Գլխավոր տեղեկություն
Համար
N 1444-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.29/75(665) Հոդ.1343
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2008

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 դեկտեմբերի 2008 թվականի N 1444-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 2274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր հնարավոր մասնակիցների որոշման կարգը հաստատելու մասին» N 2274-Ն որոշմամբ հաստատված պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր հնարավոր մասնակիցների որոշման կարգի 4-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Գնման գործընթացին մասնակցելու նպատակով պատվիրատուին են ներկայացվում սույն կարգի 3-րդ կետով սահմանված հայտարարությամբ նախատեսված փաստաթղթերը: Պարբերական մրցույթի կազմակերպման դեպքում հայտարարությունը վավերական է մամուլում հրապարակման օրվան հաջորդող օրվանից հաշված երեք տարի, իսկ գնման այլ ձևերի կազմակերպման դեպքում` առնվազն յոթ աշխատանքային օր: Փաստաթղթերն ստորագրում և հնարավորության դեպքում կնքում է դրանք ներկայացնող անձը»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «Գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգը, մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգման կարգը, լիազոր մարմին ներկայացված բողոքների քննարկման ու գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության կարգը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը, բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 853-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.

«7) պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող առանձին ապրանքատեսակների` կենտրոնացված կարգով գնման գործընթացի կազմակերպման կարգը` համաձայն N 7 հավելվածի».

2) որոշումը լրացնել նոր` N 7 հավելվածով` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում համատեղ հրամանով հաստատել «Գաղտնի» դրոշմագրով` կենտրոնացված կարգով գնվելիք` պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող ապրանքների անվանացանկը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անվանացանկում ներառված ապրանքների մասին տվյալները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվում են «Գաղտնի» դրոշմագրով:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող գնումների անվանացանկում սույն որոշման 3-րդ կետում նշված ապրանքների մասին տվյալները ներառվում են «Գաղտնի» դրոշմագրով հաստատվող անվանացանկի նախագծում:

5. Նախքան սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գնումների գործընթացն սկսվելու պահին գործող իրավական ակտերով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 11

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 4-ի N 1444-Ն որոշման

 

 

«Հավելված N 7

ՀՀ կառավարության 2008 թվականի

հունիսի 5-ի N 853-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ` ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետ` նախարարություն), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` ծառայություն) կարիքների համար պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող առանձին ապրանքատեսակների` կենտրոնացված կարգով գնման գործընթացի կազմակերպման կարգը:

2. Գնման ընթացակարգի առանձնահատկություններով պայմանավորված՝ այլ իրավական ակտերով կարող են սահմանվել պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող առանձին ապրանքատեսակների` կենտրոնացված կարգով գնման գործընթացի կազմակերպման հետ կապված՝ սույն կարգով չնախատեսված նորմեր:

 

II. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. Կենտրոնացված կարգով կազմակերպվում են այն ապրանքների գնման գործընթացները, որոնք ներառված են նախարարության, ոստիկանության և ծառայության ղեկավարների համատեղ հրամանով հաստատված` կենտրոնացված կարգով գնվելիք ապրանքների անվանացանկում (այսուհետ` անվանացանկ): Ընդ որում, հաստատված անվանացանկում ներառված ապրանքների տեխնիկական հատկանիշները (բնութագրերը) նախարարության, ոստիկանության և ծառայության համար պետք է հնարավորինս միանման լինեն:

4. Գնման պահանջի ծագման օրվանից հաշված տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում ոստիկանությունն ու ծառայությունը կազմում և նախարարություն են ներկայացնում գնման հայտերը` ըստ գնման առարկայի տեխնիկական բնութագրի, քանակի, մեկ միավորի նախահաշվային արժեքի, մատակարարման վայրի, վճարումների կատարման ժամկետների, պատասխանատու ստորաբաժանման (հանձնման-ընդունման արձանագրությունն ստորագրողի), իսկ անհրաժեշտության դեպքում` մատակարարվելիք ապրանքի որակի գնահատման նպատակով նաև մատակարարի կողմից փորձագիտական եզրակացություն ներկայացնելու պահանջի: Մրցութային կամ առաջարկները գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով գնման հայտի հետ միաժամանակ նախարարություն է ներկայացվում նաև մեկ անձի թեկնածություն:

5. Անվանացանկում ներառված ապրանքների գնման գործընթացները, գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան, կազմակերպում և գնման պայմանագրերը կնքում է նախարարությունը: Ընդ որում, հնարավորության դեպքում ոստիկանության և ծառայության կարիքների համար գնվելիք ապրանքները համախմբվում են նախարարության կարիքների համար գնվելիք նույն ապրանքի խմբաքանակի հետ` կազմակերպելով գնման մեկ գործընթաց: Գնման ձևն ընտրում է նախարարությունը` հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:

6. Նախարարությունը կամ մրցութային հանձնաժողովը պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումներին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների որոշման մասին հայտարարության և (կամ) հրավերի հաստատման ժամանակ հաշվի է առնում հետևյալ առանձնահատկությունները`

1) եթե գնվելիք ապրանքներն ունեն միևնույն բնութագրերը, ապա գնման գործընթացը կազմակերպվում է մեկ չափաբաժնով: Հակառակ դեպքում գնման գործընթացը կազմակերպվում է ըստ չափաբաժինների: Ընդ որում, ոստիկանության և ծառայության կարիքների մասով գնման պայմանագիրը կամ գլխավոր պայմանագրի շրջանակում առանձին համաձայնագիրը կնքվում է` հիմք ընդունելով այդ մարմինների ներկայացրած գնման հայտերով նախատեսված պայմանները, այդ թվում` մատակարարվելիք ապրանքների քանակները, ժամկետները և վայրերը.

2) ոստիկանության և ծառայության կարիքների մասով կնքվելիք պայմանագրով նախատեսվում է, որ ապրանքի հանձնման-ընդունման ակտերն ստորագրում են այդ մարմինների պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչները` հիմք ընդունելով պայմանագրով նախատեսված պայմանները: Վերջիններս են գնահատում մատակարարված ապրանքի համապատասխանությունն իրենց կողմից նախարարություն ներկայացված գնման հայտին և համապատասխանության դեպքում ընդունում են այն: Անհամապատասխանության դեպքում ապրանքը չի ընդունվում, և կիրառվում են պայմանագրով նախատեսված համապատասխան նորմերը.

3) ոստիկանության և ծառայության կողմից ներկայացված առաջարկություններին համապատասխան` պայմանագրի կողմի նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև պայմանագրի լուծման լիազորություններն իրականացնում է նախարարությունը` բացառությամբ մատակարարին վճարման ենթակա գումարներից հաշվարկման և հաշվանցման ենթակա տույժերի և տուգանքների գումարի.

4) ոստիկանության և ծառայության մասով մատակարարված ապրանքների դիմաց, կնքված պայմանագրի համաձայն, մատակարարին գումարները վճարում են համապատասխանաբար ոստիկանությունը և ծառայությունը:

7. Սույն կարգով կարող են իրականացվել նաև այլ պետական կառավարման մարմինների կարիքների համար` պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող ապրանքների ձեռքբերման գործընթացները: Այդ նպատակով տվյալ մարմնի և նախարարության ղեկավարների համատեղ հրամանով հաստատվում է տվյալ մարմնի կարիքների համար կենտրոնացված կարգով գնվելիք ապրանքների անվանացանկը:»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան