Գլխավոր տեղեկություն
Համար
N 614-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.11.2002-04.03.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.11.06/47(222) Հոդ.1115
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 2002 թվականի N 614-Ն

 

ՎԵՃԵՐ ԼՈՒԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածներին ու 121-րդ հոդվածի յոթերորդ մասի 3-րդ կետին համապատասխան`

1. Ջրի ազգային խորհրդի կազմում ստեղծել վեճեր լուծող հանձնաժողով:

2. Հաստատել`

ա) վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) վեճեր լուծող հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ
             

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 21
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2002 թ.
հոկտեմբերի 21-ի
N 614-Ն որոշման


Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՎԵՃԵՐ ԼՈՒԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
 

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 

1. Վեճեր լուծող հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն` ջրի ազգային խորհրդի կազմում:

2. Հանձնաժողովն օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում ջրային հարաբերություններում ծագած վեճերը լուծող մարմին է:

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնակարգով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի հիմնական խնդիրը, օգտագործելով միջնորդությունը, բոլոր կողմերի համաձայնությամբ, ջրային հարաբերություններում ծագած` ջրօգտագործման թույլտվություններին առնչվող վեճերին վերջնական լուծում տվող միջնորդ ծառայելն է:

5. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան`

ա) լուծում է ջրային հարաբերություններում ծագած վեճերը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ որպես կողմ հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը.

բ) առաջարկում է կողմերին, փոխադարձ համաձայնությամբ, մինչև հանձնաժողովի կողմից վեճի լուծման մասին որոշում ընդունելը, ձեռնպահ մնալ վեճը դատական կարգով լուծելուց.

գ) յուրաքանչյուր եռամսյակ ջրի ազգային խորհուրդ է ներկայացնում հաշվետվություն կատարված աշխատանքների մասին.

դ) անհրաժեշտության դեպքում համապատասխան մարմիններից կարող է պահանջել և ստանալ վեճի լուծման համար անհրաժեշտ փաստաթղթեր ու տեղեկանքներ.

ե) հաստատում է հանձնաժողովի աշխատակարգը.

զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով և սույն կանոնակարգով իրեն վերապահված այլ գործառույթներ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Հանձնաժողովը կազմված է նախագահից, նախագահի տեղակալից, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի (քարտուղար) ներկայացուցիչներից, ինչպես նաև համապատասխան մարզպետից (Երևանի քաղաքապետից)` ելնելով այն հանգամանքից, թե որ մարզի տարածքում է ծագել վեճը:

Հանձնաժողովի նիստերին հրավիրվում է նաև համապատասխան համայնքի ղեկավարը։

7. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության: Հանձնաժողովի նիստը նախագահում է հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նիստը նախագահում է նրա տեղակալը:

8. Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստերի հրավիրման տեղի, ժամանակի և օրակարգի մասին իրազեկվում են քարտուղարի կողմից` նիստի հրավիրման օրվանից առնվազն 5 օր առաջ:

9. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին ներկա անդամների կեսից ավելին:

Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի (նախագահի բացակայության դեպքում՝ նախագահի տեղակալի) ձայնը վճռորոշ է:

Հանձնաժողովի որոշումների չկատարման դեպքում հարցը լուծվում է դատական կարգով:

Հանձնաժողովի որոշումներն ստորագրվում են հանձնաժողովի բոլոր անդամների կողմից: Հանձնաժողովի որոշումներին դեմ քվեարկած անդամի կարծիքը կցվում է որոշմանը:

Հանձնաժողովը գործի քննությունն սկսելուց հետո 10 օրվա ընթացքում պարտավոր է ընդունել որոշում:

10. Հանձնաժողովի նախագահը՝

ա) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.

բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ.

գ) ստորագրում է հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերն ու գրագրությունը.

դ) ներկայացնում է հանձնաժողովը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ու միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում.

ե) հանձնաժողովի նիստերին հանձնաժողովի անդամի պարբերաբար, առանց հարգելի պատճառի բացակայության դեպքում ջրի ազգային խորհուրդ է ներկայացնում առաջարկություն տվյալ անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։

11. Հանձնաժողովի քարտուղարը՝

ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.

բ) կազմում է միջոցառումների ծրագիր.

գ) նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ.

դ) մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում նրա գործունեության ոլորտին առնչվող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ.

ե) կազմում է հանձնաժողովի որոշումները և կազմակերպում դրանց առաքումը.

զ) վերլուծում է հանձնաժողովի գործունեության ոլորտին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին:

12. Հանձնաժողովի անդամները՝

ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին.

բ) ստորագրում են հանձնաժողովի որոշումները.

գ) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի քարտուղարին:

13. Հանձնաժողովն ունի իր անվամբ ձևաթուղթ:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

14. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է օրենքով սահմանված կարգով:

15. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և մյուս նյութերը ենթակա են պահպանման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2002 թ.
հոկտեմբերի 21-ի
N 614-Ն որոշման


Կ Ա Զ Մ

ՎԵՃԵՐ ԼՈՒԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 

    
Կ. Արեյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ռ. Ղուկասյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Է. Գևորգյան - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ
Ռ. Գրիգորյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության մելիորացիայի զարգացման վարչության պետ
Հ. Եսայան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության, ջրային տնտեսության և բնապահպանության ծրագրերի վարչության պետ
Ա. Մեսրոպյան - ՀՀ պետական եկամուտների նախարարության մեթոդաբանական և տեղեկատվական վարչության ուղղակի հարկերի բաժնի պետ
Է. Փիրումյան  - ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների պահպանության վարչության պետ
Վ. Դավիդյանց - ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ
Գ. Թումանյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության կոմունալ քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ
Ս. Մաճկալյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի իրավաբանական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
  -  համապատասխան մարզպետ (Երևանի քաղաքապետ)

 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան