ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 2008 թվականի N 1359-Ն
ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԱՌԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2008 թ. նոյեմբերի 26 Երևան
Տ. Սարգսյան
|
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի N 1359-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԱՌԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվել է 1994 թվականի ապրիլի 26-ին կնքված «Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև արտաքին տնտեսական երկկողմ կապերի մասին» համաձայնագրի հիման վրա` իրավապայմանագրային բազայի բարելավման, շրջակա միջավայրի, էներգետիկայի, փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի զարգացման, առողջապահության, գյուղատնտեսության և անտառային տնտեսության, մաքսային, տրանսպորտի, զբոսաշրջության, տնտեսական, տեխնիկական, տեխնոլոգիական, արդյունաբերական համագործակցության և այլ ոլորտներում համագործակցության հարցերը համակարգելու նպատակով:
2. Սույն կանոնադրությամբ սահմանվում են հանձնաժողովի հայկական կողմի նպատակները, գործառույթները, իրավունքները, ձևավորման կարգը և գործունեության կազմակերպումը:
3. Հանձնաժողովի հայկական կողմը հասարակական հիմունքներով գործող մարմին է, որն իր իրավասության սահմաններում իրականացնում է աշխատանքներ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովի հայկական կողմն իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև իրավապայմանագրային բազայի բարելավում.
2) երկու երկրների գործարարության աջակցությամբ պետական և ոչ պետական նմանատիպ կառույցների միջև համագործակցության հաստատում.
3) զբոսաշրջության ոլորտին առնչվող տեղեկատվական նյութերի, իրավական դաշտը կարգավորող նորմատիվ ակտերի փոխանակում և ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցում.
4) փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացում.
5) տնտեսական, տեխնիկական, տեխնոլոգիական և արդյունաբերական համագործակցության զարգացում.
6) շրջակա միջավայրի, էներգետիկայի, առողջապահության, գյուղատնտեսության և անտառային տնտեսության, մաքսային, տրանսպորտի և այլ ոլորտներում համագործակցության խթանում և ընդլայնում.
7) Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև համագործակցության նոր բնագավառների ուրվագծում և համատեղ ծրագրերի մշակում.
8) Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետությունում հայկական սփյուռքի միջև կապերի ամրապնդում, համագործակցության խթանում և ընդլայնում:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
5. Հանձնաժողովի հայկական կողմն իր գործառույթների իրականացման համար իրավունք ունի`
1) ընդունելու որոշումներ իր աշխատանքին առնչվող կազմակերպական և ընթացակարգային հարցերի մասին.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու մարմինների քննարկմանը ներկայացնելու իր գործառույթների իրականացման վերաբերյալ առաջարկություններ.
3) հանձնաժողովի հետ պայմանավորվածության համաձայն ստեղծելու համատեղ` մշտական և ժամանակավոր հիմունքներով գործող աշխատանքային մարմիններ.
4) կազմակերպելու խորհրդակցություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործադիր իշխանության մարմինների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև կազմակերպությունների ղեկավարների և փորձագետների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների (կամավորության սկզբունքով) մասնակցությամբ:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ
6. Հանձնաժողովը կազմվում է Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության ներկայացրած անդամներից, ովքեր նշանակվում են երկու կողմից` պահպանելով հավասար մակարդակներով ներկայացուցչությունն ապահովելու սկզբունքը:
7. Հանձնաժողովի հայկական կողմը բաղկացած է նախագահից, անդամներից և քարտուղարից:
8. Հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` նշանակելով հանձնաժողովի հայկական կողմի նախագահին և քարտուղարին:
9. Հայաստանի Հանրապետության վարչապետը հանձնաժողովի հայկական կողմի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ:
10. Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է հանձնաժողովի հայկական կողմի քարտուղարին հանձնաժողովի հայկական կողմի նախագահի առաջարկությամբ:
11. Հանձնաժողովի հայկական կողմի նախագահը`
1) հանձնաժողովի համանախագահն է.
2) համակարգում է հանձնաժողովի հայկական կողմի գործողությունների պլանում ներառված միջոցառումների իրականացման աշխատանքները.
3) վարում է հանձնաժողովի հայկական կողմի նիստերը.
4) հանձնաժողովի հայկական կողմի անդամների միջև բաշխում է պարտականությունները և նշանակում պատասխանատուներ` հանձնաժողովի հայկական կողմի գործառույթներից ու խնդիրներից բխող հարցերի պատրաստման համար.
5) իրականացնում է հսկողություն հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման նկատմամբ.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առաջարկություններ հանձնաժողովի հայկական կողմի կազմի փոփոխությունների, ինչպես նաև հանձնաժողովի հայկական կողմի գործունեության դադարեցման վերաբերյալ.
7) իրականացնում է այլ գործառույթներ Հայաստանի Հանրապետության կառավարության և հանձնաժողովի հայկական կողմի որոշումներին համապատասխան։
12. Հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն, առանց հատուկ լիազորությունների, բանակցություններ վարելու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման և այդ պայմանագրի տեքստի փոխհամաձայնեցման շուրջ:
13. Հանձնաժողովի հայկական կողմի քարտուղարը պատասխանատու է հանձնաժողովի հայկական կողմի գործունեության կազմակերպման, հանձնաժողովի հանդիպումների համար փաստաթղթերի նախապատրաստման, հանձնաժողովի հայկական կողմի նախագահի` հանձնաժողովի գործունեության հետ կապված հանձնարարությունների և հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման ընթացքին հետևելու, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության հետ կապված այլ կազմակերպչական և վարչական հարցեր լուծելու համար:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հաջորդաբար` Հայաստանի Հանրապետությունում և Ավստրիայի Հանրապետությունում` հանձնաժողովի ընդունող կողմի նախագահի նախագահությամբ:
15. Հանձնաժողովի հայկական կողմը նիստեր է գումարում նախապես համաձայնեցված պարբերականությամբ և ժամկետներում` ըստ գործողությունների պլանի:
16. Գործողությունների պլանը մշակվում է յուրաքանչյուր տարվա համար հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկված անդամների առաջարկությունների հիման վրա: Գործողությունների պլանը ներառում է միջոցառումների իրականացման հստակ ժամանակացույցը և սահմանում միջոցառումների կատարման համար պատասխանատուներին: Գործողությունների պլանը հաստատում է հանձնաժողովի հայկական կողմի նախագահը։
17. Գործողությունների պլանում ներառվում են այն հարցերը, որոնք պետք է քննարկվեն հանձնաժողովի հայկական կողմի և իր աշխատանքային մարմինների կողմից` նշելով դրանց նախապատրաստման կարգը, քննարկման ժամկետները, ծավալը և նյութերը Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ հանձնաժողովի հայկական կողմի քննարկմանը ներկայացնելու ժամկետները:
18. Հանձնաժողովի հայկական կողմի նիստը համարվում է իրավազոր` հանձնաժողովի անդամների երկու երրորդի մասնակցության դեպքում:
19. Նիստի օրակարգի յուրաքանչյուր հարցի մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի հայկական կողմի նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:
20. Ընդունված որոշումները ստորագրում է հանձնաժողովի հայկական կողմի նախագահը:
21. Լրացուցիչ հաստատում պահանջող կամ իրագործման համար ներպետական իրավական ակտի ընդունում պահանջող որոշումներն ուժի մեջ են մտնում համապատասխանաբար` լրացուցիչ հաստատվելուց կամ համապատասխան իրավական ակտ ընդունվելուց հետո:
22. Հանձնաժողովի հայկական կողմի նախագահը տարեկան մեկ անգամ Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում հաշվետվություն հանձնաժողովի գործունեության վերաբերյալ և յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն իրենց ընթացիկ գործունեության մասին:
23. Ընդունված որոշումներն իրագործելու նպատակով հանձնաժողովն իրավունք ունի ստեղծելու ժամանակավոր և մշտական մարմիններ` ենթահանձնաժողովներ, հանձնախմբեր կամ աշխատանքային խմբեր:
24. Հանձնաժողովը որոշում է մշտական և ժամանակավոր մարմինների նպատակները, լիազորությունները և կազմը: Այդ մարմինները միայն հանձնաժողովի կազմից ձևավորվելու դեպքում դրանց ստեղծման և անհատական կազմի հաստատման համար լրացուցիչ ներպետական իրավական ակտի ընդունում չի պահանջվում:
25. Հանձնաժողովի նիստերի և նրա մշտական ու ժամանակավոր մարմինների գործունեության հետ կապված ծախսերը հոգում է ընդունող երկիրը` յուրաքանչյուր կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով:
26. Ճանապարհածախսը և հանձնաժողովի հանդիպման ընթացքում մասնակիցների, ինչպես նաև մշտական և ժամանակավոր մարմինների անդամների` ընդունող երկրում գտնվելու հետ կապված ծախսերը հոգում է հանդիպմանը մասնակցելու համար իր ներկայացուցիչներին գործուղող պետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |