ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2003 թվականի թիվ 51
քաղ. Երևան
ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 3 մասի.
1. Հաստատել Նուբարաշենի թաղապետարանի աշխատակազմի կանոնադրությունը:
2. Հանձնարարել իրավաբանական բաժնին (Ն. Շահբազյան) ապահովել կանոնադրության պետական գրանցումը և պետական իրավական փորձաքննությունը:
3. Հանձնարարել ֆինանսական բաժնին (Ա. Ավետիսյան) կատարել համապատասխան ֆինանսավորում:
4. Սույն որոշման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել իրավաբանական բաժնի (Ն. Շահբազյան) վրա:
Թաղապետ` |
Ռ. Ասատրյան |
ԳՐԱՆՑՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ` ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹԱՂԱՊԵՏ Ռ. ԱՍԱՏՐՅԱՆ «24» հունիսի 2003 թ. |
ԵՐԵՎԱՆԻ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ (ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆ)
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 Նուբարաշեն թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմը (այսուհետև` աշխատակազմ) ապահովում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով համայնքի ղեկավարին վերապահված լիազորությունների իրականացումը:
1.2 Աշխատակազմն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է օրենքներով, հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, կառավարության և վարչապետի որոշումներով, այլ նորմատիվ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
1.3 Աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է համայնքի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ:
1.4 Աշխատակազմն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք, ձևաթղթեր:
1.5 Նուբարաշեն թաղային համայնքի ավագանու 12.11.02 թ. «Նուբարաշենի թաղապետարանի աշխատակազմի կառուցվածքը և աշխատակիցների թվաքանակը հաստատելու մասին» թիվ 5 որոշման համաձայն աշխատակազմը բաղկացած է`
ա) համայնքի ղեկավարի տեղակալից
բ) աշխատակազմի քարտուղարից
գ) ֆինանսական բաժնից
դ) իրավաբանական բաժնից
ե) քաղաքաշինության և հողօգտագործման բաժնից
զ) կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնից
է) գյուղատնտեսության բաժնից
ը) կրթության և մշակույթի բաժնից
թ) քարտուղարությունից:
1.6 Աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը 18 է:
1.7 Աշխատակազմի բոլոր աշխատողները նշանակվում և ազատվում են համայնքի ղեկավարի կարգադրությամբ:
1.8 Աշխատակազմի աշխատակիցների հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատում է համայնքի ավագանին:
1.9 Սույն կանոնադրությունը ենթակա է գրանցման պետական ռեգիստրի մարմիններում` օրենքով սահմանված կարգով:
2. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ
2.1 Համայնքի ղեկավարի տեղակալը հաշվետու և պատասխանատու է համայնքի ղեկավարի առջև:
2.2 Համայնքի ղեկավարի տեղակալը`
- վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի որոշումների և կարգադրությունների կատարման նկատմամբ.
- համայնքի ղեկավարին տեղեկություններ և վերլուծություններ է ներկայացնում համապատասխան բնագավառի իրավիճակի մասին:
2.3 Համայնքի ղեկավարի տեղակալը կատարում է համայնքի ղեկավարի տրանսպորտի բնագավառի հետևյալ լիազորությունները`
- օժանդակում է համայնքային ենթակայության ճանապարհների, կամուրջների ու ինժեներական այլ կառույցների պահպանմանը և շահագործմանը.
- հասարակական տրանսպորտի աշխատանքների ու համայնքային ենթակայության տրանսպորտային հիմնարկների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ ներկայացնում է առաջարկություն.
- նախապատրաստում և համայնքի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում համայնքի տարածքում մարդատար և երթուղային տաքսիների ծառայություն իրականացնելու թույլտվությունները.
- իրավասու մարմինների ներկայացմամբ համայնքի ղեկավարի հաստատմանն ու թույլտվությանն է ներկայացնում համայնքի տարածքում ճանապարհային երթևեկության նշանների տեղակայմանն ու հանմանն առնչվող փաստաթղթերը.
- անհրաժեշտության դեպքում կազմակերպում է համայնքային ենթակայության ճանապարհների, կամուրջների և ինժեներական այլ կառույցների շինարարությունը.
- համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ լիազորություններ:
2.4 Համայնքի ղեկավարի տեղակալն իրավասու է`
- աշխատակազմի քարտուղարից, աշխատակազմի բաժինների, համայնքային ենթակայության հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարներից պահանջել համապատասխան բնագավառին վերաբերող տեղեկություններ.
- համայնքային նշանակության հարցերի վերաբերյալ կազմակերպել քննարկումներ, հրավիրել խորհրդակցություններ` աշխատակազմի բաժինների, համայնքային ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների և այլ աշխատողների, ինչպես նաև շահագրգիռ այլ մարմինների մասնակցությամբ:
2.5 Համայնքի ղեկավարի տեղակալը համայնքի ղեկավարի բացակայության ժամանակ փոխարինում է նրան:
3. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
3.1 Աշխատակազմի քարտուղարը հաշվետու և պատասխանատու է համայնքի ղեկավարի առջև:
3.2 Աշխատակազմի քարտուղարը կազմակերպում է`
- ավագանու նիստերի նախապատրաստումը (օրակարգի նախագծի, օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ որոշումների նախագծերի և այլ նյութերի նախապատրաստումը և ավագանու անդամներին տրամադրումը, ավագանու անդամներին նիստի օրվա և ժամի մասին տեղեկացնելը և այլն).
- ավագանու նիստերի արձանագրումը և արձանագրության ստորագրումն ավագանու անդամների կողմից.
- կազմակերպում է համայնքի բնակիչների հաշվառումը.
- համայնքի արխիվից տրամադրում է փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ.
- կազմում է ընտրողների ցուցակները.
- կազմակերպում և ապահովում է համայնքի ղեկավարի աշխատակազմի աջակցությունն ավագանու անդամների կողմից համայնքի ավագանու որոշման նախագծերի նախապատրաստմանը.
- համայնքի ղեկավարի կարգադրությունների և որոշումների, ավագանու որոշումների գրանցումը, հաշվառումն ու համարակալումը էջակալված և կնքված հատուկ մատյանում.
- վերահսկում է աշխատակազմի գործավարությունը, նամակագրությունը և արխիվային գործը.
- համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների, ուղերձների, պաշտոնական այլ փաստաթղթերի նախապատրաստումը և հրապարակումը.
- համայնքի ղեկավարի և ավագանու կողմից քաղաքացիների ընդունելությունը, նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկումը և ընթացքը.
- համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների կատարման, ինչպես նաև համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատանքային կարգապահության վերահսկողությունը.
- ավագանու ընդունած որոշումների առաքումը Երևանի քաղաքապետարան.
- ավագանու անդամների` նիստերին և քվեարկություններին մասնակցության հաշվառումը, նրանց` մեկ տարվա ընթացքում քվեարկությունների կեսից բացակայությունների մասին համայնքի ղեկավարին տեղեկանք ներկայացնելը: Աշխատակազմի քարտուղարը կատարում է համայնքի ղեկավարի այլ հանձնարարություններ:
4. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲԱԺԻՆՆԵՐԸ
4.1 Աշխատակազմի բաժինները գլխավորում են բաժինների պետերը, որոնք հաշվետու և պատասխանատու են համայնքի ղեկավարի առջև: Աշխատակազմի բաժինները անմիջականորեն ենթարկվում են համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարի կարգադրությամբ` համայնքի ղեկավարի տեղակալին կամ աշխատակազմի քարտուղարին:
Համայնքի ղեկավարի անմիջական ենթակայությանն են պատկանում հետևյալ բաժինները`
- ֆինանսական բաժին
- իրավաբանական բաժին
- քաղաքաշինության և հողօգտագործման բաժին
- կրթության և մշակույթի բաժին:
Համայնքի ղեկավարի տեղակալի ենթակայությանն են պատկանում հետևյալ բաժինները`
- կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժին
- գյուղատնտեսության բաժին:
Աշխատակազմի քարտուղարի անմիջական ենթակայությանն է պատկանում`
- քարտուղարությունը:
4.2 Աշխատակազմի բաժիններն իրականացնում են սույն կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունները` աշխատակազմի գործունեության առանձին բնագավառներում:
4.3 Աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է հետևյալ բնագավառներում`
- ֆինանսներ
- քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության
- քաղաքաշինության և հողօգտագործման
- կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների
- կոմունալ տնտեսության և բարեկարգման
- առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի
- գյուղատնտեսության
- բնության և շրջակա բնական միջավայրի պահպանության
- տրանսպորտի
- առևտրի և սպասարկման
- հասարակական կարգի պահպանության
- պաշտպանության
- աշխատանքի և սոցիալական ծառայության:
5. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺԻՆԸ
5.1 Աշխատակազմի ֆինանսական բաժինը կատարում է նաև համայնքի ղեկավարի առևտրի և սպասարկման բնագավառի լիազորությունները`
- օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի կարգադրությունների և պետական կառավարման իրավասու այլ մարմինների մեթոդական ցուցումների հիման վրա կազմում և համայնքի ղեկավարին է ներկայացնում համայնքի բյուջեի, համայնքի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին համայնքի ավագանու որոշման նախագծերը, տալիս դրանց ֆինանսատնտեսական հիմնավորումները.
- առաջարկություններ է ներկայացնում համայնքում տեղական տուրքեր և վճարներ սահմանելու մասին, տալիս դրանց ֆինանսատնտեսական հիմնավորումները.
- իր իրավասության շրջանակներում կազմակերպում ու ապահովում է համայնքի բյուջեի կատարումը, կազմակերպում է համայնքի բյուջեի կատարման հաշվառում, վարում է բյուջեում կատարված փոփոխությունների հաշվառում, բյուջեի կատարումը չապահովելու դեպքում համապատասխան օրենքով սահմանված կարգով կատարում է համայնքի ղեկավարի ֆինանսների բնագավառում ունեցած լիազորությունները.
- պատրաստում է հաղորդումներ և տարեկան հաշվետվություն` բյուջեի կատարման վերաբերյալ.
- պատրաստում է որոշման նախագծեր` համայնքի կողմից իրականացվող ծառայությունների դիմաց կատարվող վճարների դրույքաչափերի վերաբերյալ.
- համաձայնեցնելով պետական լիազորված մարմնի հետ` նախապատրաստում է վարկային և փոխատվությունների ձևով միջոցների ներգրավման, այդ թվում` համայնքային պարտատոմսերի թողարկման փաստաթղթերը.
- նպաստում է բյուջեի նպատակային օգտագործմանը.
- առաջարկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին, կազմում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում է հաշվետվություններ` համայնքի բյուջեի կատարման մասին.
- կազմակերպում է գույքահարկի և հողի հարկի գանձումը, ինչպես նաև կազմակերպում է տեղական տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն համարվող հողերի, համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը.
- միջոցառումներ է իրականացնում բյուջետային միջոցների խնայողաբար ծախսման և դրանց նպատակային օգտագործման ուղղությամբ.
- վերահսկողություն է իրականացնում սուբվենցիաների նպատակային օգտագործման նկատմամբ.
- վերահսկողություն է իրականացնում աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաստատման համար օրենքով սահմանված կարգի պահպանման նկատմամբ.
- իրականացնում է համայնքի ղեկավարի աշխատակազմի հաշվապահական գործառնությունները, ինչպես նաև ապահովում կապը ՀՀ գանձապետական բաժանմունքի հետ.
- համայնքի ղեկավարի ստորագրմանն է ներկայացնում ֆինանսական փաստաթղթերը.
- քննարկում է համայնքային ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների հաշվապահական հաշվետվությունները և ֆինանսատնտեսագիտական գործունեությունը, պարբերաբար անցկացնում ստուգումներ, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին.
- եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարին` վերջինիս կողմից հիմնարկների և կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրերի նախագծերի ֆինանսական հիմնավորվածության վերաբերյալ.
- համայնքի ղեկավարի հանձնարարությամբ քննարկում է վճարների և դրանց գանձումների վերաբերյալ բողոքներն ու դիմումները, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում նրան.
- մշակում և համայնքի ղեկավարին է ներկայացնում համայնքի բնակչության բարեկեցության բարելավմանն ուղղված տարբեր բնագավառներում նախատեսվող միջոցառումների ֆինանսատնտեսագիտական հիմնավորումները.
- ամփոփում է աշխատակազմի այլ բաժինների առաջարկությունները համայնքի զարգացման տարեկան և եռամյա ծրագրերի վերաբերյալ և ներկայացնում համայնքի ղեկավարին.
- աջակցում է համայնքային ենթակայության առևտրի և սպասարկման հիմնարկների և կազմակերպությունների աշխատանքների անվտանգ պայմանների ստեղծմանը.
- օրենսդրությանը համապատասխան առաջարկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին` առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտի կազմակերպությունների կանոնների մասին.
- մշակում և համայնքի ղեկավարին է ներկայացնում համայնքում առևտրի և սպասարկումների զարգացման միջոցառումների ծրագրեր.
- առաջարկություններ է ներկայացնում համայնքի զարգացման տարեկան և եռամյա ծրագրերի վերաբերյալ:
5.2 Աշխատակազմի ֆինանսական բաժինն իրավունք ունի`
- համայնքային ենթակայության հիմնարկներից և կազմակերպություններից ստանալ ֆինանսական տեղեկություններ, ծախսերի նախահաշիվներ, համայնքի բյուջեն կազմելու և կատարելու համար անհրաժեշտ այլ նյութեր, հաշվապահական հաշվետվություններ և հաշվեկշիռներ, ինչպես նաև այլ հաշվետվական տվյալներ, որոնք անհրաժեշտ են ֆինանսավորման, հիմնարկների և կազմակերպությունների կողմից համայնքի հանդեպ ունեցած ֆինանսական պարտավորությունների կատարման և ֆինանսական կարգապահության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար.
- առաջարկություններ ներկայացնել համայնքի ղեկավարին` սահմանափակելու, իսկ անհրաժեշտության դեպքում կասեցնելու հիմնարկների և կազմակերպությունների ֆինանսավորումը համայնքի բյուջեից, եթե կան նրանց կողմից անօրինական ծախսումների փաստեր, ինչպես նաև, եթե չեն ներկայացվել նախկինում բաց թողնված միջոցների ծախսման վերաբերյալ հաշվետվություններ և այլ նյութեր.
- համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ լիազորություններ:
Ֆինանսական բաժինը` ելնելով իր առջև դրված խնդիրներից, կարող է ունենալ նաև այլ իրավունքներ:
6. ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
6.1 Քարտուղարությունը ղեկավարում է քարտուղարության պետը:
6.2 Քարտուղարությունը`
- վարում է աշխատակազմի գործավարությունը, նամակագրությունը.
- ապահովում է քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների մուտքագրումը.
- կազմակերպում է հսկողական գրությունների ժամանակին և պատշաճ առաքումը համապատասխան մարմիններին.
- աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է այլ լիազորություններ:
7. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺԻՆԸ
7.1 Աշխատակազմի իրավաբանական բաժինն իրականացնում է քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, պաշտպանության բնագավառների լիազորությունները`
- իրականացնում է համայնքի ղեկավարի և ավագանու գործունեության իրավական ապահովումը.
- եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարի կողմից կնքվող պայմանագրերի` օրենսդրությանը համապատասխանության վերաբերյալ.
- համայնքի ղեկավարի հանձնարարությամբ, նրա անունից ներկայացնում է համայնքի շահերը այլ անձանց հետ փոխհարաբերություններում և դատարանում.
- եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարին` վերջինիս կողմից որդեգրման, խնամակալության և հոգաբարձության հարցերը լուծելու համար.
- աջակցում է համայնքի բնակիչների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը.
- կրթության և մշակույթի բաժնի հետ համատեղ զբաղվում է անչափահասների իրավունքների պաշտպանության հարցերով.
- համայնքի ղեկավարի հանձնարարությամբ կազմում և համապատասխան ընթացք է տալիս համայնքի ղեկավարի վարչական իրավախախտումների գործերով հանձնաժողովում քննարկվող գործերին.
- համայնքի ղեկավարի հանձնարարությամբ քննարկում է համայնքի բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքներն ու դիմումները, համապատասխան առաջարկություններ ներկայացնում նրան.
- իր լիազորության շրջանակներում խթանում է տնտեսական գործունեություն նախաձեռնողների ծրագրերի իրականացմանը և նպաստում ու օժանդակում է համայնքում նրանց գործունեության առավել արդյունավետ իրականացմանը.
- կազմակերպում է տեխնոլոգիական աղետները կանխելու, տարերային և տեխնոլոգիական աղետների հետևանքների վերացումը.
- վավերացնում համայնքի բնակիչների կտակը.
- հաստատում է համայնքի բնակիչների լիազորագրերը.
- առաջարկություններ է ներկայացնում համայնքի զարգացման տարեկան և եռամյա ծրագրերի վերաբերյալ.
- համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ լիազորություններ:
7.2 Իրավաբանական բաժինն իրավունք ունի`
- ստուգել համայնքի ղեկավարին ներկայացվող որոշումների, կարգադրությունների և իրավական բնույթի մյուս փաստաթղթերի նախագծերի համապատասխանությունը օրենսդրության պահանջներին և եզրակացություն տալ դրանց վերաբերյալ.
- մասնակցել համայնքի ղեկավարի քննարկմանը ներկայացվող իրավական բնույթի փաստաթղթերի նախագծերի նախապատրաստմանը.
- առաջարկություններ ներկայացնել համայնքի ղեկավարին համայնքային ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների և ավագանու օրենսդրությանը չհամապատասխանող որոշումները և (կամ) կարգադրությունները չեղյալ համարելու մասին.
- նախապատրաստել առաջարկություններ համայնքի ղեկավարի օրենսդրությանը և ավագանու որոշումներին չհամապատասխանող որոշումներն ու կարգադրությունները փոխելու կամ չեղյալ համարելու, ինչպես նաև անհրաժեշտությունը վերանալու դեպքում ուժը կորցրած ճանաչելու մասին: Իրավաբանական բաժինը` ելնելով իր առջև դրված խնդիրներից, կարող է ունենալ նաև այլ իրավունքներ:
8. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲԱԺԻՆԸ
8.1 Աշխատակազմի կրթության և մշակույթի բաժինն իրականացնում է նաև երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, սոցիալական ծառայության բնագավառների լիազորությունները:
8.2 Աշխատակազմի կրթության և մշակույթի բաժինը`
- կազմակերպում է համայնքային ենթակայության մասնագիտացված դպրոցների, մանկապարտեզի, մշակույթի տան, գրադարանի, կրթական և մշակութային այլ կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման և նորոգման աշխատանքները.
- իրականացնում է իր ենթակայության ուսումնական հաստատություններում կրթության և դաստիարակության կազմակերպումը.
- իրավաբանական բաժնի հետ համատեղ զբաղվում է անչափահասների իրավունքների պաշտպանության հարցերով.
- վերահսկում է համայնքային ենթակայության մասնագիտացված դպրոցներում, մանկապարտեզում, կրթական այլ կազմակերպություններում երեխաների և պատանիների առողջության պահպանման համար համապատասխան պայմանների ստեղծման, անհրաժեշտ միջոցառումների իրականացման գործը.
- իրականացնում է համայնքային ենթակայության մշակութային հիմնարկների և կազմակերպությունների (գրադարան, մշակույթի տուն, հանգստի զբոսայգիներ և այլն) գործունեության ղեկավարումը.
- միջոցներ է ձեռնարկում գրադարանային գործը բարելավելու ուղղությամբ.
- մասնակցում է ՀՀ տոների և հիշատակի օրերի հետ կապված միջոցառումների կազմակերպմանը, կազմակերպում է համայնքային նշանակության կրթական, մշակութային և այլ միջոցառումներ.
- աջակցում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը.
- հաշվառում, դասակարգում և տարածում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային, բնական և տուրիստական-ռեկրեացիոն ռեսուրսների մասին տեղեկատվությունը.
- աջակցում է ազգային արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը.
- աջակցում է երիտասարդության դերի բարձրացմանը.
- կազմակերպում է հանրակրթական դպրոցների գործունեությունը.
- մշակում և համայնքի ղեկավարին է ներկայացնում համայնքի կրթական, մշակութային միջոցառումների ծրագրեր.
- կազմակերպում և կառավարում է համայնքային ենթակայության առողջապահական և մարզական հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը.
- նպաստում է համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը, աջակցում է սպորտային հրապարակների և մարզական այլ կառույցների շինարարությանը, մասնակցում է հանգստի գոտիների ստեղծմանը.
- աջակցում է առողջապահության մարմիններին` սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացմանը.
- աջակցում է համայնքի տարածքում գործող սոցիալական ծառայության գործունեությանը.
- նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը.
- կազմակերպում է համայնքի ենթակայության սոցիալական ծառայության տարածքային գործակալության (այսուհետև` ՍԾՏԳ) գործունեությունը.
- աջակցում է վճարովի հասարակական աշխատանքների կազմակերպմանը.
- ձեռնարկում է միջոցներ և համայնքի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ` հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով խավերի սոցիալական պայմանների բարելավման գործում.
- վերահսկողություն է իրականացնում համայնքային ենթակայության մասնագիտացված դպրոցներում, մանկապարտեզներում, կրթական, սպորտային և այլ կազմակերպություններում երեխաների և պատանիների առողջության պահպանման նկատմամբ.
- միջոցառումներ է մշակում բնակելի և այլ շենքերի սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումն ապահովելու ուղղությամբ և սահմանում է սանիտարական հսկողություն` համայնքի տարածքում պատշաճ սանիտարական վիճակն ապահովելու և բարելավելու նկատմամբ.
- առաջարկություններ է ներկայացնում համայնքի զարգացման տարեկան և եռամյա ծրագրերի վերաբերյալ.
- մշակում և համայնքի ղեկավարին է ներկայացնում համայնքի բնակիչների առողջության պահպանման, մարմնակրթության և սպորտի զարգացման միջոցառումների ծրագրեր.
- համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ լիազորություններ:
9. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆԸ
9.1 Աշխատակազմի գյուղատնտեսության բաժինն իրականացնում է նաև բնության և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառի լիազորությունները`
- կազմակերպում է համայնքային սեփականություն հանդիսացող ոռոգման ցանցերի շահագործումը, շինարարությունը և վերանորոգումը.
- աջակցում է համայնքի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի, հիվանդությունների և վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքներին.
- աջակցում է համայնքի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման, կենդանիների հիվանդությունների կանխման և ագրարային այլ կանոնների պահպանման աշխատանքներին.
- կոորդինացնում է համայնքային ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների գործունեությունը գյուղատնտեսության հարցերի գծով.
- աջակցում է համայնքի սեփականություն հանդիսացող հողերի, անտառային և ջրային տարածքների, ինչպես նաև շրջակա բնական միջավայրի պահպանությանը.
- վերահսկողություն է իրականացնում բնության պահպանության բնագավառում իրականացվող աշխատանքների նկատմամբ.
- աջակցում է ընդերքի, անտառային, ջրային և օդային տարածքի, ինչպես նաև բուսական և կենդանական աշխարհի օգտագործման և պահպանման միջոցառումների իրականացմանը.
- աջակցում է հողատարումից հողերի պահպանության աշխատանքներին.
- համայնքի հողերը պաշտպանում է ողողումների, ճահճացման, քիմիական, ռադիոակտիվ նյութերով և արտադրական թափոններով աղտոտումից.
- առաջարկություններ է ներկայացնում համայնքի զարգացման տարեկան և եռամյա ծրագրերի վերաբերյալ.
- համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ լիազորություններ:
10. ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԲԱԺԻՆԸ
10.1 Աշխատակազմի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժինը`
- նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, կազմակերպում է վճարովի հասարակական աշխատանքներ.
- կազմակերպում է համայնքի կոմունալ տնտեսության գործունեությունը.
- կազմակերպում է համայնքային սեփականություն հանդիսացող այլ օբյեկտների (սպորտային հրապարակներ, հանգստի գոտիներ, մարզական կառույցներ, կրթական օջախներ, ճանապարհներ, կամուրջներ, ինժեներական այլ կառույցներ, ոռոգման, ջեռուցման, ջրմուղի, գազի, կոյուղու և այլ ցանցեր) շահագործումը (այդ թվում` սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման, էլեկտրամատակարարման և ջրամատակարարման աշխատանքները) և կազմակերպում ընթացիկ նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը.
- կազմակերպում է հանգստի վայրերի խնամքը և պահպանությունը.
- կազմակերպում է համայնքի տարածքի բարեկարգումը (կանաչապատում, փողոցների լուսավորում և այլն), փողոցները, հրապարակները, զբոսայգիները, հասարակական մյուս վայրերը պատշաճ վիճակում պահելը.
- համայնքի ավագանուն ներկայացնում է առաջարկություն` համայնքի սպասարկման վճարի և անհրաժեշտ վճարների չափի մասին.
- կազմակերպում է համայնքի գերեզմանատների գործունեությունն ու դրանց պահպանման աշխատանքները.
- կազմակերպում է համայնքի աղբահանությունը.
- կազմակերպում է սանիտարական մաքրման կայանքների շինարարությունը և շահագործումը.
- մշակում է միջոցառումներ համայնքային ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների կողմից կոմունալ սպասարկման ուղղությամբ.
- մշակում է կոմունալ տնտեսության զարգացման և բարեկարգման հեռանկարային և ընթացիկ պլանների նախագծեր.
- վերահսկողություն է իրականացնում բնակելի տան և տանը հարող տարածքի պահպանության կանոնների պահպանման նկատմամբ.
- նախապատրաստում է բնակելի տարածությունների և ոչ բնակելի շենքերի և շինությունների վարձակալների հետ կնքվող պայմանագրերի նախագծերը, վերահսկողություն է իրականացնում կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ.
- ապահովում է համայնքի սեփականություն հանդիսացող բնակելի տների և ոչ բնակելի տարածքների, հանրակացարանների, վարչական շենքերի և այլ շինությունների շահագործումը, կազմակերպում է դրանց ընթացիկ նորոգումը, հաշվառումը և բաշխումը.
- միջոցներ է ձեռնարկում վարձակալների կողմից բնակելի տարածությունների և ոչ բնակելի շենքերի ու շինությունների ինքնակամ վերասարքավորումները, վերահատակագծումները և օժանդակ շինությունների կառուցումները կանխելու ուղղությամբ կամ կատարված ապօրինի շինարարությունը կամ կառուցապատումը վերացնելու (նախկին վիճակին բերելու) ուղղությամբ.
- կազմակերպում է բնակելի տների տեխնիկական վիճակի զննումներ, կազմում և հաստատման է ներկայացնում բնակելի ֆոնդի հիմնական նորոգման և բարեկարգվածության բարձրացման տարեկան և հեռանկարային պլաններ.
- նախապատրաստում է համատիրության հիմնադիր ժողովները և աջակցում է դրանց անցկացմանը.
- նպաստում է բազմաբնակարան շենքերի կառավարման այլ մարմինների ձևավորմանը.
- վերահսկում է համատիրության գործունեության համապատասխանությունն օրենքին և համատիրության կանոնադրությունը.
- համայնքի անունից մասնակցում է համատիրությունների գործունեությանը, օժանդակում դրանց աշխատանքներին.
- կազմակերպում է այն շենքերի և շինությունների սպասարկումը, որոնք չեն կառավարվում համատիրությունների կամ օրենքով սահմանված` բազմաբնակարան շենքի կառավարման կողմից.
- նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, կազմակերպում է վճարովի հասարակական աշխատանքներ.
- առաջարկություններ է ներկայացնում համայնքի զարգացման տարեկան և եռամյա ծրագրերի վերաբերյալ.
- համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ լիազորություններ:
11. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱԺԻՆԸ
11.1 Աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժինը`
- համայնքի գլխավոր քաղաքաշինական հատակագծին համապատասխան կազմում և համայնքի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում համայնքի առանձին հատվածների և քաղաքաշինական համալիրների մանրամասն հատակագծման նախագծերը, իրականացնում կառուցապատման աշխատանքները.
- կառավարության սահմանած կարգով կազմում է քաղաքային և գյուղական համայնքների հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաները.
- համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներին, գոտիավորման այլ փաստաթղթերին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան, համայնքի ավագանու համաձայնությամբ և սահմանված պայմաններով, սահմանված կարգով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն համարվող հողամասերը.
- օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.
- օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները.
- սահմանված կարգով իրականացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառումը և կազմում է համայնքի հողային հաշվեկշիռը.
- համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներին, գոտիավորման այլ փաստաթղթերին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան` օրենքով սահմանված դեպքերում ու կարգով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող հողամասերը.
- սահմանված կարգով ապահովում է համայնքի տարածքում գտնվող գեոդեզիական կետերի և համայնքի սահմանանիշերի պահպանությունը.
- իրականացնում է համայնքի սեփականություն համարվող հողամասերի բարելավման աշխատանքներ.
- իրականացնում է ներտնտեսային հողաշինարարական աշխատանքներ.
- սահմանված կարգով վարում է համայնքի քաղաքաշինական կադաստրը և ներկայացնում ավագանու հաստատմանը.
- սահմանված կարգով կազմակերպում է բնակարանային և սոցիալական նշանակության, ինչպես նաև համայնքային սեփականություն հանդիսացող այլ օբյեկտների (սպորտային հրապարակներ, հանգստի գոտիներ, մարզական կառույցներ, կրթական օջախներ, ճանապարհներ, կամուրջներ, ինժեներական այլ կառույցներ, ոռոգման, ջեռուցման, ջրմուղի, գազի, կոյուղու և այլ ցանցեր) կառուցման և հիմնական նորոգման աշխատանքները, տալիս է այդ շինությունների նախագծման ճարտարապետահատակագծային առաջադրանքները, կազմակերպում նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը.
- համայնքի տարածքում իր իրավասության սահմաններում ապահովում է քաղաքաշինական գործունեության վերահսկողությունը, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինությունը կանխելու և դադարեցնելու ուղղությամբ.
- եզրակացություն է տալիս համայնքի տարածքում իրականացվելիք շինարարության կամ առկա շենքերի կամ այլ շինությունների քանդման թույլտվություն տալու մասին.
- ձևակերպում է շինարարության ավարտական ակտերը.
- սահմանված դեպքերում և կարգով համայնքի բնակչությանն իրազեկում է միջավայրի ծրագրվող քաղաքաշինական փոփոխությունների մասին.
- կառուցապատողներին տալիս է ճարտարապետահատակագծային առաջադրանք, համաձայնեցնում է ճարտարապետաշինարարական նախագծերը.
- համայնքի քաղաքաշինական կանոնադրությանը համապատասխան տալիս է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն.
- իրականացնում է համայնքային սեփականություն համարվող շենքերի ու շինությունների հաշվառումը և բաշխումը.
- կազմում և ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը.
- վերահսկողություն է իրականացնում շենքերի, շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ.
- կազմում և ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը.
- տեխնիկական վերահսկողություն է իրականացնում համայնքի կողմից կազմակերպվող շինարարության որակի նկատմամբ.
- սահմանված կարգով ձևակերպում է ավարտված շինարարության շահագործման փաստագրումը.
- առաջարկություններ է ներկայացնում համայնքի զարգացման տարեկան և եռամյա ծրագրերի վերաբերյալ.
- համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ լիազորություններ: