովազդային-ցուցահանդեսային գործունեության ոլորտում փոխգործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
|
Գ. Հարությունյան |
28 հոկտեմբերի 2008 թ. ՍԴՈ-768 |