041.0574.01.10.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 1998 թվականի N 574
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 12-ի «Քաղաքաշինական պետական տեսչություն ստեղծելու մասին» N 567 որոշման 4-րդ կետին համապատասխան`
ա) հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը (կցվում են).
բ) հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության աշխատողների թիվը` 141 մարդ:
գ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչության աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանել համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 454 որոշման:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքի և աշխատողների թվի փոփոխության վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությունը (այսուհետև` տեսչություն) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 12-ի «Քաղաքաշինական պետական տեսչություն ստեղծելու մասին» N 567 որոշմամբ:
2. Տեսչությունն իր գործունեությունը կազմակերպում է վարչատարածքային սկզբունքով` քաղաքաշինական պետական տեսչությունների (այսուհետև` տեսուչ) միջոցով:
3. Տեսչության գործունեությունը կարգավորվում է «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
4. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք:
5. Տեսչության կանոնադրությունը, կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
II. Տեսչության գործունեության ուղղությունները
6. Տեսչությունը վերահսկողություն է իրականացնում`
ա) քաղաքաշինական գործունեության սուբյեկտների կողմից քաղաքաշինական գործունեությունը կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ.
բ) քաղաքաշինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական պահանջների կատարման նկատմամբ.
գ) շենքերի ու շինությունների շինարարության (քանդման) ու շահագործման ընթացքում մարդկանց ու շրջակա միջավայրի անվտանգության պահպանման նկատմամբ:
III. Տեսուչի իրավունքներն ու պարտականությունները
7. Տեսուչն իրավունք ունի`
ա) ստուգելու աշխատանքներ իրականացնող սուբյեկտների գործունեությունը և անարգել մուտք գործելու ցանկացած ստուգվող օբյեկտ.
բ) պահանջելու ստուգման խնդիրներին առնչվող փաստաթղթեր, տեղեկանքներ, այլ տեղեկություններ և վերցնելու փորձանմուշներ.
գ) քաղաքաշինության բնագավառում հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ տալու պարտադիր կատարման հրահանգներ և ցուցումներ, համապատասխան գրառում կատարելու շինարարության վարման ընդհանուր մատյանում, հետևելու դրանց իրականացմանը:
8. Տեսուչը պարտավոր է`
ա) վերահսկել աշխատանքներ իրականացնող սուբյեկտների կողմից քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը.
բ) նորմատիվների խախտումներ հայտնաբերելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմել արձանագրություն.
գ) չհրապարակել աշխատանքներ իրականացնող սուբյեկտի առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները.
դ) չխոչնդոտել աշխատանքներ իրականացնող սուբյեկտների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների բնականոն աշխատանքը:
IV. Տեսչության, դրա տարածքային ստորաբաժանումների գործունեության կազմակերպումը
9. Տեսչությունը գլխավորում է տեսչության պետ, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Տեսչության պետ, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը:
(9-րդ կետը խմբ. 25.11.98 N 682)
10. Տեսչության տարածքային ստորաբաժանումների պետերին, ինչպես նաև տեսուչներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է տեսչության տեսչության պետ, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչը:
(10-րդ կետը փոփ. 25.11.98 N 682)
11. Տեսչության պետ, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչը`
ա) կազմակերպում և ղեկավարում է տեսչության և դրա տարածքային ստորաբաժանումների գործունեությունը.
բ) ապահովում է տեսչության խնդիրների ու գործառույթների իրականացումը և տեսչությունների միջև կատարում պարտականությունների բախում.
գ) ապահովում է քաղաքացիների դիմումների, գանգատների, առաջարկությունների քննարկումը.
դ) հաստատում է տեսչության տարածքային ստորաբաժանումների պետերի ընդունված որոշումները վարչական տույժեր նշանակելու մասին.
ե) առաջարկություններ է ներկայացնում քաղաքաշինական գործունեության լիցենզավորման իրավասու մարմին` իրավախախտում թույլ տված աշխատանքներ իրականացնող սուբյեկտների լիցենզիաների գործողության կասեցման կամ դադարեցման վերաբերյալ.
զ) օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հաղորդումներ է ներկայացնում իրավասու մարմիններ` քաղաքաշինության բնագավառում իրավախախտումներ թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար.
է) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանի հիման վրա կազմում է մարզպետարաններում անցկացվող ամենամյա տեսչական ստուգման համար առաջարկություններ.
ը) տեսչական ստուգումների արդյունքներով նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կոլեգիայի հարցեր.
թ) ամենամյա հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին.
ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(11-րդ կետը փոփ. 25.11.98 N 682)
12. Տեսչության տարածքային ստորաբաժանման պետը`
ա) քաղաքաշինության բնագավառում իրավախախտումներ թույլ տված անձանց նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում ու կարգով նշանակում է վարչական տույժեր.
բ) մասնակցում է քաղաքաշինական օբյեկտներում վթարային և մարդկանց ու շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող իրավիճակների հետազոտման, դրանց պատճառների բացահայտման աշխատանքներին.
գ) կազմում է շինարարության օբյեկտներում անցկացվող ընթացիկ ստուգումների ժամկետացանկն ու առաջադրանքը.
դ) ստուգում է տեսուչների կազմած արձանագրությունների համապատասխանությունը սահմանված կարգին.
ե) ամենամսյա հաշվետվություն է ներկայացնում տեսչության պետ, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչին:
(12-րդ կետը փոփ. 25.11.98 N 682)
13. Տեսչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամենամյա ստուգումներ է անցկացնում մարզպետարանների քաղաքաշինական ստորաբաժանումներում:
14. Տեսչությունն ստեղծում է հանրապետությունում կառուցվող օբյեկտների վերաբերյալ տվյալների բանկ և հետևում դրանց շինարարության ընթացքին` մինչև ավարտական ակտի ձևակերպումը:
15. Տեսչության պետ, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչի բացակայության դեպքում տեսչության պետ, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչի պարտականությունները կատարում է նրա տեղակալներից մեկը:
(15-րդ կետը խմբ. 25.11.98 N 682)
16. Տեսուչին տրվում է նրա ծառայողական կարգավիճակը հաստատող փաստաթուղթ (վկայական):
V. Տեսչության գործողությունների բողոքարկումը
17. Տեսչության (տեսուչ) գործողությունները կարող են բողոքարկվել դատական կարգով: Բողոքարկումը չի դադարեցնում տեսչության (տեսուչի) պահանջների կատարումը:
VI. Տեսչության գործունեության դադարումը
18. Տեսչության գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
Աշխատակազմ
Իրավական ակտերի պահանջների կատարման վերահսկողության բաժին
Նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների վերահսկողության բաժին
Քաղաքաշինական փաստաթղթերի իրականացման վերահսկողության բաժին
Վերլուծական բաժին
Երևանի տարածքային ստորաբաժանում
Արարատի տարածքային ստորաբաժանում
Արագածոտնի տարածքային ստորաբաժանում
Արմավիրի տարածքային ստորաբաժանում
Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանում
Լոռու տարածքային ստորաբաժանում
Կոտայքի տարածքային ստորաբաժանում
Շիրակի տարածքային ստորաբաժանում
Սյունիքի տարածքային ստորաբաժանում
Վայոց ձորի տարածքային ստորաբաժանում
Տավուշի տարածքային ստորաբաժանում