ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ` «ԲՈԼՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 13 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
17 ապրիլի 2007 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի` «Բոլոր հանգամանքներում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Արձանագրությունն ստորագրման համար բացվել է 2002 թվականի մայիսի 3-ին Վիլնյուսում` 1950 թվականի նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար` Կոնվենցիայով երաշխավորված` կյանքի իրավունքի պաշտպանության ամրապնդման և բոլոր հանգամանքներում մահապատիժը վերացնելու ուղղությամբ վերջնական քայլերի ձեռնարկման նպատակով:
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2003 թվականի հուլիսի 1-ին:
Հայաստանի Հանրապետությունն Արձանագրությունն ստորագրել է 2006 թվականի մայիսի 19-ին:
2. Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկանքի` 2007 թվականի հունվարի 22-ի դրությամբ Արձանագրությունն ստորագրել են 44 և վավերացրել 37 պետություններ: Արձանագրությունը չեն ստորագրել ԵԽ անդամ երկու պետություններ (Ադրբեջանը և Ռուսաստանի Դաշնությունը): Հայաստանի Հանրապետությունից զատ` քննության առարկա Արձանագրությունը չեն վավերացրել Եվրախորհրդի անդամ ևս 5 պետություններ (Իսպանիան, Իտալիան, Լատվիան, Լեհաստանը և Ֆրանսիան):
3. Արձանագրությունն ստորագրելիս` ԵԽ անդամ պետությունները հաշվի են առել այն հանգամանքը, որ Կոնվենցիայի` 1983 թ. ապրիլի 28-ին Ստրասբուրգում ստորագրված 6-րդ արձանագրությունը, որը վերաբերում է մահապատժի վերացմանը, չի բացառում մահապատիժը պատերազմի ժամանակ կամ պատերազմի անխուսափելի վտանգի պայմաններում կատարված արարքների դեպքերում:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային Հայաստանի Հանրապետությունը միացել է 2002 թվականի մարտի 20-ին, իսկ Կոնվենցիայի` 1983 թվականի ապրիլի 28-ին Ստրասբուրգում ստորագրված` մահապատժի վերացման վերաբերյալ թիվ 6 արձանագրությունը Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2003 թ. սեպտեմբերի 9-ին:
4. Արձանագրությունն ստորագրելիս կամ դրանով պարտավորված լինելու մասին համաձայնությունն արտահայտելիս 5 պետություններ համապատասխան հայտարարություններ են արել (Մեծ Բրիտանիա, Դանիա, Նիդեռլանդներ, Վրաստան և Մոլդովա):
Հատկանշական են Վրաստանի և Մոլդովայի հայտարարություններն առ այն, որ. «Վրաստանը հայտարարում է, որ մինչև Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի նկատմամբ Վրաստանի ամբողջական իրավազորության վերականգնումը, այն չի կարող պատասխանատվություն կրել այդ տարածքներում թիվ 13 Արձանագրության դրույթների խախտման համար», և որ. «Մոլդովան հայտարարում է, որ մինչև Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականության լիակատար վերականգնումը, թիվ 13 Արձանագրության դրույթները կիրառվելու են միայն Մոլդովայի Հանրապետության իշխանությունների կողմից արդյունավետ վերահսկվող տարածքների նկատմամբ»:
5. «Բոլոր հանգամանքներում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- վերացնել մահապատիժը և երաշխավորել, որպեսզի ոչ ոք չդատապարտվի կամ ենթարկվի նման պատժի,
- բացառել Արձանագրության դրույթների նկատմամբ Կոնվենցիայի 15-րդ հոդվածի կիրառումը («Արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղում»),
- Արձանագրության դրույթների վերաբերյալ չանել Կոնվենցիայի 57-րդ հոդվածով նախատեսված որևէ վերապահում,
- Արձանագրության 1-4-րդ հոդվածների դրույթներն ընդունել որպես Կոնվենցիայի լրացուցիչ հոդվածներ:
Սույն Արձանագրությունը հանդիսանում է փոխլրացնող գործոն` ՀՀ Սահմանադրության 15 հոդվածի ամբողջական իրացման համար:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի` «Բոլոր հանգամանքներում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
|