«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 2005 թվականի N 670-Ն
«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Թափոնների ուսումնասիրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Սահմանել, որ`
ա) «Թափոնների ուսումնասիրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի ու թափոնների դասակարգչի կազմման համար ուսումնասիրության իրականացումը, ինչպես նաև թափոնների օգտագործման ու վնասազերծման սակավաթափոն և անթափոն տեխնոլոգիաների մասին տվյալների հավաքումն ու վերլուծումն է,
բ) «Թափոնների ուսումնասիրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակը սույն կետի «ա» ենթակետում նշված գործառույթների իրականացմամբ` թափոնների կառավարման ոլորտին աջակցելն է,
գ) «Թափոնների ուսումնասիրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազոր պետական մարմինը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն է,
դ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն են վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի
2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները,
ե) «Թափոնների ուսումնասիրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կարող է սեփականության իրավունքով հանձնվել նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող ցանկացած գույք` բացառությամբ շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակության գույքի,
զ) շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի
10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը «Թափոնների ուսումնասիրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն է տրամադրվում անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
3. Թույլատրել «Թափոնների ուսումնասիրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) հետազոտություններ և մշակումներ բնական գիտությունների բնագավառում ու դրա շրջանակներում հետևյալ ծառայությունների մատուցում`
թափոնների գործածության հետ կապված հետազոտությունների, ուսումնասիրությունների, մշակումների, ծրագրերի և ստեղծագործական աշխատանքների կազմակերպում ու իրականացում,
սակավաթափոն և անթափոն տեխնոլոգիաների մասին գիտական հետազոտություններում ու մշակումներում համակարգված ուսումնասիրությունների և ստեղծագործական աշխատանքների իրականացում.
բ) թափոնների գործածության վերաբերյալ գիտելիքների տարածում, մասնագետների ուսուցում, վերապատրաստման դասընթացների կազմակերպում և իրականացում.
գ) հրատարակչական գործ:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել`
ա) «Թափոնների ուսումնասիրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմի հաստատումը,
բ) «Թափոնների ուսումնասիրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումն ու պետական կազմակերպության` օրենքով սահմանված կարգով պետական գրանցումը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հայտի հիման վրա` դրա ներկայացման օրվանից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Թափոնների ուսումնասիրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսավորման վերաբերյալ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|