Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության հիմնական ուղղությունների մասին 2000 թվականի հունվարի 25-ի Համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին
Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության հիմնական ուղղությունների մասին 2000 թվականի հունվարի 25-ի Համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները
ԱՊՀ մասնակից պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության ազգային համակարգերի հետագա զարգացման, գործունեության համակարգման բարելավման նպատակով
համաձայնեցին ներքոգրյալի մասին.
Հոդված 1
Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության հիմնական ուղղությունների մասին 2000 թվականի հունվարի 25-ի Համաձայնագրի 6-րդ հոդվածում կատարել փոփոխություն, շարադրելով հետևյալ խմբագրությամբ`
«Սույն Համաձայնագիրը իրականացնում են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների համապատասխան ազգային մարմինները` իրենց պետությունների ազգային օրենսդրությամբ վերապահված իրավասությունների սահմաններում:
Սույն Համաձայնագրի իրականացման մասով համատեղ գործունեության համակարգման նպատակով Կողմերը ստեղծում են սպառողների իրավունքների պաշտպանության ԱՊՀ մասնակից պետությունների Խորհրդատվական խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):
Խորհրդի կարգավիճակը և նրա խնդիրները սահմանվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող` ԱՊՀ մասնակից պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության Խորհրդատվական խորհրդի վերաբերյալ որոշմամբ (կցվում է):
Խորհուրդը, սույն համաձայնագրի իրականացման ընթացքում, համագործակցում է սպառողների հասարակական կազմակերպությունների հետ:
Սպառողների հասարակական միավորումները` իրենց կանոնադրություններին և իրենց պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան, կարող են մասնակցել սույն Համաձայնագրի իրականացմանը»:
Հոդված 2
Սույն Արձանագրությունը ուժի մեջ է մտնում ստորագրող Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցագրի` ավանդապահի ստացման օրվանից: Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարող Կողմերի համար սույն Արձանագրությունը ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցագրի` ավանդապահի ստացման օրվանից:
Կատարվել է Մինսկ քաղաքում 2011 թվականի մայիսի 19-ին` ռուսերենով մեկ բնագրով: Բնագիրը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:
Հավելված
2000 թվականի հունվարի 25-ի
սպառողների իրավունքների
պաշտպանության ոլորտում
Անկախ Պետությունների Համագործակցության
մասնակից պետությունների համագործակցության
հիմնական ուղղությունների մասին համաձայնագրի
Կ Ա Ր Գ
ԱՊՀ մասնակից պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի մասին
1. Ընդհանուր դրույթներ
1.1. ԱՊՀ մասնակից պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) հանդիսանում է 2000 թվականի հունվարի 25-ի սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության հիմնական ուղղությունների մասին համաձայնագրի կատարման նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների պետական կառավարման մարմինների համագործակցության համակարգման համար ստեղծված ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին:
1.2. Իր գործունեության մեջ Խորհուրդը ղեկավարվում է Անկախ պետությունների Համագործակցության կանոնադրությամբ, Անկախ պետությունների Համագործակցության շրջանակներում ընդունված պայմանագրերով և որոշումներով և սույն կարգով:
2. Խորհրդի խնդիրները և գործունեության հիմնական ուղղությունները
2.1. Խորհրդի խնդիրներն են հանդիսանում.
համագործակցության զարգացմանը և խորացմանը, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետություններում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում արդյունավետ քաղաքականության ձևավորմանը նպաստում,
ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների համար հավասար իրավունքների ձևավորմանը, նրանց սպառողական իրավունքների և շահերի պաշտպանության համար թափանցիկ պայմանների ստեղծմանը նպաստում,
ապրանքների և ծառայությունների որակի և անվտանգության մասով ԱՊՀ մասնակից պետությունների օրենսդրության պահանջները խախտող տնտեսավարող սուբյեկտների անբարեխիղճ գործունեությունը կանխելու նպատակով սպառողական շուկայում վերահսկողության արդյունավետ համակարգի ստեղծմանը նպաստում,
ԱՊՀ շրջանակներում նշված ուղղությամբ համատեղ աշխատանքի մեխանիզմների հետագա զարգացման համար պայմանների ստեղծում:
2.2. Խորհրդի գործունեության հիմնական ուղղություններ են հանդիսանում.
Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համաձայնեցված քաղաքականության վարման սկզբունքների և կարգերի մշակում, դրա գործնական իրականացմանը նպաստում,
ԱՊՀ մասնակից պետությունների պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների միջև տեղեկատվության փոխանակման արդյունավետ համակարգի ստեղծում, այդ թվում` ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների համապատասխան իրավունքների ապահովման ազգային փորձի, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության հարցերում համաշխարհային փորձի վերաբերյալ,
գործունեության հիմնական ուղղությունների մասով համատեղ նախագծերի և միջոցառումների մշակում և իրականացում,
ԱՊՀ մասնակից պետությունների օրենսդրության համապատասխանեցմանը և իրավունքների կիրառման փորձի փոխանակմանը նպաստում:
3. Խորհրդի գործառույթներն ու իրավունքները
3.1. Խորհրդի հիմնական գործառույթները.
ԱՊՀ մասնակից պետություններում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգի գործառույթների արդյունավետ իրականացման համար ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործունեության գերակա ուղղությունների որոշում,
ԱՊՀ մասնակից պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության օրենսդրության և դրա կիրարկման պրակտիկայի, տնտեսության բոլոր ոլորտներում առաջացող սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման խնդիրների վերլուծություն, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում գերակա խնդիրների և փոխգործունեության հեռանկարային ձևերի իրագործման ուղղությամբ գործնական միջոցառումների մշակում,
իրականացված վերլուծության հիման վրա Խորհրդի խնդիրների լուծման ուղղությամբ առաջարկությունների նախապատրաստում,
ինչպես ազգային, այնպես էլ միջպետական մակարդակով «արտադրող-սպառող» հարաբերությունների կազմակերպման և ձևավորման նկատմամբ ընդհանուր մոտեցումների սահմանում,
սպառողների իրավունքների պաշտպանության հարցերին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և միջազգային պայմանագրերի նախագծերի վերլուծություն,
սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային պայմանագրերի նախագծերի մշակման մեջ մասնակցություն,
ԱՊՀ մասնակից պետությունների կողմից համակարգված սպառողական քաղաքականության իրականացման ուղղությամբ առաջարկությունների նախապատրաստում և ներդրում,
ԱՊՀ մասնակից պետություններում սպառողների իրավունքների պաշտպանության իրավիճակի վերլուծություն:
3.2. Խորհուրդն իր գործառույթների իրականացման համար իրավունք ունի.
ԱՊՀ մասնակից պետությունների պետական իշխանության համապատասխան մարմիններից, հասարակական միավորումներից պահանջել սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված տեղեկատվություն,
իր իրավասությունների սահմաններում ընդունել որոշումներ և հանձնարարականներ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության, սպառողների իրավունքների պաշտպանության համակարգի կազմակերպման և գործունեության նկատմամբ ընդհանուր մոտեցումների ձևավորման հարցերի վերաբերյալ,
սահմանված կարգով ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի քննարկմանը ներկայացնել Խորհրդի իրավասություններին դասված գործունեության ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ,
իր գործառույթների իրականացման համար ձևավորել Խորհրդի մշտական և ժամանակավոր աշխատանքային խմբեր, նշանակել դրանց ղեկավարներին և իրականացնել նրանց գործունեության ընդհանուր ղեկավարում,
մշակել և հաստատել իր աշխատանքի Աշխատակարգը,
կազմակերպել և անցկացնել սպառողների իրավունքների պաշտպանության խնդիրների վերաբերյալ խորհրդաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ,
նպաստել սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի որակավորված կադրերի պատրաստմանը և վերապատրաստմանը,
համագործակցել ԱՊՀ ճյուղային համագործակցության այլ մարմինների հետ, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների օրենսդիր և այլ մարմինների և կազմակերպությունների հետ:
4. Խորհրդի կազմը և կառուցվածքը
4.1. Խորհուրդը ձևավորվում է ԱՊՀ մասնակից պետությունների` գործունեության տվյալ ուղղության համար պատասխանատու, պետական իշխանության համապատասխան մարմինների ղեկավարներից: Ընդ որում` յուրաքանչյուր պետություն ունի մեկ ձայն: Խորհրդի նիստին Խորհրդի անդամներին փոխարինող անձանց գործուղման ժամանակ դրանց իրավասությունները պետք է հաստատված լինեն ուղարկող կողմի կողմից:
4.2. Խորհրդակցական ձայնի իրավունքով Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել սպառողների հասարակական միավորումների ներկայացուցիչները (ԱՊՀ մասնակից պետությունների պետական իշխանության համապատասխան մարմինների կողմից ներկայացվելով) և ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչը:
5. Խորհրդի աշխատանքների կազմակերպումը
5.1. Խորհրդում նախագահությունը իրականացվում է Համաձայնագրի մասնակից պետությունների կողմից հերթականությամբ` ի դեմս նրա ներկայացուցչի, ԱՊՀ մասնակից պետությունների անվանումների ռուսական այբբենական կարգով, ոչ ավելի` քան մեկ տարի ժամկետով, եթե Խորհրդի որոշմամբ այլ բան չի սահմանվում:
Խորհրդի նախագահը`
կազմակերպում է խորհրդի աշխատանքը,
վարում է Խորհրդի նիստը և ստորագրում է Խորհրդի կողմից ընդունված փաստաթղթերը,
ներկայացնում է Խորհուրդը ԱՊՀ մասնակից պետությունների պետական իշխանության մարմինների և ԱՊՀ ճյուղային մարմինների համագործակցության փոխհարաբերություններում:
Խորհրդի նախորդ և հաջորդ նախագահները հանդիսանում են դրա համանախագահներ: Խորհրդի նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում նրա պարտականությունները դրվում են համանախագահներից մեկի վրա:
5.2. Խորհրդի կազմակերպական-տեխնիկական և տեղեկատվական գործունեության ապահովումը իրականացվում է Խորհրդի քարտուղարության կողմից: Խորհրդի քարտուղարության գործառույթները կատարում է ԱՊՀ մասնակից պետությունների պետական իշխանության մարմինը, որի ղեկավարը նախագահում է խորհրդում:
Խորհրդի քարտուղարության ղեկավարը հանդիսանում է Խորհրդում նախագահող պետության պետական իշխանության մարմնի ներկայացուցիչը, իսկ քարտուղարության ղեկավարի տեղակալը` ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը:
ԱՊՀ մասնակից պետությունները անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում Խորհրդին և Խորհրդի քարտուղարությանը իրենց գործառույթների իրականացման մեջ:
5.3. Խորհրդի աշխատանքի կանոնակարգը հաստատվում է Խորհրդի նիստում:
5.4. Խորհրդի նիստերը անց են կացվում ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:
5.5. Խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել Խորհրդի մասնակից պետությունների ներկայացուցիչներից մեկի կամ մի քանիսի նախաձեռնությամբ` Խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի համաձայնությամբ:
5.6. Խորհրդի նիստը իրավասու է, եթե դրան ներկա են նրա անդամների կեսից ավելին:
5.7. Խորհրդի նիստին դիտորդի և փորձագետի կարգավիճակով կարող են հրավիրվել ԱՊՀ ճյուղային համագործակցության շահագրգիռ մարմինների, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական միավորումների, զանգվածային տեղեկատվության միջոցների ներկայացուցիչները:
5.8. Խորհրդի հերթական նիստի ժամանակը, տեղը և օրակարգը որոշվում է նրա նախորդ նիստի ժամանակ:
Խորհրդի հերթական նիստի օրակարգը կարող է ճշտվել նշված նիստի նախապատրաստման ժամանակ՝ հաշվի առնելով Խորհրդի անդամների առաջարկությունները:
Խորհրդի արտահերթ նիստի անցկացման թվականը և օրակարգը որոշվում է Խորհրդի նախագահի կողմից՝ նման նիստի անցկացումը նախաձեռնող Խորհրդի անդամների առաջարկություններին համապատասխան:
5.9. Խորհրդի նիստի օրակարգը ուղարկվում է նիստի մասնակիցներին ոչ ուշ, քան նիստի սկսման օրվանից 30 օր առաջ:
5.10. Խորհուրդն ընդունում է որոշումներ, որոնք կրում են խորհրդատվական բնույթ:
5.11. Խորհրդի որոշումները՝ նրա կողմից մշակված փաստաթղթերի նախագծերի և ընթացակարգային հարցերի վերաբերյալ ընդունվում են ձայների պարզ առավելությամբ:
Խորհրդի ցանկացած անդամ իրավասու է հայտարարել քննարկվող հարցի վերաբերյալ իր պետության շահագրգռված չլինելու մասին, ինչը խոչընդոտ չի հանդիսանում նման հարցի շուրջ որոշման ընդունման համար:
5.12. Խորհրդի նիստի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որը ստորագրվում է Խորհրդի նախագահի կողմից:
5.13. Նիստերի արձանագրությունների և այլ փաստաթղթերի բնօրինակները պահվում են ԱՊՀ գործադիր կոմիտեում:
5.14. Խորհուրդը ԱՊՀ գործադիր կոմիտեին ամեն տարի ներկայացնում է իր գործունեության և հերթական տարում նախատեսվող միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն:
6. Եզրափակիչ դրույթներ
6.1. Խորհրդի նիստերի անցկացման ֆինանսավորման հետ կապված ծախսերը կատարվում են ԱՊՀ մասնակից ընդունող պետության համապատասխան պետական իշխանության մարմինների հաշվին:
6.2. Խորհրդի անդամների, լիազորված ներկայացուցիչների, ինչպես նաև նիստի մասնակիցների գործուղման ծախսերը կատարվում են ԱՊՀ մասնակից պետությունների պետական իշխանության ուղարկող մարմինների և կազմակերպությունների կողմից:
6.3. Խորհրդի աշխատանքային լեզուն ռուսերենն է:
Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2012 թ. մարտի 12-ին