«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
17 դեկտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 1997 թվականի N 589
քաղ. Երևան
«ՄՈՒՐՃ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ («ՁՈՒԼՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ») ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34 հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում Է.
1. «Մուրճ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհել միջազգային մրցույթով (այսուհետև՝ մրցույթ):
2. «Մուրճ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի մեկնարկային գինը սահմանել 48026000 (քառասունութ միլիոն քսանվեց հազար) դրամ։
3. «Մուրճ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը մրցույթով սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (այսուհետև՝ հանձնաժողով) և հաստատել նրա անհատական կազմը (կցվում է)։
4. «Մուրճ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհել որպես գույքային համալիր։
5. Սահմանել «Մուրճ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի սեփականաշնորհման մրցույթի անցկացման հետևյալ պայմանները՝
5.1. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն սեփականաշնորհման այն սուբյեկտները, որոնք սահմանված կարգով սույն որոշման 13.1-ին և 13.2-րդ կետերին համապատասխան վճարել են մրցույթին գրանցման և մասնակցության վճարներն ու ստացել մրցութային փաթեթը, որը ներառում է՝
մրցույթի մասնակցի կարգավիճակ ստանալու համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
մանրամասն տեղեկություններ ձեռնարկության մասին.
բիզնես-պլանի տիպային ձևը.
«Միդլենդ-Արմենիա» բանկ» բաժնետիրական ընկերության հետ «էսքրոու» պայմանագրի տիպային ձևը.
մրցույթի հաղթողի որոշման կարգը.
սեփականաշնորհման պայմանագրի տիպային ձևը։
5.2. Դիմողները մրցույթի մասնակցի կարգավիճակ ստանալու համար պարտավոր են ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
հայտ (ձևը տալիս է հանձնաժողովը).
գրավոր համաձայնություն մրցույթի հաղթողին ներկայացվող պահանջներին.
առաջարկություններ մրցույթի հաղթողի որոշման չափանիշների վերաբերյալ (փակ ծրարով).
մրցույթին գրանցման և մասնակցության համար կատարված վճարումների իսկությունը հաստատող վճարային փաստաթղթերի պատճենները.
ձեռնարկության կարգավիճակ ունեցող մասնակիցների հիմնադիր փաստաթղթերի պատճենները.
այն անձի (անձանց) լիազորագիրը (լիազորագրերը), որը (որոնք) մրցույթի անցկացման ժամանակ ներկայացնելու է (են) մրցույթի մասնակից ձեռնարկությունը (ձեռնարկությունները) (կնքված տվյալ ձեռնարկության կնիքով) կամ քաղաքացիների խումբը (հաստատված նոտարի կողմից).
բիզնես-պլան` սեփականաշնորհումից հետո առաջին տարվա համար (փակ ծրարով)։
5.3. Մրցութային առաջարկությունները, ինչպես նաև դրանց հետ ներկայացվող բոլոր փաստաթղթերը և թղթակցությունը, պետք է ներկայացվեն հայերեն, իսկ առաջարկություններին կցված օտար լեզուներով նյութերը պետք է ուղեկցվեն նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանություններով։
5.4. Մրցույթի հաղթողի որոշման չափանիշների վերաբերյալ առաջարկությունները և սեփականաշնորհումից հետո առաջին տարվա համար կազմված բիզնես-պլանը պետք է ներկայացվեն երեք օրինակից` կնքված փակ ծրարներով (այսուհետև՝ ներքին ծրար): Ներքին ծրարները պետք է տեղադրվեն մեկ այլ կնքված ծրարի (այսուհետև՝ արտաքին ծրար) մեջ։ Մրցույթին մասնակցելու համար ներկայացվող մյուս փաստաթղթերը պետք է ներկայացվեն մեկ օրինակից և դրվեն արտաքին ծրարի մեջ։
5.5. Մրցույթին ներկայացվող բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն տպագիր, ստորագրված լինեն դիմողի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից և կնքված ձեռնարկության կնիքով (եթե դիմողն ունի ձեռնարկության կարգավիճակ): Ներքին ծրարներով ներկայացվող մրցութային փաստաթղթերի բոլոր էջերը նույնպես պետք է ստորագրված լինեն դիմողի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից և կնքված ձեռնարկության կնիքով (եթե դիմողն ունի ձեռնարկության կարգավիճակ)։
5.6. Արտաքին և ներքին ծրարները պետք է հասցեագրված լինեն հանձնաժողովին (հասցեն նշվում է մրցույթի տեղեկագրում)։ Դրանց վրա պետք է նշված լինեն նաև սեփականաշնորհվող օբյեկտի անվանումը և «Չբացել մինչև 1998 թվականի 4-ը փետրվարի» մակագրությունը։
5.7. Ներքին ծրարի վրա պետք է նշվեն նաև մրցույթի մասնակցի անվանումն ու հասցեն։
5.8. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը մինչև սույն որոշման 13.3-րդ կետում նշված ժամկետը պետք է ներկայացվեն հանձնաժողովին։
5.9. Մրցութային փաստաթղթերի ընդունման համար սահմանված վերջին ժամկետից հետո ներկայացվող առաջարկությունները չեն դիտարկվում և չբացված ներքին ծրարներով վերադարձվում են դիմողներին։
5.10. Սույն որոշման 5.2-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնողը հանձնաժողովի կողմից ստանում է այդ փաստաթղթերն ստանալու մասին ծանուցում։ Փոստային առաքման դեպքում դիմողներն իրենց առաջարկությունների փաթեթը պետք է ուղարկեն «Ծանուցման պահանջով» մակագրությամբ։
5.11. Դիմողը կարող է մինչև մրցույթի անցկացման օրը փոփոխություններ կատարել իր առաջարկության մեջ կամ հետ վերցնել այն՝ դրա մասին դիմում ներկայացնելով հանձնաժողովին։
5.12. Մրցութային առաջարկությունների փոփոխության մասին տեղեկանքը պետք է կազմի սույն որոշման 5.2-5.9-րդ կետերի պահանջների համաձայն։ Մրցութային առաջարկությունը հետ վերցնելու ծանուցումը կարելի Է ուղարկել նաև հեռագրով` հետագայում այն հաստատելով համապատասխան գրավոր հայտարարությամբ, մինչև մրցույթի անցկացման օրը։
5.13. Փոփոխության կարող են ենթարկվել միայն կրճատ ցանկում (սույն որոշման 6.3-րդ կետ) ընդգրկված մասնակիցների մրցութային առաջարկությունները՝ այդ մասնակիցների հետ տարվող բանակցությունների ժամանակ։
5.14. Մրցութային առաջարկություններում դրամական միջոցները պետք է արտահայտված լինեն Հայաստանի Հանրապետության պաշտոնական արժույթով (դրամով) կամ միջազգային առևտրում լայնորեն օգտագործվող այլ արժույթով (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով)։ Տարբեր արժույթներով արտահայտված աոաջարկությունները համեմատվում են մրցույթի անցկացման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքի հետ։
5.15. Դիմողների ներկայացրած առաջարկությունների ծրարները բացվում են մրցույթի անցկացման օրը՝ հանձնաժողովի նիստում։ Հանձնաժողովը հայտարարում է ստացված հայտերի քանակը և դիմողների անվանումները (անունները)։ Հանձնաժողովն ստուգում է անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և կազմում արձանագրություն, որում նշվում են ինչպես այն դիմողների անվանումները (անունները), որոնք ստացել են մրցույթի մասնակցի կարգավիճակ, այնպես էլ այն դիմողների անվանումները (անունները), որոնց ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում մրցույթի անցկացման պայմաններին։
5.16. Հանձնաժողովը քննարկում Է մրցույթի մասնակիցների ներկայացրած առաջարկությունները` հիմք թողնելով մրցույթի հաղթողի որոշման կարգը (սույն որոշման 7-րդ կետ) և մրցույթի հաղթողին ներկայացվող պահանջները (սույն որոշման 8-րդ կետ)։
5.17. Հանձնաժողովն իրավասու Է առանց պատճառաբանության մերժելու մրցույթի մասնակիցների ներկայացրած բոլոր առաջարկությունները։
5.18. Դիմողները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները կարող են ներկա լինել մրցույթի անցկացման արարողությանը` ծրարների բացմանը, դիմողների առաջարկությունների հրապարակմանը և մրցույթի արդյունքների հայտարարմանը։
5.19. Հանձնաժողովը մրցույթի հաղթողին ճանաչելու մասին որոշումն ընդունելուց հետո մրցույթի արդյունքների արձանագրությանը (երեք օրինակից) ուղարկում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն` հաստատման։
5.20. Մրցույթի արդյունքների արձանագրության պատճենները ուղարկվում են մրցույթի բոլոր մասնակիցներին։
5.21. Հանձնաժողովի որոշումները կարող են գանգատարկվել դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում։
5.22. Մրցույթը համարվում է չկայացած, եթե սահմանված ժամկետում ոչ մի առաջարկություն չի ստացվել կամ ստացված առաջարկությունները չեն համապատասխանում մրցույթի անցկացման պայմաններին և մրցույթի հաղթողին ներկայացվող պահանջներին։
5.23 Մրցույթը համարվում է անվավեր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:
5.24. Միայն մեկ առաջարկությունը հիմք չի հանդիսանում մրցույթը չկայացած համարելու համար։
6. Սահմանել հանձնաժողովի աշխատանքների հետևյալ կարգը՝
6.1. Հանձնաժողովը երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով (այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս) հրապարակում է տեղեկատվություն մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին, ինչպես նաև սեփականաշնորհվող ձեռնարկության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր այլ տեղեկություններ։
6.2. Հանձնաժողովը սույն որոշման 6.1-ին կետում նշված տեղեկատվությունը հրապարակելուց հետո մեկ ամսվա ընթացքում բանակցություններ է վարում ձեռնարկության նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած անձանց հետ՝ մրցույթի հաղթողին ներկայացվող պահանջները՝ վճարումների և պարտքերի մարման կարգը հստակեցնելու նպատակով։
6.3. Հանձնաժողովը սույն որոշմամբ սահմանված օրը բացում է ներկայացված ծրարները, հայտարարում ներկայացված առաջարկությունների մասին և կազմում համապատասխան արձանագրություն։ Հանձնաժողովը ծրարները բացելուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում հայտարարում է մրցույթի այն մասնակիցների ցանկը` կրճատ ցանկ (ոչ ավելի, քան 3 մասնակից), որոնց հետ կարող է վարել լրացուցիչ բանակցություններ։ Հանձնաժողովը ծրարները բացելուց հետո քառասուն աշխատանքային օրվա ընթացքում հայտարարում է մրցույթի արդյունքների մասին։
7. Սահմանել «Մուրճ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի սեփականաշնորհման մրցույթի հաղթողի որոշման հետևյալ կարգը՝
7.1. Սույն որոշմամբ սահմանված մրցութային առաջարկությունների գնահատման չափանիշներին (սույն որոշման 8.6-րդ կետ) վերագրում են հետևյալ կշռային գործակիցները`
սեփականաշնորհվող օբյեկտի համար առաջարկվող գինը՝ 0,1.
ներդրումների գումարը՝ սեփականաշնորհումից հետո առաջին տարվա համար՝ 0,8.
աշխատավարձի ֆոնդը՝ սեփականաշնորհումից հետո առաջին տարվա համար՝ 0,1։
7.2. Մրցույթի մասնակիցների առաջարկություններում հաղթողի որոշման չափանիշների համար տրված ֆինանսական պարտավորությունները գնահատվում են Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կոլեգիայի հաստատած կարգով:
7.3. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը գրավոր համաձայնություն է տալիս 8.1 -8.5-րդ կետերում սահմանված պահանջներին և ստանում հանձնաժողովի ամենաբարձր գնահատականը։
8. Սահմանել մրցույթի հաղթողին ներկայացվող հետևյալ պահանջները՝
8.1. Վեց ամսվա ընթացքում չփոփոխել աշխատողների նվազագույն թիվը` 21 (քսանմեկ) աշխատող։
8.2. Մինչև այդ ժամկետը լրանալը աշխատողների թվի կրճատման դեպքում, բացի Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցումներ տալուց, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին աշխատանքից ազատված յուրաքանչյուր աշխատողի համար փոխանցել Հայաստանի Հանրապետությունում տվյալ պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուր քառասնապատիկի չափով գումար։
8.3. Մրցույթի հաղթողին որոշելու պահից երեք ամսվա ընթացքում աշխատավորական կոլեկտիվի հետ սահմանված կարգով կնքել կոլեկտիվ պայմանագիր:
8.4. Մրցույթի հաղթողին որոշելու պահից սկսած վեց ամսվա ընթացքում սահմանված կարգով կնքել աշխատանքային նոր պայմանագրեր` մինչև նշված պայմանագրերը կնքելը գործողության մեջ թողնելով նախկինում կնքված պայմանագրերը։
8.5. Սեփականաշնորհման պայմանագրի կնքման օրվանից հաշված առաջին վեց ամսվա ընթացքում մարել մրցույթի անցկացման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին ձեռնարկության ունեցած պարտքը։
8.6. Ներկայացնել առաջարկություններ մրցույթի հաղթողի որոշման հետևյալ չափանիշների վերաբերյալ`
սեփականաշնորհվող օբյեկտի համար առաջարկվող գինը.
ներդրումների գումարը սեփականաշնորհումից հետո առաջին տարվա համար.
աշխատավարձի ֆոնդը սեփականաշնորհումից հետո առաջին տարվա համար։
9. Սահմանել մրցույթի հաղթողին սեփականության իրավունքի փոխանցման հետևյալ կարգը՝
9.1. Մրցույթի հաղթողի հետ սեփականաշնորհման պայմանագիրը կնքում Է Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը՝ հանձնաժողովի կողմից մրցույթի հաղթողին՝ մրցույթի արդյունքների արձանագրությունն ուղարկվելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
9.2. Եթե մրցույթի հաղթողը երկու ամսվա ընթացքում չի կնքում նշված պայմանագիրը, ապա մասնակցության վճարը նրան չի վերադարձվում, և մրցույթի արդյունքները համարվում են անվավեր։
9.3. Մրցույթի հաղթողը, ստանալով հանձնաժողովի արձանագրության պատճենը, պարտավոր է ձեռնարկության վաճառքի համար իր առաջարկած գումարը սույն որոշման 10.1-ին կետում սահմանված ժամկետներում վճարել պայմանագրում նշված հաշվի համարին։ Եթե մրցույթի հաղթողն այդ գումարը նշված ժամկետում չի վճարում, ապա նա զրկվում է տվյալ օբյեկտի սեփականատեր դառնալու իրավունքից։ Այդ դեպքում մրցույթի մասնակցության վճարը նրան չի վերադարձվում։
10. Սահմանել վճարումների հետևյալ կարգը՝
10.1. Մրցույթի հաղթողի կողմից ձեռնարկության պետական բաժնեմասի վաճառքի գումարի վճարումը պետք է կատարվի մրցույթի հաղթողին հանձնաժողովի կողմից մրցույթի արդյունքների արձանագրությունն ուղարկվելու օրվանից երկու տարվա ընթացքում՝ առաջին տարվա յուրաքանչյուր եռամսյակում վճարելով այդ գումարի տասնհինգ տոկոսը, իսկ երկրորդ տարվա յուրաքանչյուր եռամսյակում այդ գումարի տասը տոկոսը։
10.2. Մրցույթի հաղթողի կողմից մրցույթի մասնակցության համար վճարված գումարը ներառվում է օբյեկտի վաճառքի գնի մեջ։ Անկախ մրցույթի արդյունքներից՝ գրանցման վճարը չի ներառվում օբյեկտի վաճառքի գնի մեջ և հետ չի վերադարձվում։
10.3. Դիմողներին (բացի կրճատ ցանկում ընդգրկված մասնակիցներից) մրցույթի մասնակցության վճարները վերադարձվում են սույն որոշման 13.4-րդ կետով սահմանված մրցույթի անցկացման օրվանից տասը աշխատանքային օրվա ընթացքում, իսկ կրճատ ցանկում ընդգրկված մասնակիցներին (բացի մրցույթի հաղթողից)՝ քառասուն աշխատանքային օրվա ընթացքում։
10.4. Վճարումները կարող են կատարվել միայն Հայաստանի Հանրապետության պաշտոնական արժույթով (դրամով) ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցումով։ Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատները չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց:
11. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տասը աշխատանքային օրվա ընթացքում բացել հատուկ հաշիվ` միջազգային մրցույթների անցկացման հետ կապված վճարումներն իրականացնելու համար։
12. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը սույն որոշման հրապարակումից հետո երկշաբաթյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ մրցույթի տեղեկագիրն արտասահմանյան երկրներում տարածելու և հրապարակելու համար։
13. Մրցույթի անցկացման այլ պայմաններ`
13.1. Սահմանել գրանցման վճարի չափը՝ 100000,0 դրամ։
13.2. Սահմանել մրցույթի մասնակցության վճարի չափը՝ 3,0 մլն դրամ։
13.3. Սահմանել հայտի ներկայացման վերջին օրը, ժամը և տեղը` 1998 թվականի փետրվարի 4-ը, ժամը 14.30-ը, քաղ. Երևան, կառավարական 2-րդ շենք, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն։
13.4. Սահմանել մրցույթի անցկացման օրը, ժամը և տեղը` 1998 թվականի փետրվարի 4-ը, ժամը 14.30-ը, քաղ. Երևան, կառավարական 2-րդ շենք, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն։
14. Սույն որոշումն ուժի մեջ մտնում Է 1997 թվականի դեկտեմբերի 17-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
մրցութային հանձնաժողովի
Պ. ՂԱԼԹԱԽՉՅԱՆ | - ՀՀ սեփականաշնորհման նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Շ. ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ | - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար |
Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար |
Գ. ՆԱՆԱԳՈՒԼՅԱՆ | - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար |
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական |
Ա. ՀԱՑՈԳՈՐԾՅԱՆ | - ՀՀ սեփականաշնորհման նախարարության մրցույթների կազմակերպման բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |