Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.02.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.03.05/14(604)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.02.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ Տ3-324

Քաղաքացիական գործ թիվ 3-24(ՏԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի փետրվարի 1-ին,

 

 դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 15.11.2007 թվականի վճռի դեմ` ըստ անհատ ձեռնարկատեր Նարինե Քոչարյանի դիմումի ընդդեմ Ծառայության Սևանի տարածքային հարկային տեսչության` 10.08.2007 թվականի թիվ 2315029 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ դիմողը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության Սևանի տարածքային հարկային տեսչության 10.08.2007 թվականի թիվ 2315029 ստուգման ակտը:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Տնտեսական դատարան) 15.11.2007 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. 

  

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Տնտեսական դատարանը չի կիրառել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Տնտեսական դատարանն անվավեր է ճանաչել Ծառայության ստուգման ակտը, վճռի հիմքում դնելով այն հանգամանքը, որ Ծառայության կողմից տնտեսվարող սուբյեկտին օրենքով սահմանված ժամկետում չի հանձնվել ստուգման հանձնարարագիրը: Տնտեսական դատարանը, կիրառելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը, անտեսել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ուղղված ստուգման դեպքերի համար նույն հոդվածով նախատեսված բացառությունը:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի 15.11.2007 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. 

     

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 10.08.2007 թվականի թիվ 2315029 հանձնարարագրի հիման վրա Ծառայության թիվ 1 վարչության և Ծառայության Սևանի տարածքային հարկային տեսչության աշխատակիցների կողմից Նարինե Քոչարյանի մոտ իրականացվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման և դրանց շահագործման կանոնների պահպանման և ճշտության ստուգում, որի արդյունքում կազմվել է 10.08.2007 թվականի թիվ 2315029 ստուգման ակտը:

2) 10.08.2007 թվականի թիվ 2315029 հանձնարարագրի օրինակն ստուգումը սկսելուց երեք օր առաջ Նարինե Քոչարյանին չի հանձնվել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսվելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ, տրվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, բացառությամբ նաև հարկային մարմինների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այդ թվում` վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի վարման) ճշտությանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների: Վերջինս պարտավոր է ստորագրել մեկ օրինակի վրա՝ հաստատելով, որ ծանուցված է ստուգման անցկացման մասին: Ստորագրված օրինակը վերադարձվում է ստուգող պետական մարմնի պաշտոնատար անձին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տնտեսական դատարանի պատճառաբանություններն այն մասին, որ խախտվել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում մանրամասն արտահայտել է իր դիրքորոշումը հարկային մարմինների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտությանն ուղղված ստուգումների դեպքերում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի մեկնաբանության վերաբերյալ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման հետ կապված խախտումների բացահայտումը պահանջում է վարչական մարմնի արագ գործելու անհրաժեշտություն, հետևաբար, նման ստուգում իրականացնելուց առաջ տնտեսվարող սուբյեկտին ստուգման անցկացման մասին ծանուցելու դեպքում անհնար կդառնա օրենքով նախատեսված ստուգման նպատակների իրագործումը (իրավական հիմնավորումները տես` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Խորհրդային հարկային տեսչություն ընդդեմ «Ուրարտու-Ալեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, 06.07.2007թ., քաղաքացիական գործ թիվ 3-951 (ՏԴ) (811.350 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով):

Տնտեսական դատարանում գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը չի կիրառել այն oրենքը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն oրենքը,

որը չպետք է կիրառվեր, սխալ է մեկնաբանել oրենքը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը չի կիրառել այն oրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն oրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառվեր, սխալ է մեկնաբանել oրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Տնտեսական դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 15.11.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան
  Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան