ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ Տ-1047/2007 թ. |
Քաղաքացիական գործ թիվ 3-1150 (ՏԴ) |
Նախագահող դատավոր՝ Ա. Ղազարյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ՝ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ՝ |
Ա. Մկրտումյանի Ս. Գյուրջյանի |
2007 թվականի օգոստոսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Ազատ Շահբազյանի միջոցով Գայանե Ադյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 2007 թվականի հունվարի 18-ի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Շահումյանի հարկային տեսչության (այսուհետ` Հարկային տեսչություն) ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գայանե Ադյանի՝ 4.955.100 (չորս միլիոն ինը հարյուր հիսունհինգ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Հարկային տեսչությունը պահանջել է բռնագանձել Գայանե Ադյանից 4.955.100 (չորս միլիոն ինը հարյուր հիսունհինգ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ` այդ թվում՝ եկամտահարկի գծով՝ 4.474.200 (չորս միլիոն չորս հարյուր յոթանասունչորս հազար երկու հարյուր) ՀՀ դրամ, պարտադիր սոցիալական ապահովության վճարի գծով՝ 309.100 (երեք հարյուր ինը հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ:
ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 2007 թվականի հունվարի 18-ի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է Գայանե Ադյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը և 132-րդ հոդվածի առաջին մասը, ինչի արդյունքում կիրառել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ, 23-րդ և 30-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառվեին, չի կիրառել նույն օրենքի 17-րդ և 30.1-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը չի տվել վճռի փաստական և իրավական հիմնավորումները, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, որի արդյունքում անտեսել է այն հանգամանքը, որ Գայանե Ադյանի կողմից հարկային օրենսդրության խախտումները կատարվել են 2000-2001 թվականների ընթացքում, իսկ Հարկային տեսչության կողմից այդ գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել 2006 թվականին:
Բացի այդ, Գայանե Ադյանի եկամտահարկի գծով պարտքը 28.11.2006 թվականի դրությամբ կազմել է 4.474.200 (չորս միլիոն չորս հարյուր յոթանասունչորս հազար երկու հարյուր) ՀՀ դրամ, որից ապառք՝ 2.811.500 (երկու միլիոն ութ հարյուր տասնմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ, տուգանք՝ 496.300 (չորս հարյուր իննսունվեց հազար երեք հարյուր) ՀՀ դրամ և տույժ՝ 1.166.400 (մեկ միլիոն մեկ հարյուր վաթսունվեց հազար չորս հարյուր) ՀՀ դրամ: Նշված գումարից 25.10.2001 թվականի թիվ ՍԱ-001481 ստուգման ակտով եկամտահարկի գծով հայտնաբերված լրացուցիչ հարկային պարտավորությունները կազմել են՝ ապառք 827.000 (ութ հարյուր քսանյոթ հազար) ՀՀ դրամ, տուգանք՝ 496.300 (չորս հարյուր իննսունվեց հազար երեք հարյուր) ՀՀ դրամ, տույժ՝ 223.300 (երկու հարյուր քսաներեք հազար երեք հարյուր) ՀՀ դրամ:
Այսինքն` 2.811.500 (երկու միլիոն ութ հարյուր տասնմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ ապառքից 1.894.500 (մեկ միլիոն ութ հարյուր իննսունչորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամը (2.811.500-827.000-90.000), ինչպես նաև 1.166.400 (մեկ միլիոն մեկ հարյուր վաթսունվեց հազար չորս հարյուր) ՀՀ դրամ տույժից 901.100 (ինը հարյուր մեկ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամը (1.166.400-9.500-16.400-223.300) առաջացել են 2000 և 2001 թվականների ընթացքում, և դրանք հայտնաբերվել են խախտումը կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո (2006 թվականի նոյեմբերի 28-ին):
Հետևաբար, Հարկային տեսչությունը հարկերի հաշվարկման և վճարման կարգի նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացրել` դրանով իսկ խախտելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 2007 թվականի հունվարի 18-ի վճիռը՝ եկամտահարկի գծով 1.894.500 (մեկ միլիոն ութ հարյուր իննսունչորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ ապառքի, ինչպես նաև 901.100 (ինը հարյուր մեկ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ տույժի բռնագանձման մասով և գործն այդ մասով ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 01.03.2001 թվականին Գայանե Ադյանը Հարկային տեսչությանը ներկայացրել է ֆիզիկական անձի ստացած եկամուտների 2000 թվականի հայտարարագիր, որի համաձայն՝ այդ տարվա համար վճարման ենթակա եկամտահարկի գումարը կազմել է 3.170.500 (երեք միլիոն մեկ հարյուր յոթանասուն հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
2) 2000 թվականի եկամտահարկի գծով վճարման ենթակա հարկի գումարի՝ 3.170.500 (երեք միլիոն մեկ հարյուր յոթանասուն հազար հինգ հարյուր) ՀՀ դրամի չվճարման համար 02.05.2001 թվականից մինչև 11.06.2001 թվականը հաշվարկվել է 190.200 (մեկ հարյուր իննսուն հազար երկու հարյուր) ՀՀ դրամի չափով տույժ:
3) Հարկային տեսչության կողմից ներկայացված՝ Գայանե Ադյանից բռնագանձման ենթակա գումարի հաշվարկման տեղեկանքում առանձին տողով նշվել են՝ 2000 թվականի եկամտահարկի գծով վճարման ենթակա հարկի գումար՝ 3.170.500 (երեք միլիոն մեկ հարյուր յոթանասուն հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ, Հարկային տեսչության 25.10.2001 թվականի ստուգման ակտով առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորություն, որից պակաս ցույց տրված և վճարման ենթակա եկամտահարկի գումար՝ 827.000 (ութ հարյուր քսանյոթ հազար) ՀՀ դրամ, տուգանք՝ 496.300 (չորս հարյուր իննսունվեց հազար երեք հարյուր) ՀՀ դրամ, տույժ՝ 223.300 (երկու հարյուր քսաներեք հազար երեք հարյուր) ՀՀ դրամ, 2003, 2004 և 2005 թվականների համար նվազագույն եկամտահարկի գումար՝ 90.000 (իննսուն հազար) ՀՀ դրամ:
Գայանե Ադյանի եկամտահարկի գծով պարտքը 28.11.2006 թվականի դրությամբ կազմել է 4.474.200 (չորս միլիոն չորս հարյուր յոթանասունչորս հազար երկու հարյուր) ՀՀ դրամ, որից ապառք՝ 2.811.500 (երկու միլիոն ութ հարյուր տասնմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ, տուգանք՝ 496.300 (չորս հարյուր իննսունվեց հազար երեք հարյուր) ՀՀ դրամ և տույժ՝ 1.166.400 (մեկ միլիոն մեկ հարյուր վաթսունվեց հազար չորս հարյուր) ՀՀ դրամ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 301-րդ հոդվածի համաձայն՝ հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ հարկատուի մոտ հարկային պարտավորություններ չեն առաջանում, եթե վերջինիս կողմից թույլ տրված հարկային օրենսդրության խախտումը դրան հաջորդող երեք տարիների ընթացքում հարկային մարմնի կողմից չի հայտնաբերվում:
Հետևաբար, անհիմն է բողոք բերած անձի պատճառաբանություններն այն մասին, որ իր կողմից 2000 թվականի համար հաշվարկված հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, քանի որ Հարկային տեսչությունը դատարան է դիմել միայն 2006 թվականին:
Անհիմն է նաև բողոք բերած անձի պատճառաբանությունն այն մասին, որ 1.894.500 (մեկ միլիոն ութ հարյուր իննսունչորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ պարտավորությունները Հարկային տեսչության կողմից հայտնաբերվել են 2006 թվականին՝ Գայանե Ադյանից բռնագանձման ենթակա գումարի հաշվարկով հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն քաղաքացիական գործով ֆիզիկական անձի ստացած եկամուտների 2000 թվականի հայտարարագիրը Գայանե Ադյանի կողմից ներկայացվել է 01.03.2001 թվականին, որով 2000 թվականի համար վճարման ենթակա եկամտահարկի գումարը կազմել է 3.170.500 (երեք միլիոն մեկ հարյուր յոթանասուն հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ հարկատուն պարտավոր է եկամտահարկի գումարը վճարել պետական բյուջե մինչև տվյալ հարկային տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը:
Այսինքն` սույն քաղաքացիական գործով 2000 թվականի համար հաշվարկված եկամտահարկի գումարի վճարման պարտավորությունը Գայանե Ադյանի կողմից խախտվել է 2001 թվականի մայիսի 2-ին:
Հարկային տեսչության կողմից ներկայացված՝ Գայանե Ադյանից բռնագանձման ենթակա գումարի հաշվարկման տեղեկանքի համաձայն՝ 2000 թվականի եկամտահարկի գծով վճարման ենթակա հարկի գումարի՝ 3.170.500 (երեք միլիոն մեկ հարյուր յոթանասուն հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ չվճարման համար 2001 թվականի մայիսի 2-ից մինչև նույն թվականի հունիսի 11-ը հաշվարկվել է տույժ: Այսինքն` վերոնշյալ տույժի հաշվարկը Վճռաբեկ դատարանը դիտում է որպես բավարար հիմք արձանագրելու համար, որ Գայանե Ադյանի կողմից թույլ տրված խախտումը Հարկային տեսչության կողմից հայտնաբերվել է դեռևս խախտման առաջին օրը՝ 2001 թվականի մայիսի 2-ին:
Հետևաբար, անհիմն է նաև «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկը, քանի որ Հարկային տեսչությունը, հայտնաբերելով Գ.Ադյանի կողմից թույլ տրված վերոնշյալ խախտումը և դրա հիման վրա հաշվարկելով տույժ, պատշաճ կերպով իրականացրել է հարկերի հաշվարկման և վճարման կարգի նկատմամբ հսկողություն իրականացնելու` օրենքով նախատեսված պարտավորությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ տնտեսական դատարանի 2007 թվականի հունվարի 18-ի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Հ. Մանուկյան |
Դատավորներ՝ |
Ա. Մկրտումյան Ս. Սարգսյան |