Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԶԻՆՎԱԾ ԸՆԴՀԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Բարձր պայմանավորվող կողմերը համաձայնեցին ներքոհիշյալին.
I
1. Յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ պարտավորվում է կանխել այն մշակութային արժեքների դուրս բերումը զինված ընդհարման ժամանակ իր կողմից գրավված տարածքից, որոնք սահմանված են 1954թ. մայիսի 14-ին Հաագայում ստորագրված Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիայի 1-ին հոդվածում։
2. Յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ պարտավորվում է իր պահպանության ներքո վերցնել այն մշակութային արժեքները, որոնք իր տարածք են ներկրվել ուղղակի կամ անուղղակի ճանապարհով, ցանկացած գրավյալ տարածքից։ Դա կատարվում է կամ ինքնաբերաբար, ներկրման պահին, կամ, եթե այդ չի արվել, գրավյալ տարածքի իշխանությունների խնդրանքով։
3. Յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ պարտավորվում է ռազմական գործողությունների դադարեցումից հետո նախկինում գրավված տարածքի իրավասու իշխանություններին վերադարձնել իր տարածքում գտնվող մշակութային արժեքները, եթե դրանք ներկրվել են ի խախտումն 1-ին կետում սահմանված սկզբունքի։ Այդ արժեքները երբեք չեն կարող պահվել իբրև ռազմական տուգանք։
4. Այն Բարձր պայմանավորվող կողմը, որը պարտավոր էր կանխել մշակութային արժեքների դուրս բերումն իր գրաված տարածքից, վճարում է փոխհատուցում նախորդ կետին համապատասխան վերադարձման ենթակա մշակութային արժեքները բարեխղճորեն պահպանողներին։
II
5. Յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ պարտավորվում է ռազմական գործողությունների ավարտից հետո մյուս Բարձր պայմանավորվող կողմի իրավասու իշխանություններին վերադարձնել այն մշակութային արժեքները, որոնք, զինված ընդհարման վտանգից պաշտպանելու նպատակով, վերջինիս տարածքից ի պահ են տրվել Բարձր պայմանավորվող կողմի տարածք։
III
6. Սույն Արձանագրությունը թվագրվելու է 1954թ. մայիսի 14-ի ամսաթվով և մինչև 1954թ. դեկտեմբերի 31-ը բաց կլինի ստորագրության բոլոր այն պետությունների կողմից, որոնք հրավիրվել են 1954թ. ապրիլի 21-ից մինչև մայիսի 14-ը Հաագայում անցկացված խորհրդաժողովին։
7. (ա) սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման այն ստորագրած պետությունների կողմից՝ նրանց սահմանադրական ընթացակարգին համապատասխան,
(բ) վավերագրերն ի պահ են տրվում Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին։
8. Ուժի մեջ մտնելու օրից սույն Արձանագրությունը միանալու համար բաց կլինի 6-րդ կետում նշված բոլոր այն պետությունների համար, որոնք այն չեն ստորագրել, ինչպես նաև ցանկացած այլ պետության համար, որը կհրավիրվի միանալու Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության գործադիր խորհրդի կողմից։ Միանալն իրականացվում է միանալու մասին փաստաթուղթը հիշյալ Կազմակերպության Գլխավոր տնօրենին ի պահ տալու միջոցով։
9. 6-րդ և 8-րդ կետերում նշված պետություններն ստորագրելու, վավերացնելու և միանալու պահին կարող են հայտարարել, որ իրենք կապված չեն լինի սույն Արձանագրության առաջին և երկրորդ բաժինների դրույթներով։
10. (ա) Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում հինգերորդ վավերագիրն ի պահ հանձնվելուց երեք ամիս անց,
(բ) հետագայում Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի համար այն ուժի մեջ է մտնում երեք ամիս անց այն օրից, երբ այդ կողմն ի պահ է տալիս իր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը,
(գ) 1954թ. մայիսի 14-ին Հաագայում ստորագրված՝ Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիայի 18 և 19-րդ հոդվածներում նախատեսված դեպքերում. ընդհարման մեջ գտնվող կողմերի՝ ռազմական գործողություններից կամ գրավումից առաջ կամ հետո ի պահ հանձնված վավերագրերը կամ միանալն ուժի մեջ են մտնում անմիջապես։ Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենը նման վավերացումների կամ միանալու մասին տեղեկացնում է հնարավորինս սեղմ ժամկետում, 14-րդ կետին համապատասխան։
11. (ա) Արձանագրության՝ ուժի մեջ մտնելու օրը յուրաքանչյուր մասնակից պետություն նրա՝ ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ձեռնարկում է Արձանագրությունը գործողության մեջ դնելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները,
(բ) բոլոր այն պետությունների համար, որոնք վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնում Արձանագրության՝ ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո, այդ ժամկետը կհաշվվի վավերագրի կամ միանալու մասին փաստաթղթի ի պահ տալու օրվանից։
12. Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է վավերացման կամ միանալու պահին, կամ դրանից հետո ցանկացած ժամանակ, Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին ուղղված ծանուցման միջոցով հայտարարել, որ սույն Արձանագրությունը տարածվելու է միջազգային հարաբերություններում իր կողմից ներկայացվող բոլոր տարածքների կամ դրանցից որևէ մեկի վրա։ Նշված ծանուցումն ուժի մեջ է մտնում այն ստանալուց երեք ամիս անց։
13. (ա) Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է իր անունից կամ միջազգային հարաբերություններում իր կողմից ներկայացվող ցանկացած տարածքի անունից չեղյալ հայտարարել սույն Արձանագրությունը,
(բ) հրաժարվելու մասին պետք է հայտարարվի գրավոր՝ Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին,
(գ) հրաժարումն ուժի մեջ է մտնում հրաժարվելու մասին փաստաթղթի ստացվելուց մեկ տարի հետո։ Սակայն, եթե այդ ժամկետի ավարտի պահին հրաժարվող կողմը ներքաշված է զինված ընդհարման մեջ, չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում մինչև ռազմական գործողությունների ավարտը և կամ այնքան ժամանակ, քանի դեռ չեն ավարտվել մշակութային արժեքներն այն երկիրը վերադարձնելու գործողությունները, որտեղից դուրս են բերվել։
14. Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենը 6-րդ և 8-րդ կետերում նշված պետություններին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպությանը տեղեկացնում է Արձանագրությունը վավերացնելու, նրան միանալու կամ լրացումներն ընդունելու մասին 7, 8 և 15-րդ կետերում հիշատակված բոլոր փաստաթղթերի հանձնման, ինչպես նաև, համապատասխանաբար, 12-րդ և 13-րդ կետերով նախատեսված ծանուցումների ու հրաժարումների մասին։
15. (ա) Սույն Արձանագրությունը կարող է վերանայվել, եթե այդ պահանջում է Բարձր պայմանավորվող կողմերի ավելի քան մեկ երրորդը,
(բ) Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենն այդ նպատակով հրավիրում է խորհրդաժողով,
(գ) սույն Արձանագրության փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ են մտնում միայն այն բանից հետո, երբ խորհրդաժողովին ներկայացած Բարձր պայմանավորվող կողմերը միաձայն ընդունում են և Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է դրանք,
(դ) Բարձր պայմանավորվող կողմերն Արձանագրության՝ (բ) և (գ) ենթակետերում հիշատակված խորհրդաժողովի հավանությանն արժանացած փոփոխություններն ու լրացումներն ընդունում են Միավորված ազգերի կազմակերպության՝ Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին պաշտոնական փաստաթուղթ ներկայացնելու միջոցով,
(ե) սույն Արձանագրության փոփոխությունների ու լրացումների՝ ուժի մեջ մտնելուց հետո Արձանագրության՝ այդ կերպ ուղղված տեքստն է միայն, որ բաց է մնում վավերացման կամ միանալու համար։
Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան, սույն Արձանագրությունը գրանցվում է Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարությունում՝ Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենի խնդրանքով։
Ի հավաստիացումն որի՝ պատշաճորեն լիազորված ներքոստորագրյալներն ստորագրեցին սույն Արձանագրությունը։
Կատարված է 1954 թվականի մայիսի 14-ին, Հաագայում, մեկ օրինակով, անգլերեն, իսպաներեն, ռուսերեն ու ֆրանսերեն, ընդ որում բոլոր չորս տեքստերը հավասարազոր են։ Այդ օրինակը պահպանվելու է Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության արխիվում, և նրա հաստատված պատճեններն ուղարկվելու են 6-րդ և 8-րդ կետերում նշված բոլոր պետություններին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպությանը։
ԶԻՆՎԱԾ ԸՆԴՀԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1954 ԹՎԱԿԱՆԻ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ
Բանաձև 1
Խորհրդաժողովը ցանկություն է հայտնում, որպեսզի Միավորված ազգերի կազմակերպության իրավասու մարմինները որոշում ընդունեն, որ Կազմակերպության կանոնադրությանը համապատասխան ձեռնարկված ռազմական գործողությունների դեպքում Միավորված ազգերն այնպես անեն, որպեսզի այդ գործողություններին մասնակից զինված ուժերը կիրառեն սույն Կոնվենցիայի դրույթները։
Բանաձև 2
Խորհրդաժողովը ցանկություն է հայտնում, որպեսզի Կոնվենցիային միանալու պահից Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն իր սահմանադրական և վարչական համակարգերի շրջանակներում ստեղծի խորհրդատվական, ազգային կոմիտե՝ կազմված սահմանափակ թվով անձանցից, որոնք են հուշարձանների, հնագիտական տեղավայրերի, թանգարանների և այլնի պահպանության ծառայության պատասխանատու աշխատակիցները, Գլխավոր շտաբի ներկայացուցիչը, արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, միջազգային իրավունքի մասնագետը և Կոնվենցիայի ընդգրկած բնագավառներում աշխատող կամ իրավասու երկու-երեք այլ անդամներ։
Այդ Կոմիտեն, որը պետք է աշխատի այն նախարարության կամ պատասխանատու աշխատողի ղեկավարությամբ, որի տնօրինությանն են ենթակա մշակութային արժեքների մասին հոգացող ազգային հիմնարկությունները, կարող է ունենալ, մասնավորապես, հետևյալ գործառույթները.
(ա) խորհրդատվություն կառավարությանը՝ օրենսդրական, տեխնիկական կամ ռազմական բնույթի այն միջոցների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են ձեռնարկել խաղաղ կամ զինված ընդհարման ժամանակ Կոնվենցիան կիրառելու համար,
(բ) նման ընդհարման ծագման կամ անխուսափելիության դեպքում դիմել սեփական կառավարությանը, որպեսզի ազգային և այլ երկրների տարածքներում գտնվող մշակութային արժեքները երկրի զինված ուժերի կողմից արժանանան հարգանքի ու պաշտպանության, Կոնվենցիայի դրույթներին համապատասխան,
(գ) սեփական կառավարության համաձայնությամբ կապ ու համագործակցություն ապահովել նման կարգի ազգային այլ կոմիտեների և միջազգային ցանկացած այլ մարմնի հետ։
Բանաձև 3
Խորհրդաժողովը ցանկություն է հայտնում, որպեսզի Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենը Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիայի՝ ուժի մեջ մտնելուց հետո հնարավորինս շուտ հրավիրի Բարձր պայմանավորվող կողմերի խորհրդակցություն։
* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 5-ից: