ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
28 նոյեմբերի 2006 թ. | N 24-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ»» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետը, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասով` որոշում եմ.
1. Ստեղծել «Դատական դպրոց «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ»» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում (այսուհետ՝ Դատական դպրոց):
2. Հաստատել`
ա) Դատական դպրոցի կանոնադրությունը` համաձայն հավելված 1-ի.
բ) Դատական դպրոցի կառուցվածքը` համաձայն հավելված 2-ի:
Հ. Մանուկյան |
Հավելված 1 |
|
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Դատական դպրոցն իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի (այսուհետ` Դատական դեպարտամենտ) առանձին գործառույթները:
2. Դատական դպրոցի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են օրենքներով, սույն կանոնադրությամբ, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի (այսուհետ` Դատարանների նախագահների խորհուրդ) որոշումներով, հիմնադրի որոշումներով (հրամաններով) և իրավական այլ ակտերով:
3. Դատական դպրոցն ունի հաշվեկշիռ, ամրացված գույք և իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
4. Դատական դպրոցն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, Դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
5. Դատական դպրոցի անվանումն է՝ «Դատական դպրոց «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում»:
6. Դատական դպրոցի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, 0057, ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40:
II. ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
7. Դատական դպրոցն իր խնդիրների իրականացման համար իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) կազմակերպում և անցկացնում է դատավորների վերապատրաստումը.
բ) կազմակերպում և անցկացնում է դատական ծառայողների վերապատրաստումը.
գ) կազմակերպում է դատավորների թեկնածությունների ցուցակի նախապատրաստման աշխատանքները.
դ) կազմակերպում և անցկացնում է իրավական համակարգի, օրենսդրության և արդարադատության իրականացման կատարելագործմանն ուղղված սեմինարներ, գիտաժողովներ.
ե) հրատարակում է ուսումնական և այլ գրականություն.
զ) իրականացնում է Դատական դպրոցի ուսումնական ծրագրերի մշակումներ.
է) իրականացնում է օրենքներով, սույն կանոնադրությամբ, Դատարանների նախագահների խորհրդի որոշումներով, հիմնադրի որոշումներով (հրամաններով) և իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:
III. ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
8. Դատական դպրոցը կառավարում են Դատարանների նախագահների խորհուրդը և հիմնադիրը օրենքով և իրավական այլ ակտերով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում:
9. Դատական դպրոցի անմիջական ղեկավարումն իրականացնում է Դատական դպրոցի տնօրենը:
10. Դատական դպրոցի տնօրենը`
ա) ղեկավարում է Դատական դպրոցի աշխատանքները, ապահովում է Դատական դպրոցի բնականոն գործունեությունը.
բ) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Դատական դեպարտամենտի անունից, ներկայացնում նրա շահերը, կնքում գործարքներ.
գ) Դատական դպրոցի առանձին գործառույթներն իրականացնելու համար տալիս է լիազորագրեր.
դ) օրենքով, իրավական այլ ակտերով և հիմնադրի սահմանած կարգով տնօրինում է Դատական դպրոցին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
ե) ներկայացնում է Դատական դպրոցն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում.
զ) ներկայացնում է առաջարկություններ՝ Դատական դպրոցի գործունեության հիմնական ուղղությունների մասին.
է) պարբերաբար ուսումնասիրում է Դատական դպրոցի գործունեությունը, բացահայտում հիմնախնդիրները, գնահատում կարիքները, դրանց հիման վրա մշակում համապատասխան առաջարկություններ.
ը) իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ, վերահսկում և ստուգում դրանց կատարումը.
թ) Դատական դպրոցի անունից ներկայացնում է հաշվետվություններ.
ժ) Դատական դեպարտամենտի ղեկավարին ներկայացնում է Դատական դպրոցի տարեկան հաշվետվությունը և տարեկան հաշվեկշիռը.
ժա) ապահովում է Դատական դպրոցում դատական ծառայության իրականացումը.
ժբ) Դատական դեպարտամենտի ղեկավարին ներկայացնում է հաղորդումներ Դատական դպրոցի դատական ծառայողի կողմից թույլ տված կարգապահական, վարքագծի կանոնների խախտումների մասին.
ժգ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով դատական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում հաղորդում է ուղարկում Դատական դեպարտամենտի ղեկավարին.
ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն տրամադրում է արձակուրդ Դատական դպրոցի դատական ծառայողներին և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց.
ժե) նշանակում և ազատում է Դատական դպրոցի տեխնիկական սպասարկումն իրականացնող անձանց.
ժզ) հաստատում է Դատական դպրոցում դասավանդող դասախոսների թվային և անհատական կազմը.
ժէ) հիմնադրի հաստատմանն է ներկայացնում վերապատրաստման և ուսումնական այլ ծրագրերի անցկացման ժամանակացույցը.
ժը) իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ։
11. Դատական դպրոցի տնօրենի բացակայության դեպքում նրան փոխարինում է պաշտոնի անձնագրով նման լիազորություն ունեցող դատական ծառայողը:
IV. ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
12. Դատական դպրոցի հաշվապահությունը օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով և ժամկետներում`
ա) կազմում է Դատական դպրոցի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները.
բ) կազմում է ծախսերի նախահաշիվներ և ներկայացնում Դատական դեպարտամենտի ղեկավարի հաստատմանը.
գ) միջոցներ է ձեռնարկում Դատական դպրոցին հատկացված դրամական միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ.
դ) ներկայացնում է առաջարկություններ պահպանման ծախսերի տնտեսագիտական հոդվածների միջև գումարային տեղաբաշխումներ կատարելու վերաբերյալ.
ե) հաշվառում և դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնին առաջարկություն է ներկայացնում ապրանքանյութական արժեքները հաշվառումից հանելու վերաբերյալ.
զ) իրականացնում է առանձնացված ստորաբաժանումներին վերապահված հաշվապահական հաշվառման գործառույթներից բխող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ ու պարտականություններ:
13. Դատական դպրոցի հաշվապահական հաշվառման պատասխանատուն գլխավոր հաշվապահն է:
14. Տեխնիկական սպասարկման ծառայությունը`
ա) ապահովում է Դատական դպրոցի վարչական շենքի և դրան հարող տարածքների շահագործումը, բարեկարգումը, ընթացիկ շինարարությունը.
բ) ապահովում է Դատական դպրոցի աշխատողների աշխատանքային անհրաժեշտ պայմանների, համակարգչային, հեռախոսակապի, կապի համապատասխան ծառայության անխափան աշխատանքը.
գ) ապահովում է Դատական դպրոցի տնօրենի մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների տեխնիկական օժանդակությունը.
դ) ապահովում է ապրանքանյութական արժեքների պահպանվածությունը.
ե) սահմանված կարգով ապահովում և սպասարկում է Դատական դպրոցի կառավարման տեխնիկական միջոցների, հաղորդակցության էլեկտրոնային միջոցների, տեղային ցանցի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, տեղեկատվական միջազգային համակարգերի հասանելիության միջոցների նախագծումը, կազմակերպումը և շահագործումը:
V. ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
15. Դատավորների թեկնածությունների ցուցակի վերաբերյալ առաջարկի ձևավորման նպատակով Դատական դպրոցում իրականացվում են նշված ցուցակում ընդգրկվելու ցանկություն հայտնած այն անձանց (այսուհետ` հավակնորդներ) նախնական հաշվառման աշխատանքներ, ովքեր բավարարում են «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դատավորների պաշտոնեական պիտանիության ցուցակում ընդգրկվելու համար սահմանված պահանջներին:
16. Դատական դպրոցն անցկացնում է հավակնորդների մասնագիտական որակավորման ստուգում (այսուհետ` ստուգում):
Ստուգման մասին հայտարարությունը նախապես հրապարակվում է մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով: Հայտարարությունում նշվում է հավակնորդների կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու վերջնաժամկետը և այլ անհրաժեշտ տեղեկություններ:
17. Հավակնորդները ներկայացնում են`
ա) գրավոր դիմում Դատական դպրոցի տնօրենի անունով.
բ) անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը.
գ) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի որակավորում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` նշելով պաշտոնավարման տարեթիվը, պարտականությունների նկարագիրը.
դ) բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը.
ե) արական սեռի հավակնորդները` պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ տարկետում ստացած լինելը հավաստող փաստաթուղթ.
զ) աշխատանքային գրքույկի բնօրինակը կամ հավակնորդի աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթեր:
Հավակնորդները կարող են ներկայացնել նաև երաշխավորագիր-նամակներ:
18. Դատական դպրոցի տնօրենը կարող է ստուգել ներկայացված փաստաթղթերի և տեղեկությունների հավաստիությունը:
19. Օրենքով նախատեսված պահանջներին չբավարարող դիմումների ընդունումը մերժվում է, և դրանք ենթակա են վերադարձման Դատական դպրոցի տնօրենի կողմից դիմումների ներկայացման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
20. Հավակնորդների ներկայացրած փաստաթղթերից կազմված գործերը Դատական դպրոցի տնօրենի մակագրությամբ վերցվում են հաշվառման և պահվում Դատական դպրոցում:
21. Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետից հետո հնգօրյա ժամկետում հավակնորդներին տրամադրվում են վկայականներ` ստուգմանը մասնակցելու համար, որոնցում նշվում է ստուգման վայրը, ամսաթիվը և ժամը:
22. Դատարանների նախագահների խորհուրդը՝
ա) ստուգումը կազմակերպելու նպատակով ստեղծում է հինգ անդամից կազմված հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով).
բ) կազմավորում է ստուգող և բողոքարկման հանձնաժողովներ:
23. Հանձնաժողովը`
ա) կազմակերպում է ստուգման աշխատանքները.
բ) հաստատում է ստուգման հարցաշարը.
գ) որոշում է ստուգման վայրը, ժամանակը, տևողությունը.
դ) որոշում է հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման և ստուգող ու բողոքարկման հանձնաժողովների գործունեության կարգերը.
ե) քննում է հավակնորդների բողոքները` կապված ստուգման կազմակերպման հետ.
զ) հաստատում է ստուգման կանոնները.
է) հաստատում է ստուգման պահանջները բավարարելու պայմանները.
ը) ընդունում է ստուգման կազմակերպման մասին որոշումներ.
թ) իրականացնում է սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
24. Հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե Դատական դպրոցի տնօրենն է:
Հանձնաժողովի նախագահը`
ա) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները, հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.
բ) կազմակերպում է գրավոր ստուգման խնդիրների մշակման աշխատանքները.
գ) իրականացնում է հսկողություն ստուգման ընթացքի նկատմամբ.
դ) իրականացնում է սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
25. Ստուգումն անցկացվում է տարեկան մեկ անգամ:
26. Ստուգման խնդիրները նախապատրաստում է հանձնաժողովը, որը պարտավոր է ապահովել դրանց գաղտնիությունը:
27. Ստուգման խնդիրները մշակվում են` նկատի ունենալով հավակնորդների մասնագիտական որակավորումը հետևյալ բնագավառներում.
ա) սահմանադրական իրավունք.
բ) քաղաքացիական իրավունք.
գ) քրեական իրավունք.
դ) քաղաքացիական դատավարություն.
ե) քրեական դատավարություն:
28. Ստուգման առաջադրանքները գնահատվում են 20 միավոր ունեցող համակարգով:
29. Ստուգումն ու գնահատումն իրականացնում է ստուգող հանձնաժողովը:
30. Ստուգման և գնահատման արդյունքները բողոքարկվում են բողոքարկման հանձնաժողովին: Եթե բողոքարկման հանձնաժողովը որոշում է բավարարել հավակնորդի բողոքը, ապա այդ որոշման հիման վրա հավակնորդի միավորներն ավելացվում են:
Բողոքարկման հանձնաժողովի որոշումները վերջնական են:
31. Ստուգման աշխատանքների ժամանակ ներկա գտնվելու իրավունք ունեն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները` նախապես համաձայնեցնելով հանձնաժողովի հետ, ինչպես նաև` հանձնաժողովի որոշմամբ հրավիրված դիտորդներ:
32. Դատավորների թեկնածությունների ցուցակի վերաբերյալ առաջարկում ընդգրկվում են ստուգման պահանջները բավարարած հավակնորդները:
33. Հանձնաժողովի կազմած՝ ստուգման պահանջները բավարարած հավակնորդների ցուցակը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահն ուղարկում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:
VI. ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԳՈՒՅՔԸ
34. Դատական դպրոցի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
35. Դատական դպրոցն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործել իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները):
36. Դատական դպրոցի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
VII. ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
37. Դպրոցի վերակազմակերպումը և գործունեության դադարումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
|
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Հաշվապահություն
2. Տեխնիկական սպասարկման ծառայություն