Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.07.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.07.25/37(561)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
06.07.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական գործերով
վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 3-141 (ՎԴ)
2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 06-1425
Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան

դատավորներ՝

Ա. Բարսեղյան

Ռ. Սարգսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

Ս. Անտոնյանի

Վ. Աբելյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի հուլիսի 6-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Կարինե Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի մայիսի 12-ի թիվ 06-1425 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ՝ ըստ Զարեհ Երիցյանի (այսուհետ նաև` հայցվոր) հայցի ընդդեմ Կարինե Հարությունյանի (այսուհետ նաև` պատասխանող), Նոր Նորքի թաղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման` 01.09.1993 թվականի «Հրատարակիչ» ԲՇԿ-ի և 23.12.1993 թվականի Խորհրդային շրջգործկոմի թիվ 27/24 որոշումները, Ազատության նրբանցքի 2-րդ շենքի թիվ 58 բնակարանի վերաբերյալ Կարինե Հարությունյանին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու, ժառանգության ընդունման փաստը հաստատելու և բնակարանի սեփականատեր ճանաչելու պահանջների մասին,


Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է հաստատել Վարդանուշ Երիցյանի կողմից մինչև նրա մահը Երևանի Ազատության նրբանցքի 2-րդ շենքի թիվ 58 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքով տիրապետման փաստը, Զարեհ Երիցյանին ճանաչել Վ. Երիցյանի ժառանգությունն ընդունած ժառանգ, անվավեր ճանաչել պատասխանողին նշված բնակարանի փայատեր ճանաչելու վերաբերյալ «Հրատարակիչ» ԲՇԿ-ի և Խորհրդային շրջգործկոմի որոշումները, պատասխանողի անվամբ տրված սեփականության իրավունքի վկայականը, ինչպես նաև ճանաչել նշված բնակարանի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 13.09.2004 թվականի թիվ 2-4431 վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 01.11.2004 թվականի թիվ 04-2916 վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 20.01.2005 թվականի թիվ 3-103 որոշմամբ վերաքննիչ դատարանի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 22.03.2005 թվականի թիվ 05-759 վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 05.05.2005 թվականի թիվ 3-1009 որոշմամբ վերաքննիչ դատարանի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.09.2005 թվականի թիվ 05-1993 վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 27.01.2006 թվականի թիվ 3-2 որոշմամբ վերաքննիչ դատարանի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 12.05.2006 թվականի թիվ 06-1425 վճռով հայցը բավարարվել է:

 

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարինե Հարությունյանը:

 

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 51-րդ, 53-րդ և 54-րդ հոդվածների պահանջները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանի պատճառաբանությունները, որ Վ. Երիցյանին փայը զիջելու հանգամանքը հաստատվում է 11.01.1984 թվականի վճռի պատճենով, չի կարող դիտվել որպես Վ. Երիցյանի կողմից բանկի հանդեպ ունեցած պարտքը վճարած լինելու ապացույց, քանի որ բացակայում են համապատասխան ապացույցները գումարը վճարելու վերաբերյալ, իսկ գումարը բռնագանձելու վերաբերյալ վճիռը դեռևս չի նշանակում, որ գումարը վճարվել է:

Դատարանը պատշաճ չի գնահատել գործում առկա հետևյալ ապացույցները`

- Խորհրդային շրջխորհրդի գործկոմի 23.12.1993 թվականի թիվ 23/24 որոշումը.

- «Հրատարակիչ» բնակշինկոոպի փայատերերի 01.09.1993 թվականի ընդհանուր ժողովի որոշումը, որոնցով հաստատվում է, որ Կ. Հարությունյանը ճանաչվում է թիվ 58 բնակարանի փայատեր` հաշվի առնելով այն, որ Զ. Երիցյանը 1985 թվականից գրանցված չէ և չի բնակվում այդ բնակարանում.

- Կ.Հարությունյանի կողմից 1994 թվականին բնակարանի փայատիրական գումարը վճարելու անդորրագիրը.

- «Հրատարակիչ» բնակշինկոոպի կողմից 1994 թվականին Կ. Հարությունյանին տրամադրված տեղեկանքը, համաձայն որի` վերջինս մուծել է բնակարանի փայատիրական գումարն ամբողջությամբ:

Դատարանի այն պատճառաբանությունը, որ գործում առկա են բավարար ապացույցներ այն մասին, որ Զ. Երիցյանը փաստացի տիրապետել է մոր ժառանգական գույքը, հիմնավոր չէ, քանի որ գործում բավարար ապացույցներ չկան, և նոր ապացույցներ չեն ներկայացվել: Գործում առկա ապացույցների վերաբերյալ Վճռաբեկ դատարանը արդեն իսկ արտահայտել է իր կարծիքը 27.01.2006 թվականի որոշմամբ:

Դատարանը ժառանգական գույքը ընդունած համարելու համար հիմք է ընդունել հայցվորի նախկին կնոջ և մանկության ընկերոջ` Զ. Սարոյանի, մանկության մյուս ընկերոջ` Վ. Գերաշենկոյի (հիմք` նրանց իսկ ցուցմունքները առաջին ատյանի դատարանում) ցուցմունքները և չի գնահատել գործով մյուս վկաներ և շենքի 24 բնակիչների հայտարարությունները, որոնք ապացուցում են ժառանգությունը չընդունելու փաստը:

Զ. Երիցյանի կողմից մոր ժառանգությունն ընդունելու հանգամանքն ապացուցող թույլատրելի ապացույցներ կհամարվեին, եթե դատարանին ներկայացվեր`

ա) ժառանգությունն ընդունելու մասին նոտարի կողմից տրված վկայակագիրը, կամ

բ) ապացույց նրա կողմից ժառանգական գույքը տիրապետելու մասին, կամ

գ) համապատասխան ապացույցներ, որ ժառանգատուին սեփականության իրավունքով պատկանել է որոշակի այլ գույք, որ հենց այդ գույքն է տիրապետվել ժառանգի կողմից, և որ ժառանգը այդ գույքը տիրապետել է ժառանգատուի մահից հետո 6 ամսվա ընթացքում:

Ակնհայտ է, որ նման ապացույցներ հայցվորի կողմից չեն ներկայացվել դատարանին, իսկ վերաքննիչ դատարանի կողմից այդ փաստը ցուցմունքներով հաստատված համարելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի խախտում է, ինչն արձանագրված է նաև Վճռաբեկ դատարանի 27.01.2006 թվականի որոշման 3-րդ էջի 7-րդ պարբերությունում:

Դատարանը կրկին անգամ հաստատված է համարել այն հանգամանքը, որ իբրև Վ. Երիցյանը իր փայը զիջել է` հիմք ընդունելով կեղծված պայմանագրերը, ինչպես նաև հիմք ընդունելով այն, որ պայմանագրերի կնքումը նախատեսված է կանոնադրությամբ և փայավճարը զիջելու հետ կապված կոոպերատիվը պայմանագրեր է կնքել նաև այլ անձանց հետ, որոնք տվել են գրավոր հայտարարություններ:

Դատարանը, չկիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ կետը, փորձագետների եզրակացությամբ հաստատված կեղծ պայմանագրերը հիմք է ընդունել որպես ապացույց: Նշված փաստը նույնպես արձանագրվել է Վճռաբեկ դատարանի 27.01.2006 թվականի որոշման մեջ:

Դատարանը, ի խախտումն ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ կետի և ԲՇԿ-ի կանոնադրության 34-րդ կետի պահանջների, հիմք է ընդունել ինչ-որ անձանց հայտարարությունները այն դեպքում, երբ վերը նշված նորմերով սահմանված է նման գործարքի համար փայատերերի ժողովի որոշման առկայություն, որը դատարանին չի ներկայացվել:

Գործի նյութերից ակնհայտ է, որ Վ. Երիցյանի մահվան օրը` 03.05.1990 թվականին նրան սեփականության իրավունքով բնակարան չի պատկանել, քանի որ նա բնակարանի փայավճարը մուծած չի եղել: Նման պայմաններում ոչ մի դեպքում չի կարելի բնակարանը համարել ժառանգական գույք:

 

2) Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը կրկին անգամ անտեսել է այն հանգամանքը, որ հայցվոր Զ. Երիցյանը երբևիցե չի հանդիսացել սեփականատեր, և նրա սեփականության իրավունքը ճանաչելու պահանջ ներկայացված է սույն քաղաքացիական գործով:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 20.01.2005 թվականի, 05.05.2005 թվականի և 27.01.2006 թվականի որոշումներով հիշյալ քաղաքացիական գործը բեկանվել է հայցային վաղեմության ժամկետի լրանալու և դատարանի կողմից չկիրառելու պատճառաբանությամբ: Հետևաբար, դատարանի կողմից այդ իմաստով թույլ է տրվել օրենքի կոպիտ խախտում:

Եթե նույնիսկ հայցվոր Զ. Երիցյանը 1990 թվականից հանդիսացած լիներ վիճելի բնակարանի սեփականատեր, ապա նրա պահանջի նկատմամբ նույնպես պետք է տարածվեր հայցային վաղեմություն, քանի որ այդ ժամանակ գործող ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ժամկետը 3 տարի է: ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգրքի 90-րդ հոդվածի համաձայն` սեփականության պահանջի նկատմամբ նույնպես տարածվել է 3 տարվա հայցային վաղեմության ժամկետը: «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` «օրենսգրքով սահմանված հայցային վաղեմության ժամկետները կիրառվում են այն հայցերի նկատմամբ, որոնց նախկինում գործող օրենսդրությամբ նախատեսված ներկայացման ժամկետները չեն լրացել մինչև 1999 թվականի հունվարի մեկը»: Այսինքն` օրենսդիրը նոր քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի մասով օրենքին հետադարձ ուժ չի տվել` բացառությամբ 1999 թվականի հունվարի մեկի դրությամբ նախկին օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրացած չլինելու դեպքերի: Իսկ այն, որ 1999 թվականի հունվարի մեկի դրությամբ նույնպես Զ. Երիցյանը բաց է թողել 3 տարվա հայցային վաղեմության ժամկետը ակնհայտ է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի մայիսի 12-ի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) «Հրատարակիչ» բնակշինկոոպի վարչության նախագահի 26.04.1994 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Կարինե Հարությունյանը ամբողջությամբ մուծել է իր բնակարանի փայատիրական գումարը:

2) «Հրատարակիչ» բնակշինկոոպի վարչության նախագահի, անդամների և Վ. Երիցյանի միջև 02.10.1970 թվականին կնքված պայմանագրի համաձայն` Երևանի Ազատության պողոտայի նրբանցքի 26 Կոմիսարների շրջսովետի թիվ 2 շենքի իրացման կապակցությամբ «Հրատարակիչ» բնակշինկոոպի կառուցվող բնակելի շենքից Վ. Երիցյանին է տրամադրվել 2 սենյականոց բնակարան` նկատի ունենալով, որ նրա ընտանիքը բաղկացած է երկու անձից:

3) Համաձայն 05.07.1974 թվականին տրված թիվ 64 միասնական օրդերի Երևանի Ազատության նրբանցքի 2-րդ շենքի թիվ 58 բնակարանը հատկացվել է Վարդանուշ Երիցյանին և Զարեհ Երիցյանին:

4) Վ. Երիցյանը մահացել է 1990 թվականին և Զարեհ Երիցյանը հանդիսանում է Վ. Երիցյանի միակ ժառանգը և մոր մահից հետո փաստացի բնակվելով այդ տանը, իսկ հեռանալուց վերցնելով մորը պատկանող որոշ իրեր, փաստացի տիրապետել է ժառանգական գույքը:

5) Կարինե Հարությունյանը և Զարեհ Երիցյանը ամուսնացել են 1979 թվականին:

6) Երևանի Սովետական շրջանի ժողդատարանի 04.11.1983 թվականի թիվ 2-1079 վճռով բավարարվել է Կ. Հարությունյանի հայցն ընդդեմ Վ. Երիցյանի` երեխայի հետ բնակվելու համար առանձին սենյակ հատկացնելու պահանջի մասին:

7) «Հրատարակիչ» բնաշինկոոպի փայատերերի 01.09.1993 թվականի ընդհանուր ժողովի որոշմամբ Կ. Հարությունյանը ճանաչվել է Երևանի Ազատության նրբանցքի 2-րդ շենքի թիվ 58 բնակարանի փայատեր` հաշվի առնելով այն, որ Զ. Երիցյանը 1985 թվականից գրանցված չէ և չի բնակվում այդ բնակարանում:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն քաղաքացիական գործի նյութերով ապացուցված է, որ Վ. Երիցյանը հանդիսացել է «Հրատարակիչ» բնակշինկոոպի փայատեր և այդ հիմքով տիրապետել է Երևանի Ազատության նրբանցքի 2-րդ շենքի թիվ 58 բնակարանը:

Համաձայն Բնակարանային շինարարական կոոպերատիվի օրինակելի կանոնադրության 29-րդ կետի` կոոպերատիվի անդամի փայն անցնում է նրա ժառանգներին` օրենքով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ նաև` Օրենսգիրք) 1225-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում:

Օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը:

Նշված նորմը ենթադրում է, որ ոչ թե ժառանգական գույքը տիրապետող ժառանգը պետք է ապացուցի իր կողմից այդ գույքի տիրապետումը, այլ այդպիսի փաստը վիճարկող անձը: Հետևաբար սույն քաղաքացիական գործի շրջանակներում հակառակը հիմնավորող ապացույցների բացակայության պարագայում պետք է հաստատված համարել այն հանգամանքը, որ Զարեհ Երիցյանը տիրապետել է իր մորը` Վ.Երիցյանին պատկանող ժառանգական գույքի մասը, իսկ Օրենսգրքի 1225-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով նաև ամբողջը, և այդ գույքի մաս է կազմել նաև Վ.Երիցյանին պատկանող «Հրատարակիչ» բնակշինկոոպի փայը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ մտնում է ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:

Սույն քաղաքացիական գործի նյութերով հիմնավորվում է այն հանգամանքը, որ Վարդանուշ Երիցյանը հանդիսացել է «Հրատարակիչ» բնակշինկոոպի փայատեր և այդ հիմքով տիրապետել է Երևանի Ազատության նրբանցքի 2-րդ շենքի թիվ 58 բնակարանը: Հետևաբար կոոպերատիվի փայը հանդիսացել է վերջինիս գույքային իրավունքը և մտնում է ժառանգության զանգվածի մեջ:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով վիճարկվող իրավահարաբերությունների ծագման ժամանակ գործող «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բնակարանային, բնակշինարարական, ավտոտնակային և այլ կոոպերատիվի այն անդամը, որը լրիվ մուծել է իր փայը բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի, իր օգտագործմանը տրված այլ շինարարության կամ տեղի համար, ձեռք է բերում այդ գույքի սեփականության իրավունք:

Բնակարանային շինարարական կոոպերատիվների օրինակելի կանոնադրության 29-րդ հոդվածի համաձայն` կոոպերատիվի մահացած անդամի փայն անցնում է նրա ժառանգներին` օրենքով սահմանված կարգով: Այն ժառանգներին, ովքեր չէին օգտվել բնակարանից ժառանգատուի կյանքի ընթացքում, ինչպես նաև հրաժարվել են բնակարանի հետագա օգտագործումից կոոպերատիվը վճարում է նրանց կողմից ժառանգվող փայի արժեքը կամ նրա բաժնեմասը: Կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովն իրավունք ունի ընդունել որպես կոոպերատիվի անդամներ մի քանի ժառանգների, բնակարանում յուրաքանչյուրի համար առանձնացված բնակելի տարածքի առկայության և նույն կանոնադրության 6-րդ կետով սահմանված պայմանների պահպանման պայմանով:

Վերը նշված իրավադրույթների վերլուծությունից հետևում է, որ կոոպերատիվի փայն ամբողջությամբ վճարած կոոպերատիվի անդամը գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք, իսկ այն ժառանգները, ովքեր ժառանգատուի կյանքի ընթացքում օգտվել են բնակարանից, կարող են ժառանգել կոոպերատիվի մահացած անդամի փայի վճարված մասին համապատասխան բնակարանի մասը:

Երևանի Ազատության նրբանցքի թիվ 2 հասցեի կոոպերատիվ շենքի թիվ 58 երկսենյականոց բնակարանը Վարդուհի Երիցյանին հատկացվել է իրացված սեփական տան դիմաց` երկու անձի` նրա և որդու` Զարեհ Երիցյանի համար: Բնակարանի օրդերը 05.07.1974 թվականին տրվել է նրանց անվամբ: Զարեհ Երիցյանը մոր հետ միասին բնակվել է այդ բնակարանում: Դատարանի` օրինական ուժի մեջ մտած 04.11.1983 թվականի վճռով մինչև կոոպերատիվ բնակարանի նկատմամբ կոոպերատիվի անդամների սեփականության իրավունքը ճանաչվելը (01.12.1990 թվական), վիճելի բնակարանի մեկ սենյակը բնակության իրավունքով հատկացվել է Կարինե Հարությունյանին և նրա երեխային, իսկ մյուս սենյակը` Վարդուհի Երիցյանին: Կոոպերատիվի անդամ Վարդուհի Երիցյանի փայի` բնակարանի արժեքի մասը վճարել է կոոպերատիվը` որպես իրացված տան փոխհատուցում, իսկ արժեքի մյուս մասի գումարը հետագայում վճարել է Կարինե Հարությունյանը, այսինքն` կոոպերատիվի փայը վճարել են երկու անձով:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Ազատության նրբանցքի 2-րդ շենքի թիվ 58 երկուսենյականոց բնակարանի նկատմամբ փայի մասի վճարման հիմքով սեփականության իրավունք են ձեռք բերել Կարինե Հարությունյանը և նախկին բնակելի տան իրացման և փայի վճարման հիմքով` Վարդուհի Երիցյանը` յուրաքանչյուրը 1/2 մասով: Զարեհ Երիցյանը ժառանգության իրավունքով սեփականության իրավունք է ձեռք բերել Վարդուշ Երիցյանի բաժնի` բնակարանի 1/2-րդ մասի նկատմամբ:

Սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի մասնակիորեն հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը բավարար է համարում ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի մայիսի 12-ի վճիռը բեկանելու համար:

Վերը նշված հիմնավորումների և եզրահանգման հիմքով վճռաբեկ դատարանը չի անդրադառնում բողոքի մյուս փաստարկներին, դրանց` գործի ելքի համար ոչ էական նշանակություն ունենալու պատճառաբանությամբ:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդարադատության արդյունավետության սկզբունքով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի դրույթներով, գտնում է, որ Կարինե Հարությունյանի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման՝ բողոքարկվող դատական ակտը փոփոխելու միջոցով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հաստատված փաստերը բավարար են դատական ակտը փոփոխելու համար, և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, թե երբ է ներկայացվել սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցապահանջը:

Այսպիսով` սույն քաղաքացիական գործով սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցապահանջը ներկայացվել է 2004 թվականի մայիսի 31-ին, երբ առկա չէր Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը: Հետևաբար, այդ պայմաններում հայցվորը ողջամտորեն կարող էր շարունակել ենթադրել, որ սեփականության իրավունքի գրանցման վկայականը վիճարկելով` ըստ էության վիճարկում էր սեփականության իրավունքի գրանցումը:

Հիմք ընդունելով վերոնշյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն վեճով սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի նկատմամբ կարող է անբարենպաստ դատավարական հետևանքներ առաջացնել սույն գործով հացվորի համար, մասնավորապես նա ստիպված կլինի նույն իրավունքի պաշտպանության համար կրկին դիմել դատարան, այս անգամ սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով, ինչը Վճռաբեկ դատարանը դիտում է որպես անձի արդար դատաքննության իրավունքի ոչ արդյունավետ իրացման օրինակ, Վճռաբեկ դատարանը հնարավոր է համարում սույն գործով ներկայացված սեփականության իրավունքի վկայականի անվավերության պահանջը դիտել որպես սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջ:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի մայիսի 12-ի վճիռը և փոփոխել այն:

2. Մասնակիորեն անվավեր ճանաչել «Հրատարակիչ» ԲՇԿ-ի 01.09.1993 թվականի, ժողովրդական պատգամավորների Երևանի Խորհրդային գործադիր կոմիտեի 23.12.1993 թվականի թիվ 27/24 որոշումները: Մասնակիորեն անվավեր ճանաչել Կարինե Հարությունյանի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը Երևանի Ազատության նրբանցքի 2-րդ շենքի թիվ 58 երկուսենյականոց բնակարանի նկատմամբ` 1/2 մասով: Զարեհ Երիցյանին համարել ժառանգությունն ընդունած ժառանգ: Ճանաչել նրա սեփականության իրավունքը Երևանի Ազատության նրբանցքի 2-րդ շենքի թիվ 58 երկուսենյականոց բնակարանի 1/2 մասի նկատմամբ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
Ս. Անտոնյան
Վ. Աբելյան

Է. Հայրիյան

Ս. Սարգսյան