ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 2-998/2006թ. |
Քաղաքացիական գործ թիվ 1471 (Ա) |
Նախագահող դատավոր՝ | Հ. Մարգարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Ս. Գյուրջյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի հոկտեմբերի 10-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սիլվա Հարությունյանի վճռաբեկ բողոքը՝ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 15.12.2006 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Ռոբերտ Հարությունյանի ընդդեմ Սիլվա Հարությունյանի՝ ժառանգական գույքի 1/2 մասն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ռոբերտ Հարությունյանը պահանջել է իրեն ճանաչել Երևանի Նոր Արեշ 33 փողոցի թիվ 7 հասցեում գտնվող ժառանգական գույքի 1/2 մասն ընդունած ժառանգ:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 15.12.2006 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սիլվա Հարությունյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:
1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված անձի՝ դատաքննությանը մասնակից դարձվելու իրավունքը:
Բողոք բերած անձն իր պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:
Դատարանը գործը քննել է պատասխանող Սիլվա Հարությունյանի բացակայությամբ, առանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու:
2) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձն իր պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:
Դատարանը սխալ է գնահատել Ռոբերտ Հարությունյանի և Գագիկ Հարությունյանի միջև կնքված նվիրատվության պայմանագիրը: Մասնավորապես, այդ պայմանագրից հետևում է, որ նվիրատուն հանդիսացել է ոչ թե Ռոբերտ Հարությունյանը, այլ Ալեքսան Հարությունյանը, որն էլ եղել է վեճի առարկա հանդիսացող տան սեփականատերը:
3) Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք.
Բողոք բերած անձն իր պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:
Գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք է Գագիկ Հարությունյանի կողմից 24.08.2004 թվականին Սիլվա Հարությունյանի անվամբ կազմված կտակը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի՝ 15.12.2006 թվականի վճիռը և այն փոփոխել` Ռոբերտ Հարությունյանին ճանաչել ժառանգական անշարժ գույքի 1/4 մասն ընդունած ժառանգ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
1) Սիլվա Հարութունյանին 15.12.2006 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացնելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ, դատարանը գործը քննել է Սիլվա Հարությունյանի բացակայությամբ:
2) ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժնի 28.06.2007 թվականի թիվ Ե-192 մահվան տեղեկանքի համաձայն՝ Ռոբերտ Հարությունյանը 24.04.2007 թվականին մահացել է (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ՝ պատշաճ ձևով): Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Սիլվա Հարությունյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել 15.12.2006 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ և կայացրել վճիռ: Քաղաքացիական գործում առկա չէ 15.12.2006 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Սիլվա Հարությունյանին ուղարկված դատական ծանուցագիր, կամ վերջինիս պատշաճ ծանուցելու վերաբերյալ որևէ այլ ապացույց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի էական խախտում: Այս մասին Վճռաբեկ դատարանն իր մանրամասն դիրքորոշումն արտահայտել է 26.10.2006 թվականի թիվ 2-2128(Ա) որոշմամբ (տես քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի ընդդեմ Շահեն Բաբայանի՝ գումարի պահանջի մասին):
2) Բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել բողոք բերած անձի իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները չեն հանդիսացել ստորադաս դատարանի քննության առարկա, հետևաբար, դրանք չեն կարող քննարկվել Վճռաբեկ դատարանի կողմից:
3) Վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը նոր երևան եկած հանգամանքի առկայության վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկը հիմնավոր չի համարում, իսկ իր նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել գործին մասնակից չդարձած անձի կողմից նոր երևան եկած հանգամանքների հիմքով վճռաբեկ բողոք բերելու իրավունքին (իրավական հիմնավորումները տես` «Ակցեռն» ՍՊԸ ընդդեմ «Ռիելթորների և Գնահատողների Ազգային Ասոցիացիա» իրավաբանական անձանց միություն, գործին մասնակից չդարձած «Ալ Տանդեմ», «Ֆիրմա Ագատ» և «Մադաթյան և որդիներ» ՍՊ ընկերություններ, 26.10.2006 թվական, քաղաքացիական գործ թիվ 3-2022/ՏԴ (մինչև իրավունքների խախտումը եղած դրությունը վերականգնելու և իրավունքները խախտող կամ դրանց խախտման վտանգ ստեղծող գործողությունները կանխելու պահանջների մասին):
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ գործի վարույթը կասեցնելու լիազորությունը, հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:
Վճռաբեկ բողոքին կից ներկայացված ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժնի 28.06.2007 թվականի թիվ Ե-192 մահվան տեղեկանքի համաձայն՝ սույն քաղաքացիական գործով հայցվոր Ռոբերտ Հարութունյանը մահացել է 24.04.2007 թվականին, իսկ նրա իրավահաջորդի մասին տվյալները բացակայում են:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը, ինչպես նաև վերոնշյալ պատճառաբանությունները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի և 236-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հիմք են վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու` Դատարանի վճիռը բեկանելու և գործի վարույթը կասեցնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 15.12.2006 թվականի վճիռը և գործի վարույթը կասեցնել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Հ. Մանուկյան |
Դատավորներ՝ |
Վ. Աբելյան |
Ս. Անտոնյան | |
Ս. Գյուրջյան | |
Ս. Սարգսյան |