ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
10 հոկտեմբերի 2006 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Ղարայանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 , 38, 63 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2005 թվականի հունիսի 29-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումից խուսափելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սույն կոնվենցիան ստորագրվել է 2005 թ. հունիսի 29-ին` Երևանում:
Կոնվենցիայի նպատակը երկու պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց եկամուտների կրկնակի հարկումից խուսափելն է:
2. Կոնվենցիան սահմանում է հետևյալ հարկատեսակները. Հայաստանի դեպքում` շահութահարկ և եկամտահարկ, Սիրիայի դեպքում՝ եկամտահարկ առևտրային, արդյունաբերական և ոչ առևտրային շահույթից, շարժական և անշարժ գույքից ստացվող եկամտից, ինչպես նաև աշխատավարձից և ոչ ռեզիդենտներից, սահմանված կամ հետագայում սահմանվելիք լրացուցիչ գանձումներից:
3. Կոնվենցիան ունի Արձանագրություն, որը դրա անբաժանելի մասն է:
4. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.
ա/ ձեռնպահ մնալ Կողմերից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց ստացած այն եկամուտը հարկելուց, որի հարկման իրավունքը կոնվենցիայով վերապահված է մյուս Կողմին,
բ/ չհարկել այն ուսանողի, պրակտիկանտի կամ ստաժյորի ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու համար` Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից ստացած վճարումները, ով հանդիսանում է կամ անմիջապես մինչև Հայաստան ժամանելը հանդիսացել է մյուս Կողմի պետության ռեզիդենտ և գտնվում է Հայաստանում բացառապես իր ուսման կամ մասնագիտացման նպատակով,
գ/ ՀՀ ժամանելուց հետո 2 տարին չգերազանցող ժամանակահատվածում մյուս Կողմի այն ռեզիդենտին, որը Հայաստան է ժամանել համալսարան, գիտահետազոտական ինստիտուտ կամ այլ համանման ուսումնական հաստատություն հետազոտման կամ դասավանդման նպատակով, չհարկել դրանց դիմաց ստացած վարձատրության կապակցությամբ,
դ/ ապահովել, որպեսզի պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխանակեն այնպիսի տեղեկատվություն, որոնք անհրաժեշտ են կոնվենցիայում ընդգրկված հարկերի վերաբերյալ պայմանավորվող պետությունների ներքին օրենքների դրույթների կիրառման համար` պայմանով, որ այդ օրենքներով սահմանված հարկումը չի հակասի կոնվենցիային,
ե/ ճանաչել դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անդամների` միջազգային իրավունքի ընդհանուր կանոններով կամ հատուկ համաձայնագրերով սահմանված հարկային արտոնությունները:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումից խուսափելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|