ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2003 թվականի N 309-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում անհատական ծածկագրերի համակարգի ներդրման աշխատանքները համակարգելու և դրանց արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում անհատական ծածկագրերի համակարգի ներդրման միջգերատեսչական աշխատանքային խումբ:
2. Հաստատել՝
ա) Հայաստանի Հանրապետությունում անհատական ծածկագրերի համակարգի ներդրման միջգերատեսչական աշխատանքային խմբի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետությունում անհատական ծածկագրերի համակարգի ներդրման միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետությունում անհատական ծածկագրերի համակարգի ներդրման միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության հետ կապված կազմակերպական աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետությունում անհատական ծածկագրերի համակարգի ներդրման միջգերատեսչական աշխատանքային խումբը (այսուհետ՝ խումբ) հասարակական հիմունքներով գործող մարմին է:
2. Խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:
II. ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Խմբի գործունեության նպատակն է Հայաստանի Հանրապետությունում անհատական ծածկագրերի համակարգի (այսուհետ՝ համակարգ) ներդրման աշխատանքների համակարգումը և այդ համակարգի ներդրման ընթացքում պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության ապահովումը:
4. Խումբն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) համակարգի ներդրմանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի քննարկում և դրանց մասին՝ սահմանված կարգով կարծիք հայտնելը.
բ) համակարգի ներդրման գործընթացում առաջացած խնդիրների վերլուծություն և դրանց լուծման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին (այսուհետ՝ նախարար) առաջարկություններ ներկայացնելը.
գ) համակարգի գործունեության ընթացքում հայտնաբերված թերությունների վերացման համար համապատասխան միջոցառումների մշակում և դրանք սահմանված կարգով նախարարին ներկայացնելը.
դ) համակարգի ներդրման միջոցառումների ժամանակացույցների և աշխատանքային պլանների վերաբերյալ կարծիք հայտնելը.
ե) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող՝ համակարգի ներդրման ընթացքի ու արդյունքների մասին հաշվետվությունների վերաբերյալ կարծիք հայտնելը.
զ) համակարգի ներդրման ընթացքի ու դրա գործունեության լուսաբանման նպատակով մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հետ համագործակցությունը։
III. ԽՄԲԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Խմբի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
6. Խումբը կազմված է խմբի ղեկավարից և անդամներից:
7. Խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում կարող են հրավիրվել արտահերթ նիստեր՝ սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:
Խմբի նիստերն արձանագրվում են:
8. Խումբն իր արտահերթ նիստերը գումարում է համակարգի ներդրման ընթացքում առաջացած հարցերի ու խնդիրների լուծման համար՝ խմբի ղեկավարի նախաձեռնությամբ կամ խմբի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:
9. Խմբի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խմբի անդամների կեսից ավելին:
10. Խմբի նիստը վարում է խմբի ղեկավարը, իսկ ղեկավարի բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ՝ խմբի անդամներից մեկը:
Խմբի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խմբի ղեկավարի ձայնը վճռորոշ է:
11. Խմբի նիստի օրակարգի նախագիծը հաստատում է խմբի ղեկավարը: Խմբի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի հարց ներկայացնելու՝ օրակարգում ընդգրկելու համար: Առաջարկությունը խմբի ղեկավարին գրավոր ներկայացվում է հերթական նիստից առնվազն 5 օր առաջ՝ նշելով նաև հարցի պատրաստման պատասխանատուներին:
Օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերի հետ միասին տրամադրվում է խմբի անդամներին՝ խմբի գումարվող նիստից 3 օր առաջ:
12. Օրակարգի որևէ հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խմբի հաջորդ նիստ:
13. Խմբի նիստերը տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունում, եթե խմբի ղեկավարը նիստի կայացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:
14. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
15. Խմբի որոշումներն ստորագրում են խմբի ղեկավարը և քարտուղարը:
16. Առանձին դեպքերում խմբի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչություն ունեցող կազմակերպությունների կամ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
17. Խմբի աշխատանքային գործունեության կազմակերպչական-տեխնիկական ապահովումը, այդ թվում` օրակարգի նախագծի տրամադրումը, խմբի նիստի օրակարգում ներառված` քննարկման ենթակա հարցերին վերաբերող անհրաժեշտ փաստա-թղթերի նախապատրաստումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչությունը:
IV. ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԸ
18. Խմբի ղեկավարը՝
ա) կազմակերպում և ղեկավարում է խմբի աշխատանքները,
բ) պատասխանատու է խմբի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար:
V. ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
19. Խմբի անդամը՝
ա) մասնակցում է խմբի նիստերին, հանդես է գալիս որպես իրեն ներկայացրած կազմակերպության ներկայացուցիչ.
բ) խմբի ընդունած որոշումների մասին տեղեկացնում է իր վերադասին, նախապատրաստում ու ներկայացնում է առաջարկություններ իր ներկայացրած կազմակերպության կողմից համապատասխան քայլեր ձեռնարկելու և դրանք իրականացնելու վերաբերյալ.
գ) իր կազմակերպությունում պատասխանատու է համակարգի ներդրման հետ կապված աշխատանքների համար և խմբին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն կատարված աշխատանքների մասին:
20. Խմբի անդամ` մարզպետարանի ներկայացուցիչը՝
ա) կազմակերպում և իրականացնում է մարզի տարածքում գործող՝ համակարգի ներդրման գործընթացին մասնակից սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների, ինչպես նաև այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը.
բ) վերլուծում է մարզի տարածքում համակարգի ներդրման ընթացքում առաջացած խնդիրները, միջոցներ է ձեռնարկում դրանց լուծման համար, անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է ներկայացնում խմբին.
գ) միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում գործող սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների կողմից՝ համակարգի ներդրմանն առնչվող իրավական ակտերի պատշաճ կիրառումն ապահովելու համար:
21. Խմբի այն անդամը, որը համաձայն չէ խմբի ընդունած որոշման հետ, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որի մասին նաև գրավոր զեկուցում է իր վերադասին:
Անհամաձայնության մասին գրավոր հատուկ կարծիքը կցվում է որոշմանը և գրառվում խմբի նիստի արձանագրության մեջ:
22. Խմբի անդամների թեկնածություններն առաջադրում է համապատասխան նախարարը կամ գերատեսչության ղեկավարը:
23. Խմբի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է խմբի անդամ լինելուց:
24. Խմբի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել համապատասխան նախարարի կամ գերատեսչության ղեկավարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
VI. ԽՄԲԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
25. Խմբի քարտուղարին նշանակում է խմբի ղեկավարը` խմբի անդամներից:
26. Խմբի քարտուղարը՝
ա) արձանագրում է խմբի նիստը և դրա հիման վրա կազմում որոշման նախագիծը,
բ) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը խմբի անդամներին,
գ) հետևում է խմբի որոշումների կատարմանը և խմբի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին,
դ) վարում է խմբի աշխատանքների հետ կապված գործավարությունը,
ե) գրանցում է խմբի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները,
զ) կազմակերպում է խմբի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խմբի անդամներին,
է) խմբի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ ու գերատեսչություններ:
VII. ԽՄԲԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
27. Խմբի կանոնադրության մեջ փոփոխությունների կամ լրացումների կատարման վերաբերյալ առաջարկությունները խմբի որոշմամբ ներկայացվում են նախարարին` անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան հիմնավորումներով, Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելու համար:
VIII. ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
28. Խմբի գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Պետրոսյան |
- ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ (խմբի ղեկավար) |
Գ. Գևորգյան |
- ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ |
Շ. Հարությունյան |
- ՀՀ սոցիալական ապահովության նախարարության «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության պետ |
Տ. Հարությունյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ |
Ա. Ասատրյան |
- ՀՀ սոցիալական ապահովության նախարարության սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության պետ |
Հ. Մատինյան |
- ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի խորհրդական |
Ն. Մուրադխանյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ |
Ս. Պատուրյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչության տվյալների մշակման և ամփոփման բաժնի պետ |
Ռ. Զաքարյան |
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ |
Ա. Սարատիկյան |
- «Նեմրութ» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն |
Գ. Ավետիսյան |
- ՀՀ Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետ |
Խ. Գևորգյան |
- ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետ |
Ռ. Դիլբարյան |
- ՀՀ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետ |
Կ. Դովլաթբեկյան |
- ՀՀ Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետ |
Ռ. Խաչատրյան |
- ՀՀ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետ |
Ա. Ծատրյան |
- ՀՀ Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետ |
Ա. Մելքոնյան |
- ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետ |
Լ. Մուրադյան |
- ՀՀ Արմավիրի մարզպետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետ |
Ս. Մուրադյան |
- ՀՀ Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետ |
Ա. Վերանյան |
- ՀՀ Արագածոտնի մարզպետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |