«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 սեպտեմբերի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 2007 թվականի N 976-Ա
«ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԳՈՒՅՔ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Սպասարկում և մատակարարում» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող 1359.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 474896 դրամ հաշվեկշռային արժեքով շինությունով (գտնվելու վայրը` Երևանի Նոր Նորք համայնքի Գյուրջյան 6 հասցեում գտնվող ծննդատան անմիջական հարևանությամբ) և գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 3196,4 քառ. մետր ընդհանուր մակերեսով հողատարածքով (այսուհետ` գույք) վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված, պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերը մարելուց հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքը ներդնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում:
5. Երևանի քաղաքապետին`
1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.
2) ապահովել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով ավելացման գործընթացի իրականացումը` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|