ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2008 թվականի N 234-Ն
ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 2008 թվականի փետրվարի 6-ի Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Ռուսաստանի Դաշնության «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի միջև ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման, արդյունահանման և վերամշակման ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ հուշագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության տարածքում ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման գործունեություն իրականացնելու նպատակով փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու համար բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության «Ատոմռեդմետզոլոտո» բաց բաժնետիրական ընկերության հետ.
2) թույլատրել նոր ստեղծվող փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով ներդնել Հայաստանի Հանրապետությանը պատկանող երկրաբանական տեղեկատվությունը` 46120.5 հազ. դրամի չափով:
(1-ին կետը փոփ. 26.06.08 N 646-Ն)
2. Սահմանել, որ ստեղծվող փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի առնվազն 50 տոկոսը պետք է պատկանի Հայաստանի Հանրապետությանը:
3. Փակ բաժնետիրական ընկերության ստեղծման նպատակով Հայաստանի Հանրապետության անունից փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր պայմանագրի ու այլ փաստաթղթերի և կանոնադրության հաստատման, ինչպես նաև դրա համար օրենքով նախատեսված բոլոր գործողությունների իրականացման իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին:
(3-րդ կետը փոփ. 26.06.08 N 646-Ն)
4. Նորաստեղծ փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը:
(4-րդ կետը փոփ. 26.06.08 N 646-Ն)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. մարտի 26 Երևան |