ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1933(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան | |
Դատավորներ՝ Ն. Հովսեփյան, Մ. Ասատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Անտոնյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Գյուրջյանի | |
|
Է. Հայրիյանի | |
|
Ս. Սարգսյանի |
2007 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Խաչիկ Սիմոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 02.11.2007 թվականի թիվ 07-207, 07-2155 քաղաքացիական գործով կայացված որոշման դեմ՝ ըստ Խաչիկ Սիմոնյանի և նրա լիազորված անձ Գոհար Սիմոնյանի դիմումի` վճիռը պարզաբանելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Խաչիկ Սիմոնյանը և նրա ներկայացուցիչը պահանջել են պարզաբանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 17.07.2007 թվականի վճիռը, այն է` ինչ կարգավիճակ ունի Խ. Սիմոնյանի կողմից ձեռք բերված շինություններով ծանրաբեռնված և վճռով անտեսված 36.0 մակերեսով շինություններով ծանրաբեռնված հողամասը:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 02.11.2007 թվականի վճռով դիմումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Խաչիկ Սիմոնյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 138-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ, 53-րդ և 143-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
ՀՀ վճռաբեկ դատարանի 10.02.2006 թվականի թիվ 3-214 որոշմամբ հաստատված է համարել, որ
Գ. Գևորգյանը 8.000 ԱՄՆ դոլարով Խ. Սիմոնյանին վաճառել է Երևանի Նոր Արեշի 22 փողոցի 73 տան 1-ին հարկը, որը բաղկացած է 3 սենյակներից: Նշված գույքի մակերեսը կազմում է 62,4քմ:
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, քանի որ անտեսել է ՀՀ վճռաբեկ դատարանի 10.02.2006 թվականի թիվ 3-214 որոշմամբ հաստատված հանգամանքները:
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 138-րդ հոդվածը, համաձայն որի` այլ գույքի սպասարկման համար նախատեսված և դրա հետ ընդհանուր նշանակությամբ կապված գույքը հետևում է գլխավոր գույքի ճակատագրին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Վճռի պարզաբանում չտալով, Դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, որի համաձայն` վճիռ կայացրած դատարանը իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 02.11.2007 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Խաչիկ Սիմոնյանը դիմել է Վերաքննիչ դատարան՝ 17.07.2007 թվականի վճռի եզրափակիչ մասը պարզաբանելու` Խաչիկ Սիմոնյանի կողմից ձեռք բերված շինություններով ծանրաբեռնված 36քմ հողամասը, որին Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել:
2) Վերաքննիչ դատարանի 02.11.2007 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է: Մերժումը հիմնավորվել է պարզաբանելու կարիքի բացակայությամբ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճիռ կայացրած դատարանը իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները:
Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը մերժել է վճռի եզրափակիչ մասը պարզաբանելու դիմումը, նշելով, որ այն գրված է հստակ և այն պարզաբանելու կարիք չկա:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր են վճռի պարզաբանման վերաբերյալ Վճռաբեկ բողոքի պատճառաբանությունները, քանի որ դիմողը դատարանին է ներկայացրել վճռի եզրափակիչ մասից բխող պարզաբանման ենթակա հարցեր:
Այսպիսով, բողոքի մասնակիորեն հիմնավոր լինելը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն` վճռաբեկ բողոքը բավարարելու և ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 02.11.2007 թվականի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 02.11.2007 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` |
Ա. Մկրտումյան | |
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` |
Ս. Անտոնյան | |
|
Վ. Աբելյան | |
|
Ս. Գյուրջյան | |
|
Է. Հայրիյան | |
|
Ս. Սարգսյան |