ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Թիվ 4
25 հոկտեմբերի 1993 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով «Նոր տիպի ռուբլու գոտի ստեղծելու ուղղությամբ գործնական միջոցառումների մասին» և «Հայաստանի Հանրապետության դրամական համակարգը Ռուսաստանի Դաշնության դրամական համակարգի հետ միավորելու մասին» ՀՀ ԳԽ կողմից 1993թ. հոկտեմբերի 13-ին վավերացված համաձայնագրերի պայմանները կատարելու անհրաժեշտությունից, ՀՀ դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովը որոշում է.
1. 1993թ. հոկտեմբերի 26-ից ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության արժույթ համարել`
ա) Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ գտնվող նախկին ԽՍՀՄ պետական բանկի 1961-1992թթ. նմուշի բանկային տոմսերը, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ գանձատան 1961-1992 թթ. նմուշի տոմսերը և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի 1992թ. նմուշի բանկային տոմսերը.
բ) Հայաստանի Հանրապետության բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների հաշիվներում առկա միջոցները` սույն որոշման 1 «ա» կետում նշված դրամով:
2. Սահմանել, որ 1993 թ. նոյեմբերի 8-ից Հայաստանի Հանրապետությունում դադարեցվում է քաղաքացիների կանխիկ օտարերկրյա արժույթով (այդ թվում Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի 1993թ. նմուշի բանկային տոմսերով) ապրանքների, ծառայությունների (աշխատանքների) իրացումը, ինչպես նաև ֆինանսական օգնության և վարկերի տրամադրումը:
3. Մինչև1993թ. նոյեմբերի 8-ից քաղաքացիներին օտարերկրյա արժույթով ապրանքներ, ծառայություններ (աշխատանքներ) իրացրած կազմակերպությունները իրենց նախկին օտարերկրյա արժույթների հասույթը մուտքագրում են լիազորված բանկերի համապատասխան հաշիվներում:
Լիազորված բանկերը մինչև1993թ. նոյեմբերի 8-ը կատարում են քաղաքացիներին կանխիկ օտարերկրյա արժույթով ապրանքներ, ծառայություններ (աշխատանքներ) իրացրած կազմակերպությունների կողմից կանխիկ օտարերկրյա արժույթներով հասույթների բանկային հաշիվներ մուտքագրման լրիվության և դրամարկղներում օտարերկրյա արժույթների մնացորդների ստուգում: Լիազորված բանկերը մինչև1993թ. նոյեմբերի 10-ը ստուգումների մասին համապատասխան հաշվետվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովին:
4. Սահմանել, որ 1993թ. նոյեմբերի 8-ից ժամանակավորապես դադարեցվում է քաղաքացիների կանխիկ օտարերկրյա արժույթով ապրանքների, ծառայությունների (աշխատանքների) իրացման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիաների գործողությունը, բացառությամբ օտարերկրյա արժույթով բանկային ծառայությունների իրականացման համար տրված լիցենզիաները:
5. Սահմանել, որ մինչև1993թ. դեկտեմբերի 31-ը քաղաքացիներին կանխիկ օտարերկրյա արժույթով ապրանքներ, ծառայություններ (աշխատանքներ) իրացնելու թույլտվություն տալիս է Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովը:
6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված ձեռնարկություններին, կազմակերպություններին, հիմնարկներին արգելվում է իրենց աշխատակիցներին վարձատրել օտարերկրյա արժույթով, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող դեսպանատներին, հյուպատոսարաններին, առևտրային ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին և մասնաճյուղերին:
7. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին`
ա) մինչև 1993թ. հոկտեմբերի 29-ը մշակել և լիազորված բանկերին տրամադրել քաղաքացիներին կանխիկ օտարերկրյա արժույթով ապրանքներ, ծառայություններ (աշխատանքներ) իրացրած կազմակերպություններում լիազորված բանկերի կողմից ստուգումներ անցկացնելու կարգը և ներկայացվող հաշվետվության ձևերը.
բ) տասնօրյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել անկանխիկ օտարերկրյա արժույթով ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից հաշվարկների իրականացման կարգի նախագիծը:
8. Հայաստանի Հանրապետությունում գործող և ՀՀ կենտրոնական բանկի կողմից օտարերկրյա արժույթով գործառնություններ կատարելու թույլտվություն չունեցող բանկերն ու ֆինանսավարկային կազմակերպությունները պարտավոր են մինչև 1993թ. նոյեմբերի 8-ը.
ա) իրենց մոտ առկա սեփական արժութային արժեքները վաճառել ֆոնդային բորսայում կամ ՀՀ կենտրոնական բանկին.
բ) առաջարկել իրենց հաճախորդներին իրենց արժութային հաշիվները տեղափոխել որևէ լիազորված բանկ և ապահովել նշված ժամկետում գործարքի կատարումը:
9. Իրավապահ մարմիններին` վերահսկել սույն որոշման պահանջների կատարումը և իրավախախտողների նկատմամբ կիրառել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատժամիջոցները և կատարված աշխատանքների մասին յուրաքանչյուր ամսվա 5-ին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովին:
ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ և ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ
|
Տ. ՍԱՐԳՍՅԱՆ | |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ`
|
Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ | |
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ` | Ի. ԻՍԱՀԱԿՅԱՆ |