«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2004 թվականի N 963-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել սոցիալական ապահովության քարտերի և սոցիալական ապահովության քարտերի համարների կիրառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության նախարարներին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին` համագործակցելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ`
ա) մինչև 2005 թվականի հունվարի 1-ը մշակել և ներդնել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 7, 10, 12 և 14-րդ կետերում նշված փաստաթղթերի նոր ձևեր` դրանցում նախատեսելով սոցիալական ապահովության քարտերի (այսուհետ` սոցիալական քարտ) համարների գրանցման դաշտ, և այդ ձևերը լրացնելու կարգերում նախատեսել սոցիալական քարտերի համարների գրանցման ընթացակարգերը.
բ) անհրաժեշտության դեպքում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` սույն կետի «ա» ենթակետի պահանջի կատարումն ապահովելու համար.
գ) 2005 թվականի հունվարի 1-ից` սույն որոշմամբ սահմանված տեղեկատվական բազաների միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տվյալների փոխանակությունն իրականացնել սոցիալական քարտերի համարների միջոցով:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
ա) հաստատել ընտանիքի անապահովության գնահատման համակարգի, աշխատանք փնտրողների (ներառյալ գործազուրկների) և հաշմանդամների հաշվառման տեղեկատվական բազաներ քաղաքացիների սոցիալական քարտերի համարները ներառելու կարգ,
բ) մինչև 2005 թվականի հունվարի 1-ը ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 18-րդ և 19-րդ կետերի պահանջների կատարումը:
4. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին` մինչև 2005 թվականի հունվարի 1-ը ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 17-րդ կետի պահանջի կատարումը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` մինչև 2005 թվականի հունվարի 1-ը ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 21-րդ կետի պահանջի կատարումը:
6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվետվություն և առաջարկություններ սույն որոշման կատարման ընթացքի մասին:
6.1. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգով սահմանված դեպքերում սոցիալական քարտից հրաժարվող անձը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք (այսուհետ` տեղեկանք):
(6.1-ին կետը լրաց. 01.03.07 N 371-Ն)
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտի և սոցիալական ապահովության քարտի (այսուհետ` սոցիալական քարտ) համարի կիրառման կանոնները:
2. Սոցիալական քարտի կիրառումը Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր, սովորական ու հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի ու փախստականի կարգավիճակ ունեցող անձի (այսուհետ` քաղաքացի) կողմից իր սոցիալական քարտը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ներկայացնելն է` սոցիալական քարտի համարը կիրառելու նպատակով:
3. Սոցիալական քարտի համարի կիրառումը քաղաքացուն նույնականացնելու նպատակով սոցիալական քարտի համարի օգտագործումն է`
ա) թղթային և ինքնաշխատ տեղեկատվական բազաներում,
բ) ինքնաշխատ տեղեկատվական բազա ներառելու համար քաղաքացու տվյալները ներկայացնելիս,
գ) ինքնաշխատ տեղեկատվական բազաների միջև տվյալներ փոխանակելիս:
Պետական կառավարման մարմինների ինքնաշխատ տեղեկատվական բազաների միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում տվյալների փոխանակությունը կատարվում է համապատասխան պետական կառավարման մարմինների ղեկավարների համատեղ հաստատած կարգով:
4. Սոցիալական քարտի համարը կիրառելու նպատակով այն ներկայացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով` սոցիալական քարտը ներկայացնելու կամ սոցիալական քարտի պատճենը տրամադրելու, կամ համապատասխան փաստաթղթերում սոցիալական քարտի համարը նշելու միջոցով:
5. Համապատասխան տեղեկատվական բազա ներառվող քաղաքացու սոցիալական քարտի համարի և տեղեկանքի հավաստիության ճշտումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ու համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարի համատեղ հաստատած կարգով:
(5-րդ կետը լրաց. 01.03.07 N 371-Ն)
II. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՎՃԱՐԵԼԻՍ
6. (կետն ուժը կորցրել է 01.03.07 N 371-Ն)
7. Գործատուն ներկայացված սոցիալական քարտի համարը նշում է աշխատավարձի անձնական քարտում կամ աշխատավարձի հաշվեցուցակում կամ աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների վճարման տեղեկագրում:
Գործատուի կողմից` սույն կետում նշված մեկից ավելի փաստաթուղթ վարելու դեպքում քաղաքացու սոցիալական քարտի համարը նշվում է դրանցից մեկում:
Սոցիալական քարտից հրաժարվող անձանց դեպքում սույն կետով սահմանված փաստաթղթերում գործատուն նշում է կատարում տեղեկանքի վերաբերյալ:
(7-րդ կետը լրաց. 01.03.07 N 371-Ն)
III. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ, ՆՊԱՍՏ ՈՒ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼԻՍ ԵՎ ՎՃԱՐԵԼԻՍ
8. Քաղաքացուն սոցիալական ապահովության և ապահովագրության պետական ու ոչ պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ ու հատուցում նշանակելու ու վճարելու ժամանակ սոցիալական քարտի համարը կիրառելու նպատակով`
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կամ Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցներից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ, նպաստ ու հատուցում նշանակելու և վճարելու գործառնությունների կատարումն ապահովող` համապատասխան պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով վարվող թղթային և ինքնաշխատ տեղեկատվական բազաներում ներառվում է քաղաքացու սոցիալական քարտի համարը.
բ) սոցիալական ապահովության և ապահովագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենքներին, միջազգային պայմանագրերին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բարեգործական որակված ծրագրերի շրջանակներում նշանակվող և վճարվող նպաստների ու հատուցումների (դրամական փոխհատուցում, դրամական օգնություն) տրամադրման ժամանակ հաշվառման ու հաշվետվական փաստաթղթերում և ինքնաշխատ տեղեկատվական բազաներում արտացոլվում են նաև նպաստ ու հատուցում (այդ թվում` բնաիրային) ստացողների սոցիալական քարտերի համարները:
9. Սույն կարգի 8-րդ կետում նշված տեղեկատվական բազաներում քաղաքացու սոցիալական քարտի համարը ներառելու համար կենսաթոշակի, նպաստի կամ հատուցման համար դիմող անձինք կենսաթոշակ, նպաստ կամ հատուցում նշանակող մարմին, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերից ներկայացնում են նաև իրենց սոցիալական քարտն ու դրա պատճենը, որը կարվում է կենսաթոշակի, նպաստի կամ հատուցման գործում:
10. Ներկայացված սոցիալական քարտի համարը սույն կարգի 9-րդ կետում նշված մարմինները ներառում են համապատասխան տեղեկատվական բազաներ և նշում են`
ա) կենսաթոշակի, նպաստի կամ հատուցման գործում կարվող հաշվարկ-կարգադրության մեջ.
բ) զբաղվածության մարմիններում հաշվառվող` աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտում.
գ) ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառվող անձի` ընտանիքի սոցիալական անձնագրում:
11. Սույն կարգի 8-րդ կետի «բ» ենթակետով սահմանված դեպքերում կենսաթոշակ, նպաստ կամ հատուցում նշանակող ոչ պետական կազմակերպություններ քաղաքացու սոցիալական քարտի համարը ներկայացնելը և նրա կողմից վարվող ինքնաշխատ տեղեկատվական բազաներում դրա ներառելը կարող է իրականացվել նաև կազմակերպության ներքին իրավական ակտով սահմանված կարգով:
12. Քաղաքացու սոցիալական քարտի համարը ներառվում է նաև սույն կարգի 8-րդ կետով նախատեսված` կենսաթոշակի, նպաստի ու հատուցման վճարման ցուցակներում:
12.1. Սոցիալական քարտից հրաժարվող անձանց համար`
ա) սույն կարգի 8-րդ, 10-րդ և 12-րդ կետերով նախատեսված դեպքերում սոցիալական քարտի համարի փոխարեն նշում է կատարվում տեղեկանքի վերաբերյալ.
բ) սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքերում սոցիալական քարտի պատճենի փոխարեն կիրառվում է տեղեկանքը, որը կարվում է կենսաթոշակի, նպաստի կամ հատուցման գործում:
(12.1-ին կետը լրաց. 01.03.07 N 371-Ն)
IV. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԵՐ, ՏՈՒՐՔԵՐ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ՎՃԱՐԵԼԻՍ
13. Օրենքով սահմանված հարկ, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրք, ինչպես նաև մաքսատուրք, պարտադիր սոցիալական ապահովագրության վճար և հաստատագրված վճար (այսուհետ` հարկ և պարտադիր վճար) վճարելու ժամանակ սոցիալական քարտի համարը կիրառելու նպատակով պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով վարվող` հարկ և պարտադիր վճար վճարող ֆիզիկական անձանց հաշվառման ինքնաշխատ տեղեկատվական բազաներում ներառվում է քաղաքացու սոցիալական քարտի համարը:
14. Սույն կարգի 13-րդ կետում նշված տեղեկատվական բազաներում քաղաքացու սոցիալական քարտի համարը ներառելու նպատակով`
ա) գործատուների կամ ֆիզիկական անձանց կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հարկային, մաքսային և պարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող մարմիններ ներկայացվող անձնավորված հաշվետվություններում, տեղեկություններում, հայտարարագրերում նշվում է քաղաքացու սոցիալական քարտի համարը.
բ) որպես հարկ և պարտադիր վճար վճարող հաշվառվելիս քաղաքացին համապատասխան պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններ է ներկայացնում իր սոցիալական քարտի համարը.
գ) բանկային համակարգի միջոցով հարկ և պարտադիր վճար վճարելիս` վճարման հանձնարարականում, իսկ գույքահարկ և հողի հարկ կանխիկ վճարելիս վճարումների ընդունման անդորրագրում և ամփոփագրում նշվում է սոցիալական քարտի համարը:
14.1. Գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող` սոցիալական քարտից հրաժարվող անձանց դեպքում գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հարկային, մաքսային և պարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող մարմիններ ներկայացվող անձնավորված հաշվետվություններում, տեղեկություններում, հայտարարագրերում նշում է կատարվում տեղեկանքի վերաբերյալ, ինչը կիրառվում է սույն կարգի 15-րդ կետով սահմանված դեպքում:
(14.1-ին կետը լրաց. 01.03.07 N 371-Ն)
15. Սույն կարգի 14-րդ կետով սահմանված կարգով ներկայացված սոցիալական քարտի համարը պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը ներառում է համապատասխան տեղեկատվական բազա:
V. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
16. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող քաղաքացին մինչև 2005 թվականի հունվարի 1-ը գործատուին է ներկայացնում իր սոցիալական քարտը և տրամադրում սոցիալական քարտի պատճենը, որը կարվում է աշխատողի անձնական գործում:
2005 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող` սոցիալական քարտից հրաժարվող անձինք իրենց գործատուներին են ներկայացնում տեղեկանքը, որը կարվում է աշխատողի անձնական գործում:
(16-րդ կետը լրաց. 01.03.07 N 371-Ն)
17. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կենսաթոշակի անցած, ինչպես նաև որպես պարտադիր սոցիալական ապահովագրության վճարում կատարող հաշվառված քաղաքացիների սոցիալական քարտերի համարները կենսաթոշակառուների և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ կատարող ֆիզիկական անձանց հաշվառման տեղեկատվական բազաներ է ներառվում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ու Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի համատեղ հաստատած կարգով` սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում առկա տվյալները համադրելով նշված տեղեկատվական բազաներում առկա համապատասխան տվյալների հետ կամ քաղաքացու կողմից իր սոցիալական քարտի համարը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային կենտրոն ներկայացնելու միջոցով:
18. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ընտանիքի անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ընդգրկված` աղքատության ընտանեկան նպաստ կամ միանվագ դրամական օգնություն ստացող քաղաքացիների սոցիալական քարտերի համարներն ընտանիքի անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազա է ներառվում` սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում առկա տվյալները համադրելով նշված տեղեկատվական բազայում առկա համապատասխան տվյալների հետ կամ քաղաքացու կողմից իր սոցիալական քարտը սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններ ներկայացնելու միջոցով:
19. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը աշխատանք փնտրողների (ներառյալ գործազուրկների) և հաշմանդամների հաշվառման տեղեկատվական բազաներում ընդգրկված` քաղաքացիների սոցիալական քարտերի համարները համապատասխան տեղեկատվական բազա է ներառվում` սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում առկա տվյալները համադրելով նշված տեղեկատվական բազաներում առկա համապատասխան տվյալների հետ:
20. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը աշխատանք փնտրողների (ներառյալ գործազուրկները) հաշվառման համակարգում ընդգրկված քաղաքացիների սոցիալական քարտի պատճենն անձնական գործում և սոցիալական քարտի համարը աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտում ներառվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` քաղաքացուն նպաստ կամ դրամական օգնության վճարման կտրոն տրամադրելիս կամ զբաղվածության ոլորտում իրականացվող պետական այլ ծրագրերում ընդգրկելիս:
21. Հարկային և մաքսային մարմինների կողմից վարվող` հարկ և պարտադիր վճար վճարող ֆիզիկական անձանց հաշվառման տեղեկատվական բազաներում, մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, ընդգրկված` քաղաքացիների սոցիալական քարտերի համարները համապատասխան տեղեկատվական բազա է ներառվում` սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում առկա տվյալները համադրելով նշված տեղեկատվական բազաներում առկա համապատասխան տվյալների հետ կամ քաղաքացու կողմից իր սոցիալական քարտի համարը ներկայացնելու միջոցով:
22. Սույն որոշմամբ հաստատված կարգի 7, 12 և 14-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
(հավելվածը լրաց., փոփ. 01.03.07 N 371-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |