ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 4144 AM ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
14 մարտի 2006 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ.Պողոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Ղարայանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2006 թվականի հունվարի 27-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 4144 AM զարգացման վարկի համաձայնագրում (Աղքատության հաղթահարման աջակցության երկրորդ վարկ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2006 թ. հունվարի 27-ին` Երևանում:
Համաձայնագրի նպատակն աճի խթանման և աղքատության կայուն կրճատում ձեռք բերելու համար նախատեսված գործողությունների, նպատակների ու քաղաքականության ծրագրին օժանդակելն է, ըստ որի` Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելու է 14.100.000 (տասնչորս միլիոն հարյուր հազար) հատուկ փոխառության իրավունքների վարկ:
2. Զարգացման միջազգային ընկերակցության կողմից (ԶՄԸ) 1985 թ. հունվարի 1-ին ընդունված (2004 թ. մայիսի 1-ին փոփոխված) Զարգացման վարկի համաձայնագրերում կիրառվող ընդհանուր պայմանները և քննության առարկա համաձայնագրում շարադրված փոփոխությունները կիրառվում են միաժամանակ և կազմում վերջինիս բաղկացուցիչ մասը:
Համաձայնագրի մաս են կազմում երկու հավելվածները:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, պարտավորվում է.
- սահմանված ժամկետներում վարկի չառհանված հիմնական գումարի դիմաց, ինչպես նաև վարկի հիմնական գումարից պարբերաբար հանված և չմարված գումարներից ԶՄԸ-ին վճարել պարտավորության և սպասարկման վճարներ,
- յուրաքանչյուր տարի սկսած 2016 թվականից մինչև 2045 թվականը կիսամյակային (մայիսի 1-ին և նոյեմբերի 1-ին) մուծումներով մարել վարկի հիմնական գումարը,
- ԶՄԸ-ի հետ կարծիքներ փոխանակել, ինչպես նաև նրան ներկայացնել հաշվետվություն` Ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված առաջընթացի մասին,
- ԶՄԸ-ի հիմնավորված պահանջի դեպքում նրան տրամադրել վարկային միջոցներին առնչվող տեղեկություններ,
- ԶՄԸ-ի հետ կարծիքներ փոխանակել Ծրագրի խնդիրներն էապես փոխելու ազդեցություն ունեցող միջոցառումների շուրջ:
4. Ինչպես «Աղքատության կրճատման աջակցության վարկ» 3999 AM զարգացման առաջին վարկային համաձայնագրով, այնպես էլ սույն համաձայնագրով տրամադրվող վարկային միջոցներն ուղղվում են պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը և չեն կարող օգտագործվել հավելված 1-ով նախատեսված` բացառված ծախսերի համար:
5. Համաձայնագրի դրույթները բխում են ՀՀ Սահմանադրության 34 և 48 հոդվածների պահանջներից և ուղղված են քաղաքացիների կենսապայմանների բարելավմանն ու նպաստում են պետության տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում իրականացվող խնդիրների լուծմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2006 թվականի հունվարի 27-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 4144 AM զարգացման վարկի համաձայնագրում (Աղքատության հաղթահարման աջակցության երկրորդ վարկ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|