«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 մայիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60004137
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
12 մայիսի 2004 թ. |
N 56-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին կետի ը) ենթակետը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգը (հավելված):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հոկտեմբերի 2-ի «Լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով ներկայացվող զարգացման ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգը հաստատելու մասին» N 64-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |
Կ Ա Ր Գ
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ
Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ (այսուհետև` հանձնաժողով) ներդրումային ծրագրերի համաձայնեցման ընթացակարգը:
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 Սույն կարգի իմաստով ներդրումներ են համարվում լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ օգտակար և օգտագործվող ակտիվների մեծացմանը կամ փոխարինմանն ուղղված ներդրումները:
1.2 Սույն կարգում ամրագրված դրույթները պարտադիր են լիցենզավորված անձանց կողմից կատարվող բոլոր այն ներդրումների համար, որոնք հետագայում լրիվ կամ մասնակիորեն պետք է ներառվեն լիցենզավորված անձի սակագնում (ծառայությունների մատուցման վճարում):
1.3 Լիցենզավորված անձի կողմից հանձնաժողով ներկայացվող ներդրումային ծրագիրը պետք է նպատակաուղղված լինի հետևյալ հիմնախնդիրներից որևէ մեկի կամ մի քանիսի լուծմանը.
ա) արտադրական հզորությունների ավելացում,
բ) ծառայությունների մատուցման և սպասարկման որակի ցուցանիշների բարելավում կամ համապատասխանեցում սահմանված նորմերին,
գ) տեխնոլոգիական ու առևտրային կորուստների կամ սեփական կարիքների ծախսերի իջեցում,
դ) մաշված և դուրս գրված ակտիվների նորով փոխարինում,
ե) անվտանգության և հուսալիության ցուցանիշների մակարդակի բարձրացում,
զ) շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացում,
է) հաղորդման (փոխադրման) և բաշխման ցանցերի ընդլայնում կամ թողունակության մեծացում,
ը) ժամանակակից արդյունավետ տեխնոլոգիաների ներդրում, տեղական պաշարների արդյունավետ օգտագործում,
թ) հանձնաժողովի և իրավասու այլ մարմինների նորմատիվ ակտերի պահանջների կատարում,
ժ) լիցենզավորված գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացում:
2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
2.1 Ներդրումային ծրագրերը, լիցենզավորված անձի հայեցողությամբ, հանձնաժողովի համաձայնեցմանը կարող են ներկայացվել մեկ կամ երկու փուլով:
2.2 Ներդրումային ծրագրերը հանձնաժողովի համաձայնեցմանն են ներկայացվում երկու փուլով, եթե.
ա) առաջին փուլով հանձնաժողովի համաձայնեցմանն են ներկայացվում ներդրումների իրականացման հիմնական ուղղությունները և սպասվող արդյունքները,
բ) երկրորդ փուլով հանձնաժողովի համաձայնեցմանն են ներկայացվում ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքների նախագծերը:
2.3 Ներդրումային ծրագրերը հանձնաժողովի համաձայնեցմանն են ներկայացվում մեկ փուլով, եթե.
ա) հանձնաժողովի համաձայնեցմանն են ներկայացվում ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքների նախագծերը,
բ) ներդրումային ծրագիրն ուղղված է լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ տնտեսական գույքի, գործիքների և տրանսպորտային միջոցների ձեռքբերմանը:
2.4 Ներդրումների իրականացման հիմնական ուղղությունների և սպասվող արդյունքների մասին հանձնաժողով ներկայացվող ներդրումային ծրագրերում պետք է արտացոլված լինեն.
ա) ներդրումային ծրագրի նպատակը և հիմնական ուղղությունները,
բ) ընտրված ուղղություններից յուրաքանչյուրով ներդրումներ կատարելու անհրաժեշտության հիմնավորումները,
գ) ընտրված ուղղություններից յուրաքանչյուրով ներդրումների ծավալի, իրականացման ժամանակացույցի և սպասվող արդյունքների գնահատականը,
դ) լիցենզավորված անձի սակագնի (մատուցվող ծառայության վճարի) վրա ընտրված ուղղություններից յուրաքանչյուրի ազդեցության գնահատականը,
ե) ծրագրի ֆինանսավորման աղբյուրները և պայմանները:
2.5 Ներդրումային ծրագրերի նախագծային փաստաթղթերում պետք է ընդգրկվեն.
ա) նախագծի նպատակը և ընդհանուր նկարագրությունը,
բ) դրված նպատակին հասնելու հնարավոր տարբերակները, դրանց համեմատական վերլուծությունը և լավագույնի ընտրությունը,
գ) ընտրված տարբերակի բնութագրերը` սպասվող տեխնիկատնտեսական ցուցանիշները և անհրաժեշտ ներդրումների ծավալը,
դ) նախագծի իրականացման ժամանակացույցը, ֆինանսավորման աղբյուրները և պայմանները,
ե) ներդրումների ֆինանսատնտեսական արդյունավետության հաշվարկները:
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախագծերի հետ հանձնաժողով են ներկայացվում նաև համապատասխան փորձաքննական եզրակացությունները:
2.6 Լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ տնտեսական գույքի, գործիքների և տրանսպորտային միջոցների ձեռքբերմանն ուղղված ներդրումային ծրագրերը պետք է ներառեն.
ա) գույքի անվանացանկը և նախնական արժեքները,
բ) գույքի ձեռքբերման անհրաժեշտության հիմնավորումները:
2.7 Անհետաձգելի աշխատանքների իրականացման նպատակով կատարված ներդրումները, որոնց իրականացման հրատապությամբ պայմանավորված ժամանակահատվածը բավարար չի եղել դրանք հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցնելու համար, հանձնաժողովի համաձայնեցմանն են ներկայացվում աշխատանքների ավարտից հետո` յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող մեկ ամսվա ընթացքում: Նշված նպատակով կատարված ներդրումների մասին հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներառի դրանց իրականացման անհրաժեշտությունը և կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը:
Հանձնաժողովը 30-օրյա ժամկետում կայացնում է համապատասխան որոշում անհետաձգելի աշխատանքների իրականացման նպատակով կատարված ներդրումները լիցենզավորված անձի սակագնում (ծառայությունների մատուցման վճարում) հետագայում լրիվ կամ մասնակիորեն ներառելու մասին:
3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՏ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
3.1 Լիցենզավորված անձի կողմից ներկայացված ներդրումային ծրագիրն ստանալու օրվանից հանձնաժողովն սկսում է դրա ուսումնասիրման գործընթացը և 30 օրվա ընթացքում`
ա) կայացնում է որոշում ներդրումային ծրագրին ամբողջությամբ կամ մասնակիորեն համաձայնություն տալու կամ չտալու մասին կամ,
բ) համապատասխան գրությամբ լիցենզավորված անձին է ներկայացնում իր դիտողությունները և առաջարկությունները:
3.2 Սույն ծրագրի 3.1 կետի բ) ենթակետով սահմանված դեպքում լիցենզավորված անձը դիտարկում է հանձնաժողովի ներկայացրած դիտողությունները և առաջարկությունները և ծրագրի լրամշակված տարբերակը կրկին ներկայացնում է հանձնաժողովի համաձայնեցմանը: Ներդրումային ծրագրի լրամշակված տարբերակում հանձնաժողովի դիտողություններն ու առաջարկությունները չընդունելու դեպքում լիցենզավորված անձը ներկայացնում է պարզաբանումներ և հիմնավորումներ:
Հանձնաժողովը ներդրումային ծրագրի լրամշակված տարբերակն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում կայացնում է որոշում` ներդրումային ծրագրին ամբողջությամբ կամ մասնակիորեն համաձայնություն տալու կամ չտալու մասին:
3.3 Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում լիցենզավորված անձը դիմում է հանձնաժողով` ներկայացնելով ներդրումային ծրագրում փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:
Հանձնաժողովն առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ 30 օրվա ընթացքում կայացնում է համապատասխան որոշում:
4. ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Դրամաշնորհների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով տրամադրված վարկային միջոցներով իրականացվող նպատակային ներդրումային ծրագրերի համար հանձնաժողովը կարող է սահմանել առանձին ընթացակարգեր` ելնելով ներկայացված ծրագրի նպատակային առանձնահատկություններից: