Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Նախաբան
Բարձր պայմանավորվող կողմերը,
ուշադրության առնելով, որ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը և 1948թ. դեկտեմբերի 10-ին Գլխավոր ասամբլեայի հաստատած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը հռչակել են այն սկզբունքը, որ բոլոր մարդիկ առանց խտրականության օգտվում են հիմնարար իրավունքներից ու ազատություններից,
ուշադրության առնելով, որ Միավորված ազգերի կազմակերպությունը զանազան առիթներով իր խորը մտահոգությունն է արտահայտել քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ և ջանքեր է գործադրել քաղաքացիություն չունեցող անձանց համար երաշխավորելու այդ հիմնարար իրավունքների ու ազատությունների հնարավորինս լայն օգտագործումը,
ուշադրության առնելով, որ 1951թ. հուլիսի 28-ի Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիան տարածվում է քաղաքացիություն չունեցող այն անձանց վրա միայն, ովքեր նաև փախստականներ են, և որ կան քաղաքացիություն չունեցող շատ անձինք, որոնց վրա այդ Կոնվենցիան չի տարածվում,
ուշադրության առնելով, որ քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը ցանկալի է կարգավորել ու բարելավել միջազգային համաձայնագրով,
համաձայնել են ներքոհիշյալի շուրջ.
Գլուխ 1
Ընդհանուր դրույթներ
Հոդված 1
Քաղաքացիություն չունեցող անձ հասկացության սահմանումը
1. Սույն Կոնվենցիայում «քաղաքացիություն չունեցող անձ» հասկացությունը նշանակում է անձ, որը չի համարվում քաղաքացի որևէ պետության կողմից՝ դրա օրենսդրության հիման վրա։
2. Սույն Կոնվենցիան չի կիրառվում.
(i) այն անձանց նկատմամբ, որոնք ներկայումս ստանում են Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով Գլխավոր հանձնակատարից բացի, Միավորված ազգերի կազմակերպության այլ մարմինների կամ հաստատությունների պաշտպանությունը կամ օգնությունը,
(ii) այն անձանց նկատմամբ, ովքեր իրենց բնակության պետության իրավասու իշխանությունների կողմից ճանաչվել են որպես այն իրավունքներն ու պարտականություններն ունեցող, որոնք կապված են տվյալ պետության քաղաքացիությունն ունենալու հետ,
(iii) այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ լուրջ հիմքեր կան ենթադրելու, թե նրանք.
(ա) կատարել են խաղաղության դեմ ուղղված հանցագործություն, պատերազմական հանցագործություն կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություն, ինչպես դրանք սահմանված են նման հանցագործությունների կապակցությամբ դրույթներ ստեղծելու նպատակով մշակված միջազգային փաստաթղթերում,
(բ) կատարել են ոչ քաղաքական բնույթի ծանր հանցագործություն իրենց բնակության երկրից դուրս՝ նախքան այդ երկիր իրենց մուտքի թույլատրումը,
(գ) մեղավոր են ճանաչվել Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին հակասող արարքների համար։
Հոդված 2
Ընդհանուր պարտավորությունները
Քաղաքացիություն չունեցող յուրաքանչյուր անձ իր գտնված երկրի նկատմամբ ունի պարտականություններ, որոնք, մասնավորապես, պահանջում են, որ նա ենթարկվի օրենքներին ու ենթաօրենսդրական ակտերին, ինչպես նաև հասարակական կարգի պահպանմանն ուղղված միջոցառումներին։
Հոդված 3
Խտրականության անթույլատրելիությունը
Պայմանավորվող պետությունները սույն Կոնվենցիայի դրույթները քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ կիրառում են՝ առանց ռասայի, կրոնի կամ ծագման երկրի հիմքով խտրականության։
Հոդված 4
Կրոնը
Պայմանավորվող պետություններն իրենց տարածքում գտնվող քաղաքացիություն չունեցող անձանց սեփական կրոնն ազատորեն դավանելու և իրենց երեխաների կրոնական ազատ դաստիարակության հարցում հատկացնում են առնվազն նույնքան բարեհաճ վերաբերմունք, որքան իրենց քաղաքացիներին։
Հոդված 5
Սույն Կոնվենցիայից դուրս տրամադրվող իրավունքները
Սույն Կոնվենցիայում ոչինչ չի խոչընդոտում այն իրավունքներին և արտոնություններին, որոնք Պայմանավորվող պետությունը քաղաքացիություն չունեցող անձանց տրամադրում է սույն Կոնվենցիայից դուրս։
Հոդված 6
«Միևնույն հանգամանքներում» հասկացությունը
Սույն Կոնվենցիայի նպատակի համար «միևնույն հանգամանքներում» հասկացությունը նշանակում է, որ ցանկացած պահանջ (ներառյալ ժամանակավոր բնակությանը կամ բնակության տևողությանը կամ պայմաններին վերաբերող պահանջները), որին տվյալ անհատը խնդրո առարկա իրավունքից օգտվելու համար պետք է բավարարեր քաղաքացիություն չունեցող անձ չլինելու դեպքում, պետք է բավարարվի նրա կողմից, բացառությամբ այն պահանջների, որոնք իրենց բնույթով չեն կարող բավարարվել քաղաքացիություն չունեցող անձի կողմից։
Հոդված 7
Ազատումը փոխադարձության սկզբունքից
1. Բացառությամբ այն դեպքերի, երբ սույն Կոնվենցիան բովանդակում է ավելի բարենպաստ դրույթներ, Պայմանավորվող պետությունը քաղաքացիություն չունեցող անձանց հատկացնում է նույն վերաբերմունքը, ինչ ընդհանրապես տրամադրում է օտարերկրացիներին։
2. Երեք տարվա բնակությունից հետո քաղաքացիություն չունեցող բոլոր անձինք Պայմանավորվող պետությունների տարածքում ազատվում են օրենսդրորեն սահմանված փոխադարձության պահանջից։
3. Պայմանավորվող յուրաքանչյուր պետություն շարունակում է քաղաքացիություն չունեցող անձանց տրամադրել այն իրավունքներն ու արտոնությունները, որոնցով նրանք արդեն օժտված էին, փոխադարձության բացակայության դեպքում, սույն Կոնվենցիայի՝ այդ պետության համար ուժի մեջ մտնելու օրը։
4. Պայմանավորվող պետությունները բարեհաճ են վերաբերում քաղաքացիություն չունեցող անձանց, փոխադարձության բացակայությամբ, բացի 2 և 3-րդ կետերով տրամադրվող իրավունքներից ու արտոնություններից, այլ իրավունքներ ու արտոնություններ տրամադրելու և փոխադարձությունից ազատումը քաղաքացիություն չունեցող այն անձանց վրա տարածելու հնարավորությանը, որոնք չեն բավարարում 2-րդ և 3-րդ կետերում նշված պայմանները։
5. 2-րդ և 3-րդ կետերի դրույթները կիրառվում են ինչպես սույն Կոնվենցիայի 13, 18, 19, 21 և 22-րդ հոդվածներում նշված իրավունքների ու արտոնությունների, այնպես էլ այն իրավունքների ու արտոնությունների վերաբերմամբ, որոնք սույն Կոնվենցիայով նախատեսված չեն։
Հոդված 8
Ազատումը բացառիկ միջոցառումներից
Այն բացառիկ միջոցառումները, որոնք կարող են կիրառվել ընդդեմ օտար պետության քաղաքացիների անձի, սեփականության կամ շահերի, Պայմանավորվող պետությունները չեն կիրառում քաղաքացիություն չունեցող անձի նկատմամբ՝ պարզապես հաշվի առնելով նախկինում նրա՝ տվյալ երկրի քաղաքացիություն ունենալը։ Պայմանավորվող պետությունները, որոնց օրենսդրությունը թույլ չի տալիս սույն հոդվածում արտահայտված ընդհանուր սկզբունքի կիրառումը, համապատասխան դեպքերում նախատեսում են ազատում՝ ի շահ նման քաղաքացիություն չունեցող անձանց։
Հոդված 9
Ժամանակավոր միջոցառումները
Սույն Կոնվենցիայում ոչինչ չի խոչընդոտում Պայմանավորվող պետությանը՝ պատերազմի ժամանակ կամ այլ արտակարգ ու բացառիկ հանգամանքներում որոշակի անձի նկատմամբ ձեռնարկելու ժամանակավոր միջոցառումներ, որոնք նա էական է համարում ազգային անվտանգության համար, քանի դեռ տվյալ պետությունը չի որոշել, որ հիշյալ անձն իսկապես քաղաքացիություն չունեցող անձ է, և նրա դեպքում նման միջոցառումների շարունակականությունն անհրաժեշտ է ի շահ ազգային անվտանգության։
Հոդված 10
Բնակության անընդհատությունը
1. Եթե քաղաքացիություն չունեցող անձը երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում բռնի տեղահանվել ու տեղափոխվել է Պայմանավորվող պետության տարածք և բնակվում է այնտեղ, ապա նման ստիպողական բնակեցման ժամանակահատվածը համարվում է օրինական բնակություն տվյալ տարածքում։
2. Եթե քաղաքացիություն չունեցող անձը երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում բռնի տեղահանվել է Պայմանավորվող պետության տարածքից և, նախքան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը, վերադարձել է այնտեղ՝ բնակություն հաստատելու նպատակով, ապա նման ստիպողական տեղահանմանը նախորդած և հաջորդած բնակության ժամանակահատվածները համարվում են մեկ անընդհատ ժամանակահատված ցանկացած նպատակով, որի համար անընդհատ բնակություն է պահանջվում։
Հոդված 11
Քաղաքացիություն չունեցող նավաստիները
Պայմանավորվող կողմի դրոշի ներքո նավարկող նավի անձնակազմում կանոնավոր ծառայող քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում այդ պետությունը բարեհաճ է վերաբերում իր տարածքում նրանց գտնվելուն և ճամփորդական փաստաթղթերի տրամադրմանը կամ իր տարածքում նրանց ժամանակավոր ընդունմանը՝ մասնավորապես, նրանց բնակեցումը որևէ այլ երկիր հեշտացնելու նպատակով։
Գլուխ 2
Իրավական կարգավիճակ
Հոդված 12
Անձնական կարգավիճակը
1. Քաղաքացիություն չունեցող անձի անձնական կարգավիճակը որոշվում է նրա մշտական բնակության երկրի օրենսդրությամբ կամ, եթե նա չունի մշտական բնակության վայր, բնակության երկրի օրենսդրությամբ։
2. Քաղաքացիություն չունեցող անձի կողմից նախկինում ձեռք բերված և անձնական կարգավիճակից կախված իրավունքները, մասնավորապես, ամուսնության հետ կապված իրավունքները, հարգվում են Պայմանավորվող պետության կողմից, անհրաժեշտության դեպքում, տվյալ պետության օրենսդրությամբ պահանջվող ձևականություններին համապատասխան, պայմանով, որ խնդրո առարկա իրավունքն այդ պետության օրենսդրությամբ կճանաչվեր, եթե անձը չլիներ քաղաքացիություն չունեցող անձ։
Հոդված 13
Շարժական և անշարժ գույքը
Պայմանավորվող պետությունները շարժական և անշարժ գույքի ու դրան առնչվող այլ իրավունքների ձեռքբերման, ինչպես նաև վարձակալության և շարժական ու անշարժ գույքի հետ կապված այլ պայմանագրերի կապակցությամբ քաղաքացիություն չունեցող անձին հատկացնում են հնարավորինս և, ամեն դեպքում, ոչ պակաս բարեհաճ վերաբերմունք, քան նույն հանգամանքներում ընդհանրապես հատկացվում է օտարերկրացիներին։
Հոդված 14
Հեղինակային իրավունքները և արդյունաբերական սեփականությունը
Արդյունաբերական սեփականության, ինչպիսին են գյուտերը, նախագծերն ու մոդելները, ապրանքանշանները, ֆիրմային անվանումները, ինչպես նաև գրական, արվեստի և գիտական ստեղծագործությունների նկատմամբ իրավունքների պաշտպանության կապակցությամբ քաղաքացիություն չունեցող անձին իր սովորական բնակության երկրում տրամադրվում է նույն պաշտպանությունը, ինչ այդ երկրի քաղաքացիներին։ Ցանկացած այլ պայմանավորվող պետության տարածքում նրան տրամադրվում է նույն պաշտպանությունը, ինչ այդ տարածքում այն երկրի քաղաքացիներին, որտեղ նա ունի իր սովորական բնակության վայրը։
Հոդված 15
Միավորումներ կազմելու իրավունքը
Ոչ քաղաքական և շահույթ չհետապնդող միությունների և արհմիությունների կապակցությամբ Պայմանավորվող պետություններն իրենց տարածքում օրինականորեն գտնվող քաղաքացիություն չունեցող անձանց հատկացնում են հնարավորինս և, ամեն դեպքում, ոչ պակաս՝ բարեհաճ վերաբերմունք, քան միևնույն հանգամանքներում հատկացվում է օտարերկրացիներին։
Հոդված 16
Դատարան դիմելու իրավունքը
1. Յուրաքանչյուր քաղաքացիություն չունեցող անձ իրավունք ունի ազատորեն դիմելու բոլոր Պայմանավորվող պետությունների տարածքում գտնվող դատարաններին։
2. Այն Պայմանավորվող պետությունում, որտեղ քաղաքացիություն չունեցող անձն ունի իր սովորական բնակության վայրը, դատարան դիմելու հետ կապված հարցերում նա օգտվում է նույն վերաբերմունքից, ինչ քաղաքացիները, ներառյալ իրավաբանական օգնությունն ու ազատումը caսtiօ jսdicatսm sօlvi-ից։
3. 2-րդ կետում նշված հարցերով, քաղաքացիություն չունեցող անձն իր սովորական բնակության երկրից դուրս օգտվում է իր սովորական բնակության երկրի քաղաքացիներին հատկացվող վերաբերմունքից։
Գլուխ 3
Շահույթ ապահովող աշխատանք
Հոդված 17
Վարձով աշխատանքը
