«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 ապրիլի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2006 թվականի N 471-Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ, ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Հարկային հավաքագրումների ինքնագնահատման համակարգի ներդրման ռազմավարական միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 731-Ն որոշման հավելվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հարկային և պարտադիր այլ վճարների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և հաշվետվությունները փոստի միջոցով հարկային մարմին ներկայացնելու պարզեցված ընթացակարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` մինչև 2006 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, փոստային կապի ազգային օպերատորի հետ համատեղ քննարկված փոստի միջոցով հարկային մարմին հաշվետվություններ ներկայացնելու հետ կապված խնդիրների կարգավորման վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մինչև 2006 թվականի սեպտեմբերի 1-ը կանոնակարգել փոստային կապի ազգային օպերատորի կողմից պատվիրված նամակների ընդունման գործընթացը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Պ Ա Ր Զ Ե Ց Վ Ա Ծ Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ, ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն պարզեցված ընթացակարգով կանոնակարգվում է հարկ վճարողների և ապահովադիրների կողմից (այսուհետ` սույն կարգի իմաստով հարկ վճարողներ) հարկային և պարտադիր այլ վճարների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այսուհետ` օրենսդրություն) նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները (այսուհետ` հաշվետվություններ) փոստի միջոցով հարկային մարմին ներկայացնելու գործընթացը:
2. Հարկ վճարողները կարող են հաշվետվությունները փոստի միջոցով հարկային տեսչություն ներկայացնել միայն պատվիրված նամակով (այսուհետ` նամակ):
Հաշվետվությունները պատվիրված նամակով հարկային տեսչություն ներկայացնելու հետ կապված բոլոր ծախսերը կատարում է հարկ վճարողը:
3. Հարկ վճարողները հաշվետվությունները փոստի միջոցով ներկայացնում են իրենց հաշվառման հարկային տեսչության հասցեով: Հարկ վճարողների կողմից իրենց հաշվառման հարկային տեսչության փոխարեն այլ հարկային տեսչություն ներկայացված հաշվետվությունները հարկային տեսչության կողմից այդ հաշվետվություններն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան լիազորություններ ունեցող հարկային տեսչության պաշտոնատար անձի գրությամբ հետ են վերադարձվում հարկ վճարողին` փոստի միջոցով կամ առձեռն` հարկ վճարողի կողմից հաշվետվությունների հետստացման վերաբերյալ ստորագրությամբ:
4. Հաշվետվությունները փոստի միջոցով հարկային տեսչություն ներկայացնելու օր է համարվում փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպը: Ծրարի վրա փոստային բաժանմունքի կողմից նամակի ընդունման օրը հավաստող օրացուցային կնիքի արտատիպի բացակայության կամ վնասվածության, կամ դրա բացահայտ անընթեռնելիության դեպքում այդ նամակները չեն ընդունվում հարկային տեսչության կողմից: Ընդ որում, հաշվետվությունը համարվում է ներկայացված, եթե այն ներկայացվել է մինչև օրենսդրությամբ սահմանված ժամկետի լրանալը։
Հարկային տեսչության կողմից հարկ վճարողին հաշվետվությունների հետ վերադարձման օր է համարվում փոստային բաժանմունքի կողմից այդ հաշվետվությունների ընդունման օրը։
5. Նամակի ծրարի վրա պարտադիր պետք է նշված լինի հարկ վճարողի գտնվելու վայրի (պետական գրանցման վայրի) հետադարձ հասցեն: Այն ծրարները, որոնց վրա բացակայում է հետադարձ հասցեն, հարկային տեսչության կողմից չեն ընդունվում:
6. Նամակում հաշվետվությունների հետ առանձին լրացվում է պարունակության նկարագրությամբ թերթիկ (այսուհետ` թերթիկ)` նամակում պարունակվող հաշվետվությունների ցանկի` համապատասխան անվանումների և էջերի քանակի վերաբերյալ։ Թերթիկն ստորագրվում, կնքվում է հարկ վճարողի կողմից և ամրակցվում ներկայացվող հաշվետվություններին։ Թերթիկի բացակայության դեպքում փոստի միջոցով ներկայացված բոլոր հաշվետվությունները հարկային տեսչության կողմից այդ հաշվետվություններն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան լիազորություններ ունեցող հարկային տեսչության պաշտոնատար անձի գրությամբ փոստի միջոցով կամ առձեռն` համապատասխան հիմնավորմամբ հետ են վերադարձվում հարկ վճարողին: Ընդ որում, հաշվետվությունները հարկ վճարողին հետ վերադարձված չեն համարվում, եթե նամակում բացակայում է հարկային տեսչության անվանումը, կնիքը և ամսաթիվը։
7. Փոստի միջոցով ներկայացված հաշվետվությունների` հարկային տեսչության կողմից ընդունման ժամանակ պարտադիր ստուգվում են օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետվություններում պարտադիր լրացման ենթակա հետևյալ տվյալները`
ա) հարկ վճարողի լրիվ անվանումը,
բ) հարկ վճարողի հաշվառման համարը,
գ) հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում են հաշվետվությունները,
դ) օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողի և (կամ) գլխավոր հաշվապահի ստորագրությունը և (կամ) կնիքը:
8. Սույն պարզեցված ընթացակարգի 7-րդ կետի «ա», «բ», «գ» և«դ» ենթակետերով նախատեսված տվյալներից որևէ մեկի` հաշվետվությունում բացակայության կամ հաշվետվությունն օրենսդրությամբ սահմանված ձևաթղթերի վրա լրացված չլինելու, կամ թերթիկում նշված որևէ հաշվետվություն կամ այդ հաշվետվության անբաժանելի մասը կազմող փաստաթղթի բացակայության դեպքում հաշվետվությունը համարվում է չներկայացված, և հարկային տեսչության կողմից այդ հաշվետվություններն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան լիազորություններ ունեցող հարկային տեսչության պաշտոնատար անձի գրությամբ դրա մասին փոստով տեղեկացվում է հարկ վճարողին:
9. Սույն պարզեցված ընթացակարգով հարկային մարմին ներկայացված հաշվետվությունները կարվում են հարկ վճարողի հարկային գործում, իսկ չներկայացվածների մասին հարկային գործում կատարվում է համապատասխան նշում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |