Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-684
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.03.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
13.03.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

13 մարտի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի նոյեմբերի 6-ին Աստանայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը` մուտքագրված 2007 թվականի փետրվարի 9-ին:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2006 թվականի նոյեմբերի 6-ին Աստանայում` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության տարածքներում, փոխադարձաբար, երկու Կողմերի ներդրողների ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծումը և երկու երկրների միջև փոխադարձ շահավետ պայմանների հիման վրա տնտեսական համագործակցության ամրապնդումը:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- խրախուսել ՀՀ տարածքում Ղազախական կողմի ներդրողների ներդրումներ կատարելը և ընդունել այդպիսի ներդրումները` ՀՀ օրենքներին և իրավական ակտերին համապատասխան,

- ապահովել Ղազախական կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ արդար և հավասար ռեժիմ, նրանց լիարժեք, մշտական անվտանգությունը և պաշտպանությունը, ինչպես նաև կամայական կամ խտրական միջոցներով չվնասել Ղազախական կողմի ներդրողների ներդրումների կառավարմանը, պահպանմանը, օգտագործմանը, տնօրինմանը կամ տիրապետմանը,

- Ղազախական կողմի ներդրողների ներդրումներին տրամադրել ՀՀ ներդրողների կամ ցանկացած երրորդ պետության ներդրողների ներդրումներին տրամադրվող ռեժիմից ոչ պակաս բարենպաստ ռեժիմ,

- չօտարել, չազգայնացնել կամ չձեռնարկել դրանց հավասարազոր հետևանքներ առաջացնող միջոցներ Ղազախական կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի օտարումը բխում է հասարակական շահերից և իրականացվում է օրենքի շրջանակներում, առանց խտրականության և նախնական համարժեք փոխհատուցմամբ,

- ՀՀ տարածքում պատերազմական կամ այլ արտակարգ իրավիճակների հետևանքով Ղազախական կողմի ներդրողների կողմից կորուստներ կրելու դեպքում նրանց տրամադրել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան ՀՀ կամ որևէ երրորդ պետության ներդրողներին տրամադրված ռեժիմը,

- երաշխավորել դեպի ՀՀ տարածք և ՀՀ տարածքից դուրս Ղազախական կողմի ներդրողների ներդրումների հետ կապված վճարումների ազատ փոխանցումը. ապահովել դրանց իրականացումն ազատ փոխարկելի արժույթով,

- Հայաստանի Հանրապետության և Ղազախական կողմի ներդրողի միջև ծագած վեճերը` կապված ՀՀ տարածքում վերջինիս ներդրման հետ, հնարավորության սահմաններում կարգավորել բանակցությունների միջոցով:

3. Համաձայնագիրը սահմանում է Կողմերի, ինչպես նաև Կողմի և ներդրողի միջև ծագած վեճերի լուծման կարգը: Վեճերը միջնորդ դատարանի քննությանը ներկայացնելու դեպքում Կողմերը պարտավորվում են ճանաչել միջնորդ դատավարության որոշման վերջնական և պարտադիր բնույթը:

4. Համաձայնագրում նախատեսված են դրույթներ դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու, դրա ուժի մեջ  մտնելու և դադարելու վերաբերյալ։

5. Համաձայնագիրը կատարված է երկու բնօրինակով` հայերեն, ղազախերեն և  ռուսերեն, ընդ  որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են։ Համաձայնագրի մեկնաբանման դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն  տեքստին։

6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները ՀՀ Սահմանադրության 9 հոդվածին համահունչ ապահովում են Կողմերի միջև արտաքին հարաբերությունների իրականացումը։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2006 թվականի նոյեմբերի 6-ին Աստանայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։      

Նախագահող

Գ. Հարությունյան


13 մարտի 2007 թվականի
ՍԴՈ-684

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան