ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 ապրիլի 2002 թվականի |
թիվ 102 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 336 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ կետը, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 336 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի աշխատանքի կանոնակարգում» (այսուհետև` աշխատակարգ) կատարել հետևյալ լրացումները.
1.1. աշխատակարգի 5-րդ հոդվածի վերջում ավելացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ. «Անհրաժեշտության դեպքում խորհուրդը կարող է սույն աշխատակարգի 221-րդ հոդվածի համաձայն որոշումներ ընդունել նաև հարցման կարգով: Հարցման կարգով որոշումներն ընդունվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի և սույն աշխատակարգի պահանջների պահպանմամբ».
1.2. աշխատակարգում ավելացնել 221-րդ հոդված` հետևյալ բովանդակությամբ.
«221. Նախագահի, նախագահի տեղակալի կամ խորհրդի առնվազն 3 անդամների պահանջով խորհուրդը կարող է որոշումներ ընդունել նաև հարցման կարգով, եթե նախագահի, նախագահի տեղակալի և (կամ) խորհրդի անդամների ժամանակավոր բացակայության կամ անաշխատունակության պատճառով հնարավոր չէ ապահովել խորհրդի նիստ գումարելու համար օրենքով սահմանված քվորումը:
Հարցման կարգով ընդունվող խորհրդի որոշումը համաձայնեցվում է նախագահի, նախագահի տեղակալի և խորհրդի բոլոր անդամների հետ, որոնք ստորագրում են այդ որոշման նախագծի վրա:
Սույն հոդվածով նախատեսված որոշումը կարող է նախագահին, նախագահի տեղակալին և խորհրդի անդամներին առաքվել փոստով, առաքման ծառայության միջոցով կամ ֆաքսիմիլային կապով: Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված որոշման նախագծի վրա դրված նախագահի, նախագահի տեղակալի և խորհրդի անդամի ստորագրությունը համարվում է իսկական, եթե այլ բան ապացուցված չէ:
Նախագահը, նախագահի տեղակալը կամ խորհրդի անդամը կարող է բանավոր կամ գրավոր կերպով հրաժարվել խորհրդի որոշումը հարցման կարգով ընդունելուց: Այս դեպքում, խորհրդի համապատասխան որոշումը ներկայացվում է սույն աշխատակարգով սահմանված կարգով գումարված խորհրդի նիստի քննարկմանը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից: