Գլխավոր տեղեկություն
Համար
N 213-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (25.02.2005-27.07.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.07.15/18(136) Հոդ.274
Ընդունող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.06.2003
Ստորագրող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2003

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

26 հունիսի 2003 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60503205

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

17 հունիսի 2003 թ.
ք. Երևան

N 213-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

1. Սահմանել քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը (հավելված):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի մայիսի 23-ի «Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» N 10-Ն որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական ծառայության
խորհրդի նախագահ

Մ. Բադալյան

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական ծառայության խորհրդի
2003 թ. հունիսի 17-ի N 213-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայողներին և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 21-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձանց քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում (այսուհետ` կադրերի ռեզերվ) գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու հետ կապված հարաբերությունները:

2. Կադրերի ռեզերվն Օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոններ չզբաղեցնող քաղաքացիական ծառայողների և Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետով նշված անձանց հանրույթ է:

3. Կադրերի ռեզերվի տեսակներն են` կադրերի կարճաժամկետ ռեզերվ և կադրերի երկարաժամկետ ռեզերվ:

4. Կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, իսկ կադրերի երկարաժամկետ ռեզերվում` մեկ տարի, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:

5. Կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՌԵԶԵՐՎ

 

6. Կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվում են`

ա) հաստիքների կրճատման, համապատասխան մարմնի լուծարման հիմքերով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձինք.

(«ա» ենթակետը փոփ. 02.02.05 N 76-Ն)

բ) պաշտոնավարման ժամկետը լրանալու հիմքով պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմերի ղեկավարները.

գ) Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոնում չնշանակված անձինք.

(«գ» ենթակետը խմբ. 02.02.05 N 76-Ն)

(6-րդ կետը փոփ., խմբ. 02.02.05 N 76-Ն)

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցելու հիմքերի առկայության դեպքում Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետում նշված համապատասխան մարմնի (այսուհետ` համապատասխան մարմին) աշխատակազմի ղեկավարը եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ) է ուղարկում քաղաքացիական ծառայողի անձնական գործը` կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցումը հիմնավորող փաստաթղթի պատճենի և կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվելու վերաբերյալ տվյալ քաղաքացիական ծառայողի դիմումի հետ միասին:

(7-րդ կետը փոփ. 02.02.05 N 76-Ն)

8. Կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցելու մասին սույն կարգի 13-րդ կետում նշված Խորհրդի որոշման հիման վրա կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի տվյալները ընդգրկվում են քաղաքացիական ծառայողների գրանցամատյանի մեջ:

9. Կադրերի կարճաժամկետ ռեզերվից քաղաքացիական ծառայողին հանելու հիմքերն են`

ա) անձնական դիմումը.

բ) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը.

գ) քաղաքական, հայեցողական, քաղաքացիական, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

(«գ» ենթակետը լրաց. 31.05.04 N 435-Ն)

դ) սույն կարգի խախտմամբ կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվելը.

ե) Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով, ինչպես նաև 2-րդ կետով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.

զ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

է) օրինական ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

ը) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելը.

թ) դատական կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

ժ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը, ինչը քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.

ժա) կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը լրանալը.

ժբ) 65 տարին լրանալը.

ժգ) («ժգ» ենթակետն ուժը կորցրել է 31.05.04 N 435-Ն).

ժդ) («ժդ» ենթակետն ուժը կորցրել է 31.05.04 N 435-Ն)

ժե) ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելը.

(«ժե» ենթակետը փոփ. 31.05.04 N 435-Ն)

ժզ) Օրենքով սահմանված այլ հիմքերը:

(9-րդ կետը լրաց., փոփ. 31.05.04 N 435-Ն)

 

III. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՌԵԶԵՐՎ

 

10. Կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցվում են`

ա) սույն կարգի 4-րդ կետում նշված կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը լրացած անձինք.

բ) քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններից ազատված անձինք` իրենց պաշտոնավարման ավարտից հետո.

(«բ» ենթակետը խմբ. 31.05.04 N 435-Ն, փոփ. 02.02.05 N 76-Ն)

գ) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք:

դ) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալու (չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը) հիմքով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձինք:

(10-րդ կետը խմբ. 31.05.04 N 435-Ն, փոփ., լրաց. 02.02.05 N 76-Ն)

11. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցելու հիմքերի առկայության դեպքում գրանցման ենթակա անձն այդ հիմքի ի հայտ գալու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմում է Խորհուրդ, կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցելու համար` լրացնելով քաղաքացիական ծառայողի համար նախատեսված անձնական թերթիկ և ներկայացնելով անձնագրի, կրթությունը հավաստող փաստաթղթի, աշխատանքային գրքույկի պատճենները, ինչպես նաև երկու լուսանկար:

(11-րդ կետը լրաց. 31.05.04 N 435-Ն, փոփ. 02.02.05 N 76-Ն)

12. Կադրերի երկարաժամկետ ռեզերվից հանելու հիմքերն են`

ա) սույն կարգի 9-րդ կետի «ա», «զ-ժ», «ժբ» և «ժզ» ենթակետերում նշված հիմքերը.

բ) սույն կարգի խախտմամբ կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցվելը.

գ) կադրերի երկարաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը լրանալը.

դ) ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելը:

 

IV. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

13. Սույն կարգի 7-րդ և 11-րդ կետերում նշված անձնական գործը և համապատասխան փաստաթղթերն ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում Խորհուրդը կայացնում է որոշում, համապատասխանաբար` կադրերի կարճաժամկետ ռեզերվում և կադրերի երկարաժամկետ ռեզերվում տվյալ քաղաքացիական ծառայողին կամ անձին գրանցելու մասին:

(13-րդ կետը փոփ. 31.05.04 N 435-Ն)

14. Սույն կարգի 13-րդ կետում նշված որոշումն ընդունելուց հետո հնգօրյա ժամկետում լրացվում է գրանցման թերթիկ (հավելված): Գրանցման թերթիկը լրացվում է երկու օրինակից, դրա առաջին օրինակը տրամադրվում է կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողին (անձին), իսկ երկրորդը` պահվում է Խորհրդում:

15. Սույն կարգի 9-րդ և 12-րդ կետերով սահմանված հիմքերի ի հայտ գալուց հետո հնգօրյա ժամկետում Խորհուրդը կայացնում է որոշում կադրերի կարճաժամկետ ռեզերվից կամ կադրերի երկարաժամկետ ռեզերվից հանելու մասին:

16. Կադրերի ռեզերվում գրանցված անձը համարվում է կադրերի ռեզերվից հանված` նրա մահվան կապակցությամբ:

 

 

Հավելված
քաղաքացիական ծառայության
կադրերի ռեզերվում գրանցելու և
կադրերի ռեզերվից հանելու կարգի

 

լուսանկարի
տեղը

Գ Ր Ա Ն Ց Մ Ա Ն   Թ Ե Ր Թ Ի Կ  N____

(քաղաքացիական ծառայության կադրերի ________________ ռեզերվի)

                                          (երկարաժամկետ, կարճաժամկետ)

 

1. Ազգանունը, անունը, հայրանունը __________________________________

 

2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը _________________________________

 

3. Անձնագիրը ________________________________________________

                                          (սերիան, համարը, ում կողմից է տրվել և տրման ամսաթիվը)

 

4. Զբաղեցրած վերջին քաղաքացիական ծառայության պաշտոնը ______________

 

_________________________________________________________

                                                   (պաշտոնի անվանումը, ծածկագիրը)

 

5. Քաղաքացիական ծառայության

դասային աստիճանը ____________________________________________

 

6. Կադրերի ռեզերվում գրանցելու հիմքը ______________________________

 

7. Կադրերի ռեզերվում գրանցելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական

ծառայության խորհրդի որոշումը _____________________________________

__________________________________________________________

 

 

8. Կադրերի ռեզերվում

գրանցման ժամանակաշրջանը *

 

___ ________________ թ-ից մինչև ___ ________________ թ.

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

____________________
ստորագրությունը

 

Կ.Տ

  ___ _________ 200___թ.

 

 

___________________________________________________________________

* Կադրերի ռեզերվում գրանցված տվյալ անձի (քաղաքացիական ծառայողի) գրանցման ժամանակաշրջանն ավարտվում է

միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետից շուտ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում:

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան