ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 88
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ, ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ, ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐԻ, ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից ՀՀ դատախազության, հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող մարմիններին դատական գործերի, դատական գործի նյութերի, դատական ակտերի տրամադրման միասնական կարգը դատարաններում, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
Հաստատել ՀՀ դատախազության, հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող մարմիններին դատական գործերի, դատական գործի նյութերի, դատական ակտերի տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
ՀՀ դատարանների |
Հ. Մանուկյան |
|
|
|
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ, ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ, ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐԻ, ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության դատարանները դատական գործերը տրամադրում են ՀՀ դատախազության, հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող մարմիններին ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով սահմանված նրանց լիազորություններն իրականացնելու նպատակով:
2. Օրինական ուժի մեջ մտած վճիռների, դատավճիռների և որոշումների դեմ վճռաբեկ բողոք բերելու ՀՀ դատախազության լիազորության իրականացումն ապահովելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի, նրա տեղակալների գրավոր պահանջի հիման վրա ՀՀ դատարանները գործը դատարանին վերադարձնելու անհրաժեշտության մասին պարտադիր նշումով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով ավարտված գործերն ուղարկում են ՀՀ գլխավոր դատախազություն:
3. Օրինական ուժի մեջ չմտած, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ավարտված դատական գործերը ծանոթանալու նպատակով տրամադրվում են դատախազի, հետաքննություն իրականացնող մարմինների ղեկավարների, քննիչների գրավոր դիմումի հիման վրա, դատարանի շենքում այդ նպատակով հատուկ հատկացված վայրում:
Դատական գործին ծանոթանալու ժամանակ ապահովվում է դատարանի աշխատակցի պարտադիր մասնակցությունը:
4. Օրինական ուժի մեջ մտած, ինչպես նաև օրինական ուժի մեջ չմտած դատական ակտով ավարտված դատական գործի նյութերի, դատական ակտերի պատճենները տրամադրվում են դատախազի, հետաքննություն իրականացնող մարմինների ղեկավարների, քննիչների գրավոր դիմումի հիման վրա` քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
5. Սույն կարգի 3-րդ և 4-րդ մասերը չեն տարածվում դատավարության մասնակից, կամ գործին մասնակցող անձ հանդես գալու ժամանակ իրականացվող դատավարական իրավունքների վրա: