ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 1998 թվականի N 148
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 350 որոշման 1-ին կետը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է ՀՀ վարչապետի 1998 թվականի մարտի 12-ի N 148 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությունը (այսուհետև` գերատեսչություն) պետական կառավարման հանրապետական մարմին է, որն իրականացնում է արդյունաբերական սեփականության օբյեկտների (գյուտեր, օգտակար սարքեր, արդյունաբերական նմուշներ, ապրանքային և սպասարկման նշաններ, ապրանքների ծագման տեղանուններ, ֆիրմային անվանումներ) իրավական պաշտպանությունը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
Գերատեսչությունը պատասխանատվություն է կրում արդյունաբերական սեփականության պաշտպանության բնագավառում տիրող վիճակի և դրա հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական ու կառուցվածքային քաղաքականության, շուկայական հարաբերությունների ծավալման նպատակով անհրաժեշտ նախադրյալների ստեղծման համար:
2. Գերատեսչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:
II. Գերատեսչության հիմնական խնդիրներն ու գործառույթները
3. Գերատեսչության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`
ա) արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերի ընդունումն ու փորձաքննության անցկացումը, պետական գրանցումը, արտոնագրերի և վկայագրերի հանձնումն ու սահմանված կարգով նշված օբյեկտների պետական գրանցամատյանների վարումը.
բ) արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերի փորձաքննության որոշումներին վերաբերող և արտոնագիր կամ վկայագիր տալու դեմ առարկությունների ու գանգատների քննարկումը.
գ) իրավական պաշտպանություն ստացած արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին պաշտոնական տեղեկությունների նախապատրաստումը, հրապարակումը, տեղեկատվական-որոնման համալրվող հիմնապաշարի ստեղծումը.
դ) օտարերկրյա ու միջազգային կազմակերպությունների հետ արտոնագրային տեղեկատվության փոխանակումը և Հայաստանի Հանրապետության արտոնագրային տեղեկատվության փոխանակումը և Հայաստանի Հանրապետության արտոնագրային գրադարանի հիմնապաշարի համալրմանը մասնակցությունը.
ե) արդյունաբերական սեփականության օբյեկտների օգտագործման իրավունքի ընձեռման լիցենզային պայմանագրերի, բաց լիցենզների գրանցումը.
զ) արդյունաբերական սեփականության պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան օտարերկրյա արտոնագրային գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումը.
է) իր իրավասության շրջանակներում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա ձեռնարկությունների և օտարերկրյա արտոնագրային գերատեսչությունների հետ բանակցությունների վարումն ու պայմանագրերի կնքումը.
ը) արդյունաբերական սեփականության պաշտպանության բնագավառի մասնագետներ պատրաստելը և նրանց որակավորման բարձրացմանն օժանդակելը.
թ) արտոնագրային հավատարմատարների որակավորման քննությունների անցկացումն ու պետական գրանցումը.
ժ) համակարգի աշխատողների սոցիալական պաշտպանության և աշխատանքի անվտանգության պայմանների ապահովումը.
ժա) արդյունաբերական սեփականության առնչությամբ ծագած վեճերի կապակցությամբ իր իրավասության շրջանակներում եզրակացություններ տալը.
ժբ) արդյունաբերական սեփականության օբյեկտներին վերաբերող տեղեկատվական և այլ ծառայությունների մատուցումը.
ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արդյունաբերական սեփականության պաշտպանության վերաբերյալ փաստաթղթերի համընդհանուր ձևերի սահմանումը.
ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:
III. Գերատեսչության աշխատանքի կազմակերպումը
4. Գերատեսչության համակարգն ընդգրկում է իր ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:
5. Գերատեսչությունը բնագավառին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրենց վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը: Գերատեսչությունը նախարարությունների ու գերատեսչությունների հետ իրականացնում է գործարար կապեր և համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման ու լուծման համար:
6. Գերատեսչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ իրականացնում է արդյունաբերական սեփականության պաշտպանության բնագավառի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները:
Գերատեսչությունն իր համակարգի ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:
7. Գերատեսչությունը`
ա) պետական կառավարման շահագրգիռ մարմինների հետ միասին մասնակցում է արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության մշակմանը և իրականացմանն ուղղված միջոցառումներին.
բ) ընդհանրացնում է բնագավառի օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, օրենսդրության կատարելագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում է գերատեսչության իրավասությանը վերաբերող միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.
դ) իր իրավասության սահմաններում կնքում է միջգերատեսչական պայմանագրեր.
ե) հրապարակում է իր գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունները.
զ) մշակում և իրականացնում է միջոցառումներ, որոնք ուղղված են գերատեսչության համակարգի գործունեության բարելավմանն ու կատարելագործմանը.
է) համագործակցում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հետ` արդյունաբերական սեփականության պաշտպանության բնագավառում իրավահարաբերությունների կարգավորման հարցերով:
8. Գերատեսչությունը գլխավորում է պետը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Գերատեսչության պետն ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով գերատեսչության պետի հետ:
9. Գերատեսչության պետի բացակայության դեպքում պետի պարտականությունները կատարում է նրա տեղակալը:
10. Գերատեսչության պետը`
ա) պատասխանատվություն է կրում գերատեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ ու դրանց հիման վրա, և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.
գ) նախարարությունների և այլ գերատեսչությունների հետ, անհրաժեշտության դեպքում, արձակում է համատեղ հրամաններ ու հրահանգներ.
դ) սահմանում է պետի տեղակալի, բաժինների վարիչների ու գերատեսչության կենտրոնական ապարատի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության շրջանակները.
ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում գերատեսչության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թիվը.
զ) առաջարկում է գերատեսչության խորհրդի անդամների թիվը և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում խորհրդի անհատական կազմը.
է) կազմակերպում և ղեկավարում է գերատեսչության խորհրդի նիստերը.
ը) հաստատում է գերատեսչության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների և համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կանոնադրությունները, ինչպես նաև գիտատեխնիկական և գանգատարկման խորհուրդների կանոնադրությունները:
11. Գերատեսչությունը բնագավառի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:
12. Գերատեսչությունում ստեղծվում է խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են պետը (նախագահ), պետի տեղակալը` ի պաշտոնե, գերատեսչության այլ ղեկավար աշխատողներ:
13. Գերատեսչության խորհուրդն իր նիստերում պարբերաբար քննության է առնում բնագավառի զարգացման հիմնական հարցերը և գերատեսչության գործունեության այլ հարցեր, քննարկում է համակարգի, պետական կառավարման այլ հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում է գերատեսչության կառուցվածքային ստորաբաժանումների, համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների հաշվետվությունները:
Խորհրդի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, պետի հրամաններով: Պետի և խորհրդի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում պետը կենսագործում է իր որոշումը` այդ տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ խորհրդի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
14. Գերատեսչությունն իր բնագավառում կազմակերպում է գիտական հետազոտությունների անցկացումը, տեղեկատվության հավաքումը, մշակումն ու տարածումը, զարգացնում և կոորդինացնում է համագործակցությունն օտարերկրյա պետությունների հետ:
15. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, բնագավառում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարություններ մշակելու համար գերատեսչությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից, գիտական փորձագետներից, այդ թվում` օտարերկրյա:
16. Գերատեսչությունը մասնակցում է բնագավառի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, կոորդինացնում համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման ու որակավորման բարձրացման աշխատանքները:
17. Գերատեսչությունն իր համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ստեղծումը, դրանց վերակազմավորումն ու լուծարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
18. Գերատեսչությունը թույլատրում է իր համակարգի ձեռնարկություններին անդամակցել ձեռնարկությունների տնտեսական միավորումներին:
19. Գերատեսչությունն իր համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին թույլատրում է իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները ներդնել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:
20. Գերատեսչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը:
21. Գերատեսչությունն իրականացնում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողությունը, ներառյալ նաև հիմնադիր փաստաթղթերի ու նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը:
22. Գերատեսչության պահպանման ծախսերն իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
23. Գերատեսչությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` գերատեսչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:
Հաստատված է ՀՀ վարչապետի 1998 թվականի մարտի 12-ի N 148 որոշմամբ |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
Գյուտերի և օգտակար սարքերի փորձաքննության բաժին
Ապրանքային նշանների, ապրանքների ծագման տեղանունների և արդյունաբերական նմուշների բաժին
Ֆիրմային անվանումների բաժին
Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին
Արտաքին կապերի և լիցենզների բաժին
Պետական գրանցամատյանների բաժին
Ֆինանսատնտեսական բաժին
Իրավաբանական-մեթոդական բաժին
Ընդհանուր բաժին