ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1064 (ՏԴ) |
Քաղաքացիական գործ թիվ Տ-1227/2007 թ.
Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ՝ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ՝ |
Ա. Մկրտումյանի Ս. Գյուրջյանի |
2007 թվականի օգոստոսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Պատմոս» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան` Կարինե Ավանեսյանի միջոցով բերված վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Դատարան)՝ 08.02.2007 թվականի Տ-1227 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ՝ ըստ Ընկերության դիմումի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ Ծառայության 15.12.2006 թվականի թիվ 1106147 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 2006 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1106147 ստուգման ակտը:
ՀՀ տնտեսական դատարանի 2007 թվականի փետրվարի 8-ի վճռով Ընկերության դիմումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը՝ Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Կարինե Ավանեսյանի միջոցով:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, կիրառել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին կետը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Ընկերությունը օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՀՊԾ Էրեբունու հարկային տեսչությունում գրանցել է առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքում (այսուհետ՝ առաքումների գրանցման գիրք), իր ողջ գործունեության ընթացքում կատարել է օրենքով սահմանված գրառումները և ստուգումների ընթացքում ներկայացրել է այն պատասխանողին, որպիսի հանգամանքը որևէ փաստաթղթում չի արձանագրվել, և այդ մասով վարչական պատասխանատվությունը չի կարող օրինական համարվել:
Համաձայն ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքի գրանցման (հաշվառման) կարգի» (այսուհետ՝ Կարգ) 2-րդ կետի Ընկերության կողմից գրանցման ենթակա են պահեստից վաճառքի կետ կամ իրացման այլ վայր տեղափոխվող կամ առաքվող արտադրանքը (ապրանքները), իսկ չգրանցված ապրանքատեսակները, որի համար դիմողը ենթարկվել է վարչական պատասխանատվության, չեն կարող համարվել առաքվող կամ տեղափոխվող արտադրանք:
Ընկերության կողմից թվով ութ հաշիվ-ապրանքագրերով ձեռք են բերվել 12 մետր երկարությամբ ամրաններ և թաց բետոնե շաղախ: Դրանք վաճառող կետից տեղափոխվել են շինհրապարակ, որովհետև դիմողի՝ Երևանի Լիսինյան 13ա հասցեի պահեստ անվանվող տարածքը ունի ընդամենը 9.5 մետր երկարություն և ամրանները տեխնիկական պատճառներով չէին կարող տեղափոխվել պահեստ: Այդ իսկ պատճառով էլ դրանք տեղափոխվել են շինարարական հրապարակ, հետևաբար, չէին կարող գրանցվել առաքումների գրանցման գրքում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի՝ 08.02.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ծառայության պետի 04.12.2006 թվականի թիվ 1106147 հանձնարարագրի հիման վրա հանձնարարվել է Ընկերությունում կատարել ձեռնարկատիրական գործունեության առարկաների (առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների) գրանցման ճշտության ստուգում:
2) Ստուգման արդյունքում 15.12.2006 թվականին կազմվել է թիվ 1106147 ստուգման ակտը: Ստուգման ակտով արձանագրվել է, որ ընկերության կողմից խախտվել են ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման կարգի» 5-րդ և 15-րդ կետերի պահանջները: Մասնավորապես, ընկերությունը 2006 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին թվով ութ հաշիվ-ապրանքագրերով իր պահեստային տարածքից՝ Երևան, Լիսինյան 13ա հասցեից ապրանքներ է տեղափոխել Երևան, Փափազյան Էմին 92ա և 92բ հասցեներում կատարվող շինարարության համար, ընդամենը 1.440 հազար դրամ ընդհանուր գումարով չունենալով առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման գիրք: Արդյունքում Ընկերությանն առաջադրվել է 360.5 հազար դրամի հարկային պարտավորություն:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը իր նախկինում կայացված որոշմամբ անդրադարձել է ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշման դրույթներին, արձանագրելով, որ նույն որոշման համաձայն՝ առաքումների գրանցման գրքում ենթակա չեն գրանցման տեղափոխողի համար ոչ պատրաստի արտադրանք հանդիսացող գույքը, որը ենթարկվում է ներտնտեսական տեղափոխման (տե'ս «Ռիարմ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ ԿԱ ՀՊԾ Արաբկիրի հարկային տեսչության Վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 3-473 ՏԴ որոշումը):
Սույն քաղաքացիական գործով նույնպես Ընկերությունը իրականացրել է իր համար ոչ պատրաստի արտադրանք հանդիսացող ապրանքի (հումքի) ներտնտեսական տեղափոխություն՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար, մինչդեռ դատարանը պատշաճ չի գնահատել նշված հանգամանքները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու, այսինքն՝ առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքը, ապրանքները, ինչպես նաև կատարվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները (այսուհետ՝ մինչև հոդվածի վերջը՝ ձեռնարկատիրական գործունեության առարկաներ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելու դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք՝ ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 25 տոկոսի չափով, այդ թվում՝ վաճառված (իրացված) մասի համար:
Վերը նշված հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոք բերած անձի փաստարկն այն մասին, որ Դատարանը չպետք է կիրառեր «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին կետը, քանի որ Ընկերությունը տեղափոխել է գրանցման ոչ ենթակա արտադրանք, հետևաբար, վերջինս չի կարող պատասխանատվության ենթարկվել այն չգրանցելու համար:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. «Պատմոս» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 08.02.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Հ. Մանուկյան |
Դատավորներ՝ |
Ա. Մկրտումյան |