Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.09.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.11.05/66(656)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.09.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 08-04/2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-434(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան  

Դատավորներ՝ Կ. Հակոբյան

                           Տ. Նազարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

 

Վ. Աբելյանի 

 

 

 Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի սեպտեմբերի 26-ին

 

քննարկելով Գառնիկ Սարգսյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.03.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Գառնիկ Սարգսյանի ընդդեմ Ժորա Հովհաննիսյանի՝ իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը խնդրել է կանխել իր իրավունքները խախտող գործողությունները, այն է՝ պարտադրել պատասխանողին դադարեցնել Երևանի Արշակունյաց 1-ին նրբանցքի թիվ 2 տան հարևանությամբ իրականացվող շինարարական աշխատանքները և քանդել արդեն կառուցված շինությունները:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 03.12.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետև՝ Վերաքննիչ դատարան) 21.03.2008 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է, Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գառնիկ Սարգսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ժորա Հովհաննիսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.      

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1. Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 48-րդ, 49-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը պատշաճ գնահատման առարկա չի դարձրել ՍՊԱրմԾ ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացությունը, սխալ է մեկնաբանել Հայաստանի փրկարար ծառայության պետական հրդեհային տեսչության կողմից տրված շինարարական նորմերի խախտման վերաբերյալ տրված գրությունը, որով հաստատվում է պատասխանողի կողմից իր տան պատից 0.5 մետր հեռավորության վրա շինարարություն իրականացնելու փաստը:

Դատարանը մերժել է հայցվոր կողմի միջնորդությունը՝ պատասխանողի մոտ գտնվող ապացույցները, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետի կողմից հաստատված շինության ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինությանը հաստատված նախագիծը, համապատասխան եզրակացությունները Դատարան ներկայացնելու մասին, որոնք, սույն գործի համար կարող էին էական նշանակություն ունենալ:

2. Դատարանը խախտել է 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ բողոքը ներկայացվել է 17.12.2007 թվականին, այն վարույթ է ընդունվել մինչև ներկայումս գործող օրենսգրքի ուժի մեջ մտնելը, ուստի Դատարանը բողոքը պետք է քններ նախկին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածով նախատեսված կանոններով, այն է՝ կատարեր կրկնակի քննություն: Մինչդեռ, Դատարանը գործը քննելիս կիրառել է գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթները:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.03.2008 թվականի որոշումը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Հայցվորը չի հիմնավորել պատասխանողի մոտ գտնվող ապացույցները ինքնուրույն ձեռք բերելու անհնարինությունը: Բացի այդ, հայցվորի կողմից չեն վիճարկվել պատասխանողին Երևանի քաղաքապետի կողմից տրված շինության ճարտարապետահատակագծային առաջադրանքը, ինչպես նաև շինությանը հաստատված նախագիծը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.       

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը.

ՍՊԱրմԾ ՊՈԱԿ-ի կողմից 15.11.2007 թվականին տրված եզրակացության համաձայն՝ շենքի սեյսմիկ խոցելիության աստիճանը բարձր է: Շենքի խոցելիության աստիճանի վրա բացասական ազդեցություն են թողնում ինչպես շենքին հարակից գոյություն ունեցող կառուցապատումը, այնպես էլ շենքին մոտ իրականացվող շինարարական աշխատանքները և այդ նպատակով օգտագործվող մեխանիզմների աշխատանքները:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.   

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տե՜ս օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006թ. քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՜ փաստական և թե՜ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման՝ վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածից հետևում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՜ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843/ՎԴ):

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, հայցի մերժման հիմքում դնելով այն հանգամանքը, որ չի հիմնավորվել ՍՊԱրմԾ ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացության վերաբերելիությունը ներկայացված հայցապահանջին, չի հիմնավորել իր այդ պնդումը: Մասնավորապես, վերոնշյալ եզրակացությունում նշված է, որ շենքի խոցելիության աստիճանի վրա բացասական ազդեցություն են թողնում ինչպես շենքին հարակից գոյություն ունեցող կառուցապատումը, այնպես էլ շենքին մոտ իրականացվող շինարարական աշխատանքները և այդ նպատակով օգտագործվող մեխանիզմների աշխատանքները:

Վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

2) բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող oրենքներով:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է վճռաբեկ բողոքի պատճառաբանությունը նախկին ՀՀ քաղաքացական դատավարության օրենսգրքի կիրառելիության վերաբերյալ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը ՀՀ վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.03.2008 թվականի որոշումը և այն ուղարկել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

 

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

 

Վ. Աբելյան 

 

 

 Հ. Ղուկասյան

 

 

Ս. Օհանյան


Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան