Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.08.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.10.03/49(573)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.08.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության

տնտեսական դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 3-1210(ՏԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան
Քաղաքացիական գործ թիվ Տ-1536

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի օգոստոսի 1-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) ներկայացուցչի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ դատարան) 02.05.2007 թվականի թիվ Տ-1536 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ «Պրոմ Տեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) դիմումի ընդդեմ Ծառայության՝ թիվ 1012470 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության՝ 2006 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 1012470 ստուգման ակտը:

ՀՀ տնտեսական դատարանի 02.05.2007 թվականի թիվ Տ-1536 քաղաքացիական գործով կայացված վճռով դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել ընկերության տնօրեն Ա. Բաբայանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 1-ին մասի, 9-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 26.02.2004 թվականի «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի, Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային և մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» թիվ 256-Ն որշման (այսուհետ՝ Կարգ) 7-րդ կետի «բ» ենթակետի պահանջները, ինչպես նաև սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» Համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 3-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Շահութահարկով հարկվում է հարկվող շահույթը, որը որոշվում է կազմակերպության ամբողջ գործունեությունից: Շահութահարկի գծով արտոնությունները վերաբերում են գործունեության տեսակներին, այլ ոչ թե գործարքներին, որը բնորոշ է, մասնավորապես անուղղակի հարկերին:

Համաձայնագրի 3-րդ հոդվածով սահմանված արտոնությունները վերաբերում են ծրագրի շրջանակներում իրականացվող կոնկրետ գործարքներից առաջացող (մատակարարում, ներմուծում, ծառայությունների մատուցում) հարկերին, տուրքերին և պարտադիր այլ վճարումներին:

Իսկ Կարգի 7-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ Համաձայնագրով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին ՀՀ ռեզիդենտների ստացած եկամուտները ներառվում են նրանց համախառն եկամտի կազմում, և դրանց մասով շահութահարկի պարտավորությունները որոշվում են «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է դիմումի բավարարման մասով բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 02.05.2007 թվականի թիվ Տ-1536 քաղաքացիական գործով կայացված վճիռը:

 

2.1.Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

 

Ընկերության կողմից խստիվ պահպանվել է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ հոդվածների կիրառման կարգը, հակառակ դեպքում տվյալ հոդվածների խախտման փաստը կարձանագրվեր ստուգման ակտում: Առհասարակ հաշվապահական հաշվառում այլ կերպ հնարավոր չէ վարել, քանի որ Ընկերությունը չի հարկում իր որևէ գործարքը, այլ հաշվառում է իր ամբողջ համախառն եկամուտը, որից էլ կատարվում են օրենքով սահմանված համապատասխան նվազեցումները:

ՀՀ կառավարության 26.02.2004 թվականի թիվ 256-Ն որոշումը չէր կարող սահմանափակել կամ փոփոխել Համաձայնագրով նախատեսված դրույթը, քանի որ վերջինս գերակայում է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 21.11.2003 թվականին կնքվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» Համաձայնագիր:

2) 14.10.2004 թվականին Ընկերության և ՀՀ առողջապահության նախարարության միջև վերոհիշյալ Համաձայնագրի շրջանակներում կնքվել է մատակարարման պայմանագիր, որով Ընկերությունը ՀՀ առողջապահության նախարարությանը մատակարարել է 111 006 եվրո ընդհանուր արժողությամբ բժշկական սարքավորումներ:

3) Ծառայության պետի 14.06.06 թվականի թիվ 1012470 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում անցկացված ստուգման արդյունքներով 28.12.2006 թվականին կազմվել է թիվ 1012470 ստուգման ակտը, որի 1-ին կետով արձանագրվել է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում, ինչի արդյունքում ընկերությանն առաջադրվել է 11.269.500 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի այն հանգամանքի պարզումը, թե Համաձայնագրի 3-րդ հոդվածով սահմանված նորմը ազատում է արդյոք Համաձայնագրով սահմանված ծրագրերն իրականացնող կազմակերպության հետ մատակարարման պայմանագիր կնքած անձանց տվյալ պայմանագրով ստացված եկամուտներից շահութահարկ վճարելու պարտականությունից, թե ոչ:

ՀՀ միջազգային պայմանագրերի դրույթները մեկնաբանելու կանոնները սահմանված են տվյալ իրավահարաբերության ժամանակ գործող (Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև Համաձայնագիրը կնքվել է 21.11.2003 թվականին) «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն որի՝ եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա դրա պայմանները մեկնաբանվում են՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում դա սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով:

Եթե վերոհիշյալ կետով նախատեսված կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը՝ հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները՝ ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, կողմերի հետագա վարքը:

Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն՝ նույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին պարբերության 1-ին և 2-րդ կետերում նշված գումարների հաշվին ֆինանսավորվող ապրանքների մատակարարումը, ներմուծումը և ծառայությունների մատուցումը ազատվում են բոլոր հարկերից, տուրքերից և պարտադիր այլ վճարումներից:

Այսպես, Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին պարբերության 2-րդ ենթակետի համաձայն՝ «Տուբերկուլոզի դեմ պայքարի միջտարածաշրջանային ծրագիր» և «Աջակցություն տուբերկուլոզով հիվանդների համար բանտային հիվանդանոցի վերակառուցմանը» ծրագրերի նպատակն է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հանձնարարված՝ ԴՈՏՍ (DOTS) (բուժման կարճատև կուրս անմիջական հսկողության ներքո) ռազմավարությանը համապատասխան՝ տուբերկուլոզի տարբեր ձևերի ախտորոշման և բուժման բարելավման, ինչպես նաև տուբերկուլոզով հիվանդ կալանավորների բժշկական սպասարկմանն օժանդակելու միջոցով նպաստել տարածաշրջանում տուբերկուլոզի շղթայի ընդհատմանը:

Համաձայնագրի 3-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ հարկումից ազատվում են միայն Համաձայնագրով նախատեսված ծրագրերի շրջանակներում ՀՀ տարածքում գործող իրավաբանական և ֆիզիկական անձինք ՀՀ տարածք ապրանքների ներմուծման, ՀՀ-ում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դեպքում ծրագիր իրականացնող կազմակերպության հետ կնքվող այն պայմանագրերից առաջացող հարկերից, որոնք կապված են տվյալ ծրագրի իրականացման հետ և անհրաժեշտ են դրա իրականացման համար:

Միջազգային պայմանագրի դրույթները մեկնաբանելիս, «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն, հաշվի է առնվում նաև կողմերի հետագա վարքը: Այսպես, ՀՀ կառավարության 26.02.2004 թվականի «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի, Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային և մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» որոշման (այսուհետ՝ Կարգ) 7-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ Համաձայնագրով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների ստացած եկամուտները ներառվում են նրանց համախառն եկամտի կազմում, և դրանց մասով շահութահարկի պարտավորությունները որոշվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Տվյալ դեպքում, Համաձայնագրի կնքումից հետո ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշման վերոհիշյալ դրույթը համադրելով Համաձայնագրի 3-րդ հոդվածի բովանդակության և ողջ Համաձայնագրի նպատակի հետ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Համաձայնագրում ձևակերպած «ապրանքների մատակարարումը, ներմուծումը և ծառայությունների մատուցումը ազատվում են բոլոր հարկերից, տուրքերից և պարտադիր այլ վճարումներից» ձևակերպումը չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ ռեզիդենտների ստացած եկամտից շահութահարկ վճարելու պարտավորությունից ազատող դրույթ, ինչի արդյունքում ստացված եկամուտների նկատմամբ տարածվում է ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված հարկման ընդհանուր կարգը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի պատճառաբանությունները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն, ՀՀ տնտեսական դատարանի վճիռը բեկանելու հիմք են:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 02.05.2007 թվականի թիվ Տ-1536 քաղաքացիական գործով կայացված վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

 

Է. Հայրիյան

 

Ս. Սարգսյան