1. Պայմանավորվող պետություններն իրենց տարածքում օրինական կարգով գտնվող քաղաքացիություն չունեցող անձանց, աշխատավարձով վարձատրվող աշխատանքով զբաղվելու իրավունքի կապակցությամբ, հատկացնում են հնարավորինս և, ամեն դեպքում, ոչ պակաս բարեհաճ վերաբերմունք, քան միևնույն հանգամանքներում տրամադրվում է օտարերկրացիներին։
2. Աշխատավարձով վարձատրվող աշխատանքի կապակցությամբ Պայմանավորվող պետությունները բարեհաճ են վերաբերում բոլոր քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքները քաղաքացիների իրավունքներին հավասարեցնելուն, մասնավորապես, այն քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր իրենց տարածք մուտք են գործել աշխատուժի հավաքագրման ծրագրերի կամ ներգաղթի ծրագրերի համաձայն։
Հոդված 18
Անհատ ձեռնարկատիրությունը
Պայմանավորվող պետություններն իրենց տարածքում օրինական կարգով բնակվող քաղաքացիություն չունեցող անձին իր սեփական միջոցներով գյուղատնտեսությամբ, արդյունաբերությամբ, արհեստներով ու առևտրով զբաղվելու և առևտրային ու արդյունաբերական ընկերություններ հիմնելու իրավունքի կապակցությամբ հատկացնում են հնարավորինս և, ամեն դեպքում, ոչ պակաս բարեհաճ վերաբերմունք, քան միևնույն հանգամանքներում ընդհանրապես հատկացվում է օտարերկրացիներին։
Հոդված 19
Ազատ մասնագիտությունները
Պայմանավորվող յուրաքանչյուր պետություն իր տարածքում օրինական կարգով բնակվող այն քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր ունեն այդ պետության իրավասու իշխանությունների կողմից ճանաչված դիպլոմներ և ովքեր ցանկանում են զբաղվել ազատ մասնագիտությամբ, հատկացնում է հնարավորինս և, ամեն դեպքում, ոչ պակաս բարեհաճ վերաբերմունք, քան միևնույն հանգամանքներում ընդհանրապես հատկացվում է օտարերկրացիներին։
Գլուխ 4
Սոցիալական ապահովություն
Հոդված 20
Չափաբաժիններ
Այնտեղ, որտեղ գոյություն ունի չափաբաժինների համակարգ, որը կիրառվում է ողջ բնակչության նկատմամբ և կարգավորում սակավաքանակ պարենի բաշխումը, քաղաքացիություն չունեցող անձանց հատկացվում է նույն վերաբերմունքը, ինչ քաղաքացիներին։
Հոդված 21
Բնակարանով ապահովումը
Բնակարանով ապահովելու կապակցությամբ Պայմանավորվող պետություններն այնքանով, որքանով հարցը կարգավորվում է օրենքներով կամ ենթաօրենսդրական ակտերով կամ հանդիսանում է Պայմանավորվող պետությունների հանրային իշխանությունների վերահսկողության առարկա, իրենց տարածքում օրինական կարգով բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց հատկացնում են հնարավորինս և, ամեն դեպքում, ոչ պակաս բարեհաճ վերաբերմունք, քան միևնույն հանգամանքներում ընդհանրապես հատկացվում է օտարերկրացիներին։
Հոդված 22
Հանրային կրթությունը
1. Տարրական կրթության կապակցությամբ Պայմանավորվող պետությունները քաղաքացիություն չունեցող անձանց հատկացնում են նույն վերաբերմունքը, ինչ իրենց քաղաքացիներին։
2. Պայմանավորվող պետությունները տարրական կրթությունից տարբեր կրթության և, մասնավորապես, ուսուցման մատչելիության, օտարերկրյա դպրոցական վկայագրերի, դիպլոմների ու գիտական աստիճանների ճանաչման, տուրքերից ու վճարումներից ազատման և կրթաթոշակների շնորհման կապակցությամբ քաղաքացիություն չունեցող անձանց հատկացնում են հնարավորինս և, ամեն դեպքում, ոչ պակաս բարեհաճ վերաբերմունք, քան միևնույն հանգամանքներում ընդհանրապես հատկացվում է օտարերկրացիներին։
Հոդված 23
Հանրային օժանդակություն
Պայմանավորվող պետությունները հանրային օժանդակության և օգնության կապակցությամբ իրենց տարածքում օրինական կարգով բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց հատկացնում են նույն վերաբերմունքը, ինչ իրենց քաղաքացիներին։
Հոդված 24
Աշխատանքային օրենսդրությունը և սոցիալական ապահովությունը
1. Պայմանավորվող պետություններն իրենց տարածքում օրինական կարգով բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց հետևյալ հարցերի կապակցությամբ հատկացնում են նույն վերաբերմունքը, ինչ իրենց քաղաքացիներին.
(ա) այնքանով, որքանով նման հարցերը կարգավորվում են օրենքներով կամ ենթաօրենսդրական ակտերով կամ վարչական իշխանությունների վերահսկողության առարկա են՝ վարձատրության, ներառյալ վարձատրության մաս կազմող ընտանեկան նպաստները, աշխատաժամերի, արտաժամյա աշխատանքի, վարձատրվող արձակուրդի, տնայնագործ աշխատանքի սահմանափակումների, աշխատելու, աշակերտելու կամ վերապատրաստման նվազագույն տարիքի, կանանց ու պատանեկան տարիքի անձանց աշխատանքի և կոլեկտիվ պայմանագրերի արտոնությունների կապակցությամբ,
(բ) սոցիալական ապահովության կապակցությամբ (աշխատանքային վնասվածք, մասնագիտական հիվանդություններ, մայրություն, հիվանդություն, անաշխատունակություն, ծերություն, մահ, գործազրկություն, ընտանեկան պարտավորություններ և այլ դեպքեր, որոնք ներպետական օրենքների կամ ենթաօրենսդրական ակտերի համաձայն նախատեսվում են սոցիալական ապահովության ծրագրով)՝ հետևյալ սահմանափակումներով.
(i) կարող է գործել ձեռք բերված իրավունքների և ձեռքբերման գործընթացում գտնվող իրավունքների պահպանման համապատասխան կարգ,
(ii) բնակության երկրի ներպետական օրենքներով կամ ենթաօրենսդրական ակտերով կարող է սահմանվել հատուկ կարգ այն նպաստների կամ նպաստների մի մասի առնչությամբ, որոնք ամբողջապես վճարվում են պետական հիմնադրամների հաշվին, ինչպես նաև այն անձանց վճարվող նպաստների առնչությամբ, ովքեր չեն բավարարում բնականոն կարգով կենսաթոշակ ստանալու համար նախատեսված վճարումների պայմանները։
2. Աշխատանքային վնասվածքի կամ մասնագիտական հիվանդության հետևանքով քաղաքացիություն չունեցող անձի մահվան դեպքում տրվող փոխհատուցման իրավունքի վրա չի ազդում այն հանգամանքը, որ փոխհատուցում ստացողի մշտական բնակության վայրը գտնվում է Պայմանավորվող պետության տարածքից դուրս։
3. Պայմանավորվող պետությունները քաղաքացիություն չունեցող անձանց վրա տարածում են իրենց միջև կնքված կամ կնքվելիք պայմանագրերով նախատեսվող արտոնությունները, որոնք վերաբերում են սոցիալական ապահովության ոլորտում ձեռք բերված իրավունքների և ձեռքբերման գործընթացում գտնվող իրավունքների պահպանմանը՝ նույնպիսի պայմաններով, ինչ կիրառվում են նշված պայմանագրերն ստորագրող պետությունների քաղաքացիների նկատմամբ։
4. Պայմանավորվող պետությունները պետք է բարեհաճ վերաբերեն Պայմանավորվող պետությունների և պայմանագրին չմասնակցող պետությունների միջև երբևէ կնքվող նմանատիպ պայմանագրերով նախատեսված նպաստները քաղաքացիություն չունեցող անձանց վրա հնարավորինս տարածելուն։
Գլուխ 5
Վարչական միջոցառումներ
Հոդված 25
Վարչական օժանդակությունը
1. Եթե քաղաքացիություն չունեցող անձի կողմից որևէ իրավունքից օգտվելը, որպես կանոն, պահանջում է օտարերկրյա պետության իշխանությունների աջակցություն, որին նա դիմել չի կարող, ապա Պայմանավորվող պետությունը, որի տարածքում նա բնակվում է, հնարավորություն է տալիս, որպեսզի այդ աջակցությունը տրամադրվի իր իսկ մարմինների կողմից։
2. 1-ին կետում նշված մարմինը կամ մարմինները քաղաքացիություն չունեցող անձանց տրամադրում են այն փաստաթղթերը կամ վկայագրերը կամ իրենց վերահսկողությամբ ապահովում են դրանց տրամադրումը, որոնք, որպես կանոն, կտրամադրվեին օտարերկրացիներին իրենց ներպետական իշխանությունների կողմից կամ միջոցով։
3. Նման ձևով տրամադրված փաստաթղթերը կամ վկայագրերը ծառայում են որպես օտարերկրացիներին իրենց ներպետական իշխանությունների կողմից տրամադրված պաշտոնական փաստաթղթեր, և, հակառակ ապացույցների բացակայության դեպքում, պետք է արժանանան վստահության։
4. Այնպիսի բացառիկ վերաբերմունքից բացի, որը կարող է հատկացվել կարիքավոր անձանց, վերոհիշյալ ծառայությունների դիմաց կարող են գանձվել տուրքեր, բայց դրանք պետք է լինեն չափավոր և համապատասխանեն այն տուրքերին, որոնք նման ծառայությունների դիմաց գանձվում են տվյալ երկրի քաղաքացիներից։
5. Սույն հոդվածի դրույթները չեն խոչընդոտում 27-րդ և 28-րդ հոդվածների դրույթներին։
Հոդված 26
Տեղաշարժի ազատությունը
Պայմանավորվող յուրաքանչյուր պետություն իր տարածքում օրինական կարգով բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց տրամադրում է իրենց բնակության վայրի ընտրության և իր տարածքում ազատորեն տեղաշարժվելու իրավունք՝ միևնույն հանգամանքներում օտարերկրացիների նկատմամբ ընդհանրապես կիրառվող բոլոր կանոնների պահպանմամբ։
Հոդված 27
Ինքնության վկայականներ
Պայմանավորվող պետություններն ինքնության վկայականներ են տալիս իրենց տարածքում գտնվող ցանկացած քաղաքացիություն չունեցող անձի, որը չունի վավերական ճամփորդական փաստաթուղթ։
Հոդված 28
Ճամփորդական փաստաթղթերը
Պայմանավորվող պետություններն իրենց տարածքում օրինական կարգով բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց տալիս են ճամփորդական փաստաթղթեր՝ իրենց տարածքից դուրս ճամփորդելու նպատակով, եթե ազգային անվտանգության և հասարակական կարգի շահերից բխող հիմնավոր պատճառներն այլ բան չեն պահանջում, և նշված փաստաթղթերի առնչությամբ կիրառվում են սույն Կոնվենցիայի ցանկի դրույթները։ Պայմանավորվող պետությունները կարող են նման ճամփորդական փաստաթուղթ տալ իրենց տարածքում գտնվող ցանկացած այլ քաղաքացիություն չունեցող անձի, մասնավորապես, նրանք բարեհաճ են վերաբերում իրենց տարածքում գտնվող այն քաղաքացիություն չունեցող անձանց նման ճամփորդական փաստաթուղթ տալուն, ովքեր ի վիճակի չեն ճամփորդական փաստաթուղթ ստանալ իրենց օրինական բնակության երկրում։
Հոդված 29
Պետական գանձումները
1. Պայմանավորվող պետությունները քաղաքացիություն չունեցող անձանցից չեն գանձում մաքսեր, վճարներ կամ հարկեր, որոնք այլ կամ ավելի բարձր են, քան նրանք, որ միևնույն հանգամանքներում գանձվում են կամ կարող են գանձվել իրենց քաղաքացիներից։
2. Նախորդ կետում ոչինչ չի խոչընդոտում քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ այն օրենքների ու ենթաօրենսդրական ակտերի կիրառմանը, ըստ որոնց գանձումներ են կատարվում օտարերկրացիներին վարչական փաստաթղթեր, ներառյալ՝ ինքնության վկայականներ տալու համար։
Հոդված 30
Գույքի տեղափոխումը
1. Պայմանավորվող պետությունը, իր օրենքներին և ենթաօրենսդրական ակտերին համապատասխան, քաղաքացիություն չունեցող անձանց թույլատրում է իր տարածք բերած գույքը տեղափոխել մեկ այլ երկիր, ուր նրանք ընդունվել են բնակության նպատակով։
2. Պայմանավորվող պետությունները բարեհաճ են վերաբերում քաղաքացիություն չունեցող անձանց այն գույքի, որտեղ էլ այն գտնվելիս լինի, տեղափոխման թույլատրության միջնորդություններին, որը նրանց անհրաժեշտ է այլ երկրում, ուր նրանց մուտքը թույլատրվել է բնակություն հաստատելու համար։
Հոդված 31
Վտարումը
1. Պայմանավորվող պետությունները չեն վտարում իրենց տարածքում օրինական կարգով գտնվող քաղաքացիություն չունեցող անձանց, բացի ազգային անվտանգությամբ կամ հասարակական կարգի պահպանությամբ պայմանավորված դեպքերից։
2. Քաղաքացիություն չունեցող նման անձի վտարումը կատարվում է միայն օրենքին համապատասխան կարգով ընդունված որոշման հիման վրա։ Բացի այն դեպքերից, երբ ազգային անվտանգության անհաղթահարելի հիմնավորումներն այլ բան են պահանջում, քաղաքացիություն չունեցող անձին թույլատրվում է ի արդարացումն իրեն ներկայացնել ապացույց և բողոքարկել իրավասու իշխանությանը կամ իրավասու իշխանության կողմից հատուկ նշանակված անձին կամ անձանց և այդ նպատակով ներկայացվել նրանց առջև։
3. Պայմանավորվող պետությունները նման քաղաքացիություն չունեցող անձին բավարար ժամանակ են տալիս՝ այդ ընթացքում ստանալու օրինական կարգով մեկ այլ երկիր մուտք գործելու թույլտվություն։ Պայմանավորվող պետություններին իրավունք է վերապահվում այդ ընթացքում կիրառել այնպիսի ներքին միջոցառումներ, ինչպիսիք նրանք անհրաժեշտ կհամարեն։
Հոդված 32
Հպատակագրումը
Պայմանավորվող պետությունները հնարավորինս հեշտացնում են քաղաքացիություն չունեցող անձանց միաձուլումն ու հպատակագրումը։ Նրանք, մասնավորապես, գործադրում են ամեն ջանք, որպեսզի արագացնեն հպատակագրման գործընթացը և հնարավորինս նվազեցնեն դրա հետ կապված գանձումներն ու ծախսերը։
Գլուխ 6
Եզրափակիչ դրույթներ
Հոդված 33
Ներպետական օրենսդրության վերաբերյալ տեղեկատվությունը
Պայմանավորվող պետությունները Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին տեղեկացնում են այն օրենքների և ենթաօրենսդրական ակտերի մասին, որ նրանք կարող են ընդունել՝ սույն Կոնվենցիայի կատարումն ապահովելու համար։
Հոդված 34
Վեճերի կարգավորումը
Սույն Կոնվենցիայի մասնակիցների միջև դրա մեկնաբանմանը կամ կիրառմանը վերաբերող ցանկացած վեճ, որը հնարավոր չէ լուծել այլ միջոցներով, վեճի կողմերից ցանկացածի պահանջով հանձնվում է Միջազգային դատարան։
Հոդված 35
Ստորագրումը, վավերացումը և միանալը
1. Սույն Կոնվենցիան ստորագրման համար բաց է Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում, մինչև 1955 թվականի դեկտեմբերի 31-ը։
2. Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման.
(ա) Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ պետության անունից,
(բ) Միավորված ազգերի կազմակերպության՝ Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի վերաբերյալ խորհրդաժողովին մասնակցելու հրավեր ստացած ցանկացած այլ պետության անունից, և
(գ) ցանկացած պետության անունից, որին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան հրավիրում է այն ստորագրելու կամ նրան միանալու։
3. Սույն Կոնվենցիան վավերացվում է, և վավերագրերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։
4. Սույն Կոնվենցիան միանալու նպատակով բաց է սույն հոդվածի 2-րդ կետում հիշատակված պետությունների համար։ Միանալը կատարվում է միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով։
Հոդված 36
Տարածքային կիրառման դրույթը
1. Ստորագրման, վավերացման կամ միանալու ժամանակ ցանկացած պետություն կարող է հայտարարել, որ սույն Կոնվենցիան տարածվում է այն բոլոր տարածքների կամ դրանցից ցանկացածի վրա, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է։ Նման հայտարարությունն ուժի մեջ է մտնում, երբ Կոնվենցիան ուժի մեջ է մտնում տվյալ պետության համար։
2. Դրանից հետո ցանկացած ժամանակ նման տարածումը կատարվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով և ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցումն ստանալուց հետո իննսուներորդ օրվանից կամ տվյալ պետության համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից, որն ավելի ուշ լինի։
3. Այն տարածքների առնչությամբ, որոնց վրա սույն Կոնվենցիան չի տարածվում ստորագրման, վավերացման կամ միանալու ժամանակ, յուրաքանչյուր պետություն քննության է առնում սույն Կոնվենցիայի կիրառումն այդ տարածքների վրա տարածելու նպատակով անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հնարավորությունը, պայմանով, որ դա կատարվի նման տարածքների կառավարությունների համաձայնությամբ, եթե այդ անհրաժեշտ է սահմանադրական պատճառներով։
Հոդված 37
Դաշնային դրույթը
Դաշնային կամ ոչ ունիտար պետության դեպքում գործում են հետևյալ դրույթները.
(ա) սույն Կոնվենցիայի այն հոդվածները, որոնք ենթակա են դաշնային օրենսդիր իշխանության օրենսդրական իրավազորությանը, դաշնային կառավարության պարտավորություններն այս շրջանակներում նույնն են, ինչ դաշնային պետություն չհանդիսացող մասնակիցներինը,
(բ) սույն Կոնվենցիայի այն հոդվածները, որոնք ենթակա են պետության կազմի մեջ մտնող նահանգների, գավառների կամ կանտոնների օրենսդրական իրավազորությանը, որոնք, ըստ դաշնային սահմանադրական համակարգի, պարտավոր չեն կիրառել համապատասխան օրենսդրական միջոցառումներ, դաշնային կառավարությունը նպաստավոր հանձնարարականի հետ միասին հնարավորինս վաղ ներկայացնում է նահանգների, գավառների կամ կանտոնների համապատասխան իշխանությունների ուշադրությանը,
(գ) սույն Կոնվենցիայի մասնակից դաշնային պետությունը ցանկացած այլ Պայմանավորվող պետության՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի միջոցով փոխանցված խնդրանքով, հաղորդագրություն է տրամադրում սույն Կոնվենցիայի ցանկացած դրույթի առնչությամբ դաշնության և նրա բաղկացուցիչ միավորների օրենսդրության ու պրակտիկայի վերաբերյալ՝ նշելով, թե ինչ չափով է այդ դրույթն իրագործվել օրենսդրական կամ այլ գործողությունների միջոցով։
Հոդված 38
Վերապահումները
1. Ստորագրման, վավերացման կամ միանալու ժամանակ ցանկացած պետություն կարող է վերապահումներ կատարել Կոնվենցիայի հոդվածների վերաբերյալ, բացի 1, 3, 4, 16 (1), 33-46-րդ հոդվածներից։
2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն վերապահում կատարած ցանկացած պետություն կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել վերապահումը՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով։
Հոդված 39
Ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում 6-րդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո 90-րդ օրը։
2. 6-րդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո Կոնվենցիան վավերացրած կամ դրան միացած ցանկացած պետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ պետության կողմից իր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից սկսած 90-րդ օրը։
Հոդված 40
Չեղյալ հայտարարումը
1. Պայմանավորվող ցանկացած պետություն կարող է ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով։
2. Համապատասխան Պայմանավորվող պետության համար չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցումն ստանալու օրվանից մեկ տարի անց։
3. Ցանկացած պետություն, որը 36-րդ հոդվածին համապատասխան հայտարարություն կամ ծանուցում է արել, կարող է դրանից հետո, ցանկացած ժամանակ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով հայտարարել, որ Կոնվենցիան դադարում է տարածվել տվյալ տարածքի վրա Գլխավոր քարտուղարի կողմից նշված ծանուցումն ստանալուց 1 տարի անց։
Հոդված 41
Վերանայումը
1. Պայմանավորվող ցանկացած պետություն կարող է, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով, ցանկացած ժամանակ պահանջել սույն Կոնվենցիայի վերանայում։
2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան նման պահանջի կապակցությամբ հանձնարարում է ձեռնարկել համապատասխան քայլեր, եթե այդպիսիները կան։
Հոդված 42
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի ծանուցումները
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Կազմակերպության բոլոր անդամներին և 35-րդ հոդվածում հիշատակված ոչ անդամ պետություններին տեղեկացնում է.
(ա) 35-րդ հոդվածին համապատասխան ստորագրումների, վավերացումների և միանալու մասին,
(բ) 36-րդ հոդվածին համապատասխան հայտարարությունների և ծանուցումների մասին,
(գ) 38-րդ հոդվածին համապատասխան վերապահումների և վերապահումները հետ վերցնելու մասին,
(դ) սույն Կոնվենցիայի՝ 39-րդ հոդվածին համապատասխան ուժի մեջ մտնելու օրվա մասին,
(ե) 40-րդ հոդվածին համապատասխան չեղյալ հայտարարումների և ծանուցումների մասին,
(զ) 41-րդ հոդվածին համապատասխան վերանայման պահանջների մասին։
Ի հավաստումն որի՝ ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով իրենց կառավարությունների անունից, ստորագրեցին սույն Կոնվենցիան։
Կատարված է Նյու Յորքում, 1954 թվականի սեպտեմբերի 28-ին, մեկ օրինակով, որի անգլերեն, իսպաներեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, և ի պահ է հանձնված Միավորված ազգերի կազմակերպության արխիվ. նրա հաստատված պատճեններն ուղարկվում են Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամներին և 35-րդ հոդվածում հիշատակված ոչ անդամ պետություններին։
* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1994 թվականի օգոստոսի 16-ից: