«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 դեկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006422
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 նոյեմբերի 2006 թ. |
N 664-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 31-Ը ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Սահմանել «Ապահովագրական պահուստների տեսակները, դրանց ձևավորման կարգը» կանոնակարգ 31-ը` համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Ա. Ջավադյան |
|
Հավելված | |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 3 1
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Գ Լ ՈՒ Խ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը սահմանում է ապահովագրական ընկերության և վերաապահովագրական ընկերության (այսուհետ՝ ապահովագրող) կողմից ձևավորվող ապահովագրական պահուստների տեսակները, դրանց ձևավորման հիմնական սկզբունքները և հաշվարկման կանոնները:
2. Ապահովագրողն ապահովագրության պայմանագրերով կամ վկայագրերով (այսուհետ` պայմանագիր) ստանձնած պարտավորությունների (ապահովագրական հատուցումների և ապահովագրական գումարների վճարման) կատարման նպատակով ձևավորում է ապահովագրական պահուստներ (այսուհետ՝ պահուստ)՝ համաձայն «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կանոնակարգի:
Գ Լ ՈՒ Խ II
ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն կանոնակարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
3.1. Չվաստակված ապահովագրավճարների պահուստ (այսուհետ` ՉԱՊ)` բոլոր ապահովագրության պայմանագրերի ռիսկային բնույթ ունեցող մասի դիմաց նախատեսված ապահովագրավճարների այն մասը, որը չի վաստակվել ապահովագրողի կողմից հաշվետու ժամանակաշրջանում:
3.2. Պահանջների (վնասների) պահուստ (այսուհետ՝ ՊՊ)՝ ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստի (ՆՉՊՊ) և տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստի (ՏՉՊՊ) հանրագումար:
3.3. Ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստ (այսուհետ` ՆՉՊՊ)` միջոցներ, որոնք նախատեսված են հաշվետու ժամանակաշրջանից հետո ծածկելու համար բոլոր այն վնասները (հատուցումները) և դրանց կարգավորման ծախսերը, որոնք կարող են ծագել տեղի ունեցած ապահովագրական պատահարների գծով, որոնց մասին մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջը տեղեկացվել է ապահովագրողին, սակայն դրանք չեն կարգավորվել մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտը:
3.4. Տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստ (այսուհետ` ՏՉՊՊ)` միջոցներ, որոնք նախատեսված են ծածկելու համար բոլոր այն վնասները (հատուցումները) և դրանց կարգավորման ծախսերը, որոնք կարող են ծագել մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտը տեղի ունեցած ապահովագրական պատահարների գծով, որոնց մասին, սակայն, հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրողը չի տեղեկացվել:
3.5. Մաթեմատիկական պահուստ (այսուհետ՝ ՄՊ)` կյանքի ապահովագրության պայմանագրերի կուտակային բնույթ ունեցող մասի դիմաց նախատեսված ապահովագրավճարների հանրագումար՝ հաշվի առնելով նաև երաշխավորված եկամտաբերության մակարդակը:
3.6. Բոնուսների և զեղչերի պահուստ (այսուհետ` ԲԶՊ)՝ ներառում է ապահովագրության պայմանագրերից բխող ապահովադրի նկատմամբ պարտավորությունները՝ կապված ապահովագրողի շահույթում ապահովադրի մասնակցության (բոնուս) և ապահովագրավճարների մասնակի նվազեցման (զեղչ) հետ:
3.7. Հավասարակշռման պահուստ (այսուհետ` ՀՊ)՝ միջոցներ, որոնք նախատեսված են ապահովագրողի վնասների միջին ցուցանիշներից վնասի փաստացի ցուցանիշների հաճախականության և ծավալների էական տատանումները ժամանակի մեջ հավասարեցնելու համար:
3.8. Ապահովագրավճար` ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարը:
3.9. Չվաստակած ապահովագրավճար` ապահովագրության պայմանագրով նախատեսված ռիսկային բնույթ ունեցող մասի դիմաց նախատեսված ապահովագրավճարի այն մասը, որը ապահովագրողի կողմից դեռևս չի վաստակվել, և որը վերաբերում է հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ժամանակահատվածին:
3.10. Վաստակված ապահովագրավճար` հաշվեգրած ապահովագրավճարի (նվազեցրած օրենքի և նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնաբաժնի չափով) և չվաստակված ապահովագրավճարների պահուստի մեծության փոփոխության տարբերությունը:
3.11. Եկամտաբերության նորմա՝ կյանքի ապահովագրության պայմանագրերով նախատեսված` ապահովագրավճարների դիմաց եկամտի տոկոսային գործակից:
3.12. Կարգավորման ծախսեր՝ ապահովագրության պայմանագրից բխող պահանջն ուսումնասիրելու և վճարումն իրականացնելու հետ կապված ծախսեր, այդ թվում՝ պահանջի հետաքննության, վնասների գնահատման և վճարումը կատարելու ծախսեր, իրավաբանական, դատական և պահանջի կատարման հետ կապված այլ ծախսեր:
3.13. Հաշվետու ժամանակաշրջան` այն ժամանակաշրջանն է, որի համար ներկայացվում է հաշվետվություն:
Գ Լ ՈՒ Խ III
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
4. Ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրողը ձևավորում է պահուստի հետևյալ տեսակները`
ա) չվաստակված ապահովագրավճարների պահուստ (ՉԱՊ),
բ) ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստ (ՆՉՊՊ),
գ) տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստ (ՏՉՊՊ),
դ) հավասարակշռման պահուստ (ՀՊ),
ե) բոնուսների և զեղչերի պահուստ (ԲԶՊ):
5. Կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրողը ձևավորում է պահուստի հետևյալ տեսակները`
ա) մաթեմատիկական պահուստ (ՄՊ),
բ) չվաստակված ապահովագրավճարների պահուստ (ՉԱՊ),
գ) ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստ (ՆՉՊՊ),
դ) տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստ (ՏՉՊՊ),
ե) բոնուսների և զեղչերի պահուստ (ԲԶՊ):
6. Ապահովագրողն առնվազն յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ (ընթացիկ հաշվարկ) հաշվարկում է սույն կանոնակարգում նշված պահուստները (բացառությամբ ՀՊ-ի և ՏՉՊՊ-ի) սույն կանոնակարգի 46-րդ կետի համաձայն՝ ապահովագրողի կողմից սահմանված ներքին կանոնակարգին համապատասխան: Ընդ որում, պահուստները հաշվարկվում են նաև հաշվետու տարվա վերջին օրվա դրությամբ (տարեկան հաշվարկ), ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերով սահմանված ապահովագրական պայուսակի փոխանցման օրվա դրությամբ:
7. ՀՊ-ի և ՏՉՊՊ-ի հաշվարկը կատարվում է հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ին` հաջորդող տարվա համար (տարեկան հաշվարկ):
Գ Լ ՈՒ Խ IV
ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
8. Պահուստը ձևավորվում և հաշվարկվում է ապահովագրության յուրաքանչյուր տեսակի (դասի) համար՝ առանձին:
9. Պահուստները հաշվարկվում են յուրաքանչյուր ապահովագրության պայմանագրի գծով՝ առանձին (բացառությամբ՝ ՀՊ-ի և ՏՉՊՊ-ի): Պահուստի հաշվարկման վիճակագրական մեթոդներ կարող են կիրառվել, եթե դրանք տալիս են գրեթե նույն արդյունքը, ինչ անհատական հաշվարկի դեպքում:
10. Կյանքի և ոչ կյանքի ապահովագրություն ներառող խառը պայմանագրերի գծով ապահովագրողը կյանքի ապահովագրության և ոչ կյանքի ապահովագրության մասերի համար ձևավորում է առանձին պահուստներ:
11. Կյանքի խառը ապահովագրության պայմանագրերի գծով ապահովագրողը ձևավորում է առանձին պահուստներ կուտակային ապահովագրության մասով (ՄՊ, ԲԶՊ) և ոչ կուտակային ապահովագրության մասով (ՉԱՊ, ՆՉՊՊ, ՏՉՊՊ, ԲԶՊ):
12. Ապահովագրողն իր մոտ` հինգ տարի ժամկետով, պահպանում է պահուստների հաշվարկներն այնպես, որ հնարավոր լինի դիտարկել դրանց հաշվարկման տարրերն ըստ ապահովագրության առանձին տեսակների (դասերի), և եթե պահուստը հաշվարկվում է յուրաքանչյուր պայմանագրի գծով, ապա՝ նաև ըստ յուրաքանչյուր պայմանագրի:
Գ Լ ՈՒ Խ V
ՉՎԱՍՏԱԿՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՉԱՊ) ՀԱՇՎԱՐԿ
13. Ապահովագրության տվյալ տեսակի (դասի) գծով ՉԱՊ-ը յուրաքանչյուր ապահովագրության պայմանագրի գծով հաշվարկված չվաստակված ապահովագրավճարների հանրագումարն է: Ապահովագրողի ընդհանուր ՉԱՊ-ը առանձին ապահովագրության տեսակներով (դասերով) հաշվարկված ՉԱՊ-երի հանրագումարն է:
14. Չվաստակված ապահովագրավճարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՉԱi = (Աi-ՎԱi)*ՉՕi/ՊՕi ,
որտեղ`
ՉԱi - i-րդ ապահովագրության պայմանագրի չվաստակված ապահովագրավճարի չափն է,
Աi - i-րդ ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի չափն է,
ՎԱi - i-րդ ապահովագրության պայմանագրի գծով օրենքի և նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողին փոխանցվելիք ապահովագրավճարի չափն է,
ՉՕi - i-րդ ապահովագրության պայմանագրի գծով չլրացած օրերի քանակն է հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո,
ՊՕi - i-րդ ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետն է` օրերով:
15. Այն դեպքում, երբ ռիսկի (ապահովագրական գումարի) չափը փոփոխվող է ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում, ապա դա պետք է հաշվի առնվի ՉԱՊ-ի հաշվարկման մեթոդի մեջ:
Եթե ՉԱՊ-ը ձևավորվում է տվյալ ապահովադրի հետ ապահովագրության օբյեկտի գծով առաջին անգամ կնքված ապահովագրության պայմանագրի գծով, և այդ պայմանագրի գծով ապահովագրողի կողմից պայմանագրի կնքման պահին գանձման ենթակա է զեղչված ապահովագրավճարը, ապա ՉԱՊ-ի ձևավորման համար հիմք է հանդիսանում ապահովագրավճարը՝ առանց զեղչի նվազեցման:
Գ Լ ՈՒ Խ VI
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ԴԵՌԵՎՍ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՆՉՊՊ) ՀԱՇՎԱՐԿ
16. ՆՉՊՊ-ի հաշվարկման սկզբունքներն են`
16.1. ՆՉՊՊ-ի մեծությունը պետք է հիմնված լինի պահանջները կարգավորելու համար ապահովագրողի կողմից վճարվելիք գումարների (հատուցումների) և կարգավորման (ներառյալ՝ գնահատման) ծախսերի նախնական հաշվարկի վրա (ներառյալ՝ հուսալի համարվող վերաապահովագրողին փոխանցված մասը), որը պետք է լինի ողջամիտ և հիմնավոր:
16.2. ՆՉՊՊ-ի չափը պետք է բավարարի մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջը ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված բոլոր պահանջների և դրանց կարգավորման ծախսերի վճարման համար:
16.3. ՆՉՊՊ-ի հաշվարկը պետք է ներառի նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջում չկարգավորված, սակայն նախորդ ժամանակաշրջանի վերջում ձևավորված ՆՉՊՊ-ն:
17. ՆՉՊՊ-ի հաշվարկը կատարվում է երկու մեթոդով`
17.1. «դեպք առ դեպք» գնահատում` մինչև հաշվետու ժամանակահատվածի ավարտը տեղի ունեցած, սակայն չկարգավորված պահանջների առանձին-առանձին գնահատում` ներառյալ պահանջների հատուցման կարգավորման ծախսերը,
17.2. «միավոր պահանջի հատուցման միջին չափի» գնահատում, որը կարող է օգտագործվել ապահովագրության այն տեսակների (դասերի) համար, որտեղ պահանջների` հաշվետու ամսվա և դրան նախորդող տասնմեկ ամիսների միջին ամսական քանակը հիսուն և ավելի է, և պահանջների հատուցումների չափերն այդ ամիսների ընթացքում էականորեն չեն տատանվել:
18. «Դեպք առ դեպք» գնահատման ժամանակ ՆՉՊՊդեպք-ի հաշվարկում պահանջի գումարը հաշվարկվում է ապահովագրողի նախնական գնահատված մեծությամբ:
19. Այն դեպքում, երբ ներկայացվել է պահանջ, սակայն դրա չափի մասին ապահովագրողին դեռևս ոչինչ հայտնի չէ, ապա ՆՉՊՊ-ն ձևավորվում է ապահովագրական գումարի չափով:
20. Միավոր պահանջի հատուցման միջին չափի գնահատման մեթոդով ՆՉՊՊ-ի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ`
ՆՉՊՊմիջ=(Քչկարգ-Քդեպք)* Պմիջ, |
Պմիջ=ՊՉ/ՊՔ, |
որտեղ`
ՆՉՊՊմիջ - ապահովագրության տվյալ տեսակի (դասի) գծով ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստն է` հաշվարկված միավոր պահանջի հատուցման միջին չափի գնահատման մեթոդով.
Քչկարգ - ապահովագրության տվյալ տեսակի (դասի) գծով մինչև հաշվետու ժամանակահատվածի վերջը ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների քանակն է.
Քդեպք - ապահովագրության տվյալ տեսակի գծով մինչև հաշվետու ժամանակահատվածի վերջը ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների քանակն է, որոնք գնահատվել են «դեպք առ դեպք» մեթոդով.
Պմիջ - ապահովագրության տվյալ տեսակի (դասի) գծով պահանջի միջին չափն է հաշվետու ամսվա և դրան նախորդող տասնմեկ ամիսների կտրվածքով.
ՊՉ - տվյալ ապահովագրության տեսակի (դասի) գծով տեղի ունեցած պահանջների (հատուցված և չկարգավորված) չափն է հաշվետու ամսում և դրան նախորդող տասնմեկ ամիսների ընթացքում.
ՊՔ - ապահովագրության տվյալ տեսակի (դասի) գծով տեղի ունեցած պահանջների (հատուցված և չկարգավորված) քանակն է հաշվետու ամսում և դրան նախորդող տասնմեկ ամիսների ընթացքում:
21. Տվյալ ապահովագրության տեսակի (դասի) գծով ՆՉՊՊ-ն «դեպք առ դեպք» մեթոդով յուրաքանչյուր ապահովագրության պայմանագրի գծով հաշվարկված ՆՉՊՊդեպք-ի և «միավոր պահանջի հատուցման միջին չափի» մեթոդով գնահատված ՆՉՊՊմիջ-ի հանրագումարն է: Ապահովագրողի ընդհանուր ՆՉՊՊ-ն ապահովագրության առանձին տեսակներով (դասերով) հաշվարկված ՆՉՊՊ-ների հանրագումարն է:
Գ Լ ՈՒ Խ VII
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ, ՍԱԿԱՅՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻՆ ԴԵՌԵՎՍ ՉՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՏՉՊՊ) ՀԱՇՎԱՐԿ
22. ՏՉՊՊ-ի հաշվարկման սկզբունքներն են`
22.1. ՏՉՊՊ-ի չափը նախատեսվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջը տեղի ունեցած, սակայն ապահովագրողին չտեղեկացված պահանջների վճարման բավարարման համար:
22.2. ՏՉՊՊ-ի հաշվարկում պետք է ներառվեն պահանջների կարգավորման (ներառյալ` գնահատման) ծախսերը:
22.3. Ապահովագրողի ընդհանուր ՏՉՊՊ-ի մեծությունը ապահովագրության առանձին տեսակներով (դասերով) հաշվարկված ՏՉՊՊ-ների հանրագումարն է:
23. Տվյալ ապահովագրության տեսակի (դասի) գծով ՏՉՊՊ-ն հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկվում է հետևյալ բանաձևի համաձայն`
ՏՉՊՊ=Գտ*(Հտ+Պտ),
որտեղ`
ՏՉՊՊ - տեղի ունեցած, սակայն ապահովագրողին չներկայացված պահանջների պահուստն է` ձևավորված պատահարների համար, որոնք տեղի են ունեցել մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտը, սակայն այդ ժամանակաշրջանում չեն տեղեկացվել ապահովագրողին.
Գտ - տվյալ ապահովագրության տեսակի (դասի) գծով ՏՉՊՊ-ի գործակիցն է.
Հտ - հաշվետու ժամանակաշրջանում կարգավորված (փաստացի վճարված և ապահովագրության պայմանագրերի գծով կրեդիտորական պարտավորությունների) և կարգավորման ծախսերի մեծությունն է.
Պտ - հաշվարկման օրվա դրությամբ՝ ներկայացված, սակայն չկարգավորված պահանջների պահուստն է (ՆՉՊՊ).
կ - հաշվետու տարին է:
24. Երեք և ավելի տարի գործունեություն ծավալած ապահովագրողները տ-ն հաշվարկում են հետևյալ բանաձևով`
Գտ=(ատ+ատ-լ+ատ-2)/3,
իսկ ատ, ատ-1 և ատ-2 որոշվում են հետևյալ կերպ`
ատ = Գտ/Բտ-1, |
ատ-1= գտ-1/բտ-2, |
ատ-2=գտ-2/բտ-3, |
որտեղ`
բտ-3- «տ-3» տարում ներկայացված պահանջների ծավալն է, որը հավասար է «տ-3» տարում վճարված ապահովագրական հատուցումների և դեկտեմբերի 31-ի դրությամբ ՆՉՊՊ-ի հանրագումարին.
բտ-2- «տ-2» տարում ներկայացված պահանջների ծավալն է, որը հավասար է «տ-2» տարում վճարված ապահովագրական հատուցումների և դեկտեմբերի 31-ի դրությամբ ՆՉՊՊ-ի հանրագումարին.
բտ-1- «տ-1» տարում ներկայացված պահանջների ծավալն է, որը հավասար է «տ-1» տարում վճարված ապահովագրական հատուցումների և դեկտեմբերի 31-ի դրությամբ ՆՉՊՊ-ի հանրագումարին.
գտ-2 - «տ-2» տարում ներկայացված, սակայն «տ-3»-ում տեղի ունեցած, պահանջների (վճարված ապահովագրական հատուցումների և դեկտեմբերի 31-ի դրությամբ ՆՉՊՊ-ի հանրագումար) ծավալն է.
գտ-1 - «տ-1» տարում ներկայացված, սակայն «տ-2»-ում տեղի ունեցած, պահանջների (վճարված ապահովագրական հատուցումների և դեկտեմբերի 31-ի դրությամբ ՆՉՊՊ-ի հանրագումար) ծավալն է.
գտ- «տ» տարում ներկայացված, սակայն «տ-1»-ում տեղի ունեցած պահանջների (վճարված ապահովագրական հատուցումների և դեկտեմբերի 31-ի դրությամբ ՆՉՊՊ-ի հանրագումար) ծավալն է:
25. Մինչև երկու տարի գործունեություն ծավալած ապահովագրողի համար տ=0.1:
26. Երկուսից մինչև երեք տարի գործունեություն ծավալած ապահովագրողը գտ-ն հաշվարկում է հետևյալ բանաձևով`
Գտ=(ատ+ատ-լ)/2:
27. Այն դեպքում, եթե հաշվարկված տ գործակիցը փոքր է 0.1-ից, ապա հաշվարկներում օգտագործվում է տ=0.1 գործակիցը:
28. ՏՉՊՊ-ի չափը ապահովագրական պայուսակի փոխանցման դեպքում հաշվարկելու համար պետք է Գտ-ն բազմապատկել (Հտ + Պտ) հանրագումարով, որտեղ Հտ-ն հաշվետու տարում հունվարի 1-ից մինչև պայուսակի փոխանցման օրը փաստացի կատարված հատուցումների ծավալն ու կարգավորման ծախսերն են, իսկ Պտ-ն` հաշվարկման օրվա դրությամբ` ներկայացված, սակայն չկարգավորված պահանջների պահուստի (ՆՉՊՊ) և ապահովագրական հատուցումների գծով կրեդիտորական պարտավորությունների չափը:
Գ Լ ՈՒ Խ VIII
ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ (ՄՊ) ՀԱՇՎԱՐԿ
29. Ապահովագրողը կյանքի ապահովագրության յուրաքանչյուր պայմանագրի կուտակային մասի չափով պարտավոր է ձևավորել մաթեմատիկական պահուստ:
30. Մեկ պայմանագրի գծով ՄՊ-ի մեծությունը առնվազն պետք է հավասար լինի ապահովագրության պայմանագրի կուտակային մասի դիմաց փաստացի մուտք եղած ապահովագրավճարների չափին` հանած տվյալ ապահովագրության պայմանագրի գծով վճարված ապահովագրական գումարները և տվյալ ապահովադրին որպես փոխառություն տրված գումարները: Եթե կյանքի ապահովագրության որևէ պայմանագրի գծով ձևավորված պահուստի մեծությունը բացասական է, ապա հաշվետվություններում այն հավասարեցվում է զրոյի:
31. Մեկ պայմանագրի գծով ՄՊ-ի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով`
որտեղ՝
ՄՊi= (ՄՊiնախ + Ահi -ԱԳi -Фi) + | n ∑ j=1 |
(ՄՊiնախ +Ահij -ԱԳij -Фij)*ԵՆij, |
ՄՊi- i-րդ ապահովագրության պայմանագրի գծով մաթեմատիկական ապահովագրության պահուստի մեծությունն է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ.
ՄՊiնախ - i-րդ ապահովագրության պայմանագրի գծով կյանքի ապահովագրության պահուստի մեծությունն է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ.
Ահi - հաշվետու ժամանակաշրջանում ապահովադրի կողմից վճարված ապահովագրավճարների չափն է.
ԵՆij - i-րդ ապահովագրության պայմանագրով նախատեսված ներդրումների հաշվետու ժամանակաշրջանի j-րդ օրվա եկամտաբերության գործակիցն է.
ԱԳi - i-րդ ապահովագրության պայմանագրի գծով վճարված ապահովագրական գումարների մեծությունն է հաշվետու ժամանակաշրջանում.
Փi - i-րդ ապահովագրության պայմանագրի կողմ հանդիսացող ապահովադրին տրամադրված փոխառությունների գծով ապահովագրողի պահանջների մեծության փոփոխությունն է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում.
j - հաշվետու ժամանակաշրջանի օրն է.
n - հաշվետու ժամանակաշրջանի օրերի քանակն է.
Ահij - i-րդ ապահովագրության պայմանագրի գծով հաշվետու ժամանակաշրջանի
սկզբից մինչև հաշվետու ժամանակաշրջանի j-րդ օրը ապահովադրի կողմից վճարված ապահովագրավճարների գումարն է.
ԱԳij - i-րդ ապահովագրության պայմանագրի գծով հաշվետու ժամանակաշրջանի
սկզբից մինչև հաշվետու ժամանակաշրջանի j-րդ օրը ապահովադրին վճարված ապահովագրական գումարների մեծությունն է.
Փij - i-րդ ապահովագրության պայմանագրի կողմ հանդիսացող ապահովադրին տրամադրված փոխառությունների գծով ապահովագրողի պահանջների մեծության փոփոխությունն է հաշվետու ժամանակաշրջանի սկզբից մինչև հաշվետվու ժամանակաշրջանի j-րդ օրը:
32. ՄՊ-ի մեծությունը կարող է նվազեցվել օրենքի և նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնաբաժնի չափով:
Գ Լ ՈՒ Խ IX
ԲՈՆՈՒՍՆԵՐԻ ԵՎ ԶԵՂՉԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ԲԶՊ) ՀԱՇՎԱՐԿ
33. ԲԶՊ-ն հաշվարկվում է բոլոր այն պայմանագրերի գծով, որոնք նախատեսում են պայմանագրում նշված պայմանների ի հայտ գալու դեպքում կատարել վճարումներ ապահովադրին ապահովագրողի շահույթից (բոնուս) և ապահովագրավճարների մասնակի նվազեցում (զեղչ):
34. Բոնուսները և զեղչերը չեն ներառում ՄՊ-ում եկամտաբերության նորմայի հիման վրա հաշվարկված շահույթից կատարվող վճարումները:
35. ԲԶՊ-ն հաշվարկվում է յուրաքանչյուր պայմանագրի գծով՝ առանձին: Ապահովագրողի ընդհանուր ԲԶՊ-ն առանձին պայմանագրերով ձևավորված ԲԶՊ-ների հանրագումարն է:
36. Մեկ պայմանագրի գծով ԲԶՊ-ը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ԲԶՊi = (1-ՉՕi/ՊՕi)*Վi,
որտեղ`
ԲԶՊi - մեկ պայմանագրի գծով ԲԶՊ-ի չափն է.
ՊՕi - պայմանագրի գործողության ժամանակն է` օրերով.
ՉՕi - պայմանագրի գործողության ավարտին մնացած ժամանակն է` օրերով.
Վi - որպես բոնուս կամ զեղչ վճարման ենթակա գումարն է:
37. ԲԶՊ-ն կարող է նվազեցվել օրենքի և նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնաբաժնի չափով:
Գ Լ ՈՒ Խ X
ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՄԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ (ՀՊ) ՀԱՇՎԱՐԿ
38. ՀՊ-ն պետք է հաշվարկվի յուրաքանչյուր ապահովագրության տեսակի (դասի) համար՝ առանձին: Ապահովագրողի ընդհանուր ՀՊ-ն ապահովագրության առանձին տեսակների (դասերի) համար հաշվարկված ՀՊ-ների հանրագումարն է:
39. ՀՊ-ն ձևավորում են այն ապահովագրողները, որոնք տվյալ ապահովագրության տեսակի (դասի) գծով գործունեություն են ծավալել առնվազն երեք տարի:
40. Ապահովագրողը ձևավորում է հավասարակշռման պահուստ, եթե առկա է հետևյալ պայմաններից առնվազն մեկը`
ա) վերլուծվող ժամանակահատվածում վնասաբերության ցուցանիշի միջինից ստանդարտ շեղումը 5% և ավելի է,
բ) եթե վերլուծվող ժամանակահատվածում առկա է առնվազն մեկ տարի, որում փաստացի հատուցումները գերազանցել են տվյալ տարում վաստակած ապահովագրավճարների ծավալի 100% -ը:
Մինչև տասնհինգ տարի գործունեություն ծավալած ապահովագրողի համար վերլուծվող ժամանակահատված է համարվում նրա գործունեության ամբողջ ժամանակահատվածը, իսկ տասնհինգ և ավելի տարի գործունեություն ծավալած ապահովագրողի համար` նրա գործունեության վերջին տասնհինգ տարիները:
41. Տվյալ տարում վնասաբերության ցուցանիշը ապահովագրության տվյալ տեսակի (դասի) գծով հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՎՆտ= (Հտ - ՀՎտ)/ԱՎտ,
որտեղ՝
ՎՆտ - վնասաբերության ցուցանիշն է տվյալ տարում.
Հտ - տվյալ տարվա ընթացքում տվյալ ապահովագրության տեսակի (դասի) գծով կարգավորված (կատարված ապահովագրական հատուցումները (վճարված ապահովագրական գումարները) և կրեդիտորական պարտավորությունները) պահանջներն են.
ՀՎտ - տվյալ տարվա ընթացքում օրենքի և նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի կողմից կատարված ապահովագրական հատուցումներն են (վճարված ապահովագրական գումարները).
ԱՎտ - տվյալ տարվա ընթացքում տվյալ ապահովագրության տեսակի (դասի) գծով վաստակված ապահովագրավճարների ծավալն է՝ նվազեցրած օրենքի և նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնաբաժնի չափով:
42. Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ապահովագրողը համեմատում է հաշվետու տարում վնասաբերության ցուցանիշը վերլուծվող ժամանակահատվածի վնասաբերության միջին տարեկան ցուցանիշի հետ: Եթե հաշվետու տարում վնասաբերության փաստացի ցուցանիշը փոքր է վերլուծվող ժամանակահատվածի միջին վնասաբերության ցուցանիշից, ապա այդ տարբերության չափով հատկացումներ են կատարվում ՀՊ-ին: Եթե հաշվետու տարում վնասաբերության ցուցանիշը մեծ է վելուծվող ժամանակահատվածի միջինից, ապա ՀՊ-ից կարող են միջոցներ հատկացվել հաշվետու տարվա միջինից ցածր վնասը ծածկելու համար:
43. Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՊ-ի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՀՊ=ՀՊն+ՎԱտ*(ՎՆ-ՎՆՓ),
որտեղ`
ՀՊ - հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՊ-ի մնացորդի չափն է տվյալ ապահովագրության տեսակի (դասի) գծով.
ՀՊն - հաշվետու տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ տվյալ ապահովագրության տեսակի (դասի) գծով ՀՊ-ի մնացորդն է.
ՎԱտ - հաշվետու տարվա ընթացքում վաստակված ապահովագրավճարների գումարն է` տվյալ ապահովագրության տեսակի (դասի) պայմանագրերի գծով.
ՎՆ - հաշվետու տարվան նախորդող տարիների վնասաբերության ցուցանիշի միջին թվաբանականն է.
ՎՆՓ - վնասաբերության փաստացի ցուցանիշն է հաշվետու տարում.
տ - հաշվետու տարին է:
44. Տվյալ ապահովագրության տեսակի (դասի) գծով ձևավորված ՀՊ-ի մեծությունը չի կարող գերազանցել հաշվետու օրվա դրությամբ այդ ապահովագրության տեսակի (դասի) գծով ընդհանուր ապահովագրական գումարի մեծությունը:
45. Եթե ՀՊ-ի հաշվարկային մեծությունը բացասական է, ապա հաշվետվություններում այն հավասարեցվում է զրոյի:
Գ Լ ՈՒ Խ XI
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
46. Սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում ապահովագրողը սույն կանոնակարգի դրույթներին համապատասխան հաստատում է հաստատի ապահովագրական պահուստների ձևավորման ներքին կանոնակարգ՝ յուրաքանչյուր պահուստի գծով: