Գլխավոր տեղեկություն
Համար
N 796-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (26.04.2007-25.10.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.06.28/33(488) Հոդ.729
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.05.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 17 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 2006 թվականի N 796-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) կենսաթոշակային բարեփոխումների միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին մեկ ամսվա ընթացքում համատեղ ներկայացնել սույն որոշմամբ հաստատված հայեցակարգն ամրագրող կենսաթոշակային բարեփոխումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները հաստատելու մասին» N 666-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունիսի 10
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 26-ի N 796-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

ԵՐԵՎԱՆ-2006


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

Նոր կենսաթոշակային համակարգի նկարագիրը

Հին կենսաթոշակային համակարգի դերը

Անաշխատունակության նպաստը և կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը

Եկամտահարկը և սոցիալական վճարները

Կենսաթոշակների ստացման եղանակները

Պետական կենսաթոշակային հիմնադրամի դերը


ՀԵՏԱԳԱ ՔԱՅԼԵՐԸ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Այս հայեցակարգով (այսուհետ` հայեցակարգ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը մանրամասնում է կենսաթոշակային համակարգի բարեփոխումների իր ռազմավարությունը։ Բարեփոխման արդյունքի տեսակետից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակում է իր պատկերացումներն ապագա կենսաթոշակային համակարգի վերաբերյալ և նկարագրում է այն գործողությունների հաջորդականությունը (միջոցառումների ժամանակացույց), որը կապահովի այդ համակարգի ներդրումը:

Այս հայեցակարգի ընդունումը հետևում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2005 թվականի ապրիլի 28-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները» N 666-Ն որոշմանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունն արձանագրում է, որ այդ որոշմամբ սահմանված սույն հայեցակարգի ձևավորման նախապայման հանդիսացող բոլոր գործողություններն իրականացված են: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներդրել է գործող համակարգի բարելավման և ապագա համակարգի ենթակառուցվածքների զարգացման հետ կապված միջոցառումների ժամանակացույցով նախատեսված բոլոր միջոցառումները: Կատարվել են նաև ակտուարական 20-ից ավելի կարճաժամկետ և երկարաժամկետ (50-75 տարվա կտրվածքով) սցենարային վերլուծություններ, որոնցից ընտրվել է սույն հայեցակարգում նկարագրված սցենարը: Սցենարի ընտրությունը կատարվել է կենսաթոշակային համակարգը նկարագրող մի շարք պարամետրերի համադրման արդյունքում: Վերջնական ընտրության համար հիմք է հանդիսացել նաև ընտրված կենսաթոշակային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի հայեցակարգային մոտեցումներում առաջ քաշված խնդիրների արդյունավետ լուծումը (տես հայեցակարգային մոտեցումների երկրորդ բաժինը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 666-Ն որոշում):

Ապագա կենսաթոշակային համակարգի ընտրությունը կատարվել է բազմակողմանի քննարկումների և խորհրդատվության հիման վրա: Այն առաջին հերթին Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և այլ կառավարման պետական մարմինների միջև տևական և շահագրգիռ քննարկումների արդյունք է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը խորհրդակցել է նաև շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ` մասնակցելով վերջիններիս կողմից կազմակերպված ֆորումներին: Հասարակական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության կառավարությունից անկախ կատարել են ապագա կենսաթոշակային համակարգի մի շարք սցենարային (ակտուարական) վերլուծություններ, որոնք հիմնավորում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հետազոտված սցենարների արդիականությունը: Հայաստանի Հանրապետության կառավարությունն անցած 10 ամսվա ընթացքում անընդհատ խորհրդակցել է նաև միջազգային կառույցների և փորձագետների հետ, որոնք օգնել են ձեռք բերել փոխհամաձայնություն ապագա կենսաթոշակային համակարգի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն հայեցակարգում չի անդրադառնում Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի բարեփոխման արդիականության և հրատապության հարցին, քանի որ վերջին 10 ամսվա հետազոտություններն ու քննարկումները վերահաստատեցին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2005 թվականի մայիսին հաստատված` Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հայեցակարգային մոտեցումներում բերված փաստարկների և հիմնավորումների ամբողջականությունը: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը եզրահանգեց, որ ներկայիս կենսաթոշակային համակարգն իր բնույթով ավելի շատ սոցիալական ապահովության, քան սերունդների միջև համերաշխության սկզբունքով գործող սոցիալական ապահովագրության համակարգ է, քանի որ վճարվող կենսաթոշակների չափը կախված չէ ոչ կենսաթոշակառուների աշխատած տարիների աշխատավարձի, ոչ էլ վերջիններիս կողմից իրենց կյանքի ընթացքում վճարված սոցիալական վճարների չափերից: Այս փաստը մեծացնում է ապագա բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ընտրության հարցում Հայաստանի Հանրապետության կառավարության ճկունությունը:

Հայեցակարգում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է կենսաթոշակային համակարգի բարեփոխման շրջանակը կամ նոր համակարգի հիմնական բաղադրիչների նկարագիրը: Այն նկարագրում է ապագա կենսաթոշակային համակարգը` կատարվելիք սոցիալական վճարների, սպասվող կենսաթոշակների մակարդակի հաշվարկներով և դրանց վճարման ու ստացման եղանակներով: Վերջում հայեցակարգը ներկայացնում է նաև կենսաթոշակային համակարգի բարեփոխման հետ կապված հետագա քայլերը:

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

 

Կենսաթոշակային համակարգի բարեփոխման շրջանակը բնութագրում է այն բոլոր փոփոխությունները, որոնք ազդելու են քաղաքացիների վարքագծի վրա: Այն կներառի նոր կենսաթոշակային համակարգի ներդրումը և հին կենսաթոշակային համակարգի դերը: Անաշխատունակության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքերում կենսաթոշակի և այլ ոչ ավանդական կենսաթոշակների հստակ սահմանումը նույնպես կենսաթոշակային համակարգի կայունության և բարեփոխման հաջողության երաշխիքներից է: Բարեփոխման ընթացքի կարևորագույն տարրերից է հին ու նոր համակարգերին սոցիալական վճարների և այդ համակարգերից ստացվող կենսաթոշակների ֆինանսավորման աղբյուրների հստակ սահմանումը:

 

Նոր կենսաթոշակային համակարգի նկարագիրը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարության նպատակը կենսաթոշակային այնպիսի համակարգի ստեղծումն է, որը յուրաքանչյուր տարեց կամ ծեր մարդու համար կապահովի որևէ տեսակի եկամուտ. նվազագույնն աղքատության շեմը գերազանցող նպաստից մինչև կենսաթոշակային տարիքն ունեցած աշխատավարձի կամ եկամտի փոխհատուցում: Այդ նպատակին հասնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կներդնի բազմաստիճան, տարբեր ֆինանսավորման աղբյուրներից սնվող, նոր կենսաթոշակային համակարգ: Նոր համակարգի ներդրումը կսկսվի 2008 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է նաև կանոն, թե որ քաղաքացիները կամ տարիքային խմբերը կարող են անցնել նոր կենսաթոշակային համակարգի: Նոր համակարգն ուժի մեջ մտնելու պահին 30 տարին չլրացած քաղաքացիները պարտադիր անցնում են նոր համակարգին, 30-45 տարիքային խմբում գտնվող քաղաքացիներին տրվում է ընտրության իրավունք մնալու հին համակարգում կամ անցնելու նոր համակարգ: Այս տարիքային խմբի քաղաքացիները նոր համակարգին անցնելուց հետո չեն կարող երբևիցե վերադառնալ հին համակարգ: 45-ից բարձր տարիքի քաղաքացիները մնում են հին համակարգում: Այս սահմանափակումը բացատրվում է այն հանգամանքով, որ նոր կենսաթոշակային համակարգը հասունանալու և դրա առավելություններից օգտվելու համար կպահանջվի 25-30 տարի:

Նոր կենսաթոշակային համակարգը կներառի հետևյալ 4 աստիճանը` (ա) նվազագույն ծերության սոցիալական նպաստ, (բ) բազային կենսաթոշակ, (գ) պարտադիր մասնավոր կուտակային կենսաթոշակ և (դ) կամավոր կուտակային կենսաթոշակ:

 

Նվազագույն ծերության սոցիալական նպաստը (համապատասխանում է ներկայիս բազային կենսաթոշակին)

 

Այս կենսաթոշակը կվճարվի այն քաղաքացիներին, որոնք իրենց կյանքի ընթացքում եղել են աղքատ և ունեն ոչ բավարար աշխատանքային պատմություն կամ եղել են գործազուրկ կամ աշխատել են ստվերում և չունեն բավարար խնայողություններ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կառաջարկի օրենսդրական փաթեթ այդ իրավունքների ճանաչման չափանիշները հաստատելու մասին և կսահմանի սոցիալական ծառայությունների աշխատակարգ, որը կսահմանի այդ ծառայությունների կողմից նման կենսաթոշակառուների որակավորման գործառույթները: Այդ աշխատակարգն անընդհատ կզարգացվի` հաշվի առնելով իրավիճակի առանձնահատկությունները և մարտահրավերները: Օրենքի և աշխատակարգի ընդունումը հրատապ խնդիր չէ և կարող է ներդրվել բարեփոխմանը հաջորդող 10-15 տարվա ընթացքում` խոստումները տեսանելի դարձնելու տեսակետից միջին ժամկետում (3-5 տարի):

Այս կենսաթոշակի չափը կարող է լինել որոշակի` սահմանված գումարի տեսքով կամ հաշվարկվել բանաձևի հիման վրա: Քանի որ այս կենսաթոշակն առաջին անգամ կվճարվի միայն 15-20 տարի հետո, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջին ժամկետում կսահմանի այդ կենսաթոշակի մեծության սահմանման մեթոդաբանությունը: Ամեն դեպքում այդ շեմը կսահմանվի առանձին օրենքով և կինդեքսավորվի գնաճի մեծությամբ այնքան ժամանակ, քանի դեռ բարեկեցության մակարդակն էական որակական փոփոխություններ չի կրել:

Նվազագույն ծերության սոցիալական նպաստը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից: Այդ նպաստ ստացողները չեն կարող լրացուցիչ եկամուտ կամ կենսաթոշակ ստանալ այլ աղբյուրներից` ներառյալ պարտադիր և կամավոր կուտակային համակարգից: Մինչև նպաստի նշանակումը` այլընտրանքային եկամուտը, դրա ստացման իրավունքը և մասնավոր կենսաթոշակային համակարգում բոլոր կուտակումները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Բազային կենսաթոշակ (համապատասխանում է ներկայիս կենսաթոշակին)

 

Այս կենսաթոշակի իրավունքից օգտվում են այն քաղաքացիները, որոնք իրենց կենսաթոշակն ստանում են պարտադիր կուտակային համակարգից և չեն ստանում նվազագույն ծերության սոցիալական նպաստ: Դրա չափը կամ հաշվարկման մեթոդաբանությունը կամրագրվի օրենքով և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կփոխանցվի կենսաթոշակառուի պարտադիր կուտակային հիմնադրամի` վերջինիս անհատական հաշվին: Ելնելով հարկաբյուջետային հնարավորություններից` այս կենսաթոշակի չափը կարող է բանաձևով կապվել պարտադիր կուտակային համակարգում կուտակված միջոցների մեծության հետ:

Այս կենսաթոշակի իրավունքն առաջին անգամ կարող է ծագել միայն նոր համակարգի ներդրումից 18 տարի հետո, եթե 45 տարեկանից ցածր քաղաքացիներից որևէ մեկը որոշի անցնել նոր համակարգ: Այդուհանդերձ, բարեփոխման արդյունքը հասանելի դարձնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոր համակարգի ներդրման պահին կսահմանի բազային կենսաթոշակի գումարի չափի հաշվարկման կարգը, որը հարկաբյուջետային հնարավորություններից ելնելով պարբերաբար կվերանայվի:

 

Պարտադիր կուտակային կենսաթոշակ

 

Այս կենսաթոշակը համարվում է բարեփոխման հիմնաքարը և վճարվում է կենսաթոշակային հիմնադրամներում բացված քաղաքացիների անհատական հաշիվներում կուտակված միջոցներից և տարիների ընթացքում դրանց դիմաց հաշվեգրված տոկոսային եկամուտներից: Նոր համակարգին անդամագրվածներն իրենց աշխատավարձի 10 տոկոսի չափով գումար յուրաքանչյուր ամիս պարտադիր կերպով փոխանցում են իրենց կողմից ընտրված կենսաթոշակային հիմնադրամի իրենց անհատական հաշիվներին:

Այս կենսաթոշակ ստացողներն ստանում են նաև բազային կենսաթոշակը: Այս կենսաթոշակից օգտվողները չեն կարող ստանալ նվազագույն ծերության սոցիալական նպաստ, սակայն կարող են լրացուցիչ կենսաթոշակ ստանալ կամավոր կուտակային համակարգից:

Պարտադիր կուտակային համակարգից կենսաթոշակները տրամադրվում են մասնավոր կյանքի ապահովագրության անուիտետ ձեռք բերելու միջոցով, որը կնկարագրվի կենսաթոշակների վճարման եղանակները բաժնում:

 

Կամավոր կուտակային կամ ոչ կուտակային կենսաթոշակ

 

Այս կենսաթոշակի համակարգն աշխատում է պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգի նման, միայն թե կամավոր սկզբունքով: Սոցիալական վճարների չափը և կենսաթոշակների ստացման կարգը որոշվում են կենսաթոշակային հիմնադրամի և քաղաքացու միջև կնքված պայմանագրի հիման վրա: Համաձայն պայմանագրի կենսաթոշակները կարող են վճարվել ուղղակիորեն կենսաթոշակային հիմնադրամներից և կյանքի ապահովագրության անուիտետ ձեռք բերելու միջոցով: Կենսաթոշակային ապահովագրությունը, այս դեպքում, կարելի է գնել և որպես կուտակային (defined contribution) և որպես ոչ կուտակային (defined benefit) կենսաթոշակներ:

 

Հին կենսաթոշակային համակարգի դերը

 

Բարեփոխման սկզբնավորման պահին արդեն իսկ կենսաթոշակային տարիքին հասած անձինք և նոր համակարգին չանցած քաղաքացիները շարունակում են մնալ գործող համակարգի կանոնների ներքո և ստանալ կենսաթոշակ գործող բանաձևի հիման վրա: Ընդ որում, նոր համակարգին անցած անձինք որևէ պահին այդ համակարգից հրաժարվելու դեպքում չեն կարող հետ վերադառնալ հին համակարգ և կարող են հավակնել միայն նոր համակարգի ներքո նվազագույն ծերության սոցիալական նպաստի:

Բարեփոխման գործընթացը պարզ պահելու նպատակով և ելնելով հարկաբյուջետային առկա սահմանափակումներից Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոր համակարգի ներդրման փուլում գործող կամ հին կենսաթոշակային համակարգում փոփոխություններ չի նախատեսում` բացառությամբ Աղքատության հաղթահարման ռազմավարությամբ նախատեսված կենսաթոշակների ավելացման և այլ միջոցառումների:

Ենթադրվում է, որ նոր համակարգին անցածները կստանան ավելի լավ կենսաթոշակ, քան հին համակարգում մնացածները: Այդուհանդերձ, քանի որ հին համակարգում մնացած քաղաքացիները պարտադիր կուտակման համար եկամտից սոցիալական վճարումներ չեն կատարելու, ապա վերջիններս կարող են կամավոր կենսաթոշակային ապահովագրություն գնել մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներից` կամավոր կուտակային և ոչ կուտակային կենսաթոշակների տեսքով:

 

Անաշխատունակության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստը և կենսաթոշակը

 

Անաշխատունակության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և կենսաթոշակների համակարգը շարունակում է գործել:

Այդուհանդերձ, նոր համակարգի ներքո հնարավոր է բարելավել այդ նպաստների և կենսաթոշակների չափը: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն և մասնավոր կենսաթոշակային հիմնադրամները կգնեն կյանքի ապահովագրություն, որը թույլ կտա փոքր գումարներ վճարելով բավարար կերպով ապահովագրել քաղաքացիների ապագա եկամուտների կորուստները: Օրենքով կսահմանվի նաև այն բիզնեսների ցանկը, որոնք, գործունեության ռիսկայնությունից ելնելով, պարտավոր են ապահովագրել իրենց աշխատողներին:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոր համակարգի ներդրման միջոցառումների ներքո կհրապարակի այդ նոր հնարավորությունների մեխանիզմները, սակայն ներդրման ժամկետները կախված կլինեն կյանքի ապահովագրության կառույցների ձևավորումից:

 

Գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների և ինքնազբաղվածների կենսաթոշակային ապահովումը

 

Այս 2 ոլորտում զբաղվածների համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կներդնի առանձին կենսաթոշակային համակարգ: Այդ համակարգի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վարձու աշխատողների համեմատ այդ ոլորտի զբաղվածները չունեն կայուն ամսական եկամուտներ և վերջիններս կրում են սեզոնային բնույթ:

Հետևաբար, զբաղվածների այս խմբի համար սոցիալական հարկը կսահմանվի տարեկան եկամուտների կամ ավելի հաճախակի (օրինակ` ամսական կամ եռամսյակային) վճարումների դեպքում այդ տարեկան եկամուտների միջանկյալ հաշվարկային մեծության նկատմամբ:

Այդ առանձնահատկության ներքո կենսաթոշակային համակարգն այս 2 ոլորտի համար կձևավորվի բացառապես նոր համակարգի սկզբունքներով: Սա նշանակում է, որ այս 2 ոլորտում զբաղվածները նույնպես կստանան նվազագույն ծերության սոցիալական նպաստ:

 

Եկամտահարկը և սոցիալական վճարները

 

Ներկայիս սոցիալական վճարների և եկամտահարկի ինտեգրված համակարգը և դրանց հանրագումարային 25 տոկոս դրույքաչափն արդյունավետ համակարգ է և մինչև նոր կենսաթոշակային համակարգի հասունանալը կարող է պահպանվել:

Այդուհանդերձ, սոցիալական վճարների և եկամտահարկի վարչարարությունը պարզեցնելու տեսակետից, այդ համակարգի հետագա բարեփոխումը կդառնա Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին քննարկման առարկա հատկապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարվող այդ 2 վճարի հետագա ինտեգրման տեսակետից: Ներկայումս վարձու աշխատողները վճարում են իրենց եկամտահարկի մի մասը որպես սոցիալական վճար/հարկ, իսկ մյուս մասը որպես եկամտահարկ, որոնց հանրագումարը չի գերազանցում եկամտի 25 տոկոսը: 2 հարկատեսակն էլ առանձին-առանձին հաշվարկում է գործատուն և վճարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվում է մասհանում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին (ՍԱՊՀ), որն էլ վճարում է կենսաթոշակները:

Այլընտրանքներից մեկը կարող է լինել այն, որ կենսաթոշակային բարեփոխման ներքո և նոր համակարգ անցածները, և հին համակարգում մնացածները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուծեն միայն եկամտահարկ` եկամտի 25 տոկոսի չափով, և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չմուծեն որևէ սոցիալական վճար: Դրա ներքո վարձու աշխատողների համար հաշվարկը և վճարումները կշարունակվեն կատարվել գործատուների կողմից և նոր կենսաթոշակային համակարգի հասունացմանը զուգընթաց, և անձնական հայտարարագրման մեխանիզմի ներդրման արդյունքում քաղաքացիները կարող են ինքնուրույն հաշվարկել և վճարել իրենց եկամտահարկը:

Դրա ներքո օրենքով սահմանված կարգով գործատուների կողմից ներկայումս վճարվող սոցիալական վճարների չափով կավելացվեն աշխատողների աշխատավարձերը, որպեսզի քաղաքացիների մոտ եկամտի կորուստ չառաջանա: Գործատուների մոտ նույնպես եկամուտների կորուստներ չեն առաջանա, քանի որ այդ գումարներն արդեն իսկ վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Ընդհակառակը գործատուների համար հարկային վարչարարությունը կպարզենա:

Պետության կողմից երաշխավորվող կենսաթոշակների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կպլանավորվեն առանձին ծախսային հոդվածներ, որոնք կերաշխավորվեն եկամտահարկից ստացված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներով:
Այդուհանդերձ, նկարագրված մոտեցումը նախանշում է եկամտահարկի և սոցիալական վճարների համակարգի ինտեգրման ուղղությունը, սակայն ներկայացնում է տարբերակներից միայն մեկը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջնական որոշումը, այդ թվում` արդյոք անհրաժեշտ է փոփոխել ներկայիս համակարգը, թե ոչ, կկայացնի հետագա քննարկումների արդյունքում:

Ամեն դեպքում նոր համակարգին անցած քաղաքացիները գործատուների միջոցով իրենց աշխատավարձից կվճարեն նաև ներկայիս 3 տոկոսը և լրացուցիչ 7 տոկոսի չափով սոցիալական վճարը (ընդհանուր 10 տոկոս), որը կփոխանցվի քաղաքացիների կողմից ընտրված կենսաթոշակային հիմնադրամներում բացված անձնական հաշիվներին: Յուրաքանչյուր տարի այդ վճարներն իրականացնող անձինք անվճար կստանան իրենց հաշվի վերաբերյալ տեղեկատվություն փաստացի կուտակված միջոցների չափի և դրանց կառավարումից ստացված տոկոսային եկամուտների վերաբերյալ:

 

Կենսաթոշակների ստացման եղանակները

 

Պետության կողմից երաշխավորվող բոլոր կենսաթոշակները կվճարվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ուղղակիորեն` ըստ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (տես ՍԱՊՀ-ի դերը բաժնում) կողմից տրված կենսաթոշակների չափի և կենսաթոշակառուների ցանկի: Նոր համակարգին անցած քաղաքացիներին հասանելիք պետական կենսաթոշակները, ըստ կենտրոնացված ՍԱՊՀ-ի տվյալների, կփոխանցվեն ՍԱՊ-ի ներքո վարվող կենսաթոշակային հիմնադրամների` վերջիններիս անձնական հաշիվներին:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վճարումներ կատարողներն իրենց կենսաթոշակները կստանան կենսաթոշակային հիմնադրամներից: Այդուհանդերձ, օրենքը կպարտադրի մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների անձնական հաշիվներում կուտակված միջոցները վճարել նվազագույն (ասենք առնվազն 15 տարվա) կյանքի տևողության հաշվարկից ելնելով կամ կենսաթոշակի տարիքին հասած քաղաքացիների համար գնել կյանքի ապահովագրություն (անուիտետ): Կյանքի տևողության նվազագույն չափը կսահմանվի կյանքի ապահովագրությունն առավելագույնս խթանելու սկզբունքով: Վերջինս կերաշխավորի, որ կենսաթոշակի անցնելուց հետո կենսաթոշակառուն ապահովված կլինի կենսաթոշակով ամբողջ կյանքի ընթացքում: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստացված բազային կենսաթոշակը կարող է նույնպես ուղղվել անուիտետի ձեռքբերմանը:

Կուտակված, սակայն չօգտագործված գումարները կենսաթոշակառուները մահից հետո կարող են փոխանցել իրենց հարազատներին: Հարազատներն այդ միջոցները կանխիկով ստանալու դեպքում կհարկվեն առնվազն եկամտահարկի չափով: Հարազատների կողմից այդ միջոցների ուղղումն իրենց անձնական կենսաթոշակային հաշիվներին կազատի այդ հարկի վճարումից:

 

Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի դերը

 

Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը նոր կորպորատիվ սկզբունքների ներքո կիրականացնի քաղաքացիների սոցիալական անհատական հաշվառման համակարգի վարումը, պետական և պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգերից ստացվող կենսաթոշակների հաշվառումը և վճարումը, պարտադիր կուտակային համակարգին սոցիալական վճարների հավաքագրումը և ակտիվների կառավարիչներին փոխանցումը: Բոլոր տեսակի սոցիալական վճարների և կենսաթոշակի վճարումների աստիճանաբար անցումը կկատարվի կենսաթոշակառուների և սոցիալական նպաստառուների անձնական բանկային հաշիվների միջոցով վճարումների ձևին:

ՍԱՊՀ-ի շրջանակներում ձևավորվելու է Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, ՍԱՊՀ-ի, գործարար և գիտական շրջանակների ներկայացուցիչներից բաղկացած ներդրումային խորհուրդ, որը որոշում է ներդրումների ուղղությունը և ծավալը:

Պարտադիր կուտակային համակարգին անցած քաղաքացիների անհատական կենսաթոշակային պահանջները կհաշվառվեն ոչ միայն ՍԱՊՀ-ում, այլև առանձին իրավաբանական անձի կարգավիճակով ստեղծված և շահույթի նպատակ չհետապնդող կենսաթոշակային հիմնադրամների ներքո: Վերջիններս կապահովեն կենսաթոշակային կուտակումների անձեռնմխելիությունը և դրանց խորհուրդները (հոգաբարձուների) կկատարեն կուտակված կենսաթոշակային միջոցների կառավարիչների ընտրություն:

Կենսաթոշակային նոր համակարգի հասունացմանը և կապիտալի շուկաների հնարավորությունների ընդլայնմանը զուգընթաց կքննարկվի նաև ՍԱՊՀ-ի ապակենտրոնացման հարցը, որը կարող է տևել բարեփոխումն սկսվելուց հետո մինչև 5 տարի:

 

ՀԵՏԱԳԱ ՔԱՅԼԵՐԸ

 

Սույն հայեցակարգի ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը կներկայացնի կենսաթոշակային բարեփոխման մանրամասն ծրագիր, որտեղ կներկայացվեն բոլոր այլ կառուցվածքային և ինստիտուցիոնալ փոփոխությունները:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կներկայացնի նաև այն օրենքների և այլ իրավական ակտերի ներկայացման ժամանակացույցը, որը պարտադիր է նոր կենսաթոշակային համակարգի ներդրման համար:

Սույն հայեցակարգի դրույթների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը, սույն հայեցակարգն ընդունելուց հետո մեկ ամսվա ընթացքում, կներկայացնի «Կենսաթոշակային բարեփոխումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ: Միաժամանակ, կենսաթոշակային բարեփոխման մանրամասն ծրագրի ներքո Հայաստանի Հանրապետության կառավարությունը կմանրամասնի կենսաթոշակային բարեփոխումների միջոցառումների ժամանակացույցը:

Սույն հայեցակարգի ներքո պահանջվող միջոցառումներն ամփոփված են միջոցառումների ժամանակացույցում:
 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 26-ի N 796-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Նպատակը Արդյունքը և դրա նկարագիրը Կատարման պատասխանատուն Իրակա-նացման ժամկետը
1 2 3 4 5 6
1. Հայեցակարգն ամրագրող «Կենսաթոշակային բարեփոխումների մասին»
ՀՀ օրենքի մշակում
բարեփոխման
ընթացքի
կայունության
ապահովում

օրենքի նախագիծ, որն առնվազն կներառի`

1) ապագա կենսաթոշակային համակարգի բոլոր չորս աստիճանների սահմանումը.

2) յուրաքանչյուր աստիճանին կատարվելիք սոցիալական վճարների սահմանաքանակները.

3) յուրաքանչյուր աստիճանից ակնկալվող կենսաթոշակների բնութագիրը և ստացման կարգը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարություն
ՀՀ կենտրոնական
բանկ
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական
հիմնադրամ
2006 թ.
հունիս
2. Կենսաթոշակային բարեփոխման
քաղաքական խորհրդի և
աշխատանքային խմբի
նշանակումը
բարեփոխման
գործընթացում
որոշումների
պրոֆեսիոնալիզմի
ապահովում
առավելագույնը 7 անձից բաղկացած խմբերի ստեղծում, որոնք պարտավոր են հանդիպել առնվազն սահմանված հաճախականությամբ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության և պարտավոր են արձանագրել բոլոր հանդիպումները ՀՀ կառավարություն 2006 թ.
հունիս
3. Կենսաթոշակային
համակարգի
բարեփոխումների
իրականացման ծրագրի
նախագիծը ՀՀ
կառավարություն
ներկայացնելը
բարեփոխումների
գործընթացի
համալիր և
համակարգված
կառավարում

1. Ծրագրի նախագիծն առնվազն կներառի`

1) բարեփոխումների իրականացման անհրաժեշտության ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական հիմնավորումներն ու մանրամասն նկարագրությունը.

2) կենսաթոշակային նոր համակարգի ներդրման և գործող համակարգի բարեփոխման ժամանակային փուլերն ու իրագործման մեխանիզմները.

3) անհրաժեշտ կառուցվածքային փոփոխությունների և նոր ինստիտուտների ձևավորման միջոցառումները.

4) բարեփոխումների գործընթացի համակարգված կառավարման, այդ թվում` մասնակցային գործընթացի և միջազգային համագործակցության ապահովման մեխանիզմները.

5) պետության կողմից կենսաթոշակային ակտիվների հուսալիության և անվտանգության ապահովման մեխանիզմները:

2. Կմշակվի ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը

ՀՀ կենտրոնական
բանկ
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարություն
ՀՀ աշխատանքի և
սոցիալական հարցերի
նախարարություն
ՀՀ սոցիալական
ապահովագրության
պետական
հիմնադրամ
2007 թ.
հունիս
4. Կենսաթոշակային
համակարգի
բարեփոխումների
լուսաբանման և
քաղաքացիական
հասարակության
մասնակցության
միջոցառումների
ժամանակացույցի
մշակում
բարեփոխումների
հրապարակայնու-
թյան և մասնակցային
գործընթացի
ապահովում
միջոցառումների նկարագիրը և ժամանակացույցը, որը պարտադիր կընդգրկի նաև Հայաստանի Հանրապետության մարզերի բնակչության լուսաբանմանն ու մասնակցության ապահովմանն ուղղված միջոցառումները ՀՀ կենտրոնական
բանկ
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական
հիմնադրամ
2007 թ.
հունիս
5. Անհատական
(անձնավորված)
հաշվառման
համակարգի կատարելագործման
ծրագրի մշակում
բարեփոխումների
տեխնիկական նախապայմանների
ձևավորում

անհատական հաշվառման համակարգի ներդրման ծրագիրը կներառի`
1) անհատական հաշվառման համակարգի զարգացման ուղղությունները.
2) տեղեկատվական հոսքերի կառավարման գործուն համակարգի նախապայմանների ստեղծումը (տեխնիկական վերազինում, տվյալների էլեկտրոնային բազայի ստեղծում, կորպորատիվ ցանցի և տվյալների ավտոմատ փոխանակման մեխանիզմների ներդրում և այլն).
3) համակարգի կատարելագործման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ և օրենսդրական միջոցառումների ժամանակացույցը

ՀՀ աշխատանքի
և սոցիալական
հարցերի նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական
հիմնադրամ
ՀՀ կենտրոնական
բանկ
2007 թ.
հունիս
6. Հայաստանի
Հանրապետության
կենտրոնական
դեպոզիտարիայում
անհատական հաշիվների
ներդրման տեխնիկական
առաջադրանքի (ՏԱ) մշակում
մասնավոր և
պետական
համակարգերի
կողմից
փոխադարձ
վերահսկվող
անհատական
հաշվառման
համակարգի
ձևավորում
տեխնիկական առաջադրանքը կներառի`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիայում անհատական հաշիվների համակարգի ներդրման հիմնավորումը (հնարավորություններ, եկամուտ/ծախս վերլուծություն)
2) ներդրվելիք համակարգի տեխնիկական նկարագիրը.
3) բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տեղեկատվական հոսքերի էլեկտրոնային կառավարման ներդրման համար անհրաժեշտ միջոցառումները
ՀՀ կենտրոնական
բանկ
ՀՀ ֆինանսների
և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ աշխատանքի
և սոցիալական
հարցերի նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական
հիմնադրամ
2007 թ.
հունիս
7. «Կենսաթոշակային համակարգի մասին»
ՀՀ օրենքի նախագիծը
ՀՀ կառավարություն ներկայացնելը
բարեփոխումների օրենսդրական
հիմքերի
ստեղծում
ՀՀ օրենքի նախագիծը կմշակվի կենսաթոշակային համակարգի բարեփոխումների իրականացման ծրագրի հիմքի վրա ՀՀ կենտրոնական
բանկ
ՀՀ ֆինանսների
և էկոնոմիկայի
նախարարություն
ՀՀ աշխատանքի և
սոցիալական
հարցերի նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական
հիմնադրամ
2007 թ.
սեպտեմ-
բեր
8. Արտասահմանյան ֆինանսական և տեխնիկական օժանդակության հայթայթում և կոորդինացում

բարեփոխումների
համար
անհրաժեշտ
կարողությունների
ստեղծում և
հզորացում

1. Համաշխարհային բանկի և USAID տեխնիկական աջակցությամբ կմշակվեն և կիրագործվեն մեկ վարկային և երկու դրամաշնորհային ծրագրեր, որոնք կնպատակաուղղվեն`
1) ֆինանսական շուկայի ընդլայնմանն ու զարգացմանը (կապիտալի և ապահովագրական շուկաների, դեպոզիտարիայի, բանկային համակարգի և այլն).

2) միջազգային փորձի ուսումնասիրությանը, մասնագետների վերապատրաստմանը.

3) կենսաթոշակային բարեփոխումների մեթոդաբանական հիմնախնդիրների լուծմանը (ակտուարական հաշվարկներ, գործառույթների նկարագրեր, կարգավորման մեխանիզմներ և այլն).

4) ինստիտուցիոնալ կառույցների ձևավորմանը, դրանց ֆինանսական և տեխնիկական աջակցությանը:

2. Բանակցությունների վարում դոնորների հետ կենսաթոշակային բարեփոխումների աջակցությանն ուղղված ծրագրերի ստեղծման և ֆինանսավորման համար:

ՀՀ ֆինանսների
և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կենտրոնական
բանկ
ՀՀ աշխատանքի
և սոցիալական
հարցերի նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական
հիմնադրամ
2007 թ.
դեկտեմ-
բեր շարունա-
կական

(Ցանկը խմբ. 07.03.07 N 359-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.11.2008, N 1487-Ն 30.12.2008, N 796-Ն
20.03.2008, N 266-Ն 10.04.2008, N 796-Ն
20.09.2007, N 1158-Ն 25.10.2007, N 796-Ն
07.03.2007, N 359-Ն 26.04.2007, N 796-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան