Գլխավոր տեղեկություն
Համար
N 1920-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (03.04.2003-21.07.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.26/58(233) Հոդ.1350
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2002 թվականի N 1920-Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հաստատել «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական որ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «ե» և «Է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

4. Սահմանել, որ «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը կրթական, գիտական, փորձագիտական, հրատարակչական գործունեության իրականացումն է:

5. Թույլատրել «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

բ) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում ու որակավորման բարձրացում.

դ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.

ե) հրատարակչական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

զ) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

է) մշակութային գործունեության (ուսանողական համերգներ, փառատոներ) ծավալում:

6. «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական հիմնարկի տնօրինության գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:

«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

7. Սահմանել, որ`

ա) մինչև վերակազմակերպումը` «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական հիմնարկին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

Նշված հատկացումները «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական հիմնարկի վերակազմակերպումից հետո ներառվում են «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում.

բ) «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական հիմնարկի վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվում են «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 25
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 7-ի N 1920-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կոնսերվատորիա) բարձրագույն պետական ուսումնական հաստատություն է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ իրեն ամրագրված խնդիրներին համապատասխան իրավունքներ և պարտականություններ:

2. Կոնսերվատորիայի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

3. Կոնսերվատորիան իր գործունեության նպատակներին համապատասխան` կարող է իրականացնել ուսումնական, հետազոտական, փորձագիտական, ստեղծագործական, համերգային ծրագրեր և ուսուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Կոնսերվատորիան ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ:

5. Կոնսերվատորիան ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք ու մեդալ, ինչպես նաև` իր դրոշը, խորհրդանշանը և օրհներգը:

6. Կոնսերվատորիայի անվանումն է`

հայերեն լրիվ` «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կրճատ` ԵՊԿ,

ռուսերեն լրիվ` “Ереванская государственная консерватория им. Комитаса” государственная некоммерческая организация,

ռուսերեն կրճատ` ЕГК,

անգլերեն լրիվ` "Yerevan State Conservatory after Komitas" Non-Commercial Organizatiօn,

անգլերեն կրճատ` YSC:

7. Կոնսերվատորիայի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Սայաթ-Նովայի 1:

 

II. ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

8. Կոնսերվատորիայի գործունեության առարկան և նպատակը կրթական, գիտական, փորձագիտական ու հրատարակչական գործունեության իրականացումն է:

9. Կոնսերվատորիայի խնդիրներն են`

ա) երաժշտական արվեստի բարձր որակավորմամբ մասնագետների, գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների վերապատրաստումը և մասնագիտական որակավորման բարձրացումը.

բ) երաժշտական արվեստի, երաժշտագիտության, հասարակագիտական և հումանիտար գիտությունների բնագավառներում գիտական-ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտությունների իրականացումը.

գ) կրթության, ստեղծագործության և գիտության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, մասնագիտությունների և մասնագիտացումների համակարգերի մշակումն ու արմատավորումը.

դ) գիտական մշակումների և ստեղծագործական ձեռքբերումների տարածումը:

10. Առաջադրված խնդիրներին համապատասխան` կոնսերվատորիան իրավասու է`

ա) որոշելու իր կառուցվածքը, կառավարման սկզբունքները, կազմելու ուսումնական պլաններ և ծրագրեր.

բ) ստեղծելու հոգաբարձուների խորհուրդ.

գ) սահմանված կարգով իր կազմում ստեղծելու մասնաճյուղեր, գիտահետազոտական ինստիտուտներ, կենտրոններ, քոլեջներ, մասնագիտական թեքում ունեցող ավագ դպրոցներ, ֆակուլտետներ և ստեղծագործական միավորներ.

դ) շնորհելու կոնսերվատորիայի պատվավոր կոչումներ, սահմանելու մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրելու կոնսերվատորիայի մեդալով.

ե) իրականացնելու երկկողմ ու բազմակողմ ուղղակի կապեր Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական կազմակերպությունների, գերատեսչությունների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ իրականացնելու կադրերի պատրաստում, ուսանողների և ասպիրանտների ուսուցում, մասնագետների փոխանակում, գիտական, մշակութային-լուսավորչական գործունեություն.

զ) իրականացնելու հրատարակչական գործունեություն.

է) կազմակերպելու մագիստրանտների, ասպիրանտների, դոկտորանտների, հայցորդների ընդունելություն.

ը) կազմակերպելու վճարովի համերգներ և ներկայացումներ:

 

III. ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

11. Կոնսերվատորիայի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան: Հիմնադիրն ունի կոնսերվատորիայի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Կոնսերվատորիայի ընդհանուր կառավարումն իրականացնում է լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն):

12. Կոնսերվատորիայի կառավարումը հիմնված է ինքնավարության, միանձնյա և կոլեգիալ կառավարման զուգակցման, ինչպես նաև կարևորագույն հարցերի լուծմանը կոնսերվատորիայի կոլեկտիվի մասնակցության սկզբունքների վրա:

13. Նախարարությունը`

ա) կոնսերվատորիայի կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

բ) իրականացնում է վերահսկողություն կոնսերվատորիայի գործունեության նկատմամբ.

գ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կոնսերվատորիայի ռեկտորի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և որոշումները.

դ) լսում է կոնսերվատորիայի գործունեության մասին հաշվետվությունները.

ե) վերահսկողություն է իրականացնում կոնսերվատորիային ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանման նկատմամբ, համաձայնություն տալիս կոնսերվատորիայի սեփական գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

զ) հաստատում է կոնսերվատորիայի պահպանման ծախսերի նախահաշիվը:

14. Կոնսերվատորիայի կառավարման բարձրագույն մարմինը խորհուրդն է` կոլեկտիվի ներկայացուցչական ժողովը, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է` այդ ընթացքում խորհրդի անդամների մասնակի շրջափոխությամբ: Խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 140-ը: Խորհրդի անդամների առնվազն 65 տոկոսը պետք է կազմի պրոֆեսորադասախոսական կազմը, 25 տոկոսը` ուսանողները և մինչև 10 տոկոսը` վարչատնտեսական աշխատողները: Խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են կոնսերվատորիայի ռեկտորը, պրոռեկտորները, մասնաճյուղերի ղեկավարները, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, կոնսերվատորիայի այլ ստորաբաժանումների ղեկավարներ, կոնսերվատորիայի գիտական քարտուղարը, ռեկտորի խորհրդականը: Խորհրդի մնացած անդամներն ընտրվում են կոնսերվատորիայի կոլեկտիվի կողմից` ըստ ստորաբաժանումների` ռեկտորատի սահմանած համամասնությամբ:

15. Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն տարեկան մեկ անգամ: Դրանք համարվում են իրավազոր` խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունում: Խորհրդի որոշումները կենսագործվում են կոնսերվատորիայի ռեկտորի հրամաններով: Արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

16. Խորհուրդը`

ա) ընտրում է նախագահ.

բ) հաստատում է իր աշխատակարգը.

գ) կազմակերպում և անցկացնում է կոնսերվատորիայի ռեկտորի ընտրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

դ) կոնսերվատորիայի ռեկտորի ներկայացմամբ` հաստատում է կոնսերվատորիայի զարգացման, ինչպես նաև միջազգային համագործակցության գլխավոր ուղղությունները.

ե) քննարկում և սահմանված կարգով նախարարություն է ներկայացնում կոնսերվատորիայի կանոնադրության կամ դրա մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ.

զ) սահմանված կարգով նախարարություն է ներկայացնում կոնսերվատորիայի տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ առաջարկություններ.

է) քննարկում և հաստատում է խորհրդի տարեկան հաշվետվությունը.

ը) քննարկում է կոնսերվատորիայի տարեկան գործունեության մասին կոնսերվատորիայի ռեկտորի հաշվետվությունը և հաստատում այն:

17. Կոնսերվատորիայի գիտական խորհուրդը ռեկտորի նախագահությամբ գործող ուսումնական, գիտական ու գիտատեխնիկական գործունեությունը համակարգող և կարգավորող կառավարման մարմին է: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

18. Գիտական խորհուրդը`

ա) հաստատում է իր աշխատակարգը.

բ) հատկացված ընդհանուր չափաքանակների շրջանակներում, կոնսերվատորիայի ռեկտորի ներկայացմամբ, հաստատում է վճարովի հիմունքներով` ըստ մասնագիտությունների ընդունելության տեղերը.

գ) քննարկում է կոնսերվատորիայի միջազգային համագործակցության ծրագրերը.

դ) Նախարարություն ներկայացնում է առաջարկություն դիմորդների ընդունելության կանոնների վերաբերյալ.

ե) կոնսերվատորիայի ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ կոնսերվատորիայի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ.

զ) կոնսերվատորիայի ռեկտորի ներկայացմամբ` հավանություն է տալիս կոնսերվատորիայի կառուցվածքային ստորաբաժանումների օրինակելի կանոնադրություններին և ներքին կարգապահական կանոններին.

է) քննարկում է կոնսերվատորիայի ուսումնական մասնագիտությունների ու մասնագիտացումների անվանացանկերը.

ը) հաստատում է ուսումնական պլաններն ըստ մասնագիտությունների, որոնք ներկայացվում են նախարարություն.

թ) քննարկում է կոնսերվատորիայի գիտական գործունեության գլխավոր ու հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ կոնսերվատորիայում կատարվող գիտահետազոտական և ուսումնական աշխատանքների արդյունքների մասին.

ժ) հաստատում է կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի հաստիքացուցակը, կազմակերպում թափուր տեղերի համար թեկնածուների մրցութային ընտրությունները.

ժա) շնորհում է կոնսերվատորիայի պատվավոր կոչումներ, մրցանակներ ու անվանական կրթաթոշակներ, պարգևատրում կոնսերվատորիայի մեդալով և պատվոգրով, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար ներկայացնում է թեկնածուներ.

ժբ) իրականացնում է կոնսերվատորիայի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեությանն առնչվող այլ լիազորություններ, որոնք բխում են սույն կանոնադրությունից:

19. Գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են կոնսերվատորիայի ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, կոնսերվատորիայի գիտական քարտուղարը, ռեկտորի խորհրդականը, ուսումնական և գիտական վարչությունների (կամ մասերի) վարիչները (կամ պետերը), ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, արհմիութենական կազմակերպության նախագահը, գրադարանի տնօրենը, ուսանողական խորհրդի նախագահը` ի պաշտոնե, ինչպես նաև, կոնսերվատորիայի ռեկտորի ընտրությամբ, այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, հանրապետության գիտության և կրթության առաջատար մասնագետներ (ընդհանուր թվի մինչև 15 տոկոսի չափով):

Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 60-ը:

20. Գիտական խորհրդի մյուս անդամներն ընտրվում են կոնսերվատորիայի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` համաձայն գիտական խորհրդի կանոնակարգի:

21. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր` նրա անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում կոնսերվատորիայի ռեկտորի հրամաններով:

22. Գիտական խորհրդին կից` գիտական խորհրդի որոշմամբ, շրջափոխման սկզբունքներով, 3-5 տարի ժամկետով ստեղծվում են հանձնաժողովներ, որոնց կազմերը հաստատում է կոնսերվատորիայի ռեկտորը: Հանձնաժողովի աշխատակարգը սահմանվում է գիտական խորհրդի կանոնակարգով:

23. Կոնսերվատորիայի հոգաբարձուների խորհուրդը խորհրդակցական մարմին է, որը գործում է կոնսերվատորիայի ռեկտորի կողմից հաստատված իր կանոնակարգի համաձայն: Հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը ներկայացվում է կոնսերվատորիայի ռեկտորի կողմից և հաստատվում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով, 5 տարի ժամկետով:

24. Կոնսերվատորիայի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում, իր կանոնակարգով սահմանված լիազորությունների սահմաններում, քննարկում է կոնսերվատորիայի գործունեությանը վերաբերող հարցեր:

25. Ռեկտորատի կազմի մեջ մտնում են ռեկտորը, պրոռեկտորները, կոնսերվատորիայի գիտական քարտուղարը, ռեկտորի օգնականը և խորհրդականը, ֆակուլտետների դեկանները ու գիտական և ուսումնական վարչությունների (կամ մասեր) ղեկավարները: Ռեկտորատի որոշումները կենսագործվում են կոնսերվատորիայի ռեկտորի հրամաններով:

26. Կոնսերվատորիայի ընթացիկ ղեկավարումն իր իրավասության սահմաններում իրականացնում է գործադիր մարմինը` կոնսերվատորիայի ռեկտորը, որն ընտրվում է խորհրդի կողմից սահմանված կարգով, փակ գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Կոնսերվատորիայի ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքի փորձ ունեցող գիտությունների դոկտորը կամ պրոֆեսորը: Կոնսերվատորիայի ռեկտորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են օրենքով սահմանված կարգով:

(26-րդ կետը լրաց. 13.03.03 N 250-Ն)

27. Կոնսերվատորիայի ռեկտորը`

ա) ղեկավարում է կոնսերվատորիայի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը.

բ) ներկայացնում է կոնսերվատորիան պետական մարմիններում, կազմակերպություններում, հիմնարկներում` ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ օտարերկրյա պետություններում.

գ) ապահովում է ըստ մասնագիտությունների` մասնագետների պատրաստումը և գիտահետազոտական աշխատանքների պետական պատվերների կատարումը.

դ) կնքում է պայմանագրեր, բանկերում բացում հաշիվներ.

ե) սահմանում է կոնսերվատորիայի կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

զ) կնքում է աշխատանքային պայմանագրեր սահմանված կարգով ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և դասախոսների հետ: Պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է կոնսերվատորիայի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, սահմանում նրանց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվության շրջանակները.

է) հրավիրում է կոնսերվատորիայի խորհրդի, գիտական խորհրդի, ռեկտորատի նիստեր և ապահովում դրանց սերտ համագործակցությունը.

ը) սահմանված կարգով կարգապահական ներգործության միջոցներ է կիրառում աշխատողների և սովորողների նկատմամբ.

թ) կոնսերվատորիայի ֆինանսական միջոցների շրջանակներում սահմանում է աշխատողների աշխատավարձի ու հավելավճարի չափերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լուծում աշխատողների և սովորողների պարգևատրման ու ֆինանսական օգնության հետ կապված հարցերը.

ժ) արձակում է հրամաններ ուսանողների և ասպիրանտների ընդունելության, կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու և որակավորման աստիճան շնորհելու մասին.

ժա) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է կոնսերվատորիայի պրոռեկտորներին` սահմանելով նրանց գործունեության ոլորտներն ու պարտականությունները.

ժբ) իր բացակայության ժամանակ կոնսերվատորիայի ռեկտորի պարտականությունների կատարումը դնում է պրոռեկտորներից մեկի վրա.

ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

IV. ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

28. Կոնսերվատորիայի կառուցվածքային ստորաբաժանումներն են մասնաճյուղերը, գիտահետազոտական ինստիտուտները, գիտական կենտրոնները, քոլեջները, ֆակուլտետները, ամբիոնները, բաժինները, լաբորատորիաները, գիտական գրադարանը, հրատարակչությունները, օպերային ստուդիան և այլ ստորաբաժանումներ:

29. Կոնսերվատորիայի կառուցվածքը հաստատվում է ռեկտորի կողմից` գիտական խորհրդի առաջարկությամբ: Կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և գիտական խորհրդի կողմից հաստատված` իրենց կանոնադրություններով:

30. Կոնսերվատորիայի ֆակուլտետները գործում են ֆակուլտետների կանոնադրությունների համաձայն: Ֆակուլտետն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունելու ինքնուրույն որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն ու ֆակուլտետի կանոնադրություններին:

Ֆակուլտետը, ելնելով իր կողմից իրականացվող մանկավարժական, գիտական, ուսումնաօժանդակ և ստեղծագործական աշխատանքներից, սահմանված չափանիշների համաձայն մշակում է իր հաստիքացուցակը, որը հաստատվում է կոնսերվատորիայի ռեկտորի կողմից:

Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, մասնագիտացված կաբինետներից և ուսումնական, գիտական ու այլ օժանդակ օղակներից:

31. Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի խորհուրդը և դեկանը:

32. Ֆակուլտետի խորհրդի ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնադրությամբ: Խորհրդի նախագահը ֆակուլտետի դեկանն է:

33. Ֆակուլտետի խորհուրդը`

ա) ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ (բաժիններ, լաբորատորիաներ) և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, լուծարելու և վերակազմավորելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում կոնսերվատորիայի ռեկտորին.

բ) լուծում է ֆակուլտետի ուսումնագիտական աշխատանքների, միջազգային կապերի և այլ գործունեության հետ կապված հարցերը.

գ) կոնսերվատորիայի գիտական խորհրդում հաստատելու համար կոնսերվատորիայի ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները.

դ) կոնսերվատորիայի գիտական խորհուրդ է ներկայացնում ֆակուլտետի աշխատողներին պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ առաջարկություններ.

ե) ընտրում է կոնսերվատորիայի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչներին.

զ) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական, ստեղծագործական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր:

34. Ֆակուլտետի գործունեությունը, սահմանված կարգին համապատասխան, կազմակերպում, ղեկավարում և իրականացնում է ֆակուլտետի դեկանը:

Դեկանն ընտրվում է նախարարության կողմից հաստատված կարգին համապատասխան` ֆակուլտետի խորհրդում, փակ գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով: Դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ֆակուլտետի խորհրդում ամենաշատ, բայց առնվազն մասնակիցների ձայների կեսից ավելին հավաքած թեկնածուն: Խորհրդի նիստն իրավազոր է` նրա անդամների 2/3-ի մասնակցության դեպքում: Կոնսերվատորիայի ռեկտորը, քվեարկության արդյունքների և դեկանի ընտրությունների հիման վրա, իր հրամանով պաշտոնի է նշանակում դեկանին և նրա հետ կնքում աշխատանքային պայմանագիր:

35. Ֆակուլտետի դեկանը`

ա) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, ստեղծագործական, արտադրական, միջազգային և այլ գործունեությունը.

բ) ապահովում է ֆակուլտետի խորհրդի որոշումների կատարումը.

գ) կոնսերվատորիայի ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալների, ֆակուլտետների խորհրդի քարտուղարի թեկնածությունները.

դ) սահմանված կարգով կոնսերվատորիայի ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու և վերականգնելու վերաբերյալ:

36. Ամբիոնները (բաժինները, լաբորատորիաները) ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացը կազմակերպող հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են, որոնք ստեղծվում են սահմանված կարգին համապատասխան և գործում սույն կանոնադրության ու ֆակուլտետների ամբիոնների ու լաբորատորիաների` կոնսերվատորիայի գիտական խորհրդի կողմից հաստատված օրինակելի կանոնադրության համաձայն: Կոնսերվատորիայի ամբիոնները կարող են լինել նաև համաբուհական և անմիջականորեն ենթարկվել համապատասխան պրոռեկտորին: Ամբիոնի գիտամանկավարժական կազմն ընդգրկում է մրցութային կարգով ընտրված պրոֆեսորներին, դոցենտներին, ասիստենտներին, դասախոսների, որոնց հետ սահմանված կարգով կնքվում են աշխատանքային պայմանագրեր:

37. Ամբիոնի աշխատողների հաստիքացուցակը, ֆակուլտետի հաստիքացուցակի շրջանակներում, մշակում է ամբիոնը` ելնելով կատարվող մանկավարժական, գիտական, ուսումնաօժանդակ և ստեղծագործական աշխատանքների ծավալից ու ձևերից` ըստ սահմանված չափանիշների:

38. Ամբիոնը ղեկավարում է վարիչը, որը, նախարարության հաստատած կանոնակարգին համապատասխան, մրցութային հիմունքներով ընտրվում է ֆակուլտետի խորհրդում` մինչև հինգ տարի ժամկետով: Ֆակուլտետի խորհրդի որոշումը հաստատվում է կոնսերվատորիայում գիտական խորհրդում` փակ գաղտնի քվեարկությամբ, որից հետո կոնսերվատորիայի ռեկտորի հրամանով նշանակվում է ամբիոնի վարիչ, և նրա հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր:

39. Ամբիոնի վարիչը կազմակերպում և ղեկավարում է ամբիոնի ուսումնագիտական և մյուս աշխատանքները, ներկայացնում է նրա կոլեկտիվը ֆակուլտետի, կոնսերվատորիայի ստորաբաժանումներում: ՈՒսումնագիտական հիմնական հարցերը քննարկվում են ամբիոնի գիտամանկավարժական կազմի նիստերում: Ամբիոնի մյուս աշխատողներն այդ նիստերին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:

 

V. ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

40. Կոնսերվատորիա ուսանողների ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ` կրթության կառավարման պետական լիազորված մարմնի հաստատած կարգին համապատասխան:

41. Կոնսերվատորիայում ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա և դրսեկություն (էքստեռն) ձևերով:

42. Կոնսերվատորիայում ուսումնական գործընթացը կազմակերպվում է երկու կիսամյակից բաղկացած ուսումնական տարով, յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով:

43. Կոնսերվատորիայում սահմանվում են ուսումնական պարապմունքների հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, անհատական պարապմունքներ, գործնական (սեմինար) պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա:

44. Կոնսերվատորիայում կարող է իրականացվել ուսուցման եռաստիճան համակարգ:

 

VI. ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ԿՈԼԵԿՏԻՎԸ

 

45. Կոնսերվատորիայի կոլեկտիվը կազմում են պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները, դասախոսները, դոկտորանտները, ասպիրանտները, գիտական, վարչական և մյուս աշխատողները և ուսանողները: Աշխատողները բաժանվում են գիտամանկավարժական (պրոֆեսորադասախոսական կազմ, գիտական աշխատողներ), ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ տարակարգերի:

46. Աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ներքին կանոններով և կոլեկտիվ պայմանագրով: Կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով:

47. Կոնսերվատորիայի կոլեկտիվի անդամներն իրավունք ունեն`

ա) ընտրելու և ընտրվելու կոնսերվատորիայի խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների խորհուրդներում.

բ) մասնակցելու ընտրովի մարմինների աշխատանքներին.

գ) օգտվելու կոնսերվատորիայի ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային ստորաբաժանումների, ինչպես նաև գրադարանի ծառայություններից:

48. Գիտամանկավարժական աշխատողների, ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների ու հայցորդների համար գիտական ճշմարտության ազատ որոնումների, շարադրման և տարածման նպատակով ստեղծվում են նպաստավոր պայմաններ` այդ նպատակներին հատկացված միջոցների սահմաններում:

49. Կոնսերվատորիայի կոլեկտիվի անդամները պարտավոր են`

ա) կատարել կոնսերվատորիայի ղեկավար մարմինների որոշումները.

բ) ապահովել ուսումնական և ստեղծագործական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.

գ) մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը.

դ) պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել կոնսերվատորիայի գույքը.

ե) հոգալ կոնսերվատորիայի հեղինակության բարձրացման մասին:

50. Կոնսերվատորիայի գիտամանկավարժական կազմը ձևավորվում է նախարարության սահմանած կարգով:

51. Կոնսերվատորիայի գիտամանկավարժական աշխատողներն օգտվում են`

ա) գիտական հետազոտության և ստեղծագործական գործունեության ակադեմիական ազատությունից.

բ) սեփական նախաձեռնությամբ հետազոտական ու ստեղծագործական թեմաներ ընտրելու և մշակելու ազատությունից.

գ) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան` ուսումնական դասընթացների բովանդակության, ծրագրերի ազատ որոշման հնարավորությունից.

դ) իրենց անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդների և միջոցների ազատ ընտրության հնարավորությունից.

ե) համատեղությամբ գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ կատարելու իրավունքից:

52. Գիտության, ստեղծագործության և մանկավարժության բնագավառներում ակնառու նվաճումների համար կոնսերվատորիայի աշխատողներին շնորհվում են կոնսերվատորիայի մրցանակներ:

53. Կոնսերվատորիայի ուսանողներ են համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար կոնսերվատորիայի ռեկտորի կողմից հրամանագրված անձինք:

54. Կոնսերվատորիայի ուսանողն իրավունք ունի`

ա) ստանալու երաժշտական արվեստի, գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ.

բ) հաճախելու դասախոսություններին.

գ) ըստ նախասիրությունների մասնակցելու ուսանողական ստեղծագործական ու գիտահետազոտական աշխատանքներին.

դ) գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը, կոնսերվատորիայի կառավարման մարմիններ ներկայացնելու ուսուցման որակի բարձրացման վերաբերյալ առաջարկություններ.

ե) օգտվելու կոնսերվատորիայի գրադարանից, ձայնադարանից, մարզական, առողջարանային և մշակութային-լուսավորչական ծառայություններից.

զ) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու երկու որակավորման աստիճան.

է) ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ` ուսանողական կյանքին առնչվող հարցերի լուծման համար.

ը) սահմանված կարգով ընդգրկվելու կոնսերվատորիայի և նրա ստորաբաժանումների կառավարման մարմիններում.

թ) մեկ ուսումնական տարվա ընթացքում ստանալու առնվազն յոթ շաբաթ տևողությամբ երկու արձակուրդ:

55. Պետական պատվերով ընդունված և առկա ձևով կրթություն ստացող ուսանողները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են ուսանողական կրթաթոշակներով: Կոնսերվատորիան իրավունք ունի սահմանելու անվանական կրթաթոշակներով: Կոնսերվատորիան իրավունք ունի սահմանելու անվանական կրթաթոշակներ և պետական կրթաթոշակների հավելավճարներ, ինչպես նաև ուսումը խրախուսող բարոյական և նյութական խթանման այլ ձևեր:

56. Արգելվում են ուսանողներին ուսումնական գործընթացով չնախատեսված աշխատանքներում ներգրավելը` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների և հոգաբարձուների) համաձայնության, ինչպես նաև սովորողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման միջոցների կիրառումը:

57. Կոնսերվատորիան նպաստում է սովորողների կենցաղի, սննդի, առողջության պահպանման, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: Առկա ձևով կրթություն ստացող ոչ երևանաբնակ ուսանողներին կարող է հատկացվել հանրակացարան` պայմանագրային հիմունքներով:

58. Կոնսերվատորիայի ուսանողները պարտավոր են`

ա) սահմանված ժամկետներում կատարել ուսումնական առաջադրանքները.

բ) տիրապետել բարձր որակավորմամբ ապագա մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին.

գ) պահպանել կոնսերվատորիայի ներքին կարգապահական կանոնները.

դ) հաճախել դասախոսություններին, անհատական, սեմինար (գործնական) պարապմունքներին:

Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը, որի չափը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է կոնսերվատորիան: Ուսման վարձը ժամանակին չվճարելու դեպքում ուսանողները կարող են հեռացվել կոնսերվատորիայից:

59. Այն ուսանողները, ովքեր չեն կատարում ուսումնական պլանները և ուսումնական գործընթացի ժամանակացույցը, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն, խախտում են կոնսերվատորիայի ներքին կարգապահական կանոնները, կոնսերվատորիայի ռեկտորի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև կոնսերվատորիայից հեռացվելը:

60. Կոնսերվատորիայի ուսումնական պլանները կատարած ուսանողներին շնորհվում է համապատասխան որակավորում և տրվում պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (դիպլոմ), որում նշվում են ուսումնասիրված դասընթացները, մասնագիտությունը (մասնագիտացումները): ՈՒսման մեջ հատուկ հաջողություններ ունեցող ուսանողներին տրվում է գերազանցության դիպլոմ:

61. Կոնսերվատորիայի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունը կոնսերվատորիայի կառավարմանը:

62. Կոնսերվատորիայի ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և մրցույթով անցած այն անձը, ով ուսանում է ասպիրանտուրայում և նախապատրաստում գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն:

63. Կոնսերվատորիայի դոկտորանտ է համարվում գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող և դոկտորանտուրա հրամանագրված այն անձը, ով նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն:

64. Կոնսերվատորիայի հայցորդ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող այն անձը, ով կցված է ասպիրանտուրային` թեկնածուական մինիմումի քննությունները հանձնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն նախապատրաստելու համար, առանց ասպիրանտուրայում ուսանելու, կամ` այն անձը, ով ունի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն: Հայցորդի կարգավիճակը չի կարող պահպանվել 5 տարվանից ավելի ժամկետով:

65. Կոնսերվատորիայի ունկնդիրներ են համարվում այն անձինք, ովքեր սովորում են դրսեկությամբ, նախապատրաստական բաժիններում, ինչպես նաև` այն դասախոսները և գիտական աշխատողները, ովքեր մասնակցում են վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներին:

66. Կոնսերվատորիայի գիտամանկավարժական կադրերի պատրաստումը` ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության ձևերով, իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

VII. ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

67. Հիմնադիրը կոնսերվատորիայի կրթական, գիտական և այլ գործունեությունն ապահովելու նպատակով կոնսերվատորիային ամրացնում է հիմնադրման պահին նրա ունեցած շենքերը, շինությունները, կառույցները, հողամասերը և այլ անշարժ գույք, ինչպես նաև սարքավորումներ ու սպառողական, սոցիալական ու մշակութային նշանակության շարժական այլ միջոցներ` անժամկետ և անհատույց` տիրապետման, տնօրինման ու օգտագործման իրավունքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:

68. Կոնսերվատորիայի գույքն ստեղծվում է հետևյալ աղբյուրներից`

ա) պետական գույք, որը հանձնվել է կոնսերվատորիային` անհատույց օգտագործման համար.

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված միջոցներ.

գ) միջոցներ, որոնք գոյանում են կոնսերվատորիայի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից.

դ) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական, նպատակային մուծումներ, կտակած գույք.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

69. Ձեռնարկատիրական գործունեության հետևանքով ստացված շահույթն ուղղվում է կոնսերվատորիայի կանոնադրական խնդիրների իրականացմանը:

70. Կոնսերվատորիան հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:

71. Կոնսերվատորիայի բոլոր եկամուտները և ծախսերը նախատեսվում և օգտագործվում են սահմանված կարգով` հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:

72. Կոնսերվատորիան իրավունք ունի հիմնադրի կողմից սահմանված կարգով վարձակալության հանձնելու իրեն ամրացված գույքը և ուրիշներից գույք վարձակալելու: Այդպիսի գործունեությունից ստացված վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

73. Կոնսերվատորիայի գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացնում հիմնադիրը, նախարարությունը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:

74. Կոնսերվատորիայի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է աուդիտի (վերստուգման)` նախարարության կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

VIII. ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

75. Կոնսերվատորիայի վերակազմակերպումը (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) և լուծարումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:

76. Կոնսերվատորիայի լուծարման դեպքում կոնսերվատորիայի պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան