Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՆՇԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ մԱԴՐԻԴԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԿԻՑ
Հ ո դ վ ա ծ 1
Անդամակցությունը Մադրիդի Միությանը
Սույն Արձանագրության անդամ պետությունները, այսուհետ` Պայմանավորվող պետություններ, անգամ, եթե դրանք 1967 թվականին Ստոկհոլմում վերանայված և 1979 թվականին փոփոխված Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդի Համաձայնագրի (այսուհետ` Մադրիդի (Ստոկհոլմի) Համաձայնագիր) անդամներ չեն հանդիսանում, ինչպես նաև 14-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նշված կազմակերպությունները, որոնք հանդիսանում են սույն Արձանագրության անդամներ (այսուհետ` Պայմանավորվող կազմակերպություններ), հանդիսանում են միևնույն Միության անդամներ, ինչ Մադրիդի (Ստոկհոլմ) Համաձայնագրի անդամ պետությունները: Սույն Արձանագրության մեջ Պայմանավորվող կողմերին կատարվող հղումները համարվում են Պայմանավորվող պետություններին և Պայմանավորվող կազմակերպություններին կատարվող հղումներ:
Հ ո դ վ ա ծ 2
Պահպանության ապահովում միջազգային գրանցման միջոցով
1. Եթե նշանի գրանցման հայտը ներկայացվել է Պայմանավորվող կողմի գերատեսչությանը կամ եթե նշանը գրանցվել է Պայմանավորվող կողմի գրանցամատյանում, ապա անձը, որի անունով ներկայացվել է հայտը (այսուհետ` հենակետային հայտ) կամ կատարվել է գրանցումը (այսուհետ` հենակետային գրանցում) կարող է, սույն Արձանագրության դրույթներին համապատասխան, ապահովել իր նշանի պահպանությունը Պայմանավորվող կողմերի տարածքում` այդ նշանը գրանցելով Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Միջազգային բյուրոյի (այսուհետ համապատասխանաբար` միջազգային գրանցում, Միջազգային գրանցամատյան, Միջազգային բյուրո և Կազմակերպություն) գրանցամատյանում, պայմանով, որ.
i) այն դեպքերում, երբ հենակետային հայտը ներկայացվել է Պայմանավորվող պետության գերատեսչությանը կամ հենակետային գրանցումն իրականացվել է այդպիսի գերատեսչության կողմից, անձը, որի անունով ներկայացվել է հայտը կամ կատարվել է գրանցումը, հանդիսանում է այդ Պայմանավորվող պետության քաղաքացի, բնակվում է նշված Պայմանավորվող պետության տարածքում կամ այնտեղ ունի արդյունաբերական կամ առևտրային գործող հիմնարկ,
ii) այն դեպքերում, երբ հենակետային հայտը ներկայացվել է Պայմանավորվող կազմակերպության գերատեսչությանը կամ հենակետային գրանցումն իրականացվել է այդպիսի գերատեսչության կողմից, անձը, որի անունով ներկայացվել է հայտը կամ կատարվել է գրանցումը, հանդիսանում է այդ Պայմանավորվող կազմակերպության անդամ-պետության քաղաքացի, բնակվում է նշված Պայմանավորվող կազմակերպության տարածքում կամ այնտեղ ունի արդյունաբերական կամ առևտրային գործող հիմնարկ:
2. Միջազգային գրանցման հայտը (այսուհետ` միջազգային հայտ) Միջազգային բյուրո է ներկայացվում այն գերատեսչության միջոցով, որտեղ ներկայացվել էր հենակետային հայտը կամ որտեղ իրականացվել էր հենակետային գրանցումը (այսուհետ` ծագման գերատեսչություն), կախված հանգամանքներից:
3. Սույն Արձանագրության մեջ «գերատեսչությանը» կամ «Պայմանավորվող կողմի գերատեսչությանը» կատարվող հղումները համարվում են այն գերատեսչությանը կատարվող հղումներ, որին Պայմանավորվող կողմը հանձնարարել է նշանների գրանցումը, իսկ «նշաններին» կատարվող հղումները համարվում են ապրանքային և սպասարկման նշաններին կատարվող հղումներ:
4. Սույն Արձանագրության իմաստով «Պայմանավորվող կողմի տարածքը» նշանակում է. այն դեպքում, երբ Պայմանավորվող կողմը որևէ պետություն է` այդ պետության տարածքը, այն դեպքում, երբ Պայմանավորվող կողմը որևէ միջկառավարական կազմակերպություն է` այն տարածքը, որտեղ գործում է տվյալ միջկառավարական կազմակերպության ստեղծման մասին համաձայնագիրը:
Հ ո դ վ ա ծ 3
Միջազգային հայտ
1. Սույն Արձանագրության դրույթներին համապատասխան տրվող հայտերը ներկայացվում են բլանկի վրա, որի ձևը սահմանվում է Հրահանգով: Ծագման գերատեսչությունը հաստատում է, որ միջազգային հայտում ներկայացված տեղեկությունները համապատասխանում են հաստատման պահին հենակետային հայտում կամ հենակետային գրանցման մեջ պարունակվող տեղեկություններին` կախված հանգամանքներից: Բացի այդ, գերատեսչությունը նշում է.
i) հենակետային հայտի դեպքում` տվյալ հայտի համարը և ներկայացման ամսաթիվը,
ii) հենակետային գրանցման դեպքում` տվյալ գրանցման համարը և ամսաթիվը, ինչպես նաև այն հայտի համարը և ներկայացման ամսաթիվը, որի հիման վրա կատարվել է հենակետային գրանցումը:
Ծագման գերատեսչությունը նշում է նաև միջազգային հայտի ներկայացման ամսաթիվը:
2. Հայտատուն նշում է այն ապրանքներն ու ծառայությունները, որոնց համար խնդրվում է նշանի պահպանություն, և, հնարավորության դեպքում, այդ ապրանքների և ծառայությունների դասը կամ դասերը Նշանների գրանցման նպատակով ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման մասին Նիցցայի համաձայնագրով հաստատված դասակարգման համակարգին համապատասխան: Հայտատուի կողմից դասերը չնշելու դեպքում Միջազգային բյուրոն ինքն է կատարում ապրանքների և ծառայությունների դասակարգումը, ըստ նշված դասակարգման համակարգի համապատասխան դասերի: Հայտատուի կողմից կատարված ապրանքների և ծառայությունների դասակարգումը ենթարկվում է Միջազգային բյուրոյի փորձաքննության, որն այն իրականացնում է ծագման գերատեսչության հետ համատեղ: Նշված գերատեսչության և Միջազգային բյուրոյի միջև ծագած տարաձայնությունների դեպքում վճռական է համարվում վերջինիս կարծիքը:
3. Այն դեպքում, երբ հայտատուն դիմում է գույնի, որպես իր նշանի տարբերակիչ հատկանիշի, պահպանությունն ապահովելու խնդրանքով, նա պարտավոր է.
i) հայտարարել այդ մասին և իր միջազգային հայտին կցել գույնը կամ գույների համակցությունը սահմանող տեղեկանք,
ii) իր միջազգային հայտի հետ մեկտեղ ներկայացնել տվյալ նշանի գունավոր պատկերները, որոնք կցվում են Միջազգային բյուրոյի կողմից տրված ծանուցագրերին. պատկերների օրինակների քանակը սահմանվում է Հրահանգով:
4. Միջազգային բյուրոն անհապաղորեն գրանցում է նշանները, որոնց համար հայտերը ներկայացվել են 2-րդ հոդվածի դրույթներին համապատասխան: Միջազգային գրանցման ամսաթիվն է համարվում այն ամսաթիվը, որի դրությամբ միջազգային գրանցումն ստացվել է ծագման գերատեսչության կողմից, պայմանով, որ Միջազգային բյուրոն այն ստացել է նշված ամսաթվից հետո երկու ամսվա ընթացքում: Եթե նշված ժամկետում միջազգային հայտը չի ստացվում, ապա միջազգային գրանցման ամսաթիվ համարվում է այն ամսաթիվը, որի դրությամբ միջազգային հայտը ստացվել է Միջազգային բյուրոյի կողմից: Միջազգային բյուրոն անհապաղ տեղեկացնում է միջազգային գրանցման մասին բոլոր շահագրգիռ գերատեսչություններին: Միջազգային գրանցամատյանում գրանցված նշանները հրապարակվում են պարբերական տեղեկագրում, որը հրատարակվում է Միջազգային բյուրոյի կողմից, միջազգային հայտում ներկայացված տեղեկությունների հիման վրա:
5. Միջազգային գրանցամատյանում գրանցված նշանների հետ ծանոթացնելու նպատակով Միջազգային բյուրոն յուրաքանչյուր գերատեսչությանը անվճար տրամադրում է վերը նշված տեղեկագրի որոշակի տպաքանակ, իսկ որոշակի քանակությամբ օրինակներ տրամադրվում են իջեցված գներով, 10-րդ հոդվածում նշված Ասամբլեայի կողմից սահմանված պայմաններով (այսուհետ` Ասամբլեա): Ծանոթացման այս եղանակը բավարար է համարվում բոլոր Պայմանավորվող կողմերի համար և միջազգային գրանցման սեփականատիրոջից չի կարող որևէ այլ բան պահանջվել:
Հ ո դ վ ա ծ 3 b i s
Տարածքային կիրառում
Միջազգային գրանցումից բխող պահպանությունը Պայմանավորվող կողմի վրա է տարածվում միայն միջազգային հայտ ներկայացնող անձի կամ միջազգային գրանցման սեփականատիրոջ դիմումի հիման վրա: Սակայն այդպիսի դիմում չի կարող ներկայացվել այն Պայմանավորվող կողմի համար, որի գերատեսչությունը ծագման գերատեսչությունն է հանդիսանում:
Հ ո դ վ ա ծ 3 t e r
Դիմում «տարածքային ընդլայնման» մասին
1. Միջազգային գրանցումից բխող պահպանության Պայմանավորվող կողմի համար ընդլայնման մասին ցանկացած դիմումի մասին հատուկ նշվում է միջազգային հայտում:
2. Տարածքային ընդլայնման մասին դիմումը կարող է ներկայացվել նաև միջազգային գրանցումից հետո: Դիմումի ձևը սահմանվում է Հրահանգով: Միջազգային բյուրոն Միջազգային գրանցամատյանում անհապաղորեն նշում է կատարում դիմումի վերաբերյալ, ինչի մասին ծանուցում է շահագրգիռ գերատեսչությանը կամ գերատեսչություններին: Դիմումը հրապարակվում է Միջազգային բյուրոյի պարբերական տեղեկագրում: Տարածքային ընդլայնումն ուժի մեջ է մտնում դրա մասին Միջազգային գրանցամատյանում նշում կատարելու օրվանից և ուժը կորցնում է դրան վերաբերող միջազգային գրանցման գործողության ժամկետը լրանալուն պես:
Հ ո դ վ ա ծ 4
Միջազգային գրանցման ուժը
1. ա/ գրանցման կամ 3-րդ և 3ter հոդվածների դրույթներին համապատասխան նշում կատարելու պահից նշանի պահպանությունը յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարածքում կիրականացվի այնպես, ինչպես եթե այդ նշանը հայտարկված լիներ ուղղակիորեն տվյալ Պայմանավորվող կողմի գերատեսչությունում: Եթե Միջազգային բյուրոն տեղեկացված չէր 5-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերի համաձայն կատարված մերժման որևէ փաստի մասին կամ, եթե մերժումը, որի վերաբերյալ ծանուցվել է սույն հոդվածի դրույթներին համապատասխան, հետագայում հետ է կանչվել, ապա նշանի պահպանությունը յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարածքում նշված պահից կիրականացվի այնպես, ինչպես եթե այդ նշանը գրանցված լիներ տվյալ Պայմանավորվող կողմի գերատեսչության կողմից:
բ/ Ապրանքների և ծառայությունների դասերի նշումը, որը նախատեսված է 3-րդ հոդվածի դրույթներով, չի սահմանափակում նշանի պահպանության շրջանակները սահմանելու Պայմանավորվող կողմերի հնարավորությունը:
2. Ցանկացած միջազգային գրանցում ունի առաջնության իրավունք, որը սահմանված է Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզի կոնվենցիայի 4-րդ հոդվածով` առանց այդ հոդվածի «Դ» բաժնով նախատեսված պայմանների պարտադիր կատարման:
Հ ո դ վ ա ծ 4 b i s
Ազգային կամ տարածաշրջանային գրանցման փոխարինումը միջազգային գրանցումով
1. Եթե Պայմանավորվող կողմի գերատեսչությունում ազգային կամ տարածաշրջանային գրանցման ենթակա նշանը ենթակա է նաև միջազգային գրանցման և եթե այդ երկու գրանցումներն էլ կատարվել են միևնույն անձի անունով, միջազգային գրանցումը դիտվում է որպես ազգային կամ տարածաշրջանային գրանցմանը փոխարինող` առանց վերջինիս շնորհիվ ձեռքբերված իրավունքների սահմանափակման և պայմանով, որ.
i) միջազգային գրանցումից բխող պահպանությունը տարածվում է նշված Պայմանավորվող կողմի վրա, 3ter հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերին համապատասխան,
ii) ազգային և տարածաշրջանային գրամցման մեջ թվարկված բոլոր ապրանքներն ու ծառայությունները նշված Պայմանավորվող կողմի համար թվարկվում են նաև միջազգային գրանցման մեջ,
iii) պահպանության ընդլայնումն ուժի մեջ է մտնում ազգային կամ տարածաշրջանային գրանցման օրվանից:
2. 1-ին կետում նշված գերատեսչությունը պարտավոր է, ըստ պահանջի, իր գրանցամատյանի մեջ կատարել միջազգային գրանցման մասին նշումը:
Հ ո դ վ ա ծ 5
Պահպանության ապահովման մերժումը և որոշ Պայմանավորվող
կողմերի համար միջազգային գրանցման չեղյալ ճանաչումը
1. Գործող համապատասխան օրենսդրական դրույթների համաձայն, Պայմանավորվող կողմի գերատեսչությունը, որը ստացել է, 3ter հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերին համապատասխան, այդ Պայմանավորվող կողմի համար միջազգային գրանցումից բխող պահպանության ընդլայնման վերաբերյալ Միջազգային բյուրոյի ծանուցագիրը, իրավունք ունի մերժման ծանուցագրում հայտարարել, որ նշված Պայմանավորվող կողմի տարածքում տվյալ նշանի պահպանությունը չի ապահովվի: Այդպիսի մերժման հիմք կարող են հանդիսանալ միայն այն նկատառումները, որոնք, Արդյունաբերական սեփականության պաշտպանության Փարիզի կոնվենցիային համապատասխան, վերաբերում են այն նշանին, որի համար հայտը ուղղակիորեն ներկայացվել է մերժման մասին ծանուցած գերատեսչություն:
2. ա/ Այդ իրավունքից օգտվելու ցանկություն ունեցող գերատեսչությունը Միջազգային բյուրոյին ծանուցում է մերժման մասին` նշելով դրա պատճառները, տվյալ գերատեսչության գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, սակայն, նկատի առնելով «բ» և «գ» ենթակետերի դրույթները, Միջազգային բյուրոյի կողմից այդ գերատեսչությանը սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պահպանության ընդլայնման մասին ծանուցումն ուղարկելու օրվանից մեկ տարվա ընթացքում:
բ/ Անկախ «ա» ենթակետի դրույթներից, ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է հայտարարել, որ սույն Արձանագրության հիման վրա կատարվող միջազգային գրանցումների համար «ա» ենթակետով նախատեսված մեկ տարի ժամկետը փոխարինվում է 18 ամսով:
գ/ Այդ հայտարարության մեջ կարող է նաև նշվել, որ այն դեպքերում, երբ պահպանության մերժումը կարող է այդ պահպանության տրամադրման դեմ առարկության արդյունք հանդիսանալ, ապա նշված Պայմանավորվող կողմի գերատեսչությունը կարող է Միջազգային բյուրոյին ծանուցել այդ մերժման մասին 18 ամիսը լրանալուն պես: Նշված գերատեսչությունը կարող է ծանուցել որոշակի միջազգային գրանցման պահպանության մերժման մասին 18 ամիսը լրանալուն պես միայն այն դեպքերում, երբ.
i) մինչև 18 ամիսը լրանալն այն ծանուցել է Միջազգային բյուրոյին առարկությունների առաջացման հավանականության մասին 18 ամիսը լրանալուց հետո, և
ii) առարկության վրա հիմնված մերժման ծանուցումն իրականացվել է յոթ ամիս կազմող առավելագույն ժամկետի ընթացքում` սկսած առարկությունների ներկայացման ժամկետի առաջին օրվանից: Եթե առարկությունների ներկայացման ժամկետը լրանում է նշված յոթ ամսից շուտ, ապա ծանուցումն ուղղվում է մեկ ամսվա ընթացքում` սկսած առարկությունների ներկայացման ժամկետը լրանալու սահմանված օրվանից:
դ/ «բ» և «գ» ենթակետերին համապատասխան արված ցանկացած հայտարարություն կարող է ներկայացվել 14-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերում, իսկ այդ հայտարարության ուժի մեջ մտնելու օրը նույնն է, ինչ այն արած պետության կամ միջկառավարական կազմակերպության համար սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրը: Հայտարարությունը կարող է արվել նաև ավելի ուշ: Այս դեպքում այն ուժի մեջ է մտնում Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրենի կողմից (այսուհետ` Գլխավոր տնօրեն) ստանալու պահից երեք ամիս հետո` այն միջազգային գրանցումների համար, որոնց կատարման ամսաթիվը նույնն է, ինչ հայտարարության ուժի մեջ մտնելու ամսաթիվը, կամ ավելի ուշ է:
ե/ Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու պահից 10 տարին լրանալուն պես, Ասամբլեան իրականացնում է «ա»-ից «դ» ենթակետերով սահմանված մեխանիզմի գործելու ստուգում: Հետագայում նշված ենթակետերի դրույթները կարող են փոփոխվել Ասամբլեայի միաձայն ընդունված որոշման համաձայն:
3. Միջազգային բյուրոն միջազգային գրանցման սեփականատիրոջն անհապաղ ուղարկում է մերժման ծանուցագրի մեկ օրինակ: Նշված սեփականատերը կարող է բողոքարկել մերժումը, ինչպես եթե նշանն իր կողմից հայտարկված լիներ անմիջապես մերժման ծանուցումն ուղղած գերատեսչությունում: Եթե Միջազգային բյուրոն տեղեկություններ է ստանում 2-րդ կետի «գi» ենթակետի համաձայն, այն այդ տեղեկություններն անհապաղ ուղղում է միջազգային գրանցման սեփականատիրոջը:
4. Միջազգային բյուրոն համապատասխան հարցման դեպքում շահագրգիռ անձանց հայտնում է պահպանության տրամադրման մերժման պատճառները:
5. Ցանկացած գերատեսչություն, որը, 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, Միջազգային բյուրոյին չի ծանուցել որևէ կոնկրետ միջազգային գրանցման մերժման մասին նախնական կամ վերջնական որոշման վերաբերյալ, կորցնում է այդ միջազգային գրանցման նկատմամբ 1-ին կետով նախատեսված իր իրավունքը:
6. Պայմանավորվող կողմի տարածքում Պայմանավորվող կողմի իրավասու մարմինների կողմից չի կարող կայացվել միջազգային գրանցումն անվավեր ճանաչելու մասին որոշումը, առանց այդ գրանցման սեփականատիրոջը սահմանված ժամկետներում իր իրավունքների պաշտպանության հնարավորություն տրամադրելու: Միջազգային բյուրոն ծանուցվում է միջազգային գրանցումն անվավեր ճանաչելու մասին որոշման վերաբերյալ:
Հ ո դ վ ա ծ 5 b i s
Նշանի առանձին տարրերի օգտագործման
օրինականությունը հաստատող փաստաթղթեր
Նշանի մեջ ներառված առանձին տարրերի, օրինակ` զինանշանների, զինանշանային վահանների, դիմանկարների, պարգևների նշանների, կոչումների, ֆիրմային անվանումների կամ անձանց անունների` բացառությամբ հայտատուի անունի, կամ այլ համանման մակագրությունների օգտագործման օրինականությունը հաստատող փաստաթղթերը, որոնք կարող են պահանջվել Պայմանավորվող կողմերի գերատեսչությունների կողմից, ազատվում են ցանկացած տեսակի հաստատումից, ինչպես նաև ցանկացած տեսակի վավերացումից` բացառությամբ ծագման գերատեսչության կողմից կատարվող վավերացումից:
Հ ո դ վ ա ծ 5 t e r
Միջազգային գրանցամատյանում կատարվող գրառումների պատճեններ:
Նորույթների փնտրում: Քաղվածքներ Միջազգային գրանցամատյանից
1. Միջազգային բյուրոն անձանց դիմումների համաձայն և Հրահանգով սահմանված գումարի մուծման դեպքում այդ անձանց տրամադրում է Միջազգային գրանցամատյանում որևէ կոնկրետ նշանի առնչությամբ կատարված գրառումների պատճենները:
2. Միջազգային բյուրոն որոշակի սահմանված վճարի մուծման դեպքում կարող է իրականացնել նորույթների փնտրում միջազգային գրանցման ենթակա նշանների ֆոնդում:
3. Միջազգային գրանցամատյանից Պայմանավորվող կողմերից որևէ մեկում ներկայացնելու նպատակով կատարվող քաղվածքները ազատվում են ցանկացած տեսակի հաստատումից:
Հ ո դ վ ա ծ 6
Միջազգային գրանցման վավերականության ժամկետը:
Միջազգային գրանցման անկախությունը և կախվածությունը
1. Միջազգային բյուրոյում նշանի գրանցումը կատարվում է տասը տարի ժամկետով` 7-րդ հոդվածով սահմանված պայմանների համաձայն նշված ժամկետը երկարացնելու հնարավորությամբ:
2. Միջազգային գրանցման կատարման պահից հինգ տարին լրանալուն պես, այդ գրանցումը անկախություն է ձեռք բերում հենակետային հայտի կամ այդ հայտի հիման վրա կատարված գրանցման պայմաններից, կամ հենակետային գրանցման պայմաններից` կախված հանգամանքներից և հաշվի առնելով հետևյալ դրույթները:
3. Միջազգային գրանցումից բխող պահպանությունը` անկախ այն հանգամանքից, թե հանդիսացել է դա իրավունքների փոխանցում, թե ոչ, չի կարող խնդրարկվել այն դեպքում, երբ միջազգային գրանցման պահից հինգ տարին լրանալուն պես հենակետային հայտը կամ այդ հայտի հիման վրա կատարված գրանցումը, կամ էլ հենակետային գրանցումը` կախված հանգամանքներից, հետ է կանչվել, լրացել է դրա գործողության ժամկետը, դրանից հրաժարվել են կամ այն հանդիսացել է մերժման, չեղյալ հայտարարման, գրանցամատյանից հեռացման, կամ անվավեր ճանաչման ենթակա միջազգային գրանցման մեջ թվարկված բոլոր ապրանքների և ծառայությունների կամ դրանց մի մասի համար: Սույն դրույթը կիրառելի է նաև այն դեպքերում, երբ.
i) հենակետային հայտը վավեր ճանաչելու մերժման մասին որոշման բողոքարկումը,
ii) հենակետային հայտը հետ կանչելու կամ այն չեղյալ հայտարարելու, ինչպես նաև հենակետային հայտի հիման վրա կատարված գրանցումը կամ հենակետային գրանցումը գրանցամատյանից հեռացնելու կամ անվավեր ճանաչելու փաստի հետ կապված դատարան դիմելը, կամ
iii) հենակետային հայտի վերաբերյալ առարկություններ ներկայացնելը
ինչը հինգ տարին լրանալուն պես առաջացնում է հենակետային հայտի կամ այդ հայտի հիման վրա կատարված գրանցման կամ, կախված հանգամանքներից, հենակետային գրանցման մերժման, չեղյալ հայտարարելու, գրանցամատյանից հեռացնելու մասին վերջնական որոշման ընդունում կամ հետ կանչելու մասին որոշման ընդունում` պայմանով, որ այդպիսի բողոքարկումը, դատարանին դիմելը կամ առարկությունները կատարվել են մինչև վերը նշված ժամկետը լրանալը: Սույն դրույթը կիրառելի է նաև հենակետային հայտը հետ կանչելու դեպքում կամ հենակետային հայտի հիման վրա կատարված գրանցումից, կամ հենակետային գրանցումից հինգ տարին լրանալուն պես հրաժարվելու դեպքում` պայմանով, որ հետ կանչելու կամ հրաժարվելու պահին նշված հայտի կամ գրանցման նկատմամբ կիրառվում են i, ii և iii ենթակետերով նախատեսված ընթացակարգերից որևէ մեկը և որ այդ ընթացակարգի կիրառումը սկսվել է մինչև նշված ժամկետը լրանալը:
4. Ծագման գերատեսչությունը Հրահանգով սահմանված կարգով Միջազգային բյուրոյին ծանուցում է 3-րդ կետով նախատեսված դեպքերի և որոշումների մասին, իսկ Միջազգային բյուրոն Հրահանգով սահմանված կարգով ծանուցում է շահագրգիռ Կողմերին և իրականացնում համապատասխան հրապարակումները: Անհրաժեշտության դեպքում ծագման գերատեսչությունը կարող է դիմել Միջազգային բյուրոյին միջազգային գրանցումը սահմանված կարգով գրանցամատյանից հեռացնելու մասին, և Միջազգային բյուրոն բավարարում է այդ դիմումը:
Հ ո դ վ ա ծ 7
Միջազգային գրանցման ժամկետի երկարաձգում
1. Ցանկացած միջազգային գրանցման ժամկետը կարող է երկարաձգվել նախորդ ժամկետը լրանալու պահից տասը տարի ժամկետով հենակետային տուրքի վճարման և, 8-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթներին համապատասխան, 8-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված լրացուցիչ և հավելյալ տուրքերի վճարման միջոցով:
2. Ժամկետի երկարաձգման դեպքում չի թույլատրվում որևէ փոփոխություններ կատարել նախորդ միջազգային գրանցման վերջին տարբերակում:
3. Պահպանության ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ Միջազգային բյուրոն ոչ պաշտոնական ծանուցման միջոցով միջազգային գրանցման սեփականատիրոջը և, անհրաժեշտության դեպքում, վերջինիս լիազորված անձին հիշեցնում է նշված ժամկետը լրանալու օրը:
4. Հրահանգով սահմանված լրացուցիչ տուրքի վճարման դեպքում միջազգային գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու համար տրամադրվում է վեցամսյա արտոնյալ ժամանակահատված:
Հ ո դ վ ա ծ 8
Միջազգային հայտի միջազգային գրանցման համար գանձվող վճարները
1. Ծագման գերատեսչությունն իրավունք ունի իր հայեցողությամբ սահմանել և հայտատուից իր օգտին գանձել ազգային վճար կամ միջազգային գրանցման սեփականատիրոջից միջազգային հայտի ներկայացման կամ միջազգային գրանցման գործողության ժամկետի երկարաձգման համար:
2. Միջազգային բյուրոյում նշանի գրանցումը կատարվում է միջազգային տուրքի վճարման պայմանով, որը, 7-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան, իր մեջ ներառում է.
i) հիմնական տուրքը,
ii) լրացուցիչ տուրքը` Միջազգային դասակարգման այն երեք դասերը գերազանցող յուրաքանչյուր լրացուցիչ դասի համար, որոնց պատկանում են ապրանքներն ու ծառայությունները, որոնց համար կիրառվում է նշանը,
iii) հավելյալ տուրքը, 3ter հոդվածին համապատասխան, պահպանության ընդլայնման յուրաքանչյուր հայտի համար:
3. Սակայն 2-րդ կետի «i» ենթակետում նշված լրացուցիչ տուրքը կարող է վճարվել անկախ միջազգային գրանցման ամսաթվից` Հրահանգով սահմանված ժամկետներում, եթե ապրանքների ու ծառայությունների քանակությունը որոշվել կամ վիճարկվել էր Միջազգային բյուրոյի կողմից: Եթե սահմանված ժամկետը լրանալուն պես լրացուցիչ տուրքը չի վճարվում կամ ապրանքների ու ծառայությունների ցանկն անհրաժեշտ չափով հայտատուի կողմից չի կրճատվում, ապա միջազգային հայտարկումը հայտարարվում է դադարեցված:
4. Միջազգային գրանցման արդյունքում ստացվող տարեկան եկամուտը` բացառությամբ 2-րդ կետի «i» և «ii» ենթակետերով նախատեսված տուրքերի, Միջազգային բյուրոյի կողմից հավասարապես բաշխվում է Պայմանավորվող կողմերի միջև` պահելով սույն Արձանագրության դրույթների կատարումից բխող ծախսերի և վճարների գումարները:
5. 2-րդ կետի «ii» ենթակետերով նախատեսված լրացուցիչ տուրքերից գոյացող գումարները յուրաքանչյուր տարին լրանալուն պես համաչափորեն բաշխվում են շահագրգիռ Պայմանավորվող կողմերի միջև ըստ այն նշանների թվի, որոնց համար տվյալ տարվա ընթացքում պահպանություն է հայցվել այդ կողմերից յուրաքանչյուրում, իսկ նախնական փորձաքննություն իրականացնող Պայմանավորվող կողմերի համար այդ թիվը հաշվարկվում է Հրահանգով սահմանված գործակցի օգնությամբ:
6. 2-րդ կետի «iii» ենթակետերով նախատեսված հավելյալ տուրքերից գոյացող գումարները բաշխվում են 5-րդ կետով սահմանված կանոններին համապատասխան:
7. ա/ Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է հայտարարել, որ յուրաքանչյուր միջազգային գրանցման դեպքում, որտեղ այդ կողմը նշված է 3ter հոդվածի համաձայն, ինչպես նաև այդպիսի միջազգային գրանցման գործողության ժամկետի երկարաձգման դեպքում, լրացուցիչ և հավելյալ տուրքերից գոյացող գումարների իր բաժնեմասի փոխարեն նա ցանկանում է ստանալ այնպիսի տուրք (այսուհետ` անհատական տուրք), որի չափը նշվում է հայտարարության մեջ և կարող է փոփոխվել հետագա հայտարարություններում, սակայն չի կարող գերազանցել այն գումարը, որը, միջազգային ընթացակարգի արդյունքում առաջացած տնտեսումների պահումով, նշված Պայմանավորվող կողմի գերատեսչությունն իրավունք ունի ստանալու տասը տարի ժամկետով նշանը գրանցելու հայտով դիմող հայտատուից կամ այդ գերատեսչության գրանցամատյանում տվյալ նշանի գրանցումը տասը տարի ժամկետով երկարաձգելու համար դիմող գրանցման սեփականատիրոջից:
Անհատական տուրքի վճարման դեպքում.
i) չի պահանջվում 2-րդ կետի «ii» ենթակետերով նախատեսված որևէ լրացուցիչ տուրքերի վճարում, եթե 3ter հոդվածի համաձայն նշված են միայն այն Պայմանավորվող կողմերը, որոնք հայտարարություն են արել սույն ենթակետի դրույթներին համապատասխան,
ii) չի պահանջվում 2-րդ կետի «iii» ենթակետերով նախատեսված որևէ հավելյալ տուրքերի վճարում ցանկացած Պայմանավորվող կողմի համար, որը հայտարարություն է արել սույն ենթակետի դրույթներին համապատասխան:
բ/ «ա» ենթակետին համապատասխան արված ցանկացած հայտարարություն կարող է ներկայացվել 14-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերում, ընդ որում այդ հայտարարության ուժի մեջ մտնելու օրը նույնն է, ինչ այն արած պետության կամ միջկառավարական կազմակերպության համար սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրը: Հայտարարությունը կարող է արվել նաև ավելի ուշ: Այս դեպքում այն ուժի մեջ է մտնում Գլխավոր տնօրենի կողմից ստանալու պահից երեք ամիս հետո կամ հայտարարության մեջ նշված ավելի ուշ ժամկետում` այն միջազգային գրանցումների համար, որոնց կատարման ամսաթիվը նույնն է, ինչ հայտարարության ուժի մեջ մտնելու ամսաթիվը, կամ ավելի ուշ է:
Հ ո դ վ ա ծ 9
Միջազգային գրանցման սեփականատիրոջ
փոփոխման մասին գրառման կատարումը
Այն անձի դիմումի համաձայն, որի անունով է կատարված միջազգային գրանցման մասին գրառումը, կամ շահագրգիռ գերատեսչության պաշտոնական խնդրանքի, կամ շահագրգիռ անձի խնդրանքի համաձայն, Միջազգային բյուրոն Միջազգային գրանցամատյանում գրառում է կատարում տվյալ գրանցման սեփականատիրոջ ցանկացած տեսակի փոփոխության վերաբերյալ բոլոր այն Պայմանավորվող կողմերի կամ դրանց մի մասի նկատմամբ, որոնց տարածքում գործում է նշված գրանցումը և գրանցման մեջ թվարկված բոլոր ապրանքների և ծառայությունների կամ դրանց մի մասի նկատմամբ` պայմանով, որ նոր սեփականատերն այն անձն է հանդիսանում, որը, 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, իրավունք ունի միջազգային հայտեր ներկայացնել:
Հ ո դ վ ա ծ 9 b i s
Միջազգային գրանցմանն առնչվող որոշակի գրառումների կատարումը
Միջազգային բյուրոն Միջազգային գրանցամատյանում կատարում է հետևյալ գրառումները.
i) միջազգային գրանցման սեփականատիրոջ անվանման կամ հասցեի ցանկացած փոփոխությունների մասին,
ii) միջազգային գրանցման սեփականատիրոջ լիազորված անձի նշանակման մասին և այդ լիազորված անձին առնչվող համապատասխան տեղեկությունների մասին,
iii) բոլոր կամ մի քանի Պայմանավորվող կողմերի համար միջազգային գրանցման մեջ թվարկված ապրանքների և ծառայությունների ցանկի ցանկացած կրճատման մասին,
iv) բոլոր կամ մի քանի Պայմանավորվող կողմերի համար միջազգային գրանցման ցանկացած մերժման, գրանցամատյանից հեռացման կամ անվավեր ճանաչելու մասին,
v) Հրահանգով նախատեսված այլ համապատասխան տեղեկությունների մասին, որոնք առնչվում են միջազգային գրանցման ենթակա նշանի հետ կապված իրավունքներին:
Հ ո դ վ ա ծ 9 t e r
Որոշակի գրառումների կատարման համար գանձվող վճարներ
9-րդ կամ 9bis հոդվածների համաձայն կատարվող ցանկացած տեսակի գրառումների կատարման համար կարող են գանձվել վճարներ:
Հ ո դ վ ա ծ 9 q u a t e r
Միասնական գերատեսչություն մի քանի
Պայմանավորվող պետությունների համար
1. Եթե մի քանի Պայմանավորվող պետություններ պայմանավորվածություն են ձեռք բերում նշանների ոլորտը կարգավորող իրենց օրենսդրական դաշտերի ներդաշնակեցման վերաբերյալ, ապա դրանք կարող են Գլխավոր տնօրենին ծանուցել այն մասին, որ.
i) այդ պետություններից յուրաքանչյուրի ազգային գերատեսչությունները փոխարինվում են մեկ միասնական գերատեսչությամբ,
ii) այդ պետություններին պատկանող տարածքների ամբողջականությունը սույն հոդվածին նախորդող բոլոր դրույթների կամ դրանց մի մասի, ինչպես նաև 9qսiոqսies և 9sexies հոդվածների նպատակների համար պետք է դիտարկվի որպես մեկ պետություն:
2. Նշված ծանուցումն ուժի մեջ է մտնում Գլխավոր տնօրենի կողմից այդ կապակցությամբ այլ Պայմանավորվող կողմերին ծանուցում ուղղելու պահից երեք ամիսը լրանալուն պես:
Հ ո դ վ ա ծ 9 q u i n q u i e s
Միջազգային գրանցման վերափոխումը ազգային
կամ տարածաշրջանային հայտերի
Եթե ծագման գերատեսչության դիմումի համաձայն միջազգային գրանցումը 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն հեռացվում է գրանցամատյանից նշված գրանցման մեջ թվարկված բոլոր ապրանքների և ծառայությունների կամ դրանց մի մասի համար, իսկ միջազգային գրանցման սեփականատեր հանդիսացող անձը նույն նշանի գրանցման հայտ է ներկայացնում այն Պայմանավորվող կողմին, որի տարածքում գործում էր միջազգային գրանցումը, ապա այդ հայտը դիտարկվում է այնպես, ինչպես եթե այն ներկայացվեր միջազգային գրանցման ամսաթվով` 3-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, կամ տարածքային ընդլայնման մասին գրառում կատարելու ամսաթվով` 3ter հոդվածի 2-րդ կետի համաձայն, իսկ եթե միջազգային գրանցումը առաջնային էր, ապա նա կշարունակի առաջնային մնալ` պայմանով, որ.
i) նշած հայտը ներկայացվել է գրանցամատյանից միջազգային գրանցման հեռացման պահից երեք ամսվա ընթացքում,
ii) հայտում թվարկված ապրանքներն ու ծառայություններն իսկապես ընդգրկված են միջազգային գրանցման մեջ պարունակվող ապրանքների ու ծառայությունների ցանկում` շահագրգիռ Պայմանավորվող կողմի համար,
iii) նշված հայտը համապատասխանում է տվյալ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված պահանջներին` ներառյալ վճարներին առնչվող պահանջները:
Հ ո դ վ ա ծ 9 sexies
Մադրիդի /Ստոկհոլմ/ համաձայնագրի պայմանների պահպանում
1. Եթե որոշակի որևէ հայտի կամ որևէ միջազգային գրանցման դեպքում ծագման գերատեսչությունն այն պետության գերատեսչությունն է, որը միաժամանակ սույն Արձանագրության և Մադրիդի (Ստոկհոլմ) համաձայնագրի անդամ է հանդիսանում, ապա սույն Արձանագրության դրույթները չեն գործում որևէ այն պետության տարածքում, որը նույնպես հանդիսանում է միաժամանակ սույն Արձանագրության և Մադրիդի (Ստոկհոլմ) համաձայնագրի անդամ:
2. Ասամբլեան ձայների երեք քառորդ մեծամասնությամբ կարող է չեղյալ հայտարարել 1-ին կետը կամ սահմանափակել դրա գործողության շրջանակը սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու պահից տասը տարին լրանալուն պես, սակայն ոչ շուտ, քան Մադրիդի (Ստոկհոլմ) համաձայնագրի անդամ պետությունների մեծամասնության կողմից սույն Արձանագրությանն անդամակցելու պահից հինգ տարին լրանալը: Ասամբլեայում քվեարկության իրավունք ունեն միայն միաժամանակ նշված Համաձայնագրի և սույն Արձանագրության անդամ հանդիսացող պետությունները:
Հ ո դ վ ա ծ 10
Ասամբլեա
1. ա/ Պայմանավորվող կողմերը հանդիսանում են միևնույն Ասամբլեայի անդամները, ինչ Մադրիդի (Ստոկհոլմ) համաձայնագրի անդամ պետությունները:
բ/ Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ այդ Ասամբլեայում ներկայացված է մեկ պատվիրակով, որը կարող է ունենալ տեղակալներ, խորհրդականներ և փորձագետներ:
գ/ Յուրաքանչյուր պատվիրակության ծախսերը հոգում է այն նշանակած Պայմանավորվող կողմը, բացառությամբ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի պատվիրակի ուղևորության և կեցության ծախսերի, որոնք ստանձնում է Միությունը:
2. Բացի Մադրիդի (Ստոկհոլմ) համաձայնագրին համապատասխան ստանձնած գործառույթների, Ասամբլեան.
i) ուսումնասիրում է սույն Արձանագրության կիրառմանն առնչվող բոլոր հարցերը,
ii) Միջազգային բյուրոյին ցուցումներ է տալիս սույն Արձանագրության վերանայման նպատակով անցկացվող խորհրդաժողովների նախապատրաստման վերաբերյալ` համապատասխան կերպով հաշվի առնելով Միության այն անդամ պետությունների նկատողությունը, որոնք սույն Արձանագրության անդամ չեն հանդիսանում,
iii) ընդունում և կատարում է սույն Արձանագրության կիրառմանն առնչվող Հրահանգի դրույթների փոփոխությունները,
iv) կատարում է սույն Արձանագրությանը համապատասխան իրեն վերագրված այլ գործառույթներ:
3. ա/ Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ Ասամբլեայում ունի մեկ ձայն: Բացառապես Մադրիդի (Ստոկհոլմ) համաձայնագրի անդամ պետություններին առնչվող հարցերով նշված Համաձայնագրի անդամ չհանդիսացող Պայմանավորվող կողմերը ձայնի իրավունք չունեն, մինչդեռ միայն Պայմանավորվող կողմերին առնչվող հարցերում միայն իրենք ունեն ձայնի իրավունք:
բ/ Որևէ հարցի առնչությամբ ձայնի իրավունք ունեցող Ասամբլեայի անդամների կեսը կազմում է այդ հարցով կատարվող քվեարկության քվորումը:
գ/ Անկախ «բ» ենթակետի դրույթներից, եթե նիստերից որևէ մեկին որոշակի հարցի առնչությամբ քվեարկության իրավունք ունեցող Ասամբլեայի ներկա գտնվող անդամների թիվը կեսից պակաս է, սակայն հավասար է կամ գերազանցում է այդ հարցի առնչությամբ քվեարկության իրավունք ունեցող Ասամբլեայի անդամների մեկ երրորդը, Ասամբլեան կարող է որոշումներ կայացնել: Սակայն Ասամբլեայի որոշումները, բացառությամբ իր սեփական ընթացակարգերին առնչվող որոշումների, պարտադիր են դառնում միայն ստորև սահմանված պայմանների կատարման դեպքում: Միջազգային բյուրոն այդ որոշումներն ուղղում է նշված հարցի առնչությամբ քվեարկության իրավունք ունեցող Ասամբլեայի անդամներին, որոնք այնտեղ չեն ներկայացել և իրենց առաջարկում որոշումներն ուղղելու պահից եռամսյա ժամկետում գրավոր տեսքով պետք է տեղեկացնեն՝ այդ որոշումներին կողմ են քվեարկում, դեմ, թե ձեռնպահ են մնում քվեարկությունից: Եթե նշված ժամկետը լրանալուն պես, վերը սահմանված կարգի համաձայն, քվեարկած կամ ձեռնպահ եղած անդամների թիվը հավասար է անդամների առնվազն այն թվին, որը պակաս էր տվյալ նիստի քվորումը կազմելու համար, այդպիսի որոշումներն ուժի մեջ են
մտնում այն պայմանով, որ միաժամանակ առկա է անհրաժեշտ մեծամասնությունը:
դ/ 5-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետի, 9sexies հոդվածի 2-րդ կետի, 12-րդ հոդվածի և 13-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան, Ասամբելայի որոշումներն ընդունվում են քվեարկած ձայների երկու երրորդ մեծամասնությամբ:
ե/ Ձեռնպահ ձայները հաշվի չեն առնվում:
զ/ Պատվիրակը կարող է ներկայացնել Ասամբլեայի միայն մեկ անդամի և քվեարկել միայն վերջինիս անունից:
4. Մադրիդի (Ստոկհոլմ) համաձայնագրի դրույթների համաձայն, բացի հերթական և արտահերթ նիստերից, Գլխավոր տնօրենի կողմից տվյալ նիստի օրակարգում ընդգրկվելու համար առաջարկվող հարցերի առնչությամբ քվեարկության իրավունք ունեցող Ասամբլեայի անդամների մեկ քառորդի պահանջով կարող է գումարել արտահերթ նիստ: Այդպիսի արտահերթ նիստի օրակարգը պատրաստվում է Գլխավոր տնօրենի կողմից:
Հ ո դ վ ա ծ 11
Միջազգային բյուրո
1. Միջազգային բյուրոն իրականացնում է սույն Արձանագրության համաձայն կատարվող միջազգային գրանցման հետ կապված գործառույթները, ինչպես նաև սույն Արձանագրության հետ կապված այլ վարչարարական գործառույթները:
2. ա/ Միջազգային բյուրոն Ասամբլեայի ցուցումներին համապատասխան իրականացնում է սույն Արձանագրության վերանայման նպատակով անցկացվող խորհրդաժողովների նախապատրաստումը:
բ/ Միջազգային բյուրոն սույն Արձանագրության վերանայման նպատակով անցկացվող խորհրդաժողովների նախապատրաստման հարցերի շուրջ կարող է խորհրդակցվել միջկառավարական և միջազգային հասարակական կազմակերպությունների հետ:
գ/ Գլխավոր տնօրենը և իր կողմից նշանակված անձինք վերանայման նպատակով անցկացվող այդ խորհրդաժողովներին ներկայացվող հարցերի քննարկմանը մասնակցում են առանց ձայնի իրավունքի:
3. Միջազգային բյուրոն կատարում է սույն Արձանագրությանն առնչվող իրեն վերագրված այլ գործառույթներ:
Հ ո դ վ ա ծ 12
Ֆինանսական հարցեր
Պայմանավորվող կողմերի նկատմամբ Միության ֆինանսները կառավարվում են միևնույն դրույթներով, որոնք սահմանված են Մադրիդի (Ստոկհոլմ) համաձայնագրի 12-րդ հոդվածով` նկատի առնելով, որ նշված Համաձայնագրի 8-րդ հոդվածին կատարվող ցանկացած հղում դիտվում է որպես սույն Արձանագրության 8-րդ հոդվածին կատարված հղում: Բացի այդ, նշված Համաձայնագրի 12-րդ հոդվածի 6-րդ կետի «բ» ենթակետի իմաստով Պայմանավորվող կազմակերպությունները Արդյունաբերական սեփականության պաշտպանության Փարիզի կոնվենցիայի համաձայն դիտվում են որպես մուծումների 1-ին կարգին դասվող կազմակերպություններ, եթե Ասամբլեան միաձայն այլ որոշում չի կայացնում:
Հ ո դ վ ա ծ 13
Արձանագրության որոշ հոդվածներում փոփոխություններ կատարելը
1. 10-րդ, 11-րդ, 12-րդ և սույն հոդվածում փոփոխություններ կատարելու առաջարկություններ կարող են ներկայացվել ցանկացած Պայմանավորվող կողմի կամ Գլխավոր տնօրենի կողմից: Այդպիսի առաջարկությունները Գլխավոր տնօրենի կողմից Պայմանավորվող կողմերին են ուղղվում ոչ ուշ, քան Ասամբլեայի կողմից դրանց քննարկման պահից վեց ամիս առաջ:
2. 1-ին կետում նշված հոդվածներում ցանկացած փոփոխություն ընդունվում է Ասամբլեայի կողմից, ինչի համար պահանջվում է քվեարկած ձայների երեք քառորդ մեծամասնությունը: Սակայն 10-րդ և սույն հոդվածում փոփոխություններն ընդունվում են քվեարկած ձայների չորս հինգերորդ մեծամասնությամբ:
3. 1-ին կետում նշված հոդվածներում ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում այն ընդունելու պահին Ասամբլեայի անդամ հանդիսացող և այդ փոփոխության առնչությամբ քվեարկության իրավունք ունեցող պետությունների և միջկառավարական կազմակերպությունների երեք քառորդի` իրենց սահմանադրական ընթացակարգերին համապատասխան այն ընդունելու մասին գրավոր ծանուցումները Գլխավոր տնօրենի կողմից ստանալու պահից մեկ ամիս հետո: Նշված հոդվածներում կատարված ցանկացած փոփոխություն պարտադիր է բոլոր պետությունների և միջկառավարական կազմակերպությունների համար, որոնք հանդիսանում են Պայմանավորվող կողմեր փոփոխության ընդունման պահին կամ դառնում են այդպիսիք նշված ամսաթվից ավելի ուշ:
Հ ո դ վ ա ծ 14
Արձանագրության անդամակցության պայմանները: Ուժի մեջ մտնելը
1. ա/ Արդյունաբերական սեփականության պաշտպանության Փարիզի կոնվենցիայի յուրաքանչյուր անդամ պետություն կարող է դառնալ սույն Արձանագրության անդամ:
բ/ Բացի այդ, սույն Արձանագրության անդամ կարող է դառնալ ցանկացած միջկառավարական կազմակերպություն` հետևյալ պայմանների առկայության դեպքում.
i) եթե այդ կազմակերպության առնվազն մեկ անդամ պետություն հանդիսանում է Արդյունաբերական սեփականության պաշտպանության Փարիզի կոնվենցիայի անդամ,
ii) եթե նշված կազմակերպությունն ունի տարածաշրջանային գերատեսչություն այդ կազմակերպության տարածքում ուժ ունեցող նշանների գրանցման համար, եթե միայն այդ գերատեսչությունը 9qսater հոդվածին համապատասխան ուղղվող ծանուցման առարկան չի հանդիսանում:
2. 1-ին կետում նշված ցանկացած պետություն կամ կազմակերպություն կարող են ստորագրել սույն Արձանագրությունը: 1-ին կետում նշված ցանկացած պետություն կամ կազմակերպություն սույն Արձանագրությունը ստորագրելու դեպքում կարող են ի պահ հանձնել սույն Արձանագրության վավերագրերը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերը կամ, սույն Արձանագրությունը չստորագրելու դեպքում, սույն Արձանագրությանը միանալու մասին ակտը:
3. 2-րդ կետում նշված փաստաթղթերն ի պահ են հանձնվում Գլխավոր տնօրենին:
4. ա/ Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում չորս վավերագրերը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերը կամ միանալու մասին ակտերն ի պահ հանձնելու պահից երեք ամիս հետո` պայմանով, որ նշված փաստաթղթերից առնվազն մեկն ի պահ է հանձնվել Մադրիդի (Ստոկհոլմ) համաձայնագրի անդամ հանդիսացող պետության կողմից և այդ փաստաթղթերից առնվազն մեկն ի պահ է հանձնվել Մադրիդի (Ստոկհոլմ) համաձայնագրի անդամ չհանդիսացող պետության կամ 1-ին կետի «բ» ենթակետում նշված կազմակերպություններից մեկի կողմից:
բ/ 1-ին կետում նշված ցանկացած այլ պետության կամ կազմակերպության համար սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Գլխավոր տնօրենի կողմից դրա վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու մասին ծանուցելու պահից երեք ամիս հետո:
5. 1-ին կետում նշված ցանկացած պետություն կամ կազմակերպություն կարող է իր վավերագրում կամ սույն Արձանագրության ընդունման, հաստատման կամ դրան միանալու մասին փաստաթղթում հայտարարել, որ սույն Արձանագրությանը համապատասխան` մինչև սույն Արձանագրության ուժի մեջ մտնելը կատարված միջազգային գրանցումից բխող պահպանությունը չի կարող տարածվել դրանց վրա:
Հ ո դ վ ա ծ 15
Չեղյալ հայտարարում
1. Սույն Արձանագրությունը գործում է առանց ժամանակային սահմանափակումների:
2. Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է չեղյալ հայտարարել սույն Արձանագրությունը Գլխավոր տնօրենին ուղղված ծանուցման միջոցով:
3. Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում Գլխավոր տնօրենի կողմից նշված ծանուցումն ստանալու պահից մեկ տարի հետո:
4. Սույն հոդվածով նախատեսված չեղյալ հայտարարման իրավունքը Պայմանավորվող կողմից չի կարող օգտագործվել մինչև այդ Պայմանավորվող կողմի համար սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու պահից հինգ տարին լրանալը:
5. ա/ Եթե նշանը միջազգային գրանցման առարկա է հանդիսանում, որը գործում է սույն Արձանագրությունը չեղյալ հայտարարող պետության կամ միջկառավարական կազմակերպության տարածքում չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելու պահին, ապա նշված գրանցման սեփականատերը կարող է այդպիսի պետության կամ միջկառավարական կազմակերպության գերատեսչությանը այդ նույն նշանի գրանցման հայտ ներկայացնել, որը կդիտարկվի այնպես, ինչպես եթե այն ներկայացված լիներ միջազգային գրանցման ամսաթվով` 3-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, կամ տարածքային ընդլայնման մասին գրառում կատարելու ամսաթվով` 3ter հոդվածի 2-րդ կետի համաձայն, իսկ եթե միջազգային գրանցումը առաջնային էր, ապա նա կշարունակի առաջնային մնալ` պայմանով, որ.
i) նշած հայտը ներկայացվել է լուծարման ուժի մեջ մտնելու պահից երկու տարվա ընթացքում,
ii) հայտում թվարկված ապրանքներն ու ծառայություններն իսկապես ընդգրկված են միջազգային գրանցման մեջ պարունակվող ապրանքների ու ծառայությունների ցանկում` սույն Արձանագրությունը չեղյալ հայտարարած պետության կամ կազմակերպության համար,
iii) նշված հայտը համապատասխանում է տվյալ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված պահանջներին` ներառյալ վճարներին առնչվող պահանջները:
բ/ «ա» ենթակետի դրույթները կիրառվում են նաև ցանկացած այնպիսի նշանի նկատմամբ, որը միջազգային գրանցման առարկա է հանդիսանում Պայմանավորվող կողմի տարածքում` բացառությամբ սույն Արձանագրությունը չեղյալ հայտարարած պետությունների կամ միջկառավարական կազմակերպությունների` չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելու պահին, և որի սեփականատերը չեղյալ հայտարարման արդյունքում այլևս իրավունք չունի միջազգային հայտեր ներկայացնելու 2-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն:
Հ ո դ վ ա ծ 16
Ստորագրումը, լեզուները, ավանդապահի գործառույթները
1. ա/ Սույն Արձանագրությունը ստորագրվում է մեկ օրինակից` անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն և ի պահ է հանձնվում Գլխավոր քարտուղարին Մադրիդում այն ստորագրելու համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո: Նշված երեք լեզուներով տեքստերը հավասարազոր են:
բ/ Սույն Արձանագրության պաշտոնական տեքստերը շահագրգիռ կառավարությունների և կազմակերպությունների հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո Գլխավոր տնօրենի կողմից հաստատվում են արաբերեն, չինարեն, գերմաներեն, իտալերեն, ճապոներեն, պորտուգալերեն և ռուսերեն, ինչպես նաև Ասամբլեայի կողմից սահմանված այլ լեզուներով:
2. Սույն Արձանագրությունը բաց է ստորագրության համար Մադրիդ քաղաքում` մինչև 1989 թվականի դեկտեմբերի 31-ը:
3. Գլխավոր տնօրենը սույն Արձանագրության ստորագրված և Իսպանիայի Կառավարության կողմից պատշաճ կերպով հաստատված տեքստերի երկու օրինակներն ուղղում է բոլոր այն պետություններին և միջկառավարական կազմակերպություններին, որոնք կարող են սույն Արձանագրության անդամ դառնալ:
4. Գլխավոր տնօրենը սույն Արձանագրությունը գրանցում է Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարությունում:
5. Գլխավոր տնօրենը բոլոր այն պետություններին և միջկառավարական կազմակերպություններին, որոնք կարող են սույն Արձանագրության անդամ դառնալ կամ արդեն իսկ հանդիսանում են այդպիսիք, ծանուցում է վավերագրերի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերի ստորագրման և ի պահ հանձնելու մասին, ինչպես նաև սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու, դրանում կատարված ցանկացած փոփոխության և դրան համապատասխան արվող ցանկացած հայտարարության մասին:
Ստորագրված է Մադրիդ քաղաքում 1989 թվականի հունիսի 28-ին:
* Արձանագրությանը Հայաստանի Հանրապետությունը միացել է վերապահումներով.
«Արձանագրության 5-րդ հոդվածի 2-րդ կետի բ/ ենթակետի վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարում է, որ Արձանագրության՝ նշանի պահպանության մերժման մասին 5-րդ հոդվածի 2-րդ կետի ա ենթակետի համաձայն ծանուցման մեկ տարի ժամկետը փոխարինվում է 18 ամիս»:
«Արձանագրության 8-րդ հոդվածի 7-րդ կետի ա/ ենթակետի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարում է, որ յուրաքանչյուր միջազգային գրանցման նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը 3ter հոդվածին համապատասխան նշելու համար, ինչպես նաև այդպիսի միջազգային գրանցումը երկարաձգելու համար հավելյալ և լրացուցիչ տուրքերից մասնահանումների փոխարեն ցանկանում է ստանալ անհատական տուրքեր հետևյալ չափերով /հազար ՀՀ դրամով/՝
Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդի Համաձայնագրի արձանագրության 8-րդ հոդվածի 7-րդ կետի ա/ ենթակետի համաձայն յուրաքանչյուր միջազգային գրանցման նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը 3ter հոդվածին համապատասխան նշելու համար՝
մեկ դասի ապրանքների համար |
100 |
մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար | 10 |
այդպիսի միջազգային գրանցումը երկարաձգելու համար | |
մեկ դասի ապրանքների համար | 100 |
մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար | 10»: |
** Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի հոկտեմբերի 19-ից: