Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 240
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.09.2001
Վավերացման ամսաթից
13.09.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

13 սեպտեմբերի 2001 թվականի

թիվ 240

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրատարակչության կանոնադրությունը (կցվում է):

 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը` դիմել համապատասխան մարմիններին` հրատարակչության կոդը ստանալու նպատակով:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2001 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 240 որոշմամբ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրատարակչության (այսուհետև` հրատարակչություն) հիմնադիրն է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետև` Կենտրոնական բանկ):

 2. Հրատարակչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Մամուլի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով, սույն կանոնադրությամբ և Կենտրոնական բանկի կողմից ընդունված իրավական ակտերով:

 3. Հրատարակչությունը գործում է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:

 

 ՀՈԴՎԱԾ 2. ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

 1. Հրատարակչությունն իրականացնում է Կենտրոնական բանկի կողմից հրատարակվող գրքերի, պրակների, պարբերականների, վիճակագրական և այլ տեղեկանքների ու հաշվետվությունների, իրավական ակտերի (այսուհետև` հրատարակություններ) հրատարակչական աշխատանքներն ու տպագրությունը:

 2. Հրատարակչությունը մասնավորապես հրատարակում է Կենտրոնական բանկի հետևյալ պարբերականները.

 ա. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր

 բ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանբեր

 գ. Սղաճը Հայաստանի Հանրապետությունում

 դ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարեկան հաշվետվություն

 ե. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վիճակագրական տեղեկագիր

 զ. Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության ծրագիր

 

 ՀՈԴՎԱԾ 2. ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

 1. Հրատարակչության գործունեությունը ղեկավարում է խմբագրական խորհուրդը, որի կազմը հաստատում է Կենտրոնական բանկի նախագահը:

 2. Խմբագրական խորհուրդը կազմված է գլխավոր խմբագրից, գլխավոր խմբագրի տեղակալից և խմբագրական խորհրդի երեք անդամներից:

 

 ՀՈԴՎԱԾ 3. ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 1. Հրատարակչությունը պարտավոր է.

 ա. պահպանել հեղինակային իրավունքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները.

 բ. չթողարկել պետական կամ օրենքով սահմանված այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ.

 գ. չթողարկել պատերազմ, բռնություն, ազգային և կրոնական թշնամանք հրահրող, պոռնկություն, թմրամոլություն, քրեորեն պատժելի այլ արարքներ քարոզող, ինչպես նաև կեղծ և չստուգված տեղեկատվություն.

 դ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանել հրատարակված տեղեկատվությունը և բոլոր հրատարակություններից անվճար ուղարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մարմիններին և անձանց.

 ե. հրատարակություններում նշել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ տվյալները.

 զ. կատարել և իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:

 

 ՀՈԴՎԱԾ 4. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

 1. Հրատարակչության գործողությունների կամ անգործության համար պատասխանատվություն է կրում Կենտրոնական բանկը:

 2. Խմբագրական խորհրդի գլխավոր խմբագիրը, գլխավոր խմբագրի տեղակալը և խմբագրական խորհրդի անդամները պատասխանատվություն կարող են կրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

 

 ՀՈԴՎԱԾ 5. ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

 Հրատարակչության ֆինանսավորումն իրականացվում է համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Կենտրոնական բանկի տարեկան ծախսերի նախահաշվի և Կենտրոնական բանկի իրավական ակտերի:

 

 ՀՈԴՎԱԾ 6. ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

 Հրատարակչության գործունեությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան