ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քրեական վերաքննիչ դատարան |
Գործ ՎԲ-184/07 |
Նախագահող դատավոր՝ Ռ. Ափինյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
10 հոկտեմբերի 2007 թ. |
ք. Երևան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Տ. Սահակյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Դ. Ավետիսյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Մ. Սիմոնյանի |
քարտուղար՝ |
Ք. Մարտիրոսյանի | |
դատախազ՝ |
Ն. Մարգարյանի | |
պաշտպան՝ |
Լ. Սահակյանի |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի բողոքը Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով և 321-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների համար մեղադրվող Ռաշիդ Աշոտի Խաչատրյանին Ռուսաստանի Դաշնությանը հանձնումը մերժելու վերաբերյալ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թ. սեպտեմբերի 20-ի որոշման դեմ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզի դատախազության կողմից 2004 թ. հուլիսին ՌԴ քրեական օրենսգրքի 321-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել մի շարք քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների դրսևորած և 2004 թ. հուլիսի 14-24-ը տևած զանգվածային անհնազանդութան փաստի առթիվ: Այս գործով 2004 թ. հուլիսի 30-ին ձերբակալվել և 2004 թ. օգոստոսի 1-ին կալանավորվել է Ռաշիդ Աշոտի Խաչատրյանը: Քրեական հետապնդման մարմնի 2004 թ. սեպտեմբերի 26-ի որոշմամբ կասկածյալ Ռ. Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Ռ. Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2004 թ. սեպտեմբերի 26-ի որոշումը քրեական հետապնդման մարմնի 2007 թ. մարտի 14-ի որոշմամբ վերացվել է:
Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզի դատախազության քննիչի կողմից 2007 թ. ապրիլի 27-ին որոշում է կայացվել Ռ. Խաչատրյանին ՌԴ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին և 321-րդ հոդվածի 3-րդ մասերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ այն բանի համար, որ նա 1996-2007 թթ. ընթացքում ՌԴ Օրենբուրգի մարզի տարածքում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով ստեղծել է հանցավոր համագործակցություն և ղեկավարել այն: Բացի այդ, Ռ. Խաչատրյանի նախաձեռնությամբ քրեակատարողական հիմնարկներում իրավիճակն ապակայունացնելու և հանցավոր միջավայրում իր «հեղինակությունը» հաստատելու նպատակով, ձևական առիթ ընդունելով թիվ Յուկ-25/4 քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում գնդապետ Պ.Մերկուլովի նշանակումը, 2004 թ. հուլիսի 14-24-ն ընկած ժամանակահատվածում Օրենբուրգի մարզի քրեակատարողական հիմնարկներում կազմակերպել է զանգվածային անհնազանդություններ, որոնք արտահայտվել են դատապարտյալների կողմից սնունդ ընդունելուց հրաժարվելու ձևով, որով խոչընդոտել է քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեությունը:
2007 թ. մայիսի 30-ին միջազգային հետախուզման մեջ գտնվող Ռ. Խաչատրյանի նկատմամբ ՌԴ դատարանի կողմից որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
2007 թ. հուլիսի 16-ին հետախուզվող Ռ. Խաչատրյանը հայտնաբերվել է ՀՀ տարածքում և կալանավորվել:
2007 թ. օգոստոսի 24-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Մ. Սարգսյանի կողմից բավարարվել է ՌԴ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով և 321-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների համար մեղադրվող Ռ. Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար ՌԴ քրեական հետապնդման մարմիններին հանձնելու վերաբերյալ ՌԴ գլխավոր դատախազության միջնորդությունը:
Ռ. Խաչատրյանի պաշտպան Լ. Սահակյանը հանձնման մասին որոշումը բողոքարկել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարան և խնդրել նրան անհապաղ ազատել կալանքից՝ նշելով, որ Ռ. Խաչատրյանի հանձնման թույլտվությունը տրվել է ներպետական և միջազգային իրավական նորմերի խախտումներով:
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թ. սեպտեմբերի 20-ի որոշմամբ պաշտպանի բողոքը բավարարվել է և Ռ. Խաչատրյանի հանձնումը ՌԴ-ին մերժվել:
Վերաքննիչ դատարանի որոշման դեմ 2007 թ. սեպտեմբերի 28-ին վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը՝ խնդրելով այն բեկանել:
2. Վճռաբեկ բողոքի հիմնավորումները.
Բողոք բերած անձը գտնում է, որ առանձնապես ծանր հանցագործությունների համար միջազգային հետախուզման մեջ գտնվող Ռ. Խաչատրյանին հանձնելու գործընթացը կատարվել է «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թ. Մինսկի կոնվենցիայի պահանջների համաձայն և վավերացված միջազգային պայմանագրերին համապատասխան:
Բողոքի հեղինակը փաստարկում է, որ վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով 1993 թ. Մինսկի կոնվենցիայի 57-րդ հոդվածը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածը, կարող էր մերժել միայն ՌԴ քրեական օրենսգրքի 321-րդ հոդվածով Ռ. Խաչատրյանի հանձնման պահանջը, քանի որ պահանջը ստանալու պահին գործող ՀՀ օրենսդրությամբ Ռ. Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չէր կարող հարուցվել միայն ՌԴ քրեական օրենսգրքի 321-րդ հոդվածով, իսկ ՌԴ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածով քրեական հետապնդում հարուցելու որևէ խոչընդոտ ՀՀ օրենսդրությամբ կամ ՀՀ միջազգային պայմանագրով սահմանված չէ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թ. Մինսկի կոնվենցիային մասնակցող պետություններ են, և այդ կոնվենցիայից բխող փոխադարձ պարտավորությունները Հայաստանի Հանրապետության համար պարտադիր են: Ըստ այդ կոնվենցիայի 57-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Պայմանավորվող կողմերը, սույն Կոնվենցիայով նախատեսված պայմաններին համապատասխան, պարտավորվում են պահանջի դեպքում միմյանց հանձնել իրենց տարածքում գտնվող անձանց՝ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար»:
2007 թ. օգոստոսի 3-ին ՌԴ գլխավոր դատախազությունը նշված կոնվենցիայի հիման վրա միջնորդել է ՀՀ գլխավոր դատախազությանը կալանավորելու և հանձելու ՌԴ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով և 321-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների համար մեղադրվող, ՌԴ քաղաքացի Ռաշիդ Աշոտի Խաչատրյանին: Հայաստանի Հանրապետությունն իրավասու է մերժել միջնորդությունը միայն ՀՀ միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՌԴ քրեական օրենսգրքի 321-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության համար Ռ. Խաչատրյանի հանձնումը պետք է մերժել, քանի որ համաձայն Կոնվենցիայի 57-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի՝ հանձնում չի կատարվում, եթե պահանջն ստանալու պահին հարցվող Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, քրեական հետապնդում չի կարող հարուցվել կամ դատավճիռը չի կարող ի կատար ածվել վաղեմության ժամկետն անցնելու պատճառով կամ այլ օրինական հիմքով: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Քրեական հետապնդման մարմնի՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը, եթե այն կարող է հանգեցնել անձի վիճակի վատթարացման, բացառությամբ սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերի»:
Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «Դատախազը քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի կայացրած որոշումը կարող է վերացնել որոշման պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում: Դրանից հետո քրեական հետապնդման մարմնի՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կարող է վերացվել մեկ անգամ և միայն գլխավոր դատախազի կողմից՝ այդպիսի որոշում կայացնելուց հետո` վեց ամսվա ժամկետում»:
Ռ. Խաչատրյանի նկատմամբ ՌԴ քրեական օրենսգրքի 321-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության համար 2004 թ. սեպտեմբերի 26-ի որոշմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո այն վերսկսվել է 2007 թ. մարտի 14-ին՝ մոտ երկու և կես տարի հետո: Ուստի Հայաստանի Հանրապետության կողմից այդ մեղադրանքով Ռ. Խաչատրյանին հանձնելը կհակասի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված՝ կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքին, հետևաբար՝ նաև 1993 թ. Մինսկի կոնվենցիայի 57-րդ հոդվածին:
Վերոգրյալի հիման վրա՝ Ռ. Խաչատրյանը ՌԴ քրեական օրենսգրքի 321-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության համար մեղադրանքով Ռուսաստանի Դաշնությանը չի կարող հանձնվել:
Միևնույն ժամանակ, վճռաբեկ դատարանը գտնում է, որ չկա որևէ իրավական արգելք ՌԴ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար մեղադրանքով Ռ. Խաչատրյանին Ռուսաստանի Դաշնությանը հանձնելու համար: Մասնավորապես, վերաքննիչ դատարանի վկայակոչած «Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի 2-րդ մասը սույն գործով չի կարող կիրառվել: Համաձայն այդ կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ «Հանձնում չի իրականացվում, եթե հանցագործությունը, որի համար այն հայցվում է, հայցվող կողմը ճանաչում է որպես քաղաքական հանցագործություն կամ քաղաքական հանցագործության հետ կապ ունեցող: Նույն կարգը պետք է կիրառվի, եթե հայցվող կողմն ունի բավարար հիմքեր՝ համարելու, որ սովորական քրեական հանցագործության համար հանձնման վերաբերյալ հարցումը ներկայացված է անձի ռասայի, կրոնի, ազգության կամ քաղաքական կարծիքի հետապնդման և պատժման նպատակով, կամ՝ որ այդ անձի դիրքին կարող է վնաս հասցվել այս հանգամանքներից որևէ մեկի պատճառով»:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործում բավարար հիմքեր չկան եզրահանգելու, որ Ռ. Խաչատրյանի հանձնման պահանջը պայմանավորված է նրա ռասայի, կրոնի, ազգության կամ քաղաքական կարծիքի հետապնդման և պատժման նպատակով: Բացի այդ, բավարար հիմքեր չկան հետևություն անելու, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող ապահովել իր քաղաքացու՝ Ռ. Խաչատրյանի անվտանգությունը:
Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում վերաքննիչ դատարանի նաև այն հետևությունը, որ Ռուսաստանի Դաշնությունում Ռ. Խաչատրյանի համար չի կարող ապահովվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-«գ» կետով երաշխավորված՝ պաշտպան ունենալու իրավունքը: ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած նյութերից երևում է, որ Ռ. Խաչատրյանին փաստաբանական ծառայություններ է մատուցել Օրենբուրգ քաղաքի «Կորպուս Յուրիս» փաստաբանական կոլեգիայի փաստաբան Ե.Ա.Պերվուշինան:
Հետևաբար՝ Ռ. Խաչատրյանին պետք է հանձնել Ռուսաստանի Դաշնությանը ՌԴ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության մեղադրանքով քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Այսպիսով, վերաքննիչ դատարանը, մերժելով Ռ. Խաչատրյանին Ռուսաստանի Դաշնությանը հանձնելը, խախտել է միջազգային և ներպետական նորմերի պահանջները և անտեսել ներկայացված նյութերում առկա տվյալները՝ արդյունքում հանգելով սխալ հետևության, որը կայացված դատական ակտը վերացնելու հիմք է:
Ելնելով վերը շարադրված հիմնավորումներից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-405-րդ, 419-րդ, 422-424-րդ, 479-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Բողոքը բավարարել: Ռուսաստանի Դաշնությանը Ռաշիդ Աշոտի Խաչատրյանի հանձնումը մերժելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թ. սեպտեմբերի 20-ի որոշումը վերացնել:
2. ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Մ. Սարգսյանի կողմից Ռաշիդ Աշոտի Խաչատրյանին ՌԴ քրեական օրենսգրքի 321-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության համար Ռուսաստանի Դաշնությանը հանձնելու մասին 2007 թ. օգոստոսի 24-ի որոշումը վերացնել:
3. ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Մ. Սարգսյանի կողմից Ռաշիդ Աշոտի Խաչատրյանին ՌԴ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար Ռուսաստանի Դաշնությանը հանձնելու մասին 2007 թ. օգոստոսի 24-ի որոշումը թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Տ. Սահակյան |
Դատավորներ՝ |
Դ. Ավետիսյան |
Հ. Ասատրյան | |
Մ. Սիմոնյան |