«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2002 թվականի N 2034-Ն
ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՆՈՒՅՆ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄՈՏ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՀՐԱՄԱՆԱԳԻՐՔԸ ՎԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2002 թ. դեկտեմբերի 19 |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՆՈՒՅՆ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄՈՏ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՀՐԱՄԱՆԱԳԻՐՔԸ ՎԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգը:
Սույն կարգի դրույթները չեն տարածվում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ֆիզիկական անձանց կողմից մատուցվող ծառայությունների և (կամ) կատարվող աշխատանքների ձևակերպման վրա:
(1-ին կետը լրաց. 12.05.05 N 625-Ն)
2. Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքից ազատման հրամանները ձևակերպվում են այդ նպատակով առանձնացված հրամանագրքում (այսուհետ` հրամանագիրք):
3. Յուրաքանչյուր գործատու պարտավոր է ունենալ հրամանագիրք, որը կարվում և կնքվում է աշխատանքի իրավական տեսչության կողմից: Մինչև աշխատանքի իրավական տեսչության ստեղծումը հրամանագրքերի կարման և կնքման լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը:
4. Գործատուի հրամանով հրամանագիրքը վարելու և պահպանելու պարտականությունները դրվում են կադրերի գծով կամ այլ աշխատողի վրա:
(4-րդ կետը խմբ. 04.12.03 N 1595-Ն)
5. Հրամանները հրամանագրքում ձևակերպվում են ըստ հրամանները տալու հերթականության և պահվում գործատուի մոտ 75 տարի:
51. (կետն ուժը կորցրել է 12.05.05 N 625-Ն)
52. Հրամանագիրքը մշտապես պահպանվում է գործատուի կենտրոնական գրասենյակում և պահանջի դեպքում սույն կարգի 4-րդ կետում նշված անձը պարտավոր է այն ներկայացնել իրավասու մարմնի ստուգումն իրականացնող ներկայացուցչին:
(52-րդ կետը լրաց. 04.12.03 N 1595-Ն)
53. Իրավաբանական անձի կողմից ստեղծված ներկայացուցչություններում և մասնաճյուղերում պետք է պահպանվեն վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքից ազատման մասին հրամանների քաղվածքները:
(53-րդ կետը լրաց. 04.12.03 N 1595-Ն)
II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
6. Վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը ձևակերպվում է գործատուի հրամանով: Հրամանի մասին վարձու աշխատողին տեղեկացվում է նրանից վերցնելով ստորագրություն:
7. Աշխատանքի ընդունման հրամանում նշվում են հետևյալ պայմանները`
ա) գործատուի անվանումը,
բ) հրամանի հերթական համարը,
գ) վարձու աշխատողի ազգանունը, անունը,
դ) աշխատանքի ընդունվելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,
ե) փորձաշրջանի ժամկետը, եթե վարձու աշխատողն աշխատանքի է ընդունվում փորձաշրջանով,
զ) ժամանակավոր կամ սեզոնային աշխատանք կատարելու դեպքում` ժամանակահատվածը,
է) նշում համատեղությամբ աշխատելու մասին (առկայության դեպքում),
ը) ստորաբաժանման անվանումը (որտեղ ընդունվում է),
թ) մասնագիտությունը, պաշտոնը,
ժ) աշխատանքի վարձատրության ձևը:
Աշխատանքի ընդունման հրամանում նշվում են նաև ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատանքային օրվա (շաբաթվա) տևողության, աշխատավարձին տրվող հավելավճարի մասին տեղեկությունները:
III. ՆՈՒՅՆ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄՈՏ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ
8. Վարձու աշխատողին նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրումը ձևակերպվում է հրամանով: Հրամանի մասին վարձու աշխատողին տեղեկացվում է` նրանից վերցնելով ստորագրություն: Վարձու աշխատողին նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու հրամանում նշվում են հետևյալ պայմանները`
ա) գործատուի անվանումը,
բ) հրամանի հերթական համարը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,
գ) վարձու աշխատողի ազգանունը, անունը,
դ) այլ աշխատանքի փոխադրվելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,
ե) ստորաբաժանման անվանումը (որտեղ նա փոխադրվում է (տեղափոխվում է),
զ) մասնագիտությունը, պաշտոնը,
է) վարձատրության ձևը:
IV. ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՈՒՄԸ
9. Վարձու աշխատողին աշխատանքից ազատելը ձևակերպվում է հրամանով: Վարձու աշխատողին աշխատանքից ազատելու հրամանում նշվում են հետևյալ պայմանները`
ա) գործատուի անվանումը.
բ) հրամանի հերթական համարը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,
գ) վարձու աշխատողի ազգանունը, անունը,
դ) աշխատանքից ազատելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,
ե) ազատման պատճառն ու հիմքը` հղում` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածը:
(հավելվածը խմբ., լրաց. 04.12.03 N 1595-Ն, լրաց., փոփ. 12.05.05 N 625-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